ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ը ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՆ Է
ՀՀ զինված ուժերի ռազմական հետախուզությունը 30 տարեկան է: Ամենամարտունակն ու կազմակերպվածը համարվող, զինված ուժերի կազմում առանձնահատուկ դերակատարում ունեցող հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պատրաստվում, մասնագիտորեն կատարելագործվում են ամեն օր՝ գիշեր ու ցերեկ: Եվ անհրաժեշտության դեպքում արագ ու աննկատ հայտնվում են մարտական գործողությունների ամենավտանգավոր տեղամասերում, նույնիսկ՝ հակառակորդի թիկունքում: Նրանք հաճախ կանխում են լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեր համազորային ստորաբաժանումների հետ ջախջախելով թշնամուն:
Այժմ մեր ռազմական հետախուզությունը, զինված ուժերը համապատասխան տեղեկատվությամբ ապահովելու համար, զարգանում է բոլոր ուղղություններով՝ ռադիոտեխնիկական, տեխնիկական, տեղեկատվական և այլն: Զարգացումը մեծապես պայմանավորված է հակառակորդի ձեռք բերած նոր սպառազինության, տեխնիկական և այլ միջոցների հնարավորություններին համարժեք հակազդելու, զսպելու անհրաժեշտությամբ: ՀՀ զինված ուժերի ռազմական հետախուզությունը ներառում է աշխարհի ցանկացած բանակին հատուկ բաղկացուցիչ մասեր՝ զորային, հատուկ, տեխնիկական և այլն:
ԶՈՒ հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները շարունակաբար կատարելագործում են մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Հետախուզությունը կարևորագույն տեղ է զբաղեցնում ԶՈՒ այլ զորատեսակների շարքում: Եվ ցանկացած օղակի հրամանատար որոշում կայացնելուց առաջ պարտադիր ուսումնասիրում է հակառակորդի մասին հետախուզության հայթայթած տվյալները, հետագա բոլոր որոշումները կայացվում են այդ տեղեկատվության շուրջ: Զինված ուժերը հնարավոր չէ պատկերացնել առանց հետախուզության, որը համազորային հրամանատարի աչքն ու ականջն է: Եվ գրագետ հետախուզությունը խելացի պատերազմ վարելու առաջին նախապայմանն է:
Մեր հետախույզների շնորհիվ բազմիցս բացահայտվել ու չեզոքացվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական եւ այլ սադրիչ գործողություններ, նրանց հայթայթած տեղեկությունների հիման վրա կայացվել են կարևոր որոշումներ:
Հետախույզը միայն զինվորական մասնագիտություն չէ, այն կոչում է և ապրելաձև: Յուրաքանչյուր հետախույզ գիտակցում է՝ այս ոլորտում պարտվելն անթույլատրելի է: