Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈԼՈՐԻՍ ՀՈՒՅՍ ՈՒ ՀԱՎԱՏ ՆԵՐՇՆՉՈՂՆԵՐԸ



ԲՈԼՈՐԻՍ ՀՈՒՅՍ ՈՒ ՀԱՎԱՏ ՆԵՐՇՆՉՈՂՆԵՐԸՀանրապետության հարավային սահմանագոտում մարտական ուժեղացված հերթապահությունը շարունակվում է: Սահմանի այս հատվածում հակառակորդի դիրքերը մեր դիրքապահների տեսադաշտում են, և մեր տղաները ակնդետ հետևում են նրա յուրաքանչյուր շարժին:

-Տեղ-տեղ երևում են, շարժվում, իսկ գիշերային ժամերին էլ իրենց ներկայության մասին հիշեցնում: Եթե փորձեն առաջ գալ, կստանան արժանի պատասխան: Զգոն կանգնած ենք մեր դիրքերում՝ պատրաստ ցանկացած ոտնձգության արժանի հակահարված տալու,- վստահեցնում է ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը:

Ժամկետայինները մարտական դիրքերում աչալուրջ հերթապահություն են իրականացնում, ամուր ու վստահ կանգնած են սահմանին: Սակայն վերջին շաբաթներն անցնում են ոչ սովորական պայմաններում: Խաղաղությունը հարաբերական է, սադրանքները՝ սպասելի:

-Ուժեղացված մարտական հերթապահության մեջ ենք, սակայն տղաների մոտ հոգնածություն ու լարվածություն չկա: Եվ ձգտում ենք այնպես ծառայել, որ ծանրաբեռնվածությունը հավասարապես բաշխվի դիրքապահ անձնակազմի յուրաքանչյուր զինվորի վրա,- ասում է ժամկետային Հակոբ Խաչիկյանը:

ԲՈԼՈՐԻՍ ՀՈՒՅՍ ՈՒ ՀԱՎԱՏ ՆԵՐՇՆՉՈՂՆԵՐԸՄեկը մյուսին աջակցելով, փոխարինելով, եղբայրական հավատարմությամբ դիրքապահները ժամացույցի ճշգրտությամբ սահմանված կարգը սրբորեն պահելով են ծառայություն իրականացնում: Թեև բարձր լեռնային պայմաններում տեղումները, վրա հասած ցուրտն ու մառախուղը մարտական հերթապահության համար լրացուցիչ խոչընդոտներ ու դժվարություններ են առաջացնում, սակայն դրանք հաղթահարելի են մեր դիրքապահների համար. նրանք կոփվել են ու գտել բարձր մակարդակով ծառայելու բանաձևը: Զինվորական ծառայությունն ու հատկապես ուժեղացված մարտական հերթապահությունը նաեւ հեշտ է անցնում, երբ հայրենիքի պաշտպանն իր զենքին, զինվորական մասնագիտությանն ու պարտականություններին տիրապետում է կատարյալ: Իսկ այս ամենի երաշխավորն առաջին հերթին հրամանատարն է, մշտապես զինվորի կողքին գտնվող սպան:

ԲՈԼՈՐԻՍ ՀՈՒՅՍ ՈՒ ՀԱՎԱՏ ՆԵՐՇՆՉՈՂՆԵՐԸ-Մեր հրամանատարները ավագ ընկերոջ ու եղբոր սրտացավությամբ ամեն հարցով մեզ օգնում և աջակցում են: Ստորաբաժանումում ջերմ, առողջ ու անկեղծ մթնոլորտ է: Անձնակազմը բարոյահոգեբանական բարձր վիճակում է: Զենքի ու զինամթերքի պակաս չունենք: Եթե թշնամին հանկարծ փորձի սադրել կամ հատել մեր սահմանը, կոչնչացնենք տեղում,- վստահեցրեց ժամկետային զինծառայող Գրիգոր Սահակյանը:

-Դույզն-ինչ չթուլացնելով զգոնությունը՝ բոլոր մարտական դիրքերում իրականացնում ենք նաեւ մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ: Հանդերձանքի հետ կապված խնդիր չունենք, անձնակազմը ապահովված է ձմեռային տաք հագուստով: Զորքի մարտունակությունը բարձր է, առաջնագծի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է,- մեզ հետ զրույցում նշեց գումարտակի հրամանատար Վահան Ավետիսյանը:

Հայրենասիրության մասին պետք է լսել մարտական դիրքերում կանգնած զինվորների շուրթերից, սովորել նրանցից: Նրանք են Հայրենիքի պաշտպանն ու սահմանների հզոր վահանը: Խաղաղության երաշխավորներն այս տղաներն են՝ բոլորիս հույս ու հավատ ներշնչող քաջ ու կորովի հայ զինվորն ու իր հրամանատարը:

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #31 (1453) 12.10.2022 - 18.10.2022, Ազգային բանակ


14/10/2022