ԴԱՏԱՊԱՐՏՈ՞ՒՄ, ԹԵ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ հոկտեմբերի 4-ին հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: Ռազմագերիների վերադարձը սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է, տեղեկացրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում մի խումբ հայ ռազմագերիների: Տարբեր պետությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ ադրբեջանցիների գործողությունները դատապարտող հայտարարություններ հնչեցրին։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել լիարժեք և անաչառ հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիներին մահապատժի ենթարկելը: «Յուրաքանչյուր գազանության պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-գրել է Փրայսը:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություն թույլ տված ադրբեջանցի զինծառայողներին։
«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների կամայական մահապատիժները ներկայացնող տեսանյութերը խորապես ցնցող են: Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի հայտարարած՝ գործողությունների վերաբերյալ հետաքննությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին, ինչպես նաև ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին»,- ասված է հայտարարության մեջ:
Կանադայի ԱԳ նախարարն էլ նշել է՝ բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ գերիների սպանության տեսանյութից։
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ գերիների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան։ Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետաքննել տարածված տեսանյութը։
Իսպանական El Pais լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային՝ հստակ ընդգծելով, որ Բաքուն հարձակվել է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա: Լրատվամիջոցը ծավալուն հոդվածը վերնագրել է` «Հայաստանը դատապարտում է ադրբեջանցի զինվորականների կողմից ռազմագերիների գնդակահարությունը»:
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսություն է որակել այդ երկրի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը։ «Եվ սրա՞նք են այն մարդիկ, ում հետ համաձայնագիր եք կնքել և ում համարում եք վստահելի գործընկեր, տիկին ֆոն Դեր Լեյեն», այսպես է դիմել Ինյարիտուն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը:
Լեհ քաղաքական գործիչ և փաստաբան Տոմաշ Լեխ Բուչեկը հայ ռազմագերիների գնդակահարության աղմկահարույց տեսանյութը որակել է որպես Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույց։
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութը. «Հրապարակվել է հերթական տեսանյութը, որում հավանաբար մահապատժի են ենթարկվում հայ ռազմագերիներ։ Եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը անհարմար վիճակում է հայտնվել Եվրախորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան։ Եվրոպացի խորհրդարանականները հարցեր են բարձրացրել ԵՄ երկակի ստանդարտների մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։ Քննարկման ընթացքում ադրբեջանական գազից հրաժարվելու կոչեր են հնչել։ Պատգամավորներից մեկն էլ ասել է, որ ԵՄ ղեկավարության համար ադրբեջանական գազն ավելի կարևոր է, քան հայերի արյունը։
Ժնևում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Մասնակցելով հանդիպմանը՝ հայկական կողմն անհիմն է դարձրել Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։
Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ներկայացնելով Բրյուսելում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդներին օգտագործելու հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման անհրաժեշտության մասին խոսել է նաև ՀՀ վարչապետը։
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբն ունի երթուղիների տեսլական, որոնց իրականացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապաշրջափակմանը, ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և հավելել՝ եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի արտատարածքային միջանցքի մասին խոսք չկա և չի կարող լինել։
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը: Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջան է այցելել Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։ Նա հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հատկապես շեշտել են համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը:
Այցի ընթացքում Աքարին ուղեկցել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մուսա Ավսևերը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրկումենտ Թաթլիօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աթիլլա Գյուլանը և այլ բարձրաստիճան սպաներ։
Անկարան Երևանից ակնկալում է համապատասխան արձագանք Բաքվի «խաղաղության նախաձեռնություններին», Ադրբեջանում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նրա խոսքով՝ Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը «հնարավոր է միայն Ադրբեջանում մեր եղբայրների շահերը հաշվի առնելով»։ Նա նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է լուծեն իրենց սահմանային վեճը խաղաղ ճանապարհով։
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը պաշտոնական այցով եղել է Ադրբեջանում անվտանգության և քաղաքականության հարցերի քննարկման օրակարգով։ Այցի ընթացքում Հանցը հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարարի, պետական սահմանային ծառայության պետի հետ, այցելել է պետական սահմանային ծառայության կենտրոնակայան։ Ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Հանցն ընդգծել է Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունների պահպանման, տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ աշխատանքը շարունակելու կարևորությունը: Ստորագրվել են մի շարք պայմանագրեր երկու երկրների միջեւ պաշտպանական համագործակցությունն ամրապնդելու համար:
Բաքուն եղել է Իսրայել հում նավթի հիմնական մատակարարը, իսկ վերջին տարիներին դարձել է իսրայելական ռազմական տեխնիկայի խոշոր ներկրող: Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի 2020 թվականի զեկույցի համաձայն՝ Բաքուն Հնդկաստանից հետո իսրայելական սպառազինության երկրորդ խոշոր գնորդն է:
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #30 (1452) 05.10.2022 - 11.10.2022, Տարածաշրջան