Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՐՈՒԽԱՆԻ ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿԸ



ՍԱՐՈՒԽԱՆԻ ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿԸ44-օրյա պատերազմի ժամանակ Սարուխան համայնքը երեք զինվոր զավակների կորցրեց: Կրտսեր սերժանտ Հակոբ Հարությունյանը նրանցից մեկն էր: Հակոբը ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 12-ին, նրա ծնունդով Հարությունյանների օջախը խինդով ու երջանկությունով էր լցվել. երկար էին սպասել արու զավակի։

Կրակի կտոր էր՝ աշխույժ, ժիր ու միաժամանակ չափազանց բարի, կարեկից ու կամեցող։ Բոլորի պաշտպանն էր` մայրիկի, ընկերների, հայրենիքն էլ կյանքի գնով պաշտպանեց…

Դեռ մանկուց առանձնանում էր հասուն դատողությամբ, արարքներով: Երբ հայրն արտագնա աշխատանքի էր մեկնում, ինքն իրեն մեծի տեղ էր դնում, մեծավարի օգնում ամեն հարցում. խանութից առեւտուր էր անում, տան վարձերն էր մուծում, թե տաքսիով էլ մի տեղ էին գնում, պարտադիր մեքենայի առջեւում էր նստում՝ վարորդի կողքին, գումարն էլ տալիս լուրջ-լուրջ ասում էր՝ մանրը պետք չէ… Ութ տարեկան էր, երբ մի մեքենա ձմռան վառելիք գնեցին, չթողեց փայտ կոտրող կանչեն. «Պապան մեղք է, Ռուսաստանում չարչարվում է, ինչի իր ուղարկած գումարն իզուր ծախսենք», կացինը ձեռքն առավ ու ամբողջ ցախը մեկ ամսում կոտրատեց։ Տնեցիներից էլ գաղտնի մեկ-մեկ գնում էր խոտհավաքի, հավաքած-տնտեսած գումարով անակնկալներ անում հարազատներին ու ուրախանում էր ուրախացնելով։

Հակոբի հետաքրքրությունների շրջանակը բազմազան էր՝ սպորտով էր զբաղվում, շվի, դհոլ նվագում։ Սարուխանի արվեստի դպրոցից հետդարձի ամբողջ ճանապարհին դհոլ թնդացնելով էր գալիս։ Երազում էր ընդունվել Կոմիտասի անվան կոնսերվատորիա: Դպրոցում ոչ մի միջոցառում առանց շնորհաշատ պատանու չէր անցնում:

…2019 թ. Հակոբը զորակոչվեց բանակ: Բանակի խնջույքին ընկերների հետ միասին երգում էր իր ամենասիրած երգերից մեկը՝ «Սահմանին», ո՜նց էր երգում՝ ամեն բառը խորապես զգալով, ապրելով.

Ես պատրաստ եմ կռվել,

Ես պատրաստ եմ քեզ ինձանով պահել,

Միշտ պատրաստ պայքարի

Հաղթական ու արի,

Ես կանգնած եմ քո թիկունքին՝

Սահմանին…

ՍԱՐՈՒԽԱՆԻ ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿԸՍահմանին էլ անցավ ծառայությունը:

Հարազատ-բարեկամներով հավաքվեցին, գնացին մասնակցելու զինվորական երդման արարողությանը, Հակոբի մայրական պապն էլ՝ Մեծ հայրենականի մասնակից, գրող, վաստակաշատ մանկավարժ Մեխակ Ավետիսյանը, անտեսելով երկար ճանապարհն ու տարիքը, հարյուրամյակի շեմին հասավ Արցախ աշխարհ:

-Եկեղեցու բակում էր երդման արարողությունը, ես էլ ելույթ ունեցա, հպարտացա, հիացա մեր արծիվ զինվորներով։ Մեր արծիվ տղերքը հերոսաբար կռվեցին, արծիվ տղերքից շատերը հիմա երկնքում են, Հակոբս էլ…

Պապը հերոս ծոռան մասին գիրք է գրել՝ «Սարուխանի հերոս զավակը»:

 

***

 

ՍԱՐՈՒԽԱՆԻ ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿԸՊատվախնդրորեն էր ծառայում սարուխանցի երիտասարդը, հրամանատարությունն էլ, հաշվի առնելով նվիրված ծառայությունը, ուղարկեց կարճատեւ դասընթացների, ստացավ կրտսեր սերժանտի կոչում եւ նշանակվեց ՄՄ-21 ռեակտիվ հրետանային մարտկոցի 1-ին հաշվարկի հրամանատար։ Ասում էր՝ այնքան ուրախ եմ ու իմ Աստծուց գոհ, որ հենց այս զորամասում եմ ծառայում. ով ինձնից հետո մեր գյուղից գա էս զորամաս, ի պատիվ ինձ՝ հաստատ լավ կընդունեն:

Ծառայությունից ազատ ժամանակ եկեղեցիներ էր փայտից քանդակում, մայրիկին՝ որպես ծննդյան նվեր, ընկերների միջոցով եկեղեցու մանրակերտ ուղարկեց: Երկու ամիս առաջ ընկերների հետ արդեն ամեն ինչ կազմակերպել-պլանավորել էր, որ անակնկալը ժամանակին լինի: Պատվիրել էր նաեւ տեսազանգով նկարել այդ պահը, որ ինքն էլ հեռվից հեռու տեսնի մոր ապրումները: Հայրիկի ծննդյան առիթով էլ քանդակազարդ նարդի էր պատրաստում, բայց չհասցրեց նվիրել. զինակից ընկերներն իրենք՝ Հակոբի զորամասում մնացած մյուս իրերի հետ հանձնեցին ծնողներին։ Նարդու վրա փորագրված էր՝ «Զինվոր որդուց՝ թագավոր հորը»… Հակոբի ծնողապաշտությունը սահմաններ չուներ, որոշել էր, որ իր զորացրվելուց հետո ծնողներն այլեւս չեն աշխատելու, ինքն իրենց թագավորի պես է պահելու..

 

***

 

ՍԱՐՈՒԽԱՆԻ ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿԸԵրեք ամիս էր մնացել զորացրվելուն, երբ պատերազմը սկսվեց։ Հակոբը հեռախոսազրույցների ժամանակ խաղաղեցնում էր տնեցիներին, ասում էր՝ իբր, ինքը բավականին հեռու է մարտական գործողություններից ու ապաստարանի միջից է հաշվարկն անում, մինչդեռ՝ մարտերի հենց կիզակետում էր։

18-20 տարեկան տղաները կռվում էին խենթի պես, նրանցից շատերը դեռ չէին էլ հասցրել վառոդի հոտը մի կարգին առնել, բայց կռվում էին մարտերում թրծվածի խիզախությամբ: Հակոբենց մարտկոցը մարտական թեժ գործողությունների ընթացքում պաշտպանում էր Մարտակերտի, այնուհետև Մատաղիսի դիրքերը, զգալի վնասներ հասցնում թշնամուն։

 

***

 

ՍԱՐՈՒԽԱՆԻ ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿԸԵրբ զենքերի ձայնը մի պահ լռում էր, Հակոբն անմիջապես տուն էր զանգում, գիտեր՝ տնեցիք իր ամեն զանգից շնչավորվում են։ Զանգելիս մոր տրամադրությունը բարձրացնելու համար մեկ էլ կերգեր. «Ոչ մի ծաղիկ քո բույրը չունի…», կհուսադրեր. «Էս պատերազմն էլ կհաղթահարենք, մերս, սրբությունս, դու մենակ աղոթիր բոլորիս համար, ստեղ բոլորն էլ քո տղաներն են»։

Մայրը՝ Աննան, անհուն հուզմունքով է հիշում որդու ամեն խոսքը, ամեն բառը, բառի հնչերանգը. «Մի անգամ էլ զանգեց, ասաց՝ մա՛մ ջան, ինձ պարգեւատրել են, քարտիս էլ փող են փոխանցել: Հերոս տղա ունեք: Հուզվեցի՝ հերոս չեմ ուզում, ինձ դու ես պետք, հակադարձեց՝ մա՛մ ջան, ինչի՞ բոլոր հերոս տղերքն անմահանում են, լիքը ապրող հերոսներ էլ կան… Հետո ապագա պլաններից խոսեց, նպատակադրվել էր ծառայությունից հետո կոնսերվատորիա ընդունվել, հետո ամուսնանալ… Հոկտեմբերի 31-ին վերջին զանգն էր. գիշերվա ժամը մեկն անց էր, որ զանգեց, հոր հետ խոսեց, հետո ամուսնուս ասաց հեռախոսը փոխանցի ինձ. «Մերս, սրբությունս, ո՞նց ես: Դիրքս փոխել են, չորս հոգով 700 մետր ոտքով եկել ենք, նոր կապ եղավ, կապ չկար»։ Անհանգստացա, խնդրեցի զգույշ հետ դառնան, որ խավար գիշերվա մեջ հանկարծ չմոլորվեն, մտքովս մութ ճանապարհներին դարանակալած հազար ու մի վտանգ անցավ։ Ծիծաղեց ու ինձ սրտապնդեց կատակին տալով՝ մե՛ր ջան, ի՞նչ ես մտածում, ճակատիս լույս եմ կապել, ճանապարհները լուսավորելով տղերքի առջեւից կգնամ, քանի որ ես ամենաբարձրահասակն եմ: Հետո ձայնի երանգը մեկեն փոխվեց, ուրիշ մի տոնայնությամբ ասաց. «Մա՛մ, լսում ես, հնարավոր է՝ չզանգեմ, ձեզ լավ կպահեք….»:

ՍԱՐՈՒԽԱՆԻ ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿԸՀոկտեմբերի վերջն էր, թշնամու կրակոցներից իրենց հրետանին շարքից դուրս էր եկել, վերադարձել էին զորամասի տեղակայման վայր, նոր հրանոթ ստացել ու այս անգամ էլ բարձրացել Մարտակերտի պաշտպանության դիրքեր։ Այս հատվածում էլ հենց թեժ մարտերից մեկի ժամանակ զոհվեց սարուխանցի քաջը…

Զինակից ընկերները ջերմությամբ, կարոտով են հիշում Հակոբի հետ կապված ամեն դեպքն ու դրվագը, համով-հոտով կատակները, ու ամեն պատում, ամեն հիշողություն է՛լ ավելի է ամբողջացնում, մի նոր երանգ հաղորդում նրա առինքնող ու լուսավոր կերպարին։

«Հակոբը ծառայության առաջին իսկ օրվանից առանձնանում էր, աչքի ընկնում թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային որակներով. հոգատար էր, ազնիվ ու շիտակ, պարզ, անմիջական, մեծ սրտի տեր էր,-նշում է հրամանատարը՝ կապիտան Ալիկ Հակոբյանը:- Պատերազմի օրերին էլ կռվում էր անահ, հումորներ անելով, ընկերներին քաջալերելով: Կռիվներից մեկի ժամանակ ես վիրավորվեցի, հետո իմացա, որ Հակոբը տեղափոխվել է մի ուրիշ ստորաբաժանում, մարտնչել հերոսի նման, հերոսավայել ….»։

Մարտական ընկերներից Գոռը, որ մինչեւ վերջին շունչն ընկերոջ կողքին է եղել, պատմում է. «Կրակատարափին դադար չկար, գիշեր-ցերեկ չկար, թշնամու հետախուզական անօդաչուները թռչում էին մեր գլխավերեւով, բացահայտում կրակակետերն ու թիրախավորում, մեր հրանոթն էլ թիրախավորեցին ու շարքից դուրս հանեցին։ Մեզ իջեցրին գնդի տարածք, նոր տեսակի հրանոթ տվեցին։ Հետո մեկ այլ դիրք բարձրացանք։ Հակոբի նախաձեռնությամբ սկսեցինք խրամատն ամրացնել, ամբողջ գիշեր չքնեցինք, Հակոբը մի երեք անգամ գնաց դատարկ արկի արկղեր, գերաններ բերելու։ Առավոտյան թշնամին ուժգին կրակի ՍԱՐՈՒԽԱՆԻ ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿԸտակ առավ մեր դիրքը՝ մեր տեղը նշմարել էր։ Հակոբը բոլորին շտապեցնում էր, որ արագ մտնեն թաքստոց, ինքն էլ վազեց, որ թաքնվի, բայց հենց այդ պահին էլ արկը պայթեց… »։

Խիզախ հայորդին դեռ քսան տարեկան էլ չկար..

Մարտերում ցուցաբերած խիզախության համար սարուխանցի հերոսն արժանացել է «Արիության համար», «Մարտական ծառայություն» մեդալների:

Տարիներ առաջ Սարուխանի դպրոցում ուսուցչուհին հանձնարարել էր աշակերտներին ամեն մեկն իր երազանքի մասին գրի ու ծրարի, որ տարիներ հետո բացեն ու կարդան։ Զոհվելուց հետո բացեցին Հակոբի գրածը. «Ես ցանկանում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի… »։

Կյանք ու կյանքեր արժեցող խաղաղություն է….

Սարուխանի Ս. Մակարյանի անվան թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Սաթիկ Մալխասյանը բանաստեղծություն է նվիրել հայրենիքի նվիրյալ  քաջերին:

 

Պարտական ենք

 

Մեր այսօրվա լուսաբացի,

Տաք թոնրում թխված հացի,

Այս արեւի, կյանքի համար

Պարտական ենք տղաներին:

Տղաներին այն քաջազուն,

Որ ննջում են մեր սուրբ հողում,

Որ վաղաժամ երկնքում են,

Մեր հոգում ու մեր սրտում են…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #33 (1455) 26.10.2022 - 1.11.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


28/10/2022