ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԸ
-Տղե՛րք, շարժվեցինք: Պատգարակը զգույշ բարձրացնում եք ու իմ ետևից,- Սաքոն էր…
-Սաքո՛, դանդաղ գնա, հետևիցդ հասնենք, կերած-խմած վիրավոր ենք, է՜, տանում,- կատակեց Գոռը:
-Սպասեք էս դժոխքից դուրս գանք, ձեզ կերած-խմած ցույց կտամ, կաշիս ու ոսկորս եք թողել: Դուք մտածեք, թե մորս ինչ պատասխան եք տալու,- կատակելու հերթը վիրավոր Սամվելինն էր:
-Դու մի՛ մտածի, Սա՛մ ջան, Գայան մորքուրիս ցավը տանեմ, քեզ մի շաբաթում էլի արջ ա դարձնելու,- ծիծաղելով ավելացրեց Արշակը:
Էսպես կատակելով տղաները Սաքոյի ուղեկցությամբ առաջ էին շարժվում՝ անտեսելով մութն ու ցուրտը, աներևույթ թշնամուն ու հեռվում տրաքող արկերի ձայնը: Սամվելը՝ իրենց հաղթանդամ և անվախ ընկերը, վիրավոր էր… Ժամանակ չկար ինչ-որ բան մտածելու… Միակ մտածմունքը Սամվելին փրկելն էր, որը ծանր վիրավորվել էր ականանետից, և որի այդքան ժամանակ գիտակցությունը չկորցնելն ուղղակի հրաշք էր: Սարգիսը, Սամվելը, Արշակն ու Գոռը ամբողջ պատերազմը միասին էին անցել, միասին անցել էին մի մղձավանջի միջով ու հրաշքով ողջ մնացել… Իսկ հիմա Սամվելը վիրավոր է, ու բոլորը մտորումների մեջ են, թե արդյո՞ք կհասցնեն փրկել իրենց ընկերոջը, որի վիճակը գնալով ավելի էր ծանրանում:
-Սպասե՛ք, մի րոպե կանգ առեք,- ասաց Սաքոն,- էդ շների ձայներն եմ լսում:
Բոլորը լարեցին իրենց լսողությունը, սակայն ոչ մի ձայն չկար: Միայն հեռվից տանկի շարժիչի ձայնն էր լսվում:
-Շարժվեցինք…
Արշակն ու Գոռը բարձրացրին պատգարակն ու շարժվեցին Սաքոյի ետևից:
-Տղե՛րք,- Սամվելի թույլ ձայնն էր,- չորս փամփուշտ եմ պահել, մի հատ էլ նռնակ, հենց տեսնեք՝ դրանք գալիս են, ինձ թողնում եք ու նահանջում, ես կպայթեցնեմ ինձ էլ, դրանց էլ: Իմ փրկվելու շանսերը շատ քիչ են…Մեզ օգնություն դժվար թե գա…Ընենց որ, ես իմ անելիքը որոշել եմ:
-Ա՛յ տղա, էդ «փառահեղ» մտքերը որտեղի՞ց են ծնվում էդ դատարկ գլխումդ,- ծիծաղելով հարցրեց Արշակը՝ տագնապն ու կսկիծը մի կերպ կոծկելով:- Սպասի էստեղից դուրս գանք, ինչի վրա մի գրամ չկասկածես, քեզ մի լավ քոթակելու եմ էդ պահածդ նռնակով ու փամփուշտներով:
Կատակում էին, բայց միևնույն ժամանակ էլ հասկանում, որ վիճակը լուրջ է, որ Սամվելի ողջ մնալն արդեն մեծ հարցականի տակ է: Մտածում էին, թե Սամվելի մորը՝ տիկին Գայանեին ինչ պատասխան պետք է տային:
Սամվելը տան մինուճարն էր ու տիկին Գայանեի կյանքի իմաստը: Սամվելից բացի, այդ կինը ոչ ոք չուներ այս աշխարհի երեսին: Մեծ դժվարությամբ մեծացրել էր որդուն, պահել, փայփայել, ուսման տվել: Ինքն էլ առողջական խնդիրներ ուներ: Հիմա Սամին որ մի բան եղավ, էդ խեղճ կինը ինչպե՞ս պիտի ապրի այս անարդար աշխարհում:
Թե ինչքան էին գնացել, քանի բլուր ու ձորակ էին բարձրացել ու իջել, միայն Աստված գիտեր: Քանի-քանի անգամ կանգ էին առել, վիրավոր ընկերոջը վիրակապել, կում-կում ջուր խմեցրել ու նորից ճամփա ընկել: Երբ հերթական բլուրն էին բարձրանում, աջ կողմից պարզ լսվեց մեքենայի ձայն:
-Չշարժվե՛ք,- ասաց Սաքոն,- պատգարակը դանդաղ դրեք գետնին ու դիրքավորվեք: Զենքերը պատրաստ կրակելուն:
Բոլորը դիրքավորվեցին: Մեքենան մոտ տասը մետր հեռավորության վրա կանգ առավ: Լսվեց դռների բացվելու ձայնը:
-Կանգնե՛ք, առաջ չգաք…մի սանտիմետր շարժվեցիք, սաղիդ փռելու եմ գետնին: Զենքերը ցած դրեք, ձեռքներդ վեր, ոչ մի շարժում, բոլորս մինչև ատամներս զինված ենք, ավելորդ մի շարժում՝ բոլորիդ կփռենք:
-Տղե՛րք, ձերոնք ենք, հա՛յ ենք, չկրակեք,- լսվեց մեքենայի կողմից,- ձեզ օգնության ենք եկել:
Սաքոն տեղյակ էր, որ թշնամին ևս տիրապետում է հայերենին, և հնարավոր է, որ սա ծուղակ է:
-Չշարժվե՛ք, ասում եմ, հանե՛ք ինչ ունեք-չունեք, փաստաթղթերը… հանեք ու լցրեք գետնին:
-Ցավդ տանեմ, ախպե՛րս, հայ ենք, հանգիստ եղի:
Բայց Սաքոն չէր հանգստանում…գլխում իրար հերթ չտալով՝ խենթանալու մտքեր էին ծնվում:
Տեսնելով, որ մեքենան անշարժ է, Սաքոն ավտոմատն ուղղեց դեպի այդ կողմ, մատը դրեց ձգանին ու վերջին հրահանգները տվեց.
-Տղե՛րք, սկսում եմ կրակելով առաջանալ, հենց տեսնեք՝ վրա են տալիս, նռնակը կգցեք:
Որոշեց մտքում հաշվել մինչև վեցն ու կրակ բացել: Մտովի հրաժեշտ տվեց ծնողներին, ընկերներին…Կոկորդը սեղմվեց մոր դեմքը հիշելիս…
Մեկ…երկու…երեք…չորս…հինգ…երբ մեքենայի մոտից լսվեց.
-Հա՛յր մեր, որ յերկինս ես, սո՛ւրբ եղիցի անուն Քո…
Բոլորը միասին աղոթում էին, աղոթքի ուժից և հոգին փոթորկող հույզերից Սաքոն ամբողջ մարմնով ցնցվում էր, հեկեկում էր, գլուխը վիրավոր ընկերոջ ձեռքերի մեջ դրած…Մթության մեջ լսվում էր «Հայր մերը»՝ Սաքոյի, Արշակի, Գոռի, վիրավոր Սամվելի ու տիկին Գայանեի փրկության աղոթքը….
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՀԻՆՅԱՆ
Խորագիր՝ #35 (1457) 09.11.2022 - 15.11.2022, Հոգևոր-մշակութային