«ԵՍ ԱՆՄԱՀ ԵՄ…»
«Գիշերը գալիս է, և սկսվում է իմ դետքը: Այն չի ավարտվի մինչև իմ մահը… Ես թագ չեմ կրելու և չեմ հասնելու փառքի: Ես կապրեմ ու կմեռնեմ իմ դիրքում: Ես թուրն եմ մթության մեջ, ես հսկողն եմ: Ես վահանն եմ, որ պահպանում է մարդկային թագավորությունը: Ես իմ Կյանքն ու Պատիվն եմ տալիս գիշերային դետքին: Այս գիշեր և գալիք օրերին…». սա 44-օրյա պատերազմում հերոսաբար կռված և զոհված հրետանավոր կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումն է:
…Շատ մարդասեր էր, կենդանասեր, ջերմ: Որպես երեխա՝ չարաճճի էր, հնարամիտ: Մի օր դասը չէր սովորել: Ուսուցչուհին հարցրեց. «Հայկա՛զ, ինչո՞ւ չես սովորել դասդ»: Պատասխանեց. «Ճիշտ է, չեմ սովորել, բայց Դուք ինձ այսօր երկուս չեք կարող դնել»: «Ինչո՞ւ»: «Ես քույրի՜կ եմ ունեցել»: Միայն մի անգամ է երկուս ստացել ու տուն գալով՝ անմիջապես շտապել է հանգստացնել մորը. «Մա՛մ, միայն թե հանգիստ. խելքից չի, վարքի՛ց է»:
Մանկուց երկու մեծ սեր ու հետաքրքրություն ուներ՝ շախմատն ու կենդանիները: Հինգ տարեկանից զբաղվել է շախմատով. մասնակցել է Երևանի և Հայաստանի առաջնություններին, հաջողություններ գրանցել: Ծառայության ընթացքում էլ շախմատի բանակային մրցույթներին էր մասնակցում: Առանց տախտակի՝ մտքում կարող էր խաղալ:
-Շախմատի դպրոցը հեռու էր,- հիշում է ավագ քույրը՝ Արևիկը, որը Հայկի համար թե՛ քույր, թե՛ մտերիմ ընկեր էր,- տրանսպորտով պետք է գնար, բայց երկար ժամանակ չգիտեինք, որ այն գումարը, որ ծնողներս տալիս էին որպես ճանապարհածախս, չէր օգտագործում, ոտքով էր գնում, որպեսզի ճանապահին հանդիպած կենդանիների համար ուտելիք գներ: Տանը մրջյուններ էր պահում. հարմար տեղ էր պատրաստել, բնակեցրել, խնամում, ուսումնասիրում էր: Ծառայության ընթացքում էլ դիրքերի կենդանիները՝ կատուները, շները, նրա սիրո և հատուկ խնամքի տակ էին: Շատ բարձրահասակ էր Հայկս, բայց թեթևաքայլ: Այդպիսին էլ նրա մարդկային էությունն էր՝ թեթև, բարի, պարզ,- ժպիտով է հիշում քույրը:
Հայկին երբեք չէիր տեսնի ինչ-որ տղայական գզվռտոցների մեջ. նա միշտ հաշտեցնող էր: Տանել չէր կարողանում, երբ դատարկ տեղը վեճ էր ծագում: Նույնն էր նաև ծառայության ընթացքում. հրամանատարն է միշտ զարմանք արտահայտել, թե ինչպես էր նրան հաջողվում ցանկացած բախում, վիճաբանություն խաղաղ ճանապարհով հարթել: Շատ էր սիրում գրքեր կարդալ: Սիրում էր հատկապես պատերազմի և ընկերության մասին գրքերն ու ֆիլմերը՝ Ռեմարկի «Երեք ընկեր» գիրքը, «Գահերի խաղը» ֆիլմը՝ ամենից շատ: Կարդացած գրքերը ոգևորված փոխանցում էր ծառայակից ընկերներին. «Տե՛ս, թե էս հերոսն ի՜նչ արեց»:
Սկզբում ծառայել է ուսումնական զորամասում, այնուհետև ծառայության է անցել Տավուշի սահմանապահ զորամասերից մեկում: Կրտսեր սերժանտ էր. ականանետային հաշվարկի հրամանատար: Համակարգչային, մաթեմատիկական իր գիտելիքները ծառայության առաջին իսկ օրերից օգտագործում էր մարտական պատրաստության դասընթացներում. ձևեր էր մշակում, որ հրետանու կրակն ավելի արագ իրականացվի: Հրամանատարները հետևում էին նրա քայլերին, զարմանում. «Տե՛ս, է՜, ինչե՜ր է մտածում»:
Հիշում է Հայկի մարտկոցի հրամանատարը՝ կապիտան Արթուր Ավագիմյանը. -«Բացառիկ լավ մարդ էր. հայրենասեր, ընկերներին հասնող, օգնող: Միշտ ասում էր՝ «Ինչ անում ենք ծառայության ընթացքում՝ մեր ծնողների, ազգակիցների համար ենք անում»: Ականանետի լավ հրամանատար էր: Պարապմունքների ժամանակ մտածում էր՝ ինչպես անի, որ կրճատի կրակը իրականացնելու ժամանակը. -«Ժամանակը խնայելը կարևոր է. դրանից մարտի դաշտում մեր տղաների կյանքն է կախված լինելու»: Մեզ էլ էր սովորեցնում՝ ինչպես ավելի արագ կատարել հաշվարկները, որ կրակն ավելի արագ իրականացնենք: Մի օր, հիշում եմ, մարտական պատրաստության դասին հաշվարկներիցս մեկը ոչ մի կերպ չէր կարողանում կատարել առաջադրանքը: Ամբողջ օրը փորձում էի բացատրել, ու ապարդյուն: Արդեն հույսս կտրել էի, զայրացել: Հայկազը մոտեցավ. «Ավագիմյա՛ն ջան, մի կողմ գնա, ծխի՛ր, հանգստացի՛ր, ես հիմա կբացատրեմ նրանց»: Մի ժամ չէր անցել, արդեն հստակ կատարում էին վարժությունը: Զարմացա, ասացի. «Հա՛յկ ջան, սրանից հետո հենց մի բան չստացվի, քեզ եմ դիմելու»: Պատերազմի ընթացքում ամենաբարդ տեղերում ենք եղել: Մարտի դաշտում իրեն զգում էր ինչպես «ձուկը ջրում»: Տպավորություն էր, թե ինչ-որ խաղի մեջ է իրեն պատկերացնում ու շատ լավ է խաղում: Մինչև հիմա, երբ մի բան էնպես չի լինում, Հայկազին եմ հիշում. «Ա՛յ, հիմա Հայկն էստեղ լիներ…»: Բոլորին օգնում էր: Եթե մի լավ բան ունենար, պիտի կիսեր: Մինչև պատերազմն էր, հիշում եմ, մի օր սիրտը «Սնիկերս» էր ուզել: Քրոջը խնդրել էր ուղարկել: Մեկ էլ տեսա՝ մի մեծ արկղով «Սնիկերս» բերեցին: «Էսքանն ի՞նչ ես անելու»,- հարցրի: «Բա հո մենակ չե՞մ ուտելու. մեր ստորաբաժանման քանակով է»:
20-ը դեռ չբոլորած Հայկը հասցրեց հերոսաբար մարտնչել Տավուշի հուլիսյան մարտական գործողություններում, իր բաժին կռիվը տվեց 44-օրյա պատերազմում: 2020 թ. հուլիսին Հայկազը ստացավ իր առաջին մարտական մկրտությունը: Տնեցիներին ոչինչ չէր ասել: Մի օր էլ զանգել էր, բոլոր ընկերների հեռախոսահամարները խնդրել: Կասկած էր առաջացել տնեցիների սրտում. ի՞նչ էր ուզում խոսել ընկերների հետ: Պարզվեց՝ եղել էր հուլիսյան մարտերի կիզակետում, իր մաթեմատիկական մտածողության և արագ հաշվելու կարողությամբ կարողացել էին հակառակորդի կենդանի ուժին և զինտեխնիկային մեծ կորուստներ պատճառել: Երբ այդ ընթացքում քույրը խնդրել էր իր անվտանգության մասին չմոռանալ, Հայկը պատասխանել էր. «Երբ էստեղ՝ վերևում կանգնած եմ, ու շրջվում, հետ եմ նայում մեր թիկունքի գյուղին, մտածում եմ այդ մարդկանց մասին՝ երեխաների, պապիկների, տատիկների, մայրերի, հասկանում եմ, որ այդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի կարևոր բան կարո՞ղ է լինել, իրենց համար ո՞նց չկռվենք մինչև վերջ…»: Այդ օրերին տղաները գյուղացիներից միշտ բերքուբարիք էին նվեր ստանում՝ կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ, իսկ դպրոցական երեխաներից՝ ոգևորող նամակներ: Հայկը շատ լավ էր զգում. «Տավուշի ժողովուրդը մի ուրիշ տեսակի, արտակարգ ժողովուրդ է: Շա՜տ լավն են»: Սիրահարվել էր Տավուշի բնությանը, մարդկանց: Նրա համար շոշափելի Հայրենիքի սահմաններն ընդարձակվել էին:
«Երբ ինձ առաջին անգամ բարձրացրին այդ դիրքը և ասացին՝ «Հայկա՛զ, կրակի՛ր», քարացա,- պատմել էր տնեցիներին,- չէի մտածում, որ այդ ամենը իրական է, որ կռիվ է, ու ես իրական կրակ պիտի բացեմ թշնամու ուղղությամբ: Հետո ինձ թափ տվեցի, ու սկսեցինք կրակել: Ավելի ուշ, երբ գալիս, ասում էին, թե ի՜նչ թիրախներ ենք խոցել, ի՜նչ ուժեղ ենք կռվել, հավատս չէր գալիս»:
Թիրախներից մեկն էլ «Յաշմայի» ջոկատն էր եղել՝ թշնամու էլիտար զորքը, որին հրետանային կրակի ծուղակն էին գցել, վերացրել: Մի օր զանգահարեց, ասաց. «Պա՛պ, սա կարող է մեր վերջին խոսակցությունը լինի»: Իրավիճակը լուրջ էր. «Հիսուն մետրի վրա առջևից մի արկ է ընկնում, հետո աջից, ձախից, հետևից: Հինգերորդը մեր վրա կարող է ընկնել… Տղերքով որոշեցինք զանգենք տուն, հրաժեշտ տանք»: Սակայն հաջորդ օրն արդեն իրադրությունը փոխվել էր հօգուտ մեր զորքերի: Տարերքի մեջ էր Հայկը. «Էնպես ենք մրմռացրել, որ քթները էլ էստեղ չեն խոթի»: Մարտական գործողություններին մասնակցության համար Հայկն արժանացավ «Մարտական հերթապահություն» մեդալին: Ուրախությանը չափ ու սահման չկար. «Էս մեդալը տարիներ շարունակ դիրք պահածներին են տալիս»:
…Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց լայնածավալ պատերազմը, արդարության ջատագովը, ժպտուն աչքերով Հայկազն իր ծառայավայրում հանգիստ չուներ. ինքն այստեղ է, իսկ իր ընկերները Արցախում կռվում են: Ասում էր. «Սիրտս պայթում է, ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախ: Կտեսնե՛ք, մինչև մենք Տավուշից Արցախ չգնանք, կռիվը չի՛ վերջանա»: Հոկտեմբերի 4-ն էր. Հայկը տուն էր զանգել, սուր դանակ խնդրել՝ իբր կենցաղային նպատակներով: Դանակը ուղարկել էին: Շատ էր դուր եկել. վրան իր համաստեղության նշանն էր պատկերված՝ կարիճ: Երեխայի պես ուրախացել էր. այդ օրվանից նա «Կարիճ Հայկոն» էր: Հետագայում ընտանիքի անդամներն իմացել էին, որ դանակը ոչ մի պարագայում գերի չընկնելու նպատակով էր ուզել. «Զինվորականը զենքը ձեռքին իրավունք չունի գերի ընկնելու. կա՛մ թշնամուն պիտի սպանի, կա՛մ ինքն իրեն»: Հետագայում զինակից ընկերները պատմել են, որ կռվի ամբողջ ընթացքում դանակը ձեռքից ցած չէր դնում:
Հոկտեմբերի 14-ին զանգեց տուն. «Գնում եմ Արցախ. միայն առանց հիստերիաների»: Ձայնի մեջ վստահություն կար, ուրախ էր. ցանկությունը կատարվել էր, ընկերների մոտ՝ Արցախ էր գնում: Հոկտեմբերի 14-ից Հայկազին իր մարտկոցով՝ որպես առաջատար 3 մարտկոցներից մեկի հրամանատարի, շտապ տեղափոխել էին Հադրութի շրջան՝ Ծակուռի գյուղ: Գրել էր. «Մա՛մ, ինձ էնքան լավ եմ զգում, ոնց որ տանը լինեմ»: Պատերազմի ընթացքում առաջին անգամ տեսավ Արցախը, երազեց այնտեղ ապրելու մասին, ավա՜ղ, չհասցրեց իրագործել երազանքը… Տատիկի կողմից Հայկազի նախնիները Սխտորաշենից էին: Այնտեղ էլ է կռվել 44-օրյա պատերազմի ընթացքում. «Մեր գյուղն ենք այս օրերին պաշտպանում,- ոգևորված գրում էր տնեցիներին,- մեր տատիկի, պապիկի գերեզմանները…»:
Ամենից շատ անկեղծանում էր Արևիկի հետ: Հատուկ կոդավորված բառեր էին մշակել. եթե ամեն ինչ լավ էր, ասում էր՝ «Պլյուս ենք», երբ այնքան էլ հաջող չէին ընթանում մարտերը, ասում էր. «Մինուս ենք»: «Հայկա՛, պլյո՞ւս եք, թե՞ մինուս»: «Մինուս, ահավոր մինուս: Ես էսպիսի ամոթ երբեք չեմ զգացել, էսքան անպիտան չեմ զգացել: Խայտառակությո՛ւն»: Դա հոկտեմբերի 16-ին էր:
Երկու օր հետո կրկին խանդավառված գրում էր. «Մենք լավ ենք, ամեն ինչ լավ է, ոչ մի բանի պակաս չկա, շատ, շա՜տ ուժեղ ենք, մե՜ծ-մե՜ծ պլյուս ա. սատկացնում ենք: Գիտե՞ք, քանի թուրքի անուն է գրվել քարին «Կարիճ Հայկոյի» ձեռքով»: «Քանի՞»: «800-ից ավելի»:
Հաջորդող օրերին էլի անհանգիստ ու տխուր էր. «մինուսներ» կային… Այսպես, ամեն հաղթանակով ոգևորվող և ամեն հարկադիր նահանջը սարսափելի դառնությամբ ընդունող Հայկը իր մարտկոցով իր բաժին կռիվն էր տալիս: «Չեմ ուզում իմ աչքերով տեսնել, թե ինչպես ենք կորցնում Արցախը…»: «Հա՛յկ, պլյո՞ւս ես, թե՞ մինուս»: «Մինուս, Արևի՛կ, ահավոր մինուս…»: «Ի՞նչ է եղել»,- անհանգստացել էր քույրը: «Եթե դու միայն իմ ողջ լինելը ի նկատի ունես, ուրեմն՝ «պլյուս» եմ, բայց դա ի՞նչ նշանակություն ունի, եթե կորցնում ենք Արցախը… Մենք հիմա Ստեփանակերտ ենք գնում. նահանջի հրաման կա: Իմ լացը էս պահին գալիս է…»:
Ընկերը երբեմն գրում էր Հայկին՝ «Ո՞նց ես»: «Ապե՛ր, ես հիմա շրջափակման մեջ եմ»,- պատասխանում էր: Որոշ ժամանակ անց գրում էր. «Վե՛րջ, դուրս եկանք»:
Եղել է ամենաթեժ մարտերի վայրերում: Մասնակցել է Ջրականի, Թաղավարդի, Դրախտիկի, Սիրիգի, Ազոխի, Մեծ Թաղերի, Կարմիր Շուկայի, Մարտունու, Սարուշենի և այլ բնակավայրերի պաշտպանական մարտերին:
Չնայած բոլոր «մինուսներին», անասելի երջանիկ էր, որ մարտի դաշտում է: Նրա հետ կռված տղաներն են պատմել. աչքերը փայլում էին, գիտեր՝ ինչ կարևոր գործի է ծառայում: Իրենց խմբով թշնամուն մեծաթիվ կորուստներ էին պատճառում: «Ես անմահ եմ, ուժեղ եմ, մի աչքո՞վ եք ինձ նայում»: Վիրավորվելու օրը իրենց մարտկոցով, հրամանատար Արթուր Ավագիմյանի և Մարտունի հրթիռահրետանային զորամասի պետի՝ փոխգնդապետ Դավթյան Ալյոշայի հմուտ հրամանատարությամբ անառիկ են պահել շուրջ 40 կմ տարածք: Չորս անգամ շրջափակման մեջ են ընկել, բայց կարողացել են հաջողությամբ դուրս գալ: Համարվել են լավագույն հրետանային մարտական ստորաբաժանումներից մեկը: Ալյոշա Դավթյանը հիանում էր տղաներով. «Չգիտեք, է՜, էս խոխեքը ստեղ ինչե՜ր են անում. օդում մա՛զ են կտրում»:
-Մինչև Արցախ մեկնելը իր սիրած վերնաշապիկն էր խնդրել,- պատմում է Արևիկը,- իր սիրած ֆուտբոլային թիմի՝ «Լիվերպուլի» անվանումով: Միշտ մանկական վստահությամբ ասում էր. «Սա իմ հաջողակ վերնաշապիկն է: Սրանով ինձ ոչինչ չի պատահի: Արևի՛կ, ես անմահ եմ: Ուրիշներին էլ կարող եք ասել, թող գնեն, հագնեն»: Երբեմն հարցնում էր. «Ի՞նչ են գրում մեր մասին, գրո՞ւմ են, որ մենք «պատերազմի աստվածներն» ենք»: Ասում էի. «Հա՛, գրում են, որ մեր հրետանավորները շատ ուժեղ են»: «Դե, իմացի՛ր, որ դա մե՛ր մասին է»: Լսել էր, որ պատերազմից հետո զեղչով է սովորելու: «Արևի՛կ, պատկերացնո՞ւմ ես, երբ հետ գամ, կռվում վաստակած զեղչով եմ սովորելու»:
«Անմահ» սերժանտը 2020 թ. հոկտեմբերի 29-ին, Սարուշեն գյուղի ճանապարհին «Բայրաքթարի» հարվածից մահացու վիրավորում ստացավ: Մեկ զոհ, հինգ վիրավոր: Վիրավորներից մեկն էլ մարտկոցի հրամանատար Ավագիմյանն էր: Նրանց միասին էին տեղափոխում մեքենայով: Հրամանատարը հարցեր էր տալիս վիրավոր զինվորին՝ ստուգելու համար՝ գիտակցությունը տե՞ղն է, թե՞ ոչ: «Հայկազ, 8 X 7» , «56. էս ի՞նչ հարցեր ես տալիս, Ավագիմյա՛ն»: Ծանր վիրավոր էր, բայց գիտակցությունը պարզ էր: Ավելին, մարտական ոգին էլ էր տեղը. «Եթե հենց հիմա ասեն՝ ո՞վ է գնում առաջնագիծ, ականանետորդ է պետք, չնեղանաս, Ավագիմյան ջան, ես այս վիճակում էլ պատրա՛ստ եմ գնալու»:
…Երկու օր անց լրացավ Հայկազի 20-ամյակը, որը երիտասարդ մարտիկը դիմավորեց անգիտակից վիճակում:
-Վերջին անգամ տուն զանգեց հոկտեմբերի 29-ի երեկոյան,- պատմում է Արևիկը,- ասաց. «Երկու օրից ծնունդս է: Հետո կասես՝ ով էր հիշել, զանգել»: Նրա ծնունդները մեր տանը միշտ շատ բազմամարդ ու ուրախ էին անցնում: Նրա համար իսկական տոն էր այդ օրը: Ամսի 30-ին չզանգեց: Փորձեցի ինքս զանգել. չէր պատասխանում: 31-ին զանգեցի ընկերոջը. «Կտա՞ս խոսեմ Հայկի հետ. այսօր ծնունդն է»: «Հիմա չի կարող պատասխանել. հեռու է…»: Ոտքերս սկսեցի չզգալ: «Խնդրում եմ, պարզապես ասա՝ ո՞ղջ է, թե՞…»: «Ողջ է, բայց վիրավոր է. տարել են այստեղից»: Նրան գտանք հոկտեմբերի 31-ին՝ իր ծննդյան օրը, Մուրացանի հոսպիտալում… կոմայի մեջ էր:
Թեև վիրավորումը շատ ծանր էր, բայց Հայկը 12 օր պայքարեց կյանքի համար: Անմահացավ նոյեմբերի 9-ին…
Հայկազը իսկական հայկազուն էր. ամբողջ հոգով ու սրտով էր նվիրվել Հայրենիքի պաշտպանությանը: Գիտակցում էր ամեն մի միլիմետր հողն անառիկ պահելու կարևորությունը: Նա, թերևս, երջանիկ դիմավորեց իր երիտասարդ կյանքի անսպասելի մայրամուտը, քանի որ անմահացավ Հայրենիքը պաշտպանելիս…
Օրեր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, լրացավ Հայկազ Մկրտչյանի ծննդյան 22-րդ տարեդարձը: Թող այս պատումով շատերը հիշեն հերոսական, անմահ սերժանտին: Շնորհավորենք նրա ծննդյան տարեդարձը, և թող բոլորիս ջերմ հիշողություններում հավերժ դրոշմվի նրա վառ հիշատակը:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #34 (1456) 02.11.2022 - 08.11.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում