Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍ ՍԱՄԱԴԸ



ՀԵՐՈՍ ՍԱՄԱԴԸԵրեք տարի առաջ, օգոստոսյան մի օր, Սաղմոսավանքում զինվորական երդման արարողություն էի լուսաբանում. հակաօդային պաշտպանության զորամասի զինվորներն էին երդվում ամուր եւ անառիկ պահել հարազատ բնօրրանը:

 Հաղթահասակ մի զինվոր՝ իր խրոխտ, ձիգ կեցվածքով ու լուսավոր ժպիտով միանգամից գրավեց ուշադրությունս: Ներկայացավ՝ Սամադ Սլոյան, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից։

Երիտասարդի խոսքն էլ իր նման խրոխտ էր. «Ազգությամբ եզդի եմ, բայց Հայաստանն ինձ համար հայրենիք է, ծննդավայր ու պատրաստ եմ հայրենիքիս համար կռվել ու կյանքս էլ չխնայել…»:

 

44-օրյա պատերազմի ժամանակ Սամադն առաջնագծում էր ու կյանքը չխնայեց հայրենիքի համար…

Սամադը… Ով գեթ մեկ անգամ շփվել է նրա հետ, միայն ջերմությամբ է հիշում, ջերմ բառերով հիշատակում՝ օգնող, հասնող, կենսախինդ, ուշադիր ու սրտացավ…

Չափազանց աշխատասեր էր, առավոտյան շատ վաղ էր արթնանում, որ ծնողներին օգներ, երբեք մի գործ անելիս, որքան էլ դժվար ու ծանր լիներ, չէր տրտնջա, չէր զլանա, վաղվան չէր թողնի։ Ֆիզիկապես ամուր էր, պինդ՝ «Արմֆայթինգ» սպորտային ակումբում զբաղվում էր «Մարտեր առանց կանոնների» մարզաձևով, զգալի հաջողություններ ուներ: Դպրոցում լավ էր սովորում, դասարանի ավագն էր, աշակերտական խորհրդի նախագահը: Ազատ ժամանակ սիրում էր ընթերցել…

2019 թ. հուլիսի 9-ին Սամադը զորակոչվեց բանակ։ Ծառայությունը սահուն անցնում էր, տուն զանգելիս առիթը բաց չէր թողնի, կհպարտանար՝ մեր վաշտը շատ լավն է, մի ընտանիքի պես ենք, միասին, իրար թեւութիկունք, հաղթահարում ենք բոլոր դժվարությունները:

Ավանդապաշտ էր, փորձում էր պահպանել եզդիական բոլոր սովորույթները։

Ուսումնական զորամասում ծառայելիս հրամանատարը նկատել էր, երբ բոլոր զինվորներն աղոթում են ու խաչակնքվում, Սլոյանը չի խաչակնքվում, հարցրել էր պատճառը։ Սամադը բացատրել էր, որ բոլոր կրոններն էլ հարգում է, բայց ինքը ազգությամբ եզդի է, եւ իրենց կրոնին է հետեւում։ Հրամանատարը գնահատել էր եզդի երիտասարդի նվիրումը. «Որ քո ազգին, ձեր ազգային արժեքներին այդքան նվիրված ես ու նվիրումով էլ ծառայում ես մեր ազգին, քեզ չորս օրով արձակուրդ եմ տրամադրում»։

***

 

Զինված մասնագիտական գիտելիքներով եւ հմտություններով՝ Սամադն ուսումնական զորամասից տեղափոխվեց Արցախ: Գերազանց տիրապետում էր «Իգլային», մեկ-մեկ, երբ հարցնում էին՝ ծանր չէ՞ զենքդ, ծիծաղելով պատասխանում էր՝ ծանր է, բայց ոչ ինձ համար։

 

***

 

Սեպտեմբերի 27-ի լուսաբացը պատերազմի բոթով բացվեց… Սամադն առաջնագծում էր, բայց զանգելիս այնպես էր խոսում, կատակներ անում, որ ծնողները, հարազատները չանհանգստանան:

-Պատերազմի օրերին ամեն օր պարտադիր զանգում էր: Հիմա մտածում եմ՝ այդ ինչպես էր կարողանում հարմարեցնել այնպես զանգել, լուռ պահը որսալ,  որ մենք կրակոցի ձայնը չլսեինք, չտագնապեինք,- պատմում է եղբայրը՝ Ալիկը:- Էնքան հանգիստ էր խոսում, մի անգամ ձայնը չդողաց, մի անգամ հուսահատության նշույլ իսկ չզգացինք նրա խոսքի մեջ: Ինքը ռազմի դաշտից մեզ «դուխ» էր տալիս, ոգեւորում, ասում էր՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է, առաջ գնալու հրամանի ենք սպասում, տեղ էլ կա՝ առաջ ենք գնացել…Հոկտեմբերի 23-ին եղբայրս չզանգեց, նախօրոք զգուշացրել էր, որ տեղափոխվելու են, հնարավոր է՝ կապ չլինի, չկարողանա զանգի։ Անհամբեր սպասում էինք զանգին… Զանգ եկավ, բայց հիվանդանոցից…Արկի պայթյունից վիրավոր, եղբորս աջ ոտքը կտրված, տեղափոխել էին Երևան, «Էրեբունի» հիվանդանոց, ձախն էլ այստեղ անդամահատեցին …

Ինքն իր ցավի մեջ մեզ էր հուսադրում, գոտեպնդում, ասում էր՝ ես լավ եմ, ինձ ինչ է եղել, որ, հլը կողքիս տղերքին նայեք: Հետո ավելացնում էր՝ մենք գոնե փրկվել ենք, ողջ ենք, քանիսը զոհվեցին…

Մեր ուշքն ու միտքը միայն ինքն էր, գիշերներ էինք լուսացնում հիվանդանոցում։ Նոյեմբերի 3-ին մայրիկի ծնունդն էր, բայց ամեն ինչի մասին մոռացել էինք, ապրում-շնչում էինք Սամադով։ Բուժքույրերից մեկի միջոցով ինձ կանչեց հիվանդասենյակ, ասաց՝ մամայի ծնունդն է, ծաղկեփունջ գնիր, որ նվիրեմ…

Սամադի հզոր բազուկներն անուժ կախված էին, մի կերպ հավաքելով վերջին ուժերը՝ ծաղկեփունջը նվիրեց սիրասուն մայրիկին…

Կռվի դաշտի տարբեր հատվածներում հերոսաբար կռված-մաքառած Սամադը տասնչորս օր հիվանդանոցում դարձյալ կյանքի ու մահվան սահմանագծում էր, բայց ստացած վիրավորումը շատ ծանր էր, ու նոյեմբերի 6-ին Սամադի բարի սիրտը դադարեց բաբախել…

Մարտական ընկերները, ցավն ու հպարտությունն իրար խառնած, պատմում են իրենց հերոս ընկերոջից։

Ազատ. «Մենք նույն դասակից էինք, միշտ իրար հետ, իր նման բարի, նվիրված մարդ ու ես դեռ չեմ հանդիպել: Բառերն անզոր են նկարագրելու իր մարդ տեսակը, մեր ամբողջ գումարտակի համար Սամադն անմնացորդ ընկերասիրության վառ օրինակ էր ու նվիրյալ էր ամեն հարաբերությունում: Բջջային հեռախոսի մեջ իր բոլոր հարազատների նկարները կային, պատերազմի օրերին հա կբացեր, կարոտած կնայեր, ու պարտադիր մեզ էլ ցույց կտար ու կներկայացներ, թե ով ով է, եւ որքան է իրենց սիրում: Հետո, երբ իր մահից հետո գնացինք նրա հարազատ օջախ, բոլորին արդեն դեմքով, անուններով ճանաչում էինք:

Էնքան նպատակներ ուներ, ասում էր՝ «Բոլորիդ հետ ծառայությունից հետո անպայման հավաքվելու ենք, ձեզ էնպիսի մի լավ տեղ եմ տանելու, որտեղ հաստատ չեք եղել …»։

Արթուր. «Սամադը չափազանց համեստ էր ու անչափ բարի։ Ֆիզիկապես շատ ուժեղ էր, բայց երբեք բռունցքներով հարց չէր լուծի, երբեք ոչ մեկին չէր նեղացնի, բոլորի հետ հաշտ էր, հաշտեցնում էր ընկերներին, հարթում նրանց մեջ ծագած բոլոր կոնֆլիկտները, իրենից մի ներքին խաղաղություն էր հորդում…  Սամադը նաեւ լավ նշանառու էր, զենքը միշտ մաքուր էր պահում։ Պատերազմից չէր վախենում, հոգեբանորեն պատրաստ էր, իր համար ասես սովորական զորավարժություն լիներ»։

Դավիթ. «Վեց ամսվա ծառայող էի, երբ Սամադը եկավ մեր զորամաս: Շուտ մտերմացանք: Բարության մարմնացում էր, անկեղծ, ազնիվ: Տպավորվել է՝ երբ առաջին գիծ էր գնում, մի պահ իսկ չէր երկմտում, միշտ «դուխը» տեղն էր: …Առավոտ վաղ էր, ռացիայով հրահանգավորեցին, որ ամեն գումարտակի լավագույն «իգլիստներից» ջոկ կազմվի, ու թվարկում էին անունները: Սամադն այդ ժամանակ քնած էր, իր քնի ժամն էր։ Ասացի՝ ա՛յ, կտեսնեք, հաստատ Սամադին էլ կկանչեն, դեռ խոսքս չէի ավարտել, կապ տվին՝ Սամադ Սլոյանին ասեք՝ պատրաստվի: Արագ ուտելիք տաքացրի, բրդուճ սարքեցի, որ Սամադը ճանապարհ գնալուց առաջ մի պատառ ուտի: Հրաժեշտ տալիս պատվիրեց՝ հանկարծ «դուխներդ» չգցեք, հետ եմ գալու: Որքան որ տեղյակ եմ՝ իրեն տարան Ջրականի ուղղությամբ, որտեղ էլ ծանր վիրավորվել էր, ուղղաթիռով հասցրել էին Երեւան։ Երբ վիրավոր պառկած էր հիվանդանոցում, ընդհանուր ծանոթների միջոցով մեզ բարեւներ էր ուղարկել, էլի պատվիրել՝ «դուխներս» չգցենք, դեռ տեսնելու ենք իրար…»:

Լեւոն. «Սամադի հետ նույն դասակում, նույն ջոկում եմ ծառայել: Միշտ իր խոսքի տերն էր, անշահախնդիր, բարի։ Հզոր տղա էր, թե՛ սպաները, թե՛ զինվորները նրան շատ էին հարգում ու գնահատում։ «Բրեմեն» էինք ասում իրեն, բրեմեն եզդիերեն եղբայր է նշանակում. ինքը եղբոր պես հարազատ էր բոլորիս համար…»։

Եղբոր նվիրումով էլ Սամադ Սլոյանը կանգնեց հայ տղաների կողքին, հերոսաբար կռվեց ու զոհվեց…

Հերոսի անունով իր ծննդավայր Զարթոնք գյուղում դասարան, փողոց ու մարզական ակումբ է անվանակոչվել։

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #34 (1456) 02.11.2022 - 08.11.2022, Ճակատագրեր


04/11/2022