«ՆԱ ԻՄ ԿՅԱՆՔԸ ԼՑՐԵՑ ՍԻՐՈՎ ՈՒ ՔՆՔՇԱՆՔՈՎ…»
-Պողոսյան Գայանեի հետ եմ ուզում խոսել.- ձայնն անծանոթ է:
-Ես եմ,- ասում եմ:
-Ուզում եմ ձեզ Թորգոմի մասին պատմել,- աղջիկը մի պահ լռում է, հետո ավելացնում,- Թորգոմ Վարդանյանի:
Վաղուց ամենաարտառոց հեռախոսազանգն անգամ ինձ անակնկալի չի բերում. մարդկանց լսելն իմ մասնագիտությունն է, ուստի, չեմ հարցնում, թե ով է Թորգոմը:
-Դուք ո՞վ եք:
-Սոնան:
-Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ կապ ունեք Թորգոմի հետ,- բացատրում եմ:
-Թորգոմը, կարելի է ասել…մենք արդեն 10 տարի…
Ինձ թվում է՝ կապն ընդհատվեց.
– Ձեզ չեմ լսում,-ասում եմ Սոնային:
-Նա իմ սիրելին էր,- պատասխանում է վճռական:
Ես փակում եմ համակարգիչն ու դուրս եմ գալիս պատշգամբ: Ծառերի գույնզգույն սաղարթը հասել է երրորդ հարկ, տերևների մեջ լիքը տատրակներ կան: Իսկն է՝ սիրո պատմություն լսելու համար, մտածում եմ: Ես ամուր փակում եմ պատշգամբի դուռը, ասես՝ ուզում եմ պատերազմն ու ցավը, սխրանքն ու անձնազոհությունը, հայրենասիրությունն ու կորուստները թողնել հետևում, մի պահ մոռանալ 44-օրյա արհավիրքը, որի միջով անցնում ենք գրեթե ամեն օր….
Հարմար տեղավորվում եմ փափուկ բազկաթոռի մեջ ու ասում եմ.
-Պատմե՛ք Ձեր սիրելիի մասին:
-Թորգոմը բարձրահասակ էր, սլացիկ: Վառվռուն աչքեր ուներ, կանոնավոր դիմագծեր: Նա գեղեցիկ էր: Բայց միայն գեղեցկությունը չէր պատճառը, որ աղջիկները ինքնամոռաց սիրահարվում էին նրան. նա անբացատրելի հմայք ուներ, ինչ-որ առեղծվածային ձգողականություն: Պերճախոս էր, աշխույժ, եռանդուն: Բոլոր հավաքույթների հոգին էր:
-Խելացի՞ էր:- Աղջկա ձայնը տրամադրող է, ու ես ուզում եմ իմանալ, թե ինչ էր խոսում վառվռուն աչքերով, սլացիկ Թորգոմը հավաքույթների ժամանակ, և հասկանալ, թե ինչու էին աղջիկները ինքնամոռաց սիրահարվում նրան:
-Խելացի էր ու հայրենասեր: Հայ ժողովրդի պատմությունը անգիր գիտեր, այնպիսի մանրամասներ էր պատմում անցյալից, որ Պատմականն ավարտած տղաներն անգամ զարմանում էին: Անընդհատ կարդում էր: Ասում էր՝ հայրենիքը հիմք է, որի վրա կառուցվում է ամեն ինչ՝ տունդ, ընտանիքդ, ապագադ, երազանքներդ, պատիվդ: Հայրենիքը քո ինքնության միջուկն է: Հայրենիք չկա, ուրեմն՝ ոչինչ չկա, ու դու չկաս:
-Փառահեղ անձնավորություն,- ես ոգևորվում եմ,- իսկական հայ տղամարդ…
-Նա տղամարդկային պատվի, արժանապատվության իր ուրույն պատկերացումներն ուներ, որոնցից երբեք չէր շեղվում: Որքան էլ դժվար լիներ, իր սկզբունքներին չէր դավաճանում, չէր ճկվում…Բռնկվող էր, բայց հիշաչար չէր, ընկերոջ համար կյանքը կտար: …Տասը տարի Թորգոմն իմ կյանքը լցրեց քնքշանքով, սիրով, գեղեցիկ անակնկալներով, ամենաիսկական երջանկությամբ…
-Դեռ չե՞ք ամուսնացել:
-Տասը տարի ամեն օր մենք իրար բարի լույս ենք ասել ու բարի գիշեր: Օրվա մեջ մի քանի անգամ զանգել ենք իրար, որ պատմենք մեր կյանքում կատարված ամենաաննշան մանրուքները…
Ես մտածում էի, որ երբեք չեմ կարող ապրել առանց Թորգոմի «Բարի լույսի» …բայց ապրեցի, ինչպես տեսնում եք:
-Ի՞նչ եմ տեսնում,- ես առաջին պահին չեմ ընկալում լսածս,- բաժանվե՞լ եք…
-Աշխարհում ոչինչ մեզ չէր կարող բաժանել, բացի …պատերազմից…
Պատերազմ բառը ինձ միանգամից վերադարձնում է իրականություն: Ասես՝ մեկեն արթնանում եմ քնից: Հանկարծ նկատում եմ, որ աղջիկը անցյալ ժամանակով է պատմում ամեն ինչ:
-Թորգոմին չէին տանում ճակատ, բայց ինքը պնդեց, միացավ մի կամավորական ջոկատի ու գնաց: Երբ փորձում էի հետ պահել, ասաց՝ «Երբ թշնամին հարձակվել է երկրիս վրա, ես չեմ կարող նստել տանը»: Հրաժեշտից առաջ ասաց՝ «Գոնե մի երեխա ունենայինք»: «Հետ կգաս՝ կունենանք»,- գոտեպնդեցի: Թերահավատ ժպտաց: «Եթե հետ չգամ, խոստացիր, որ մենակ չես մնա»,- ասաց:
Թորգոմն այն մարդկանցից էր, որոնք սին հույսեր չեն փայփայում, իրենք իրենց չեն խաբում: Այնպիսի տպավորություն էր, ասես՝ մաքրել էր հաշիվները կյանքի հետ…
Իր զոհվելուց հետո իմացանք, որ ամենածանր մարտերն են բաժին հասել նրան: Թորգոմը լավ նշանառու էր: Մանկուց հայրը կրակել էր սովորեցրել: Պատերազմի առաջին օրը զանգել էր հորը, ասել էր՝ ես կրակում եմ ու տեսնում, թե ինչպես են անշնչացած ընկնում ադրբեջանցի զինվորները. մարդկային կյանքերը թափվում են հողին: Հայրն ասել էր՝ խոսքը քո հողը մտած թշնամու մասին է: Գիտեմ՝ պատասխանել էր Թորգոմն ու լռել …Հետո ընկերը զոհվեց: Դա մեծ հարված էր Թորգոմին: Անընդհատ կրկնում էր՝ աչքիս առաջ զոհվեց, չկարողացա փրկել: …Պատերազմը սպանել էր Թորգոմին նախքան նրա զոհվելը… Վերջին օրերին հիվանդ էր, ջերմում էր, հազիվ էր խոսում:
Հոկտեմբերի 28-ին նահանջելու հրաման էին ստացել: Մեքենան չէր կարող տանել բոլոր ռազմիկներին, մի մասը պիտի ոտքով նահանջեին: Քանի որ Թորգոմը հիվանդ էր, բնականաբար, նրան առաջինն էին նստեցրել մեքենան: Վերջին պահին մեքենայից իջել էր, որ միանա ոտքով նահանջող ընկերոջը, նրան մենակ չթողնի:…Հետո զանգեց, ասաց՝ ոնց որ մոլորվել ենք: Ձեզ լավ կնայեք: Դա վերջին զանգն էր: Ադրբեջանցիները նկատել էին. հարվածը գլխին էր կպել: Տղաներն ասում են՝ հիվանդանոցում մահացավ:
-Դուք խոստացել եք Թորգոմին, որ մենակ չեք մնա:
-Թորգոմը երազում էր սեփական տուն կառուցել, մեծ, ծառաշատ այգու մեջ: Նա պատմում էր, ասես «նկարում էր» տունը՝ իր բոլոր մանրամասներով: Գիտեք՝ ես գտել իմ ապրելու իմաստը՝ քանի ողջ եմ, պիտի ապրեցնեմ Թորգոմին: Պիտի անընդհատ խոսեմ նրա մասին: Արդեն Թորգոմի մասին կենսագրական գիրք է լույս տեսել…Թորգոմը չպետք է մոռացվի:
-Դա առաջին հերթին մեզ է պետք, որ չթուլանանք, որ չնահանջենք…
…Բակում կայանած մեքենան այնքան բարձր է միացրել երաժշտությունը, որ ուրախ հնչյունները փակ լուսամուտներից անգամ թափանցում են ներս:
-Այս պարեղանակը դրսից է լսվում,- ասում եմ Սոնային:
-Հասկանում եմ.- աղջկա ձայնի մեջ ժպիտ կա,- ինձ թվաց՝ հարսանիք է: Թող շատ հարսանիքներ լինեն, շատ տներ կառուցվեն, շատ բալիկներ ծնվեն. գոնե այդպես փոքր-ինչ կփոխհատուցվի իմ կորուստը…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #35 (1457) 09.11.2022 - 15.11.2022, Ճակատագրեր