Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐՐՈՐԴ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ



Ինչպես Կոսովոյում, Իրաքում, այնպես էլ Աֆղանստանում մեր խաղաղապահները շարունակում են հաջողությամբ կատարել իրենց առջեւ դրված խնդիրները, բարձր պահել հայ զինվորականի, հայոց ազգային բանակի հեղինակությունը։ Հունվարի տասնվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնեց այդ երկրի զինուժի կազմում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնելու պատրաստ հայկական երրորդ ստորաբաժանումը։
Մեկնումից առաջ մեր զինվորները այցելեցին մայրաքաղաքի Ս. Սարգիս եկեղեցի, մոմ վառեցին, որից հետո ճանապարհվեցին «Զվարթնոց» օդանավակայան։
Մինչ գերմանական ինքնաթիռը վայրէջք կկատարեր, զրուցեցինք մեկնողներից մի քանիսի հետ։
Ստորաբաժանման ղեկավար մայոր Վահե Փայտյան.
-Մեր վարորդներն արդեն Գերմանիայում են եւ գերմանացի գործընկերների հետ իրենց մասնագիտական հմտություններն են կատարելագործում։ Շուտով մենք էլ կմիանանք նրանց եւ կշարունակենք հատուկ ծրագրով միասին անցնել համազորային պատրաստությունը։ Ծրագիրն ավարտելուց հետո ստորաբաժանումն ամբողջ կազմով կմեկնի Աֆղանստան եւ կփոխարինի առաքելությունն ավարտած մեր խաղաղապահներին։ Ասեմ, որ տղաները փորձառու են, շատերը եղել են Կոսովոյում եւ Իրաքում, իսկ վերջին շրջանում նրանց հետ տարվել է մարտավարամասնագիտական հատուկ պատրաստություն, եւ բոլորն էլ պատրաստ են կատարելու խաղաղապահի դժվարին, բայց պատվաբեր ծառայությունը։
Ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Արտակ Ալահվերդյան.
-Սա իմ երկրորդ առաքելությունն է, առաջինը եղել է Կոսովոյում։ Գիտեմ, որ Աֆղանստանում բոլորովին այլ իրավիճակ է, նաեւ գիտեմ, որ մեր այն տղաները, որոնք եղել եւ այժմ էլ այնտեղ են, իրենց բանիմացությամբ, կարգապահությամբ, խոհեմությամբ լավ հարաբերություններ են հաստատել թե՛ գործընկերների եւ թե՛ տեղացիների հետ, իսկ մենք պետք է շարունակենք նրանց ձեւավորած ավանդույթները։
Սերժանտ Արկադի Մինասյանը, կրտսեր սերժանտ Հմայակ Մարգարյանը, շարքայիններ Հովհաննես Սահակյանը, Աշոտ Սարգսյանը եւ Արմեն Սարիբեկյանը նույնպես հավաստեցին, որ պատրաստ են կատարել մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը նպաստող կարեւոր առաքելությունը։
***
Երբ արդեն Գերմանիայից ժամանած ինքնաթիռը պատրաստ էր հետադարձ թռիչքի, մեկնող ստորաբաժանումը շարվեց հանդիսավոր տողանի։ Զորամասի հրամանատար գնդապետ Արթուր Սիմոնյանի ողջույնին զինվորները պատասխանեցին հանրապետության օրհներգի կատարումով։
Շնորհավորելով տղաներին հերթական խաղաղապահ առաքելության առթիվ՝ գնդապետ Ա. Սիմոնյանն ասաց.
-Միշտ հիշեք, որ օտար երկրում դուք ներկայացնում եք Հայաստանի Հանրապետությունը։ Մի՛ մոռացեք, որ ձեր բարեխիղճ ծառայությամբ մեր երկրի հեղինակությունն եք բարձրացնում միջազգային ասպարեզում։
Այնուհետեւ խաղաղապահները ինքնաթիռ բարձրացան զինվորական նվագախմբի ուրախ քայլերգի ներքո։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ Հ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #02 (867) 19.01.2011 – 26.01.2011, Ազգային բանակ


21/01/2011