ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ՈՒՐԻՇԸ ՉՈՒՆԵՆՔ
Ինչքան պիտի սիրես Հայրենիքդ, որ մեծ ընտանիքդ թողնես, կամավոր մեկնես վարժական հավաքների։ Այս հարցի պատասխանն էի փորձում ինքս ինձ համար ձևակերպել, երբ բազմազավակ հայրիկի հետ հանդիպման էի շտապում։ Բանաձևը մեկն էր. ուրեմն ընտանիքդ ես անչափ սիրում, որի անվտանգությունն ու բարօրությունը ապահովելու համար էլ նվիրվում ես ամբողջովին։
Արցախյան ազատամարտի տարիներին երիտասարդ Հայկ Առաքելյանը դիրքերում էր։ Հայրենիքը վտանգված էր, և Հայկը շատերի պես զինվորագրվեց, ձգտեց ինչ-որ չափով օգտակար լինել նոր-նոր ոտքի կանգնող երկրին։ Անցան տարիներ, նա առավել հասունացավ, աշխատեց, հայրենի Երասխահուն գյուղում իր օջախն ստեղծեց։ Հայրենիքի շենացման գործում իր ամենակարևոր ներդրումն էլ ընտանիքն է. Հայկը ութ երեխաների հայր է։ Կարծես ամեն ինչ կարգավորվել էր, ավագ որդին պատվով ծառայեց, վերադարձավ, երեք չափահաս որդիները աշխատում են, օգնում ծնողներին։ Ինքն էլ տարատեսակ գործեր է անում՝ գյուղաշխատանքներից մինչև վերանորոգման պատվերներ, ազատ ժամերին նկարում է։ Ինչպես ինքն է ասում՝ ապրում են մեծ ընտանիքին հատուկ հոգսերով, հետաքրքիր և հագեցած առօրյայով։ Սակայն 2020 թ. պատերազմն ամեն ինչ խառնեց իրար։ Երկու տարի է անցել արդեն, միևնույն է, մենք չավարտված պատերազմի պայմաններում ենք ապրում։ Հայրենիքը նորից վտանգված է, և Հայկն անտարբեր չէր կարող մնալ։ Իմացավ, որ կառավարությունը պահեստազորայինների վարժական հավաքներ է կազմակերպում՝ նաև մարտական հերթապահության մեջ ներգրավելու տարբերակով։ Միանգամից գնաց տարածքային ստորաբաժանում, ցանկություն հայտնեց զինվորագրվելու։ Բնականաբար, օրենքը բազմազավակ ընտանիքի հորն ազատում էր հավաքներին մասնակցելու պարտավորությունից, բայց Հայկը պնդեց։ Նա դիմում գրեց՝ խնդրելով թույլատրել կամավոր մեկնելու հավաքների անցկացման վայր։ Գնաց տուն, իրերը հավաքեց, կնոջը՝ Նաիրային հայտնեց նորությունը։ Կինը փորձեց հետ պահել, ութ երեխաների հոգսը քաշելը հեշտ չէ։ Բայց Հայկը բացատրեց, համոզեց, որ յուրաքանչյուր հայ մեկ հայրենիք ունի, և բոլորն են պարտավոր մասնակցել պաշտպանությանը։ Պարտադիր ժամկետային ծառայություն անցած ավագ որդին նույնպես ցանկություն հայտնեց միանալու հորը, սակայն Հայկը չթողեց. տանը տղամարդ է պետք, հազար ու մի անելիք կա գյուղական տանը։
Վարժանքների անցկացման ուսումնական կենտրոնում Հայկին նորից ներկայացրել են իր իրավունքները, տեղեկացրել, որ ցանկացած պահի կարող է հրաժարվել մասնակցությունից և վերադառնալ տուն։ Նա կրկին հրաժարվել է և անցել պատրաստության ծանրաբեռնված պարապմունքներին։
-Իմ ընկերներից շատերն են կամավոր մասնակցում հավաքներին։ Եկել ենք բոլոր դժվարությունների, վտանգների գիտակցումով։ Կեսճանապարհից տուն վերադառնալու մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Ինձ ցուցադրելու համար չեմ եկել, այլ պաշտպանելու մեր հայրենիքը… Ուրիշը չունենք,- ասում է Հայկը։
Պահեստազորայինների պատրաստությունը մի քանի փուլեր է անցնում։ Ուսումնական կետերում վարժական հավաքների մասնակիցները յուրացնում, վերհիշում են իրենց զինվորական մասնագիտության, տարբեր զինատեսակների կիրառման առանձնահատկությունները, այնուհետև գործնական պարապմունքների ընթացքում կիրառում են սպաների փոխանցած գիտելիքները։ Սովորում են ժամանակակից մարտի վարման կանոնները, մարտական իրավիճակներում առավելագույնս արագ ու ճշգրիտ գործելու, մյուս ստորաբաժանումների հետ ներդաշնակ գործելու հմտություններն են զարգացնում։ Բոլոր պարապմունքների ժամանակ Հայկն իրեն դրսևորել է որպես կարգապահ, գրագետ զինծառայող։ Հիշել է 90-ականների ծառայողական անցուդարձը, ոգևորվել, իր օրինակով ոգևորել մյուսներին, հատկապես երիտասարդներին, բացատրել, որ գերազանց պատրաստվածությունը առաջնագծում կյանքեր է փրկում։
-Աստվածաշունչն է ինձ ոգեշնչողը։ Ես հավատացյալ քրիստոնյա եմ, եթե մարդն ունի հավատք առ Աստված, ամեն տեղ պիտի լինի օրինակելի։ Եվ ես փորձում եմ…
Վարժական հավաքների արդյունավետությունը Հայկն ու իր ընկերները չափազանց բարձր են գնահատում։ Պարապմունքների ընթացքում լիարժեք գիտելիքներ են ստացել, վարժվել են այն աստիճան, որ վստահ են իրենց ուժերին, պատրաստ են անցնելու մարտական հերթապահության։
Օրեր են անցել մեր հանդիպումից։ Հայկ Առաքելյանին տանն սպասում է իր մեծ ընտանիքը՝ մայրը, կինը, ութ երեխաները՝ Եսային, Իսրայելը, Միքայելը, Վերոնիկան, Վիկան, Ժակը, Մարկը, Մոնթեն։ Սպասում են հպարտ գիտակցումով, որ իրենց հայրը սահման է պահում, խաղաղ երկնքի տակ ապրելու իրենց իրավունքը պաշտպանում։
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #33 (1455) 26.10.2022 - 1.11.2022, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում