ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ տեղի է ունեցել հակառակորդի պայմանական միջուկային հարվածին պատասխան միջուկային հարված հասցնելու զորավարժանք։ Ռազմավարական զսպման զորավարժությունն անցկացվել է ցամաքային, ծովային և ավիացիոն բաղադրիչների ներգրավմամբ: Ստուգվել են ռազմական կառավարման մարմինների պատրաստվածության մակարդակը, ղեկավար և օպերատիվ կազմի աշխատանքի հմտությունները։
Հոկտեմբերի 17-ից 30-ը միջուկային զսպման զորավարժություններ են անցկացրել նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրները։
Թուրքիայում գազային հանգույցի վերաբերյալ ճանապարհային քարտեզը կորոշվի մինչև տարեվերջ։ Հոկտեմբերի կեսերին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Պուտինը և Էրդողանը հանձնարարել են մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, որով, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքից դեպի Սև ծովի տարածաշրջան և Թուրքիա տեղափոխել։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանին թուրքական կողմի հետ ավելի հեշտ է աշխատել, քանի որ նախագահ Էրդողանն «իր խոսքի տերն է», իսկ եվրոպացի գործընկերների հետ շատ դժվար է ուղղակիորեն աշխատել:
Ս. Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնավարման եռամյա ժամկետը ոչ բավարար է անվանել և առաջարկել է այն ավելացնել:
«Ռուս զինվորականները էապես խաթարել են ուկրաինական զորքերի ղեկավարումը». ՌԴ ՊՆ:
«Ռուսաստանն ու Իրանն սկսել են էներգակիրների փոխարինող մատակարարումները՝ պայմանավորվելով ընդլայնել մատակարարվող ապրանքների ցանկը»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
«Ֆրանսիան կօգնի Ուկրաինային վերականգնելու ռուսական հարվածներից վնասված ջրային ու էներգետիկ ենթակառուցվածքները»- Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան կօգնի նաև ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։
«Արևմտյան երկրներն աշխարհին մղում են դեպի գլոբալ պատերազմ, և միայն Ռուսաստանի լիարժեք և վերջնական հաղթանակն է համաշխարհային կոնֆլիկտի ավարտի երաշխավորը», Telegram-ի իր ալիքում նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել:
Լավրովը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցելու Պուտինի պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ, ըստ նրա, որքան երկար ձգձգի Կիեւը բանակցությունները, այնքան իր համար ավելի դժվար կլինի համաձայնության գալ Մոսկվայի հետ։
Ռուսաստանում մասնակի զորահավաքի բոլոր միջոցառումները ավարտվել են։ ՌԴ զինված ուժերը համալրելու նպատակով զինկոմիսարիատների աշխատանքը կկազմակերպվի միայն կամավորների և զինվորական ծառայության համար թեկնածուների ընդունման հաշվին՝ պայմանագրերի կնքմամբ։
Էստոնիայի ներքին գործերի նախարարությունն ընդլայնելու է Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով պահպանվող գոտին՝ հասցնելով 300 մետրի՝ այնտեղ սահմանապահ ենթակառուցվածքի լրացուցիչ օբյեկտներ կառուցելու համար։
ՌԴ ԱԳՆ. «Արեւմուտքը միտված է ՌԴ-ին դուրս մղել Բալկաններից, Հարավային Կովկասից, Աֆրիկայից եւ Կենտրոնական Ասիայից»:
Իրան
Իրանում 100 հազար դոլարի ներդրում իրականացրած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ 5 տարվա կեցության թույլտվություն:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի. «Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային և քաղաքակրթական մասն է, և մենք շատ զգայուն ենք դրա նկատմամբ: Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար: Այստեղ օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլեւ ավելացնում է դրանք»:
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ից 10 ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների դեմ։ Ցանկում, մասնավորապես, ներառվել են ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայքլ Կուրիլան, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Էնն Նոյբերգերը, այլ, Կենտրոնական հետախուզական գործակալությունը, Ազգային գվարդիան: Պատժամիջոցներն ընդունվել են Իրանի ներքին գործերին ԱՄՆ միջամտության համար։
«Իրանը այլ երկրների հողերն ուժով գրավելը անօրինական է համարում»- ասել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։ Միեւնույն ժամանակ, նրա գնահատմամբ, «Իրանն աջակցել է իսլամական հողերի ազատագրմանը և դրանք Ադրբեջանին վերադարձնելուն, և այժմ, երբ ազատագրումն իրականացվել է, այլ հողերի ցանկացած գրավում համարվում է բռնազավթում»։
Թուրքիա
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է 2020 թ. բռնազավթված Ակնայում գործող ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնում թուրք զինվորականների տեղակայման մանդատի երկարաձգումը ևս մեկ տարով:
Թուրքիային չեն բավարարում Անկարայի պահանջներն իրականացնելու Շվեդիայի խոստումները՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնություն ստանալու համար: Դրանք պետք է իրագործվեն, այլապես թուրքական կողմը չի վերացնի իր առարկությունները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու. «Եվրոպայի կենտրոնում «կոնվենցիոնալ պատերազմ» է։ Մենք եվրոպական մայրցամաքի մաս ենք: Որպես տարածաշրջանային ուժ և համաշխարհային դերակատար, պետք է նպաստենք այս մայրցամաքի ճգնաժամերի հաղթահարմանը։ Եվրոպային քննադատելու շատ պատճառներ կան՝ երկակի ստանդարտներ, կեղծավորություն, անհեռատեսություն… Բայց Եվրոպայի թուլացումը ձեռնտու չէ Թուրքիային, հակասում է մեր տնտեսական շահերին»:
Թուրքիան ծրագրում է 2023 թ. ցամաքում նավթի և գազի 100 հորատանցք բացել:
Իսրայելը և Թուրքիան վերսկսում են պաշտպանության ոլորտում համագործակցությունը։
Լեհաստանը ստացել է Թուրքիայից գնված «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը:
Էրդողանը ներկայացրել է հաջորդ դարի իր տեսլականը, որի համաձայն՝ Թուրքիան ներառվելու է «քաղաքականության, տնտեսության, տեխնոլոգիայի, ռազմական և դիվանագիտության» առումով աշխարհի 10 լավագույն երկրների շարքում, նվազելու է օտար երկրներից էներգետիկ կախվածությունը:
Էրդողանը խոստացել է նաև նոր սահմանադրություն, որը կամրապնդի «օրենքի գերակայությունը, բազմակարծությունը, արդարությունը և հավասարությունը, կապահովի «մեր բոլոր աղջիկների և քույրերի կրթության և աշխատանքի իրավունքը, անկախ նրանից՝ նրանք գլխաշոր են կրում, թե ոչ»։
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #34 (1456) 02.11.2022 - 08.11.2022, Տարածաշրջան