Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ16-րդ դարի սկզբին Պարսկաստանում հաստատված Սեֆյան շահական արքայատոհմի (1501-1722) օրոք պարսիկները նվաճում են Արևելյան Հայաստանը։ Հյուսիսային հատվածը բաժանվում է 4 կուսակալությունների կամ բեկլարբեկությունների միջև՝ Երևանի, Ղարաբաղի կամ Գանձակի, Շամախիի և Թավրիզի։ 1720-ական թթ. թուրքական արշավանքից հետո կուսակալությունները կազմալուծվում են և միավորվում Օսմանյան կայսրությանը, սակայն մի քանի տարի անց Նադիր շահը ազատագրում և կրկին Իրանին է միացնում դրանք։ Շահի մահից հետո՝ 1747 թ. թյուրքական բազմաթիվ ցեղեր, օգտվելով Պարսկաստանում առաջացած խառնաշփոթ իրավիճակից, Օսմանյան կայսրության օգնությամբ իրենց խաներ են հռչակում։ Այդպիսով՝ 4 կուսակալությունների տարածքում առաջանում են 20 խանություններ։

Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև 1555 թ. կնքված Ամասիայի և 1639 թ. Ղասրե Շիրինի պայմանագրով Հայաստանը բաժանվում է երկու մասի։ Թուրքիային անցած մասում՝ Արևմտյան Հայաստանում, հայկական նման մանր իշխանությունների հետքեր են պահպանվում Զեյթունում, Սասունում, Շատախում, Մոկսում և այլուր։ Պարսկաստանին անցած մասում՝ Արևելյան Հայաստանում, նման ինքնավար իշխանություններ պահպանվում են Սյունիքում և Արցախում։ Այդ կիսանկախ իշխանություններից առավել հզորը Արցախի մելիքություններն էին կամ Խամսայի մելիքությունները։

Մելիք (մալիք) արաբերեն նշանակում է իշխող, տիրակալ, թագավոր։ Խամսա նշանակում է հնգյակ։ Խամսայի մելիքության մեջ մտնում էր հինգ մելիքություն՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի։ Արցախի մելիքական տոհմերը անմիջական ժառանգներն ու հետնորդներն էին ուշ միջնադարի Արցախի արքաների և իշխանների, որոնց օտար նվաճողները 16-րդ դարում ճանաչել էին որպես մելիքներ, նրանց տիրույթները՝ մելիքություններ։ Խամսայի մելիքները հատկապես հզորացել են 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին՝ պատմական այդ շրջանում ստանձնելով ու գլխավորելով հայ ազգային-ազատագրական շարժումն ընդդեմ պարսկական ու թուրքական նվաճողների։

ՋՐԱԲԵՐԴՆ ընդգրկում էր Տրտուի միջին հովիտը՝ Տրտուի և նրա Թրղի վտակի միախառնման տեղում գտնվող հինավուրց Ջրաբերդ ամրոց իշխանանիստով։ Իշխողներն էին Խաչենի իշխանական տան Հասան-Ջալալյաններ ճյուղից ճյուղավորված Մելիք-Իսրայելյանները, իսկ ավելի ուշ (19-դարում) Մելիք-Աթաբեկյանները։

ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԽԱՉԵՆԻ  տեր Հասան-Ջալալյանների տիրույթը հիմնականում Խաչենի հովիտն էր, որը հարավում հասնում էր մինչև Բալուջա գետը։ Իշխանանիստը Թարխանաբերդն էր (Խոխանաբերդ)։

ՎԱՐԱՆԴԱՆ ընդգրկում էր Կարկառ գետի հովիտը՝ Բալուջայից մինչև Քիրս-Դիզափայտ լեռնագոտին։ Իշխողներն էին Մելիք-Շահնազարյանները։ Իշխանանիստն էր Ավետարանոց բերդավանը։

ԳՅՈՒԼԻՍՏԱՆԸ տեղաբաշխված էր Կուրակ և Տրտու գետերի միջև։ Իշխող տոհմը Մելիք-Բեգլարյաններն էին։ Իշխանանիստը Թալիշն էր կամ Գյուլիստանը։ Դրա համար էլ մելիքությունը կոչվում էր նաև Թալիշի մելիքություն։

ԴԻԶԱԿԻ մելիքությունը տեղաբաշխված էր Քիրս-Դիզափայտ լեռնագոտուց հարավ, մինչև Արաքս գետը՝ Խուդափերինի (Քարավազ) կամրջի մոտ։ Նստավայրն էր Տող ավանը, իսկ իշխող տոհմը Առանշահիկ նախարարական-իշխանական տան ժառանգորդ Եսայի Աբու-Մուսեի հետնորդները՝ Մելիք-Եգանյանները (Մելիք-Ավանյաններ)։

Համաձայն ձեռագիր և վիմագիր աղբյուրների՝ մելիքական տները հինավուրց Արցախ-Խաչենի իշխանական տան շառավիղներն էին, որոնք 16-րդ դարի սկզբից հանդես են եկել «Մելիք» տիտղոսով, և որոնց իշխանությունը՝ մելիքական իրավունքները, ավելի կանոնակարգվեցին պարսից շահ Աբբաս I-ի օրոք՝ 1603 թվականին։

ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՅուրաքանչյուր մելիքությունում վարչաքաղաքական միանձնյա գլխավորը մելիքն էր, իսկ զինական գործերը տնօրինում էին հիմնականում հարյուրապետները, որոնք սովորաբար նշանակվում էին մելիքական տան անդամներից։ Խամսայի մելիքությունների զորավար-հարյուրապետներն աշխույժ գործունեություն ծավալեցին առանձնապես 18-րդ դարի սկզբի ազատագրական շարժումների ընթացքում։ Իսրայել Օրու բանագնացություններով ստեղծված և նրա գործակից՝ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի անմիջական ղեկավարությամբ ձևավորված ռուսական կողմնորոշումը և հնարավոր աջակցությունը ոգևորել էր Խամսայի մելիքությունների զինական ուժերին, որոնք 1720-ական թվականներին արդեն ազատագրական մարտեր էին մղում պարսկական և թուրքական բռնազավթիչների դեմ։

Արցախի մելիքություններն իրավունք ունեին ունենալու սեփական զինված ուժեր։ Զինվորներին հավաքագրում էին իրենց տիրույթների բնակիչներից, որոնց թվաքանակն ըստ ժամանակաշրջանի տարբեր էր։ Յուրաքանչյուր ընտանիք մելիքի կարգադրությամբ պարտավոր էր հատկացնել մեկ զինվորի, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում նաև բոլոր տղամարդիկ պետք է զենք վերցնեին։ Նրանք պարտավոր էին իրենց ինքնուրույն ապահովել զենքով և ձիով, սակայն եթե ընտանիքը չքավոր էր, ապա սպառազինությամբ նրան ապահովում էր անձամբ մելիքը։ Բացի ժամանակավոր զորքից, մելիքները պահում էին շուրջ 300 զինվորից կազմված թիկնազոր, որոնք ծառայում էին մշտական հիմունքներով։ Մելիքը իր զորքի գլխավոր հրամանատարն էր։ Զորքի առանձին ստորաբաժանումներ հարյուրապետների հրամանատարության ներքո էին։ Իսկ հարյուրապետի կոչումը ժառանգական էր, սակայն առանձին դեպքերում մելիքը շնորհում էր պատերազմներում լավագույնս հանդես եկած զինվորներին։

Մելիքի զորքը նրա ուժի և ապահովության գրավականն էր։ Մելիքություններն առավել զորքի մեծ թվաքանակ են ունեցել 1720-ական թվականներին, երբ տեղի էին ունենում հայ աղգային-ազատագրական կռիվները։

Գանձասարը դարձել էր հայկական ու հայաբնակ շրջանների (Դիզակից մինչև Գանձակ, Շամախի, Շաքի) ռազմական ու քաղաքական կենտրոն, որտեղ գծվում և մշակվում էին ազատագրական շարժման, պաշտպանական ճակատամարտերի ծրագրերն ու միջոցառումները։ 1722 թ. Եսայի կաթողիկոսի և վրաց թագավոր Վախթանգ Զ-ի բանակցություններով որոշվում է վրացական ու հայկական զինական ուժերը միավորել ռուս ցար Պետրոս Մեծի զորքի հետ և ազատագրել Անդրկովկասը։ Այդ նպատակով վրաց 30000 և հայոց 10000 զորաբանակները հանդիպում են Գանձակում, սակայն տեղեկանալով ռուսների առաջխաղացման դադարեցման մասին, վերադառնում են իրենց երկրները։ Այնուամենայնիվ, հայկական զորքերը չեն ընկճվում, համալրվելով աշխարհազորայիններով, Արցախից դուրս են վռնդում իրանական զավթիչներին և ամրանում են սղնախներում՝ երդվելով պայքարել մինչև վերջ։ Արևելյան Հայաստանում լեռնային բերդերին և բնական ամրություններին 18-րդ դարի 1-ին կեսին անվանում էին սղնախներ։

ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ1723 թ. Մեծ և Փոքր սղնախները հաջողությամբ ետ են մղում օտար նվաճողների հարձակումները, իսկ նահանջողներին ջարդում են Հադրութ գյուղի մոտ։ Այս և հետագա այլ մարտերում Խամսայի մելիքությունների զորքերի հմուտ ղեկավարներն էին Ավան, Թարխան, Սարգիս, Բաղի, Աբրահամ յուզբաշիները։

Սղնախների պայքարն ընթանում էր հաջողությամբ, սակայն 1723 թ. Անդրկովկասի վրա Թուրքիայի հարձակումը անորոշ ժամանակով հետաձգում է Հայաստանի և ամբողջ Անդրկովկասի ազատագրումը, որ խոստացել էր ռուս ցարը։ 1724 թ. կնքվում է ռուս-թուրքական պայմանագիրը։

1724 թ. Պետրոս Մեծի բանագնաց Իվան Կարապետը Խամսայի մելիքներին հուսադրում և հավաստիացնում էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ռազմական աջակցություն կտրվի, միաժամանակ հայտնելով ռուսական արքունիքի պատրաստակամությունը՝ Կասպից ծովի ափերին հայերին ապահով բնակության տարածք հատկացնելու մասին։ Սակայն արցախցիները պայքարը շարունակում են իրենց բնօրրանում։ Նրանց մի ստվար զորաբանակ՝ Ավան Յուզբաշու գլխավորությամբ, օգնության է հասնում Սյունիքի ինքնապաշտպանական ուժերին և միասնական ուժերով դուրս քշում օտար նվաճողներին։ Սակայն Խամսայի մելիքությունների ինքնապաշտպանության վիճակը ծանրանում է 1725-ից, երբ թուրքերը տիրանում են Գանձակին և շարժվում են դեպի Արցախ։

1724 թ. փետրվարին թուրքական 6000-անոց բանակը տեղավորվում է Վարանդայի գյուղերում։ Բայց սղնախների մարտիկները գիշերային հարձակումներով կոտորում են նրանց մի մասին՝ սպանում են երկու փաշայի և գերում մեկին։ Այնուհետև, պայքարը սղնախներում հետզհետե դժվարանում էր։ Նրանց պատվիրակները՝ Անտոն քահանան ու Քյոխվա Չալաբին, օգնություն հայցող թղթեր են ներկայացնում Պետերբուրգ, սակայն ռուսական արքունիքն այդ ժամանակ հնարավորություն չուներ օգնելու։

ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ1726 թ. վերջին Գանձակում ամրացած թուրքական մեծաքանակ զորքը Սարը-Մուստաֆա փաշայի գլխավորությամբ հարձակվում է Մեծ սղնախի Շուշիի բերդի վրա։ Թեև Ավան Յուզբաշու զորքերը հզոր դիմադրություն են ցույց տալիս, նույնիսկ թշնամուն ստիպում նահանջել՝ բերդի ստորոտում թողնելով ավելի քան 800 սպանված, սակայն այդ ժամանակից սկսած, սղնախների զորքերն սկսում են նոսրանալ։ Ինքնապաշտպանական զորքերի համար մեծ կորուստ էր Եսայի կաթողիկոսի մահը 1728 թ.։ Սակայն Խամսայի մելիքությունները չեն կոտրվում և իրենց բնօրրանից չեն հեռանում։ 1736 թ. հայոց մյուս զորքերի հետ Խամսայի մելիքությունները մեծապես օգնում են Նադիր շահին՝ Անդրկովկասից դուրս քշելու թուրքերին։

Խամսայի մելիքությունների միասնությունը, ցավոք, չի դիմանում ժամանակի փորձություններին։ Միասնությունը խաթարվում է ներքին երկպառակություններից, որոնք սկսվում են Վարանդայի մելիք Հովսեփի կրտսեր եղբայր Շահնազարի տմարդի արարքով։ Ուխտադրժորեն հարձակվելով Հովսեփի տան վրա և ոչնչացնելով նրան ու նրա ընտանիքը՝ Շահնազարը տիրանում է Վարանդային և սկսում դաշնակիցներ փնտրել՝ իր դեմ համախմբված մյուս մելիքների պատժից խուսափելու համար։ Ինքնակոչ մելիք Շահնազարի այս քայլից մեծապես օգտվում է թուրքական վաչկատուն ցեղերից մի ճյուղի՝ սարըջալլուների ցեղապետ Փանահը, որը որոշել էր նստակյաց կյանքի անցնել և մեծ իշխանություն հիմնել։ Նրա նախկին փորձերը՝ ամրանալու Դաշտային Արցախի Բայաթ վայրում, ապա Արցախի հին Տիգրանակերտի ավերակներում, մատնվել էին անհաջողության՝ հարևան իշխանությունների, հատկապես Գյուլիստանի, Ջրաբերդի և Խաչենի մելիքների պարբերական հարձակումներից։ Վերջիններս, կռահելով Փանահի ծրագրերը, ջանում էին թույլ չտալ նրան իրենց բնօրրանում ապրելու։ Սակայն դավաճան մելիք Շահնազարը շտապում է օգտվել Փանահի ներկայությունից՝ նրան առաջարկելով իր տիրույթում գտնվող Շուշի բերդ ամրոցը։ 1750-ական թթ. Շուշիի բերդ փոխադրվելով՝ Փանահը, մելիք Շահնազարի գործուն աջակցությամբ, հիմնում է առաջին այլակրոն և այլացեղ իշխանությունը Արցախի տարածքում։ Ապա իրեն հռչակելով Ղարաբաղի խան՝ ձեռնամուխ է լինում դրա իրականացմանը։ Հպատակեցնելու և հարկատու դարձնելու համար հարձակումներ է սկսում Խամսայի մելիքությունների վրա։ Սակայն, երբ առաջին փորձերը ձախողվում են, իր նպատակին հասնելու համար նա ամեն մի միջոցի դիմում է, մինչև իսկ դավերի ու խարդավանքների։

Նրա քաղաքականությունը շարունակում է որդին՝ Իբրահիմ խանը, որի չընդմիջվող հարձակումները, կոտորածներն ու ավարառությունները ջլատում են Խամսայի մելիքությունների ուժերը։ Ջրաբերդի ու Գյուլիստանի մելիքները իրենց բազմաթիվ հպատակներով գաղթում են Գանձակի կողմերը ու Վրաստան՝ հայրենի տիրույթներից հեռու փնտրելով Ղարաբաղի փրկության ճանապարհը։ Իսկ Դիզակի մելիքի փորձերը՝ պարսից շահի միջոցով կամ ռուսական արքունիքի օգնությամբ սանձահարելու Իբրահիմ խանին, ապարդյուն են անցնում։ Իբրահիմ խանն իրեն անհնազանդ Մելիք Եգանի տոհմի կեսին բռնությամբ մահմեդականացնում է, սկիզբ դնելով արդյունքում թրքացած Մելիք-Ասլանովների տոհմին։

Այնուամենայնիվ, Խամսայի մելիքությունների տիրակալների ջանքերը զուր չեն անցնում, մանավանդ 18-րդ դարի վերջին քառորդում, երբ նրանց ազատասիրական ոգորումները գլխավորում էր Հովհաննես Հասան-Ջալալյան կաթողիկոսը։ Նրա գործունեությունը միավորված Խամսայի մելիքությունների ու հարևան մյուս մելիքների, ինչպես նաև Հովսեփ Էմինի, Հովսեփ Արղությանի ու Լազարյանների եռանդուն ջանքերին, բարելավում է ռուս-հայկական հարաբերությունները՝ հաստատուն հիմք ստեղծելով Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրելու և Ռուսաստանին միացնելու համար։

Խամսայի մելիքությունների իշխանությունը վերջնականապես վերանում է 19-րդ դարի կեսերին, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց (1828) հետո։ Ջրաբերդի վերջին մելիք Վանի Աթաբեկյանը, չնայած ռուսական թագին մատուցած բազմաթիվ ծառայություններին, 1853 թ. զրկվում է իր իշխանությունից և Կուսապատի շրջակայքում գտնվող տիրույթներից։ Նախկին մելիքների ժառանգները ռուսական բանակում անցնում են ծառայության՝ ճանաչվելով իբրև տոհմիկ ազնվականներ։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #35 (1457) 09.11.2022 - 15.11.2022, Պատմության էջերից


11/11/2022