«ԵՍ ՈՒԺԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ՈՒՆԵՄ»
Վիրաբ Սիմոնյանի մասին լսել էի մի զրույցի ժամանակ:
-Հզոր, անկոտրում տղա է, 44-օրյա պատերազմի կամավորական: Ասում է՝ մեր ազգի պես ուժեղ, դիմացկուն ու խիզախ չկա: Վստահ է, որ փառահեղ ու հաղթական ապագա ենք ունենալու: Տեսքին նայես՝ ոնց որ վիթխարի կաղնի լինի… բա ինչքա՜ն կարդացած է:
Ես, բնականաբար, միանում եմ զրույցին:
-Հեռախոսի համարն ասեք:
-Հո չե՞ս ուզում հոդված գրել,- հարցնում է զրուցակիցներիցս մեկը:
-Ուզում եմ,- պատասխանում եմ:
-Չի՛ լինի. դատվածություն ունի, ամուսնալուծված է, համ էլ թևի վրա մեծ տատու կա՝ Մարիամ Աստվածածնի պատկերը:
Ես ծիծաղում եմ. հազիվ երեսուն տարեկան լինի, բայց սովետական գրաքննիչի պես է մտածում:
-Հեռախոսահամարը տվե՛ք…
-Վիրա՛բ ջան, հենց սկզբից ասեք, թե որտեղի՞ց էդ խիզախությունը:
-Սասունցու և մշեցու թոռ եմ: Միրզոյենց ցեղից: Եղեռնի ժամանակ Միրզո մեծ պապս մյուս փրկված ազգականների հետ եկել է Սևան ու հիմնադրել Զովաբեր գյուղը: Ես լավ տղա էի փոքր ժամանակ, շատ ընկերներ ունեի ու չէի թողնում, որ մեկը նրանց մազին կպչեր: Բոլոր հարցերը լուծում էի բռունցքներով, բայց երբեք չէի նեղացնում աղջիկներին ու թույլերին:
-Ո՞վ էր սովորեցրել:
-Ոչ ոք: Հայրս Մերգելյանի անվան ինստիտուտում արտադրամասի պետ էր, մայրս էլ էր այդտեղ աշխատում: Ես 4 երեխաների ավագն էի: Բայց դուրս էի ընտանեկան վարքականոնից, ապրում էի իմ օրենքներով: Թույլերի պաշտպանն էի, թույլերին ուժեղացնողը: Ես ուժի պաշտամունք ունեմ: Ըմբշամարտ էի պարապում, բոքս, հռչակավոր Էդիկ Արիստակեսյանի սանն եմ եղել: Ես ազատություն եմ սիրում, իսկ վախը ստրկացնում է: Եթե կարողանում ես ազատագրվել վախից, քեզ էլ ոչ ոք ու ոչինչ չի հաղթի: Ես միշտ ինձնից ուժեղների հետ եմ չափվել…
Իմ կյանքը փոխվեց, երբ մի օր կարդացի մեր էպոսը…
Ասեմ, որ ես դպրոցում շատ լավ եմ սովորել, ընդունակ էի, արագ յուրացնում էի: Իսկ երբ էպոսը կարդացի, ասես վերածնվեցի: Ավելի ճիշտ՝ օծվեցի հայ: Գլուխս լցվեց «ազգային» մտքերով: Ո՞վ ենք, ի՞նչ ճանապարհ ենք անցել, ո՞ւմ հետ ենք կռվել, ի՞նչ ենք նվաճել կամ կորցրել, ու… սկսեցի կարդալ: Տարիների ընթացքում կաթիլ-կաթիլ լցվեցի իմ ազգի պատմությամբ, արյունս, հոգիս ներծծվեց անցյալով: Ես առաջին հերթին հայ էի, հետո Վիրաբը, իմ անհատականությունը հետին պլան էր մղվել: Հիշում եմ՝ երբ մայրս գնաց Բաքու՝ ընկերուհուն այցելելու, երեք ամիս մամայի հետ չխոսեցի:
-Ձեզ ճանաչողներն ասում են, որ դուք լիդեր եք:
-Առհասարակ, մարդը պիտի լիդեր լինի:
-Բոլորը չեն կարող լիդեր լինել: Լիդեր նշանակում է առաջնորդ. մեկը պիտի առաջնորդի, մյուսները պիտի հետևեն նրան:
-Ես ուրիշ տարբերակի եմ կողմ՝ գաղափարակիցների միությանը: Ես գաղափարի հետևից գնացող ուժեղ, անկոտրում մարդկանց հաղթանակին եմ հավատում:
-Ի՞նչ կպատմեք 44-օրյա պատերազմի մասին:
-Ինձ տրամադրեցին մեքենա, որը պետք է ծառայեր ռազմաճակատին: Ես մեկնեցի Արցախ ու 60 օր մնացի այնտեղ: Պատերազմից վերադարձա է՛լ ավելի հզոր, է՛լ ավելի հպարտ իմ ազգային պատկանելությամբ: Որովհետև համոզվեցի, որ հայերից խիզախ, հայրենասեր ու տաղանդավոր ազգ չկա:
-Մեր տաղանդը պատերազմի ժամանակ ո՞նց երևաց:
-Անսահման քաջությունից բացի, ռազմական մեծ տաղանդ ու հնարամտություն է պետք 7 հոգով 200-300 հոգու ջարդելու համար: Ու դա համատարած բնույթ էր կրում: Մերոնք՝ կամավորականները, 18-20 տարեկան զինվորները, հերոսաբար էին կռվում: …Լավ, ասենք՝ մեր պատմական հայրենիքից մի կտոր էլ վերցրին, բա էդ կորուստների տակից ո՞նց են դուրս գալու: Ազգը ո՞նց է թոթափելու էդ ողբերգությունը: Դու չե՞ս տեսնում, որ հաղթած ազգի խանդավառություն չկա Ադրբեջանում, ժողովուրդը խոր դեպրեսիայի մեջ է:
-Մենք ո՞նց ենք թոթափելու:
-Նույնը չի: Մեզ վրա վերևից ռումբեր են թափել: Մենք վաղը կփակենք օդը, հրթիռներ կգնենք…Մեզ ապահով կզգանք: Ադրբեջանցիները եկել են ոհմակով ու ջարդվել են հայերի փոքրաթիվ խմբի կողմից: Անզեն մարդկանց, գերիներին խոշտանգելը չի կարող բարձրացնել մարդկանց ոգին, հերոսացնել, ընդհակառակը, դրանից ավելի վախկոտ ու խեղճ են դառնում…
-Ճի՞շտ է, որ ձեր ձայնալարերը պատերազմի ժամանակ են վնասվել:
-Հոկտեմբերի 4-ին թշնամին ռմբակոծում էր Ասկերանը, Ստեփանակերտն ու Խոջալուն: Ես Խոջալուում էի այդ ժամանակ: Արկը շատ մոտ տրաքեց: Գոռացի, որ տղաները թաքնվեն: Շատ բարձր գոռալուց ձայնալարերս վնասվեցին:
-Ինչպե՞ս եք տեսնում մեր ապագան:
-Պիտի վերականգնենք հաղթելու ցանկությունը: Պիտի յուրաքանչյուր հայի համոզենք, որ ինքը հաղթող է: Պիտի ընտրենք ճանապարհը, հասկանանք, թե ինչ հանգրվանի ենք հասնելու, ու թե ինչ է պահանջվում յուրաքանչյուրիցս:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #34 (1456) 02.11.2022 - 08.11.2022, Բանակ և հասարակություն