…ՈՐ ՓԱՌԱՎՈՐ ԱՊԱԳԱ ՈՒՆԵՆԱՆՔ
-Եթե քո հոգու խորքում ոտքի ես կանգնել, շտկել ես մեջքդ ու պատրաստ ես անել անհնարինը քո հայրենիքի հզորության համար, քեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող ընկճել: Առավել ևս, երբ կողքիդ մարտական ընկերներդ են՝ աննկուն, չպարտված տղերք, որոնց երազանքները իրենց ոգու պես ամուր են ու համարձակ,- ասում է Ավետ Սուքիասյանը: Նա քառօրյա մարտական գործողություններից վերադարձել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով, մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին:
-Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զինվոր էի, 44-օրյա պատերազմի ժամանակ՝ կամավորական: Վերջին պատերազմի ժամանակ շատ շուտ վիրավորվեցի, ու ինձ հետ ուղարկեցին, այդ պատճառով էլ կարճ եմ մասնակցել, շատ բան չեմ կարող պատմել,- ասում է Ավետը: Իսկ ինձ այլ բան է հետաքրքրում: Ես ուզում եմ հասկանալ, թե քառօրյա, այնուհետեւ 44-օրյա դաժան պատերազմից հետո ինչպե՞ս է մարդը կարողանում պահպանել հոգու արիությունն ու չկորցնել գալիք հաղթանակի հավատը:
-ժամկետային զինծառայությունս ավարտելուց հետո անդամագրվեցի «Արծիվ-30» կամավորական ջոկատին: Ապրիլյան մարտական գործողությունները ստուգողական «զորավարժություն» էին, մեծ պատերազմի նախերգանք, դա բոլորս էինք հասկանում: Երկուստեք տնտղեցինք իրար, որ հասկանանք, թե առաջիկայում ինչպիսի ուժեր պիտի հանենք մարտադաշտ՝ հաղթելու համար: Բայց, ինչպես հետո պարզվեց, Ադրբեջանը ճիշտ գնահատեց մեզ, մենք թերագնահատեցինք իրեն: Ադրբեջանը մեր դեմ հանեց ժամանակակից զինանոց, հագեցած վերջին սերնդի անօդաչուներով, ռազմական ինքնաթիռներով: Մարդկային ներուժով մեզ բազմապատիկ գերազանցող իր բանակին ավելացրեց տարբեր կռիվներում թրծված վարձկանների, իր օդային մարտերը ղեկավարելու իրավունքը հանձնեց թուրքական բանակին: Այսինքն՝ եկավ իր ամբողջ ներուժով…
-Այժմ հիշում եմ, թե ոնց զինակից ընկերս՝ Նորայրը, վիրավորվեց ականապայթյունից: Ինքը արյան մեջ կորած՝ ինձ ասաց՝ դուխով: Հետո հարցրեց՝ երկու ոտքս էլ կտրվե՞լ է, ասացի՝ չէ, մեկն է, ոգևորվեց: Ցավից քրտինքը ջրի պես հոսում էր, երակները պրկվել էին, բայց տնքոցը զսպած՝ ժպտում էր, որ մենք չընկճվենք:
Հիշում եմ Շավարշ Մուրադյանին: Նա նույնպես մասնակցել էր քառօրյա մարտական գործողություններին, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ որպես կամավորական, եկավ ռազմադաշտ, որ պաշտպանի իր դիրքը: Այն դիրքը, որ պահել էր ժամկետային զինծառայության ժամանակ: Շավարշը աներևակայելի քաջ էր ու զոհվեց աչքիս առաջ: Նա մեծ հաջողություններ ուներ, կյանքը նրան մեծ ապագա էր խոստանում, բոլոր ուսումնական հաստատությունները գերազանցությամբ էր ավարտել, բայց ամեն ինչ դրեց Հայրենիքի ազատության զոհասեղանին: Շավարշի ու նրա նման հազարավոր հերոսների կյանքի գնով է չափվում մեր Հայրենիքի գինը:
Հիշում եմ, թե տղերքը ոնց էին տանկի նշանառության տակ ականապատում թշնամու ճանապարհը: Տանկը շրջվեց, փողն ուղղեց դեպի մեզ, բայց ոչ ոք տեղից չշարժվեց, ու մեկ մարդու պես շարունակեցին ականապատման աշխատանքը՝ զոհվելու պատրաստ:
Աչքերիս առաջ է Մարտակերտի գնդակոծված զորամասը, առաջին զոհերն ու վիրավորները: Տեսարանը շատ ճնշող էր, բայց խուճապ չկար: Հրետանին չէր լռում, միևնույն ժամանակ, մենք կռվում էինք հետևակի դեմ: Մեր տղաները անձնվիրաբար էին կռվում: …Ադրբեջանցիրները ամեն ինչ կանեն, որ մեզ էլ երբեք դեմ առ դեմ չհանդիպեն մարտադաշտում, եթե անգամ իրենք բազմապատիկ գերազանցում են մեզ:
-Ինչո՞վ ես զբաղվում հիմա:
-Աշխատում եմ բանակի համար: Մեր գործարանը կատարում է բանակի պատվերները: Ես զորացրվելուց հետո կապս չեմ կտրել բանակի հետ: Գնացել եմ դիրքեր, անհրաժեշտ իրեր եմ հայթայթել հնարավորության սահմանում: Բանակը պիտի լինի յուրաքանչյուր հայ ընտանիքի ավագ որդին: Պիտի ոչ մի ընտանիք անմասն չմնա բանակի կարիքներից ու տա, ինչպես իր զավակին կտար, զորացնի, ինչպես իր զավակին:
-Ինչպիսի՞ն ես տեսնում այն Հայաստանը, որտեղ քո հետնորդներն են ապրելու:
-Հայի ամեն սերունդ հաջորդ սերնդին պիտի ավանդի Հայրենիքը շենացնելու ներքին մղումը, այդ դեպքում կունենանք փառավոր ապագա:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #33 (1455) 26.10.2022 - 1.11.2022, Բանակ և հասարակություն