Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈԳԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ Է



ՈԳԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԷՀրետանային մարտկոցի անձնակազմը դաշտային պայմաններում անցկացնում է գործնական պարապմունքներ, կատարելագործում ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերած տեսական  գիտելիքները, հղկվում են Դ-20 հրետանային միջոցի կառավարման,  թիրախի նշանառման, անվտանգ ու ճշգրիտ կրակ վարելու մասնագիտական հմտությունները։

-Տղաները հաշվարկները կատարում են ճշգրիտ, գործում են վարժ ու արագ։ Վարժությունից հետո նկատված որոշ թերություններ փորձառու ծառայակիցների ու սպաների կողմից շտկվում են անմիջապես, տրվում են համապատասխան ցուցումներ խնդրի ճիշտ ու անվրեպ կատարման համար,- մեզ հետ զրույցում ասաց  շտաբի պետ, մայոր Մերուժան Ալիխանյանը:

Զորամասի սպայակազմի ամիսների քրտնաջան աշխատանքն այսօր արդեն տվել է իր պտուղները ապագա հրետանավորների պատրաստության, հետագայում նրանց վստահ գործողությունների ու թիրախների անվրեպ խոցման գործում, ինչը երևաց նաև սեպտեմբերյան մարտական գործողությունների ընթացքում։

-Գործնական պարապմունքներում ընդգրկված են վեց ամիս, մեկ և ավելի տարի ծառայած զինվորներ, ինչպես նաև շուտով զորացրվող զինվորներ: Վարժարանում բոլոր զինվորները մասնակցել են սեպտեմբերյան մարտական գործողություններին, աչքի են ընկել քաջությամբ, մարտական բարձր պատրաստվածությամբ ու կարգապահությամբ, առաջադրված խնդիրները կատարել են ճիշտ ու ժամանակին՝ թշնամուն պատճառելով կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ,- նշեց շտաբի պետը:

Կրտսեր սերժանտ Արման Մխիթարյանը հրետանու հաշվարկի հրամանատար է։ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող էր, երբ 2022 թ. հունվարին զորակոչվեց բանակ և ամիսներ շարունակ ուսումնասիրեց Դ-20 հրանոթը։

-Սովորականի պես պարապմունքից վերադարձանք զորամաս, օրվա կարգացուցակով շարունակեցինք առօրյա գործունեությունը, հետո պառկեցինք քնելու: Առավոտ շուտ տագնապ ազդարարվեց. շարժվեցինք առաջնագիծ ու անմիջապես մտանք մարտի մեջ,- ասում է սերժանտ Մխիթարյանը:

Խոստովանում է, որ կուրսանտական ամիսներին անհամբեր սպասում էր այն օրվան, երբ զորավարժարանում առաջին անգամ առիթ կունենար հրանոթից  մարտական կրակ վարել։ Բայց որ մարտական մկրտությունը կլիներ իրական ռազմական գործողությունների ժամանակ, անսպասելի էր։

Այս զորամասում են ծառայում երկվորյակ եղբայրներ Դավիթ և Մհեր Սարգսյանները, որոնք նույնպես մասնակցել են սեպտեմբերյան ռազմական գործողություններին:

-Մինչև պատերազմական գործողությունները ծառայությունը պատկերացնում էի զուտ սպա և զինվոր փոխհարաբերություններ,- ասում է Դավիթը: -Ես մարտական խնդիրը կատարել եմ հարազատ եղբորս հետ, ինչն ինձ առավել ինքնավստահություն էր ներշնչում:

-Հրանոթը անմիջապես մարտական դիրքի բերեցինք ու սկսեցինք կրակել: Լավ ենք կրակել, տեղը տեղին,- հիշում է Մհերը։

Զինծառայողների արհեստավարժությունից գոհ է նաև զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանը: Ստորաբաժանումն ամբողջ կազմով մասնակցել է մարտական գործողություններին, կատարել է առաջադրված բոլոր խնդիրները, ինչը վկայում է նրանց աննկուն ոգու և բարձր մարտական պատրաստվածության աստիճանի մասին:

-Զինվորների ոգին մարտական է, հրետանային միջոցներին տիրապետում են գերազանց ու մշտապես են պատրաստ մարտական խնդիր կատարելու: Զինվորները գիտակցում են իրենց առաքելությունը, հոգեպես ու ֆիզիկապես ամուր են, հպարտ են ու համարձակ, ինչն էլ ապացուցեցին վերջին մարտական գործողությունների ընթացքում,- վստահեցրեց   զորամասի հրամանատարը:

 

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (1454) 19.10.2022 - 25.10.2022, Ազգային բանակ


21/10/2022