Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԸ ՏՎԵՑ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ



ԿՅԱՆՔԸ ՏՎԵՑ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐՏեսանյութն իմ լրագրող ընկերներից մեկն էր ուղարկել՝ Հայկը: Էկրանին լուսանկարները հաջորդում էին իրար՝ կապիտանի ուսադիրներով երիտասարդ սպան, զինվորները, դիրքը, խրամատը, իսկ մի տղամարդ կիթառով ինքն իրեն նվագակցում ու երգում էր.

-Երբ մարտից զինվորին իջեցրին վիրավոր,

Բռունցքում սեղմված մատանի կար,

Ոչինչ չէր տեսնում, հազիվ էր խոսում

Ու նույն բանն էր անվերջ կրկնում՝

Հրամանատարս չկա…

Կնոջը գտեք, մատանին տվեք.

Ուրիշ էլ ոչինչ նրանից չկա:

-Լավ երգ է,- ասում եմ: Ինձ ավելի շատ նկարներն են հուզում: Զինվորներից երկուսին ճանաչում եմ՝ մեկը Հայկ Սահակյանն է, ընկերները Ռիժիկ էին ասում, մյուսը՝ Աբիկը…Հայկը հերոսաբար զոհվեց, Աբիկը հրամանատարի մարմինը դուրս բերեց կրակի գոտուց, հետո ծանր վիրավորվեց ու կորցրեց տեսողությունը:

-Իրական պատմություն է,- ասում է լրագրող ընկերս:- Վաշտի հրամանատար, կապիտան Ալբերտ Խաչատրյանի դիրքի ռմբակոծության ժամանակ ականանետները բոցավառվում են, ու կրակը հասնում է խրամատում, զենքերի կողքին պատսպարված զինվորներին: Վայրկյանների ընթացքում տղաներն սկսում են այրվել: Զինակից ընկերները փորձում են վազել խրամատ, որ օգնեն կրակից տուժածներին: Բայց 26-ամյա հրամանատարը արգելում է՝ պատճառաբանելով, որ ամեն պահի այրվող զենքերը կարող են պայթել, և մահն աչքի առաջ՝ ինքն է գնում փրկելու իր զինվորներին: Հրամանատարը չորս անգամ մտնում է խրամատ ու կրակների միջից դուրս բերում զինվորներին: Հինգերորդ անգամ…

-Հիմա ո՞ր զորամասում է ծառայում Ալբերտ Խաչատրյանը,- ես չեմ ուզում լսել, թե ինչ եղավ հինգերորդ անգամ… Ես հերոս հրամանատարին ողջ ու առողջ տեսնելու տարտամ հույսն եմ փայփայում, թեքելով զրույցի հունը:

Հայկը չի պատասխանում հարցիս:

-Ալբերտը արհեստավարժ զինվորական էր՝ նա գիտեր, որ զենքերը ուր որ է պայթելու են, բայց անընդհատ մտնում էր խրամատ, որ էլի մի զինվորի փրկի: Այնքան մինչև…

Հինգերորդ անգամ մտնելով խրամատ՝ կապիտանը գրկում է այրվող զինվորին, բայց չի հասցնում շարժվել, զենքերը պայթում են… Հրամանատարը զոհվում է իր զինվորին գրկած:

Նույնիսկ աչքերը փակելու կարիք չկա: Պատկերը սարսռալու աստիճանի տպավորիչ է, հուզիչ ու հերոսական:

-Կապիտան Ալբերտ Խաչատրյանի զինվորներից մեկը՝ Աբիկը, դուրս է բերում իր զոհված հրամանատարի մարմինը խրամատից: Հետո հանում է հրամանատարի ամուսնական մատանին, դնում ծոցագրպանը, որ այն անվտանգ հասցնի նրա կնոջը:

-Ես գիտեմ՝ Աբիկը ողջ է,- մի հոդված եմ հիշում, որտեղ գրված էր Աբիկի սխրանքի մասին:

-Միայն Աբիկն է ողջ, նույն օրը ադրբեջանցիների հերթական գրոհի ժամանակ հերոսաբար, մինչև վերջին շունչը կռվում ու զոհվում են Մխիթարը, Սերժը, Հայկը…

…Վաշտի հրամանատար Ալբերտ Խաչատրյանի կնոջ անունը Մարիամ է: Հազիվ 25 տարեկան լինի:

-Մատանին հասավ ինձ,- ասում է:- Հիմա եմ հասկանում, թե ամուսինս ինչու էր այդքան հպարտանում իր զինվորներով: Ալբերտը վատ զինվոր չուներ: Ալբերտն ասում էր, որ առհասարակ, Հայոց բանակում չպետք է վատ զինվոր լինի: Նա վարպետ քանդակագործի պես ջանասիրաբար կերտում էր իր յուրաքանչյուր զինվորին, հետո հիանում իր ստեղծագործությամբ:

Մարիամը նուրբ, գեղեցիկ աղջիկ է: Ու ես չեմ հասկանում՝ արցունքն է փայլատակում աչքերի մեջ, թե աշնան արևի վետվետումներն են արտացոլվում դեմքին:

-Ալբերտը իդեալական տղամարդ էր,- ասում է նա,- ու մենք այնքան երջանիկ էինք:…Եթե ես ու դու նրա կենդանության ժամանակ զրուցեինք՝ էլի կասեի, որ նա իդեալական է…

Հանկարծ ես պարզ ու շոշափելի զգում եմ, որ պատերազմը, ցավը, մահը, կորուստը հեռացել են փոքրիկ սենյակից՝ նահանջելով ինչ-որ հանկարծահաս ուրախության առաջ… Ես հարմար տեղավորվում եմ աթոռին ու ափերիս մեջ առնում սուրճի հաճելի տաքությունը՝ գեղեցիկ ու ջերմ զրույցի ակնկալիքով:

-Բախտավոր ես, եթե երջանկությունը թեկուզ մի պահ հպվել է քեզ, -ասում եմ: Անկեղծորեն եմ ասում, ոչ թե մխիթարելու համար՝:

-Շատերին այդ մի պահն էլ չի տրվում, եթե 100 տարի էլ ապրեն:

ԿՅԱՆՔԸ ՏՎԵՑ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐՄարիամը գլխով է անում ու ժպտում նույն լուսավոր, պսպղուն աչքերով: Ես ոչինչ չեմ հարցնում, բայց երկուսս էլ գիտենք, թե վայրկյաններ անց ինչ հիշողություններ պիտի արթնանան, ինչ պատմություն պիտի հյուսվի հերոս հրամանատարի ու նրա դեռատի կնոջ գեղեցիկ միության մասին:

-Ես ու Ալբերտը առաջին անգամ հանդիպեցինք Լիճք գյուղում: Ես ուսանող էի ու արձակուրդին հյուր էի գնացել հորաքրոջս, Ալբերտը իր պապիկի տուն էր եկել: Պատշգամբից նայում եմ, մեկ էլ տեսնեմ՝ մի բարձրահասակ, թիկնեղ տղա տիրական իջնում է զառիթափով ու մոտենում մեր տանը: Ալբերտն էր: Պարզվեց՝ հորաքրոջս տղաների մանկության ընկերն է: Նա քսան տարեկան էր այդ ժամանակ, բայց տարիքից անհամեմատ մեծ թվաց ինձ, որովհետև չափազանց լուրջ էր, հասուն: Երկրորդ անգամ եկավ մի երեխայի հետ, որին ասում էր՝ բալես, ու անընդհատ համբուրում էր: Երբ գնաց, հորաքրոջս տղային ասացի՝ ընկերդ ինչքա՜ն է սիրում իր որդուն: Պարզվեց՝ ոչ թե որդին է, այլ եղբայրը, ինքն էլ դեռ ռազմական համալսարանի ուսանող է: Ես ապշեցի: Երբ դասերն սկսվեցին, ու երկուսս էլ եկանք Երևան, Ալբերտը առաջարկեց հանդիպել, իբր՝ որ իրեն օգնեմ ավելի լավ յուրացնել գերմաներենը: Ես էլ, Ալբերտն էլ շատ լավ էինք սովորում բուհում, ու այդ պատրվակը բավականին ճշմարտանման էր: Այդպես սկսվեց: Մենք անվերջ զրուցում էինք: Ես հիանում էի նրա հասուն դատողություններով, պատասխանատվությամբ, բարոյական սկզբունքներով: Նա գիտեր՝ ուր է գնում, ինչ է ուզում այս կյանքից, գիտեր՝ ինչ է սիրում, ինչն է թանկ իր համար: Նա առանց այլևայլության ասում էր, որ առաջին տեղում Հայրենիքն է. Հայրենիքին ստորադասվում է ամեն ինչ, ընդհուպ՝ կյանքը: Այնպիսի՜ ակնածանքով ու հիացմունքով էր խոսում իր մասնագիտության մասին: Ասում էր, որ համալսարանն ավարտելուց հետո պիտի կամավոր Արցախ մեկնի ու առնվազն տասը տարի ծառայի Արցախում: Մի օր էլ, երբ արդեն պատրաստվում էինք նշանվել, ինձ տվեց մի գրոտած թուղթ՝ Սպայի կնոջ վարքականոնը: Պարզվեց՝ այդ վարքականոնը իրենք՝ կուրսանտ ընկերներով են կազմել: Ալբերտն ասաց, որ վարքականոնից ոչ մի շեղում չի թույլատրվում, ու եթե ես պատրաստ եմ անշեղորեն ենթարկվել վարքականոնին, կարող ենք ամուսնանալու որոշում կայացնել:

-Այդ վարքականոնը հատուկ քեզ համա՞ր էին կազմել:

-Չէ՛, դրանից մի-մի օրինակ ունեին բոլոր նրանք, ովքեր պատրաստվում էին Ալբերտի ընկերների հետ ամուսնանալ: Ես կարդացի վարքականոնը: Բավականին բարդ ու վիճարկելի կետեր կային, բայց Ալբերտն ասել էր, որ այն օրենք է ու չի քննարկվում: Ես ընդունեցի վարքականոնը…

-Հատկապես ի՞նչն էր վիճարկելի:

-Ամուսինդ, պայմանավորված զինվորական պաշտոնով. ծառայավայրում ունի 20, 80 կամ ավելի շատ երեխաներ, ու անհրաժեշտության դեպքում դու պիտի կարողանաս քո սեփական երեխաների հոգսերը մենակ հոգալ: Ամուսինդ կարող է շաբաթներով, նույնիսկ ամիսներով տանը չգիշերել: Ամուսինդ կարող է կյանքը զոհել հայրենիքի համար:…Ես համաձայնեցի բոլոր կետերին:…Ալբերտի կարծիքով՝ մեզ ամենից շատ իրար էր կապում սերը հայրենիքի ու բանակի հանդեպ: Իմ հայրը եղել է Մոնթեի ընկերը: Մոնթեի հետ նկարները սրբություն են մեր ընտանիքում: Իմ գրեթե բոլոր զարմիկները զինվորականներ են:

Իմ ու Ալբերտի մեղրամիսն անցավ Հայաստանի տեսարժան, մշակութային, հոգևոր վայրերում: Մենք շրջեցինք ամբողջ Հայաստանով: Դա ամենալավ մեղրամիսն էր, որ ես կարող էի պատկերացնել… Հետո մենք գնացինք Արցախ: Ալբերտը ծառայության անցավ Հադրութում:

-Ու սկսվեցին հոգսաշատ օրերը:

-Չէ՛, մեղրամիսը շարունակվեց… Ալբերտը իր զինվորների հետ ամսվա կեսը դիրքերում էր, իսկ երբ իջնում էր դիրքերից, միշտ չէ, որ տանն էր գիշերում. մի օր հերթապահ էր, մի օր խնդիր կար…Բայց տանը եղած ժամերը այնքան խիտ, այնքան հագեցած, այնքան տարողունակ էին, որ հերիք էին լցնելու մնացած օրերն ու շաբաթները իրենց ջերմությամբ, սիրով, գեղեցկությամբ …Ալբերտը առաջին հերթին հրամանատար էր, հետո՝ որդի, ամուսին, եղբայր կամ ընկեր…Նա հրամանատար էր ամեն պահի, ամեն տեղ: Դա նրա կոչումն էր, անունը, առաքելությունը, ապրելու իմաստը: Զինվորների հանդեպ խիստ էր ու սիրառատ, պահանջկոտ էր ու հոգատար: Ես չզարմացա, որ կյանքը տվեց նրանց համար: Ալբերտը չէր հանդուրժում թերություն ոչ մի հարաբերության մեջ, նրա շուրջը պիտի ամեն ինչ կատարյալ լիներ: Իր զինվորները պիտի լավագույնը լինեին, ինքը, ես, իր ընկերները պիտի ամենալավը լինեինք…Նա մոլեռանդորեն էր սիրում ամեն ինչ: Իր դիրքը, իր սերժանտ Մխիթարին, իր ամեն մի զինվորին, իր համազգեստը: Իր երկիրը: 39 ու կես ջորմությամբ բարձրանում էր դիրքեր, որ զինվորների կողքին լինի: Մենք մի տարի ընդհանրապես արձակուրդ չգնացինք, հաջորդ տարի մի քանի օր հանգստացանք… Գիտեք՝ երբեմն հարգանքը սիրուց ավելի ուժեղ կարող է լինել: Չգիտեմ՝ Ալբերտի հանդեպ իմ սերն էր ավելի մեծ, թե հարգանքը: Հա, հիշեցի՝ սպայի կնոջ վարքականոնն այսպես էր սկսվում. սպայի կինը մի գլուխ բարձր է մյուս կանանցից: Ալբերտի կողքին դու բարձրանում- վեհանում էիր, դու անհամեմատելի լավն էիր դառնում…Բոլորն ինձ ասում էին՝ ինչպես ես դիմանում Ալբերտի խստությանը: Ոչ ոք չգիտեր, որ Ալբերտն ինձ խնամում է, ինչպես երեխային: Երբ հիվանդանում էի, նույնիսկ մայրիկիս չէր վստահում, ամբողջ գիշեր նստում էր կողքիս…

…Մարիամը պատմում է ու պատմում: Զվարճալի, գեղեցիկ պատմություններ է հիշում իրենց կյանքից… Ու ծիծաղում է բարձրաձայն:

…Իսկ դրսում ոսկենկար աշուն է: Արևի վերջին շողերը մայրամուտից առաջ թրթռում են գույնզգույն տերևներին, կիսաբաց պատուհանից լցվում ներս: Դրսի բազմաձայն աղմուկը խառնվել է Մարիամի ձայնին, դարձել գեղեցիկ համանվագ: Երեխաները խաղում են ցնծագին ճիչերով:

…Սովորական խաղաղ օր է դրսում:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (1456) 02.11.2022 - 08.11.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


04/11/2022