ՀԱՅԵՐՆ ՈՒ ՇՈՒՄԵՐՆԵՐԸ
Բանաստեղծ, հայագետ Արմեն Դավթյանն այժմ աշխատում է Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնում։ Արդեն 20 տարի է, ինչ զբաղվում է շումերագիտությամբ: Երբ նա սկսել է աշխատություն գրել հայկական համաստեղությունների մասին, ուսումնասիրել է դրանց անվանումները, ծագումը, անսպասելիորեն եկել է այն համոզման, որ ընդունված այն տեսակետը, թե հայկական աստղանունները պարզապես հունարենից թարգմանություններ են, չի համապատասխանում իրականությանը:
-Շումերերենի հանդեպ հետաքրքրությունս ծագեց այն ժամանակ, երբ շումերական աստղանունների մեջ ես տեսա հայկական համարժեքները, որ չկան հունականում,- ասում է շումերագետը:- Հույների աստղային դիցաբանությունից հայտնի համաստեղությունների անվանումները տարբեր լեզուներում նույնն են. օրինակ՝ Ցուլ, Կարիճ և այլն: Սրանք վերցված են հունարենից: Սակայն հայկական աստղանունների մեջ կան այնպիսիք, որ հունականում բացակայում են: Օրինակ՝ Ծիծեռնակ կամ Անգղ համաստեղությունները: Հայերը չէին կարող թարգմանել սրանց անվանումները այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես չկան հունական աստղային դիցաբանության մեջ: Պտղոմեոսի աշխատություններում այսօր Կարապի համաստեղություն անվամբ հայտնի համաստեղությանը հանդիպում ենք պարզապես «թռչուն» անվանումով: Նա կոնկրետ չի նշում, թե ինչ թռչուն է դա: Մինչդեռ «անգղ» անվանունով այն հանդիպում է միայն շումերերենում և հայերենում:
Նույնը Ծիծեռնակ համաստեղությունը: Ինձ զարմացրին այս համընկնումները, ընդհանրությունները, և այսպես սկսեցի ուսումնասիրել շումերերենը: Արդեն շումերական աստղային գիտելիքը ուսումնասիրելու ընթացքում անընդհատ նկատում էի հայերեն բառեր: Ավելի ուշ, երբ արդեն համացանցը կար, հայտնվեցին համապատասխան կայքեր, տեքստեր, գրքեր, բառարաններ, քերականության դասագրքեր, հնարավոր եղավ հուսալի ու որակյալ աղբյուրներով մանրազնին ուսումնասիրել շումերերենը:
Շատերը այժմ պնդում են, որ աստղային երկնքի բաժանումը համաստեղությունների դիտվել է Հայաստանի տարածքից: Այսինքն՝ եթե այս տարածքից է դիտվել, ուրեմն աստղագիտությունը մեզ մոտ ավելի հին գիտություն է, քան հույների մոտ, և ուրեմն՝ նրանց աստղային առասպելները պետք է որ այս տարածքից դուրս եկած, այնուհետև նրանց հասած լինեն:
Հայկական համաստեղությունների մեջ, օրինակ, կա «Խողովակ» կոչված համաստեղությունը: Ոչ ոք չի հասկանում, թե երկնքում այդ ի՞նչ խողովակի մասին է խոսքը: Բայց շումերներից իմանում ենք, որ, օրինակ. շարացան արորը, որ սերմնահատիկը ակոսների մեջ ոչ թե բռով (շաղացան), այլ հատիկ-հատիկ է ցանում, ունի խողովակ, որի միջով հատիկներն ընկնում են հողի մեջ: Շումերերենում այն հնչում է խով-խով և նշանակում է խողովակ: Եվ այսպես մենք ոչ միայն իմանում ենք, թե անվանումը որտեղից է գալիս, թե ինչ է նշանակում, այլև շումերերենի շնորհիվ իմանում ենք, թե որտեղ է գտնվում այդ համաստեղությունը:
Մենք ունենք Անդաստան՝ Արտ համաստեղությունը, որի տեղը չգիտեինք, բայց շումերների մոտ կա Արտ համաստեղությունը, որը Պեգասի քառակուսին է: Այսպես, շումերերենի օգնությամբ մենք իմանում ենք, թե մեր՝ դեռ Շիրակացուց վկայված համաստեղություններից որը որն է: Բազմաթիվ համաստեղությունների անուններ կան «Խառնախորանում»: Օրինակ՝ կա Վաքն անվանումով համաստեղություն: Ոչ ոք չէր հասկանում, թե դա ի՞նչ է նշանակում: Վաքը ջրաղացի խողովակն է: Շումերները սրան ասել են խովխով ու նաև՝ վաք: Պարզապես նրանց մոտ դա սերմի խողովակն էր, մեզ մոտ՝ ջրաղացի խողովակը:
2004 թ. Արմեն Դավթյանը տպագրել է իր «Հայոց աստղային դիցաբանությունը» գիրքը, որում առաջին անգամ վկայեց, որ մեր համաստեղություններն ընդհանրություններ ունեն ոչ թե հունականի, այլ շումերականի հետ: 2014 թ. իր գտած բազում ընդհանրությունների հիման վրա ստեղծեց «Շումերերեն-հայերեն ընդհանրությունների բառարան» գիրքը: Այժմ աշխատում է գրքի երկրորդ հատորի վրա:
-Շուրջ 60 տարի է, ինչ եվրոպացի, ամերիկացի գիտնականները, իրար փոխադարձաբար ստուգելով, քննադատելով, համաձայնելով, եկել են ընդհանուր հայտարարի, թե որ աստղը այսօրվա որ համաստեղությունում է,- ասում է շումերագետը:- Այսօր արդեն մենք գիտենք հին շումերական, միջագետքյան վկայված աստղեր, որոնք նախկինում ճշտված չէին: Գրեթե ամբողջ շումերական աստղային երկինքն այսօր ճշգրտված է:
Ըստ շումերների՝ մարդուն արարող աստծո անունն է Էնկի Հայ, որ կավից արարեց մարդուն: Այդ Էնկի Հայ աստծո ուսերից բխում են Տիգրիսն ու Եփրատը: Իսկ մենք գիտենք, թե Տիգրիսն ու Եփրատը որտեղից են բխում: Ըստ շումերական պատկերացումների՝ այդ Հայ ասածը Ջրհոսի համաստեղությունն է երկնքում, որ մեր Ջրաբախն է։
-Շումերերենը նույն հին հայերենն է,- ասում է Արմեն Դավթյանը և որպես իր այս պնդման ապացույց բերում է հայտնի գիտնական, շումերագետ Վայմանի այն փաստարկը, որ մի լեզվի համանունները չեն կարող լինել մեկ այլ լեզվում: -Շումերերենում շատ համանուններ կան: Եվ գրեթե բոլոր այդ համանունները կան նաև հայերենում: Եթե վերցնենք, օրինակ, այր-տղամարդ, այր-քարայր ու այր-այրել համանունները, ցանկացած այլ լեզվով դրանք բոլորովին այլ կերպ կհնչեն: Օրինակ՝ ռուսերեն այդ բառերը կհնչեն՝ ՎցՋփՌվՈ, տպքպՐՈ, րՋպփՖ /մուժչինա, պեշչերա, սժեչ/: Իսկ հայերենում լրիվ նույն կերպ են հնչում: Շումերերենում ես հանդիպեցի այսպիսի համընկնումների բազում շարքերի. օրինակ՝ մոլ հայերեն նշանակում է ծառի երկրորդական ճյուղ: Շումերերենում այդ բառը նշանակում է ճյուղ: Մոլ բառով նրանք արտահայտում են նաև մոլորակ իմաստը: Բուն արմատն է մոլ-ը: Այս երկու համանունները իրար հետ իմաստային որևէ կապ չունեն, բայց նույն կերպ են գրվում: Վերցնենք շումերերեն մեկ այլ՝ ցող-ցողուն սեպանշանը: Նույն սեպանշանով գրվում է նաև ցողել բառը՝ ջուր ցողել իմաստով: Հացահատիկի ցողը, ցողունը, ցողել՝ շաղ տալ և ցող բառերը իմաստային որևէ կապ չունեն. դրանք պատահաբար նույն ձևով են գրվում. համանուններ են: Բայց դուք չեք կարող գտնել մեկ այլ լեզու, որում այս նույն բառերը նույն ձևով հնչեն, բացի հայերենից: Այսպիսի հարյուրավոր համանունների օրինակներ կան, ինչը պարզապես չի կարող պատահական լինել:
Մեկ այլ փաստ. եթե մի լեզվով ռեբուս է գրված, մեկ այլ լեզվով այն հնարավոր չէ կարդալ: Իսկ շումերերենի ռեբուսները կարդացվում են հայերեն:
2009 թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայում մի քննարկման ժամանակ ես պնդում էի, որ շումերերենը հայերենն է: Ինձ առաջարկեցին՝ շումերերեն մի գիր վերցրո՛ւ ու կարդա՛ հայերեն: Ես հատուկ վերցրի երկրագործական մի հայտնի տեքստ, քանի որ վերջին 4-5000 տարվա մեջ երկրագործության վերաբերյալ տերմինաբանությունը շատ քիչ է փոփոխվել: Բացի այդ, այս տեքստը աշխարհի բոլոր շումերագետներին քաջ հայտնի մի տեքստ է, որի վրա շատ հեղինակավոր գիտնականներ են աշխատել: Դրա նաև անգլերեն թարգմանությունը կա: Այսինքն՝ լիովին ծանոթ ու հասանելի մի տեքստ է: Այդ տեքստի վրա աշխատեցի 12 տարի: Ու հրապարակեցի մի գիրք, որը կոչվում է՝ «Շումերների երկրագործական ուղեցույցը հայերեն է»:
Ես վստահ եմ այսօր, որ հայկական շումերագիտությունը շատ բաներ ունի տալու համաշխարհային շումերագիտությանը, քանի որ կան օրինաչափություններ շումերերենում, որոնց պատասխանները միայն հայերենում կարելի է գտնել: Դրա համար հետազոտողը պետք է հայերեն իմանա: Օրինակ բերեմ: Վաղ բառը, որ հայերենում նշանակում է հին, վաղեմի, շումերները գրում են ul/mul, ուլ կամ վալ սեպանշանով: Բայց բուն վաղ հայերեն բառն ունի նաև շտապել, վաղվաղել, արագ իմաստը: Այն դեպքերում, երբ այս բառը կրում է վաղ իմաստը, գրվում է ոչ թե «ուլ 1» սեպանշանով, այլ «ուլ 4» սեպանշանով, որպեսզի իմաստային խառնաշփոթ չլինի: Սա միայն հայ ուսումնասիրողը կարող է զանազանել: Հետաքրքիր է, որ ոչ միայն «վաղ» բառը կա շումերերենում, այլև հենց «շուտ» բառը՝ արագ իմաստով: Այլազգի հետազոտողը ինչպե՞ս կարող է իմանալ, որ եթե «շուտ» բառը կրկնակի օգտագործվի, կստացվի այլ բառ՝ շուտ-շուտ՝ արագ, կամ վաղվաղել՝ շտապել: Իրենց բառարանում գրված է միայն, որ «շուտ» բառը նշանակում է «վաղուց»: Մինչև օրս դեռևս չկա հստակ թիվ, թե քանի բառ կա շումերերենում. այստեղ խնդիրը նաև այսպիսի փաստերի մեջ է: Այլ ազգերի ուսումնասիրողները չեն կարող իմանալ համանունների մասին, կամ որ նույն սեպագրով մեկ, երկու բառ կարող է գրվել: Մեկ այլ օրինակ. ծոր բառը, որը նշանակում է ծորալ և ծոր, որ նշանակում է հացահատիկի խուրձ: Այլազգի հետազոտողին կարող է թվալ, թե սրանք տարբեր բառեր են, չնայած նույն սեպանշանով են գրվում: Գիտեն, որ սա նշանակում է հնձած հացահատիկի խուրձ, բայց չգիտեն, որ սա նաև ուրիշ բառ է, որ նույն կերպ է հնչում: Կոնկրետ երկրագործական այս տեքստում երկրագործությանը վերաբերող 247 բառ կա, որոնցից միայն 15-ը ես չեմ գտել հայերենում: Այլ կերպ՝ 247 բառից 232-ը հայերեն են: Սա նշանակում է, որ այդ բառերի մոտ 94 տոկոսի նույնություն կա հայերենի հետ, ընդ որում՝ կեսը բնիկ հայերեն բառեր են, իսկ մյուս կեսը դեռևս ստուգաբանված չեն: Կարծում եմ, որ երկրագործության մասին շումերական այս տեքստի հայերեն ընթերցմամբ ես ապացուցել եմ, որ շումերերենը՝ որպես առանձին լեզու, գոյություն չունի. դա հայոց լեզվի վիճակն է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, մինչև 2-րդ հազարամյակի կեսը: Այսպես՝ գրաբարը 5-րդ դարի հայերենն է, որի առանձին բառերը հասկանալի են, բայց երբ նախադասությունն ենք փորձում հասկանալ, քերականական որոշակի կառուցվածքի պատճառով երբեմն պարզ չի լինում միտքը:
«Թխել», «թուխ» բառը կա թե՛ շումերերենում, թե՛ գրաբարում և թե՛ ներկայիս հայերենում ու նույն բանն է նշանակում. թխել՝ հաց թխել իմաստով, և թխել՝ խփել իմաստով: «Թխել», «թույլ», «թողնել», «ձիգ» այս և շատ ուրիշ բառեր կան թե՛ շումերերենում, թե՛ գրաբարում, թե՛ ներկայիս հայերենում:
Արմեն Դավթյանի խոսքերով՝ կան բառեր, որոնք շումերերենում ու գրաբարում կան, բայց աշխարհաբարում չեն պահպանվել:
-Օրինակ՝ «սողոպ» կամ «սաղապ» բառը: «Սողոպ» նշանակում է թափառել, շրջել: Շումերերենում գրված է՝ խոշոր եղջերավոր անասուն-սողոպ: Երկար չէին կարողանում հասկանալ, թե սա ինչ է: Հիմա արդեն հայերենի միջոցով ճշտվում է, թե այս համադրումը ինչ է նշանակում: Չկապած, դաշտում արածող, թափառող անասունն է: Ընդ որում՝ շումերերենում գրված է՝ «կույտ-սողոպ»: Այսինքն՝ թափառող խումբ: Բայց հայերենում «կույտ» նշանակում է նաև անասունների նախիր, երամ: Ստացվում է՝ շրջող, թափառող նախիր: Զարմանում են, որ շումերերենում այս նույն համադրությունը օգտագործում են նաև մարդկանց վերաբերյալ: Սա նույնպես պատահական չէ: Ջուլհակների, գզրարների շրջիկ խմբեր են եղել, տարբեր վարպետների շրջիկ խմբեր, որոնք գյուղից գյուղ են շրջել ու իրենց ծառայություններն են մատուցել: Ներկայիս շրջիկ բրիգադներն են:
Շումերագետը բերում է նաև ռազմական ոլորտի համընկնումներից մի քանի օրինակ:
-Պատերազմի դեպքում քաղաք-պետությունների երիտասարդ տղամարդիկ զորքն էին ձևավորում: Կա «երամ» բառը, որ հայերենում էլ է նշանակում թե՛ «ազգ», «տոհմ», թե՛ կռվողների խումբ և թե՛ «երամ»՝ մարդկանց, թռչունների, կենդանիների խումբ: Նաև՝ աշխատանքային խումբն է այս անունով կոչվել: «Տղայք» բառը շումերերենում նշանակում է թե աշխատանքային խումբ՝ բրիգադ իմաստով, թե՛ կռվողների, ռազմիկների խումբ և թե՛ տղաներ: «Զենք», «զրահ», «թուր», «սուր», «աղեղ» այս բոլոր բառերը կան շումերերենում:
Ընդհանրացնելով իր ուսումնասիրության արդյունքները՝ Արմեն Դավթյանը նշում է.
-Այսօր գիտությանը հայտնի առաջին գրավոր լեզուն հենց շումերերենն է: Շումերներն այն ազգն են, որ ստեղծել են սեպագրերը: Այն, ինչ շումերերենից առաջ է, ընթերցված չէ, վերծանված չէ: Այն, ինչ գրերից առաջ է, պատմաբաններն անվանում են նախապատմական շրջան: Շումերերենը մի քանի կարևոր ասելիք ունի: Առաջին, որ աշխարհի բոլոր սեպագրերը շումերերենից են վերցված՝ խեթերեն, խուռիերեն, ուրարտերեն և այլն: Բոլոր գրային համակարգերի հիմքում շումերերենն է: Այսինքն՝ շումերերենը մարդկության պատմական շրջանի սկիզբն է: Եվ այն ըստ էության նույն լեզուն է, ինչ մեր գրական հայերենը:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #32 (1454) 19.10.2022 - 25.10.2022, Հոգևոր-մշակութային