ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ
Կուրսանտներ Լեւոն եւ Հարութ Չոբանյանները հարազատ եղբայրներ են, սահմանապահ Վերին Կարմիրաղբյուր գյուղից։
Բնավորությամբ արտաքուստ շատ տարբեր են տղաները, տարբեր նախասիրություններ ունեն, միավորողը երկնքի հանդեպ անհուն սերն է՝ երկուսն էլ ապագա ռազմական օդաչուներ են. սովորում են ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում:
-Դեռ մանկուց երազում էի այնպիսի մասնագիտություն ընտրել, որ յուրահատուկ լինի, տարբերվող, ուզում էի տիեզերագնաց դառնալ,- իր մանկության երազանքներից է խոսում ավագ Չոբանյանը:- Մի օր էլ մեր դպրոց ավիացիոն համալսարանից ներկայացուցիչներ եկան, խոսեցին, պատմեցին ռազմական բուհի կարեւորության մասին, նպատակադրվեցի ես էլ ընդունվեմ: Դպրոցում ֆիզիկա, մաթեմատիկա առարկաների վրա կենտրոնացա ու սկսեցի ջանասիրաբար պարապել:
Օդաչուի մասնագիտությունը ռոմանտիկ է համարվում, գրավիչ, բայց բավականին բարդ է՝ անընդհատ կատարելագործում է պահանջում. երկինքը նվաճելու համար հարկ է բազում դժվարություններ հաղթահարել. ե՛ւ ֆիզիկապես պետք է ամուր լինես, ե՛ւ հոգեպես, օժտված ամուր կամքով, վճռականությամբ, վերլուծական մտածողությամբ,- թվարկում է Լեւոնն ու հավելում:- Առանց ջանքերի, առանց նվիրումի չես կարող դառնալ իսկական օդաչու։ Երկնքում ամեն ինչ ուրիշ է, ամեն սխալը կարող է ճակատագրական լինել…
Լեւոնն իր առաջին ինքնուրույն թռիչքն է հիշում.
-Մինչ ինքնաթիռով թռչելը պարաշյուտով էլ էի թռել, սակայն ինքնաթիռով առաջին ինքնուրույն ճախրանքն աննկարագրելի ապրումներով էր համակել հոգիս՝ լարվածություն, ահռելի պատասխանատվություն, ուրախություն… Զգացողությունների խառնաշփոթ էր, երանությունն ու անսահման երջանկությունը մարդիկ երբեմն համեմատում են յոթերորդ երկնքում լինելու հետ, հենց այդպես էլ կար. ոնց որ՝ յոթերորդ երկնքում լինեի, չէի հավատում, որ թռչում եմ…
Երիտասարդի դեմքին ժպիտն է ուրվագծվում.
-Երբ առաջին թռիչքն իրականացրի, հրահանգիչներս հոգուս հետ խաղալով՝ կատակով հետաքրքրվեցին՝ «Հը, հո՞ շատ չվախեցար», կատակին կատակով պատասխանեցի. «Հա՛, վախից ձեռքերս ղեկից բաց էի թողել ու աչքերս փակել»։
Կուրսանտ Լեւոն Չոբանյանի «օդային» կենսագրությունն առայժմ այդքան էլ հարուստ չէ, դեռ չորս թռիչք է իրականացրել, նշում է՝ ամեն թռիչքից հետո ավելի վստահ ես դառնում, ավելի անկաշկանդ գործում ու առավել տարվում երկնքով:
-Վերեւից, օդաչուի խցիկից նայում եմ ներքեւ ու հիշում՝ ոնց էի փոքր ժամանակ, երբ օդանավ էի տեսնում, հիացած-հմայված աչքս չէի կտրում երկնքից…
Լեւոնը մասնագիտական գիտելիքներով ու փորձով զինված՝ շուտով կհամալրի Հայոց բանակի սպայական շարքերը:
Ավագ եղբոր ճանապարհն ընտրած Հարությունն էլ դեռ երկրորդ կուրսում է ուսանում.
-Անկեղծ ասած՝ դպրոցում մի առանձնակի սեր չունեի սովորելու հանդեպ, բայց, դե, նպատակադրվեցի, կենտրոնացրի ուժերս ու նպատակս իրականություն դարձրի: Ծնողներս հպարտանում են մեր ընտրած մասնագիտությամբ: Մեզ այստեղ՝ ռազմաավիացիոն համալսարանում, սովորեցնում են «թռչելու» արվեստը, անհրաժեշտ գիտելիքներ տալիս, մասնագիտական փորձ, հմտություններ, մանրամասն ու հնարավորինս մատչելի բացատրում են ամեն նրբություն, ու թե մի հարցում էլ մի փոքր էլ դժվարանում եմ, եղբայրս ամեն կերպ աջակցում է, ինքն ինձ է փոխանցում իր փորձառությունը, նրա ամեն խորհուրդը ոսկե կանոնի պես եմ ընդունում: Հիմա օրերն եմ հաշվում, անհամբեր սպասում եմ վերգետնյա պարապմունքներին, ինքնաթիռով իմ առաջին թռիչքին …
-Դու քո տեխնիկան պիտի շատ սիրես,-հընթացս ամենակարեւոր խորհուրդներից մեկն է տալիս Լեւոնը Հարութին,- ինքնաթիռիդ հետ խոսես, զրուցես հավատարիմ ընկերոջ պես…
Կուրսանտ եղբայրներն իրար լրացնելով, ոգեւորված պատմում են օդաչուների տարբեր ավանդույթների, սովորույթների, գրված ու չգրված օրենքների մասին:
-Օրինակ՝ թռիչքից առաջ օդաչուները չեն լուսանկարվում, իսկ երբ առաջին անգամ թռչում ես եւ վայրէջք կատարում, օդաչու ընկերներդ չեն թողնում, որ ոտքդ միանգամից գետնին դնես, իրենց ուսերի վրա տանում են ինքնաթիռի առաջին անիվը «համբուրելու»։ Անդրանիկ ինքնուրույն թռիչք կատարողը պարտադիր սիգարետ է հյուրասիրում ընկերներին…
***
-Պատերազմի օրերին առավել կարեւորեցինք մեր մասնագիտությունը,- զրույցի ավարտին ասում են եղբայրները,- կրկնակի, եռակի պատասխանատվությամբ ենք յուրացնում մասնագիտական ամեն մանրուքն անգամ, ամեն րոպեն աշխատում առավել արդյունավետ օգտագործել: Սահմանին կանգնած զինվորին մենք էլ մեր գործով պիտի օգտակար լինենք, իրենք հայրենի հողն են պաշտպանում, մենք էլ հայրենի եզերքի օդային սահմանների պահապաններն ենք, օդային մարտիկները…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #31 (1453) 12.10.2022 - 18.10.2022, Ազգային բանակ