Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

ՌԴ ԱԳՆ. «Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախապայմաններ չունի»:

Վատիկանը պատրաստ է առաջարկել իր տարածքը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար՝ ներգրավելով նաև այլ կողմերի, այդ թվում ՝ ԱՄՆ-ին և Եվրամիությանը։

ՌԴ բանակում քննարկվում է հումանիտար գործողությունների համար նոր մասնագիտացված ստորաբաժանումներ կազմավորելու հարցը՝ մարդասիրական և կամավորական օգնության կենտրոնացված համակարգ ստեղծելու նպատակով:

ՄԱԿ-ի պաշտոնյաները ՌԴ-ին խոստացել են առաջիկայում հանել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանման սահմանափակումները՝ ցորենի գործարքին համապատասխան։ Ընթացիկ գործարքի տրամաբանական վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 18-ը։

Ռուսաստանը կարճատև դադարից հետո որոշել է վերականգնել մասնակցությունը ցորենի գործարքին, երբ Ուկրաինան ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ գրավոր երաշխավորել է Սև ծովի անվտանգության միջանցքը չօգտագործել ռազմական նպատակներով։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Չինաստանին կոչ է արել ազդել Ռուսաստանի վրա՝ նշելով, որ. «Ուկրաինայի պատերազմը հիմնովին փոխել է պարենի և էներգիայի ռեսուրսների համաշխարհային շուկաները և բազմաթիվ խնդիրներ է ստեղծում ընդհանուր կանոնների վրա հիմնված մեր աշխարհակարգի համար»։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ստորջրյա անօդաչու սարքեր է փոխանցել Ուկրաինային, որոնց օգնությամբ հնարավոր է ահաբեկչություն իրականացնել Սևծովյան նավատորմի նավերի դեմ։ Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոներթը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան բողոք են հայտնել՝ ուկրաինական հատուկ գործողությունների ջոկատների վարժանքներին բրիտանացի զինվորականների ակտիվ մասնակցության հետ կապված։

 

Իրան

 

«ԱՄՆ-ը շուտով կազատագրի Իրանը»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում նախընտրական ելույթի ժամանակ, երբ տասնյակ մարդիկ հավաքվել էին իրանցի ցուցարարներին աջակցող պաստառներով։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին պատասխանել է ԱՄՆ նախագահին. «Իրանն ազատագրել են 43 տարի առաջ։ Իրանը վճռական է՝ կրկին չհայտնվելու ձեր գերության մեջ»։

Իրանը «Sayyad 4B» անվանումով նոր հրթիռ է ներկայացրել՝ համակցված իրանական «Bavar 373» հակաօդային պաշտպանության համակարգի հետ: Փորձարկումների ժամանակ «Bavar 373» ՀՕՊ համակարգը, որն ունակ է միաժամանակ 6 թիրախ ոչնչացնելու, արդիականացված ռադարով հայտնաբերել է թիրախը ավելի քան 450 կիլոմետր հեռավորության վրա։ Հրթիռային շարժիչն աշխատում է հիբրիդային պինդ վառելիքով։ «Sayyad 4B»-ի օգտագործմամբ իրանական ՀՕՊ հրթիռների հեռահարությունը հասցվել է 300 կմ-ի, իսկ կիրառման բարձրությունը՝ մինչև 32 կմ։

Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բաղիր Գոլաբիաֆի այցն Ադրբեջան հետաձգվել է։ Պատճառը չի հաղորդվում, սակայն շատերը պայմանավորում են Բաքվի և Թեհրանի միջև վերջին շրջանում հարաբերությունների սրմամբ և Իրանի սահմանին Ադրբեջանի զինված ուժերի զորավարժություններով։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը հաջողությամբ ուղեծիր են արձակել «Ghaem 100» հրթիռակիրը։

Եռաստիճան պինդ հեղուկով աշխատող շարժիչով «Ghaem 100»-ն ի վիճակի է 80 կիլոգրամանոց արբանյակներ արձակել երկրի մակերևույթից 500 կիլոմետր հեռավորությամբ: Առաջիկայում ուղեծիր դուրս կբերվի «Նահիդ» արբանյակը: Իրանական «Նուր I» առաջին ռազմական արբանյակը տիեզերք է արձակվել 2020 թվականին։ Երկրորդ ռազմական արբանյակը՝ «Նուր II»-ը, ուղեծիր է արձակվել «Qassed» եռաստիճան արբանյակային կրիչի միջոցով: ԱՄՆ Պետդեպարտամենտը դժգոհություն է հայտնել իրանական հրթիռի արձակման կապակցությամբ՝ նշելով, որ՝ «նման արձակումները իրավիճակի ապակայունացման են հանգեցնում»։ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ իրանյան այդ ծրագրով կարող են միջուկային մարտագլխիկներ արձակել։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան. «Իրանը Ռուսաստանին տրամադրել է քիչ քանակությամբ ԱԹՍ-ներ ուկրաինական պատերազմից մի քանի ամիս առաջ»։

 

Թուրքիա

 

ԱՄՆ ռազմական պատվիրակությունը Թուրքիա է ժամանել։ Քննարկվել են պաշտպանության և անվտանգության տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև ռազմական պատրաստականությունն ու համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

«Ռուս-ուկրաինական ճգնաժամը ցույց է տալիս, թե որքան անկարող են համաշխարհային անվտանգության ինստիտուտները. հարցականի տակ են դրվում քաղաքականության, տնտեսության, և անվտանգության հարցերը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

«Շվեդիան պետք է հաշվի առնի անվտանգության ոլորտում Թուրքիայի մտահոգությունները, եթե որոշել է անդամակցել ՆԱՏՕ-ին»,- Անկարայում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Թուրքական կողմը հավաստել է, որ Ռուսաստանը կարող է Թուրքիայի պահեստներն օգտագործել որպես իր ցորենի պահման և իրացման բաշխիչ կետեր՝ օգտագործելով 8,5 մլն տոննա արտոնագրված պահեստային հզորություններն ու նավահանգիստները Որոշումը շահեկան կլինի երկու կողմերի համար, քանի որ բեռնափոխադրման ծավալի ավելացմանը զուգահեռ կնվազի նաև ծառայության արժեքը։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին և Թուրքիային ցորենի գործարքում Ռուսաստանի վերադարձին աջակցելու համար։ Դիվանագետն ընդգծել է, որ պարենը երբեք չպետք է դառնա «պատերազմի զենք»։

 

Ադրբեջան

 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով. «Պատերազմից հետո իրականացված նոր բարեփոխումները նպաստել են արհեստավարժ բանակի ձևավորմանը»:

Ռազմածովային ուժերի զորամասում անցկացվել է «Ծովային հրամանատարների և Ստորջրյա հատուկ նշանակության գրոհային սարքերի» դասընթացների ավարտական արարողությունը։ Զաքիր Հասանովն ընդգծել է, որ այդ դասընթացները, որոնց կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված են եղել նաև թուրք հրահանգիչներ, կնպաստեն ծովային հետևակի և հատուկ նշանակության ջոկատների անհատական հմտությունների կատարելագործմանը։

Ադրբեջանի տիեզերական գործակալության խորհրդի նախագահ Սամեդդին Ասադովը հայտնել է, որ Ադրբեջանը պլանավորում է ապագայում նոր արբանյակներ արձակել։

Ադրբեջանը նախազգուշացրել է ԵՄ-ին, որ կկարողանա բավարարել իր վառելիքի արտահանումը Միություն միայն այն դեպքում, եթե իր խողովակաշարերի համար ֆինանսավորում և երկարաժամկետ պայմանագրեր ստանա։

Էրդողանը նշել է, որ հավելյալ բնական գազը, որը կփոխադրվի Ադրբեջանից TANAP գազատարով, կարևոր գործոն կլինի Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու համար։

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը «Twitter»-ի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Ադրբեջանին «հաղթանակի օրվա» կապակցությամբ և մաղթելով տարածաշրջանին խաղաղություն եւ բարգավաճում։

Թուրքիան կրկին հայտարարել է Ադրբեջանին լիարժեք և անվերապահ աջակցության մասին՝ շնորհավորելով Ադրբեջանին «հաղթանակի օրվա» կապակցությամբ։

Ադրբեջանում հայտարարել են Իրանի հատուկ ծառայությունների հսկողության ներքո գործող ադրբեջանցիների բացահայտման մասին։ Պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է անցկացնում՝ կապված երկրի սահմաններից դուրս զորավարժություններին Ադրբեջանի քաղաքացիներին գաղտնի ներգրավելու, նրանց ֆինանսավորելու հետ՝ պետական անվտանգության շահերի դեմ օգտագործելու նպատակով։

Իրանի հետ սահմանին շարունակվում են Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները՝ ավիացիայի, հրետանու եւ հարվածային անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ հարավային տարածաշրջանում զինված ուժերի վարժանքների ընթացքում իրականացվել են հատուկ առաջադրանքներ գիշերային ժամերին և սահմանափակ տեսանելիության պայմաններում։ Վարժանքների սցենարի համաձայն՝ հատուկ նշանակության ուժերը ներթափանցել են հակառակորդի թիկունք, իրականացրել տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման առաջադրանքներ:

Ի նշան Հայաստանի հետ համերաշխության՝ Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը դեմ է քվեարկել Ադրբեջանի հետ միջազգային համաձայնագրին, որը ենթադրում է գաղտնի տեղեկատվության փոխանակում և պաշտպանություն:

ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հետ։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #35 (1457) 09.11.2022 - 15.11.2022, Տարածաշրջան


11/11/2022