ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ 2016 թ. ապրիլյան մարտական գործողություններից հետո անվանական կրթաթոշակները համալրվել են ևս մեկով՝ «Մերուժան Ստեփանյանի անվան» կրթաթոշակով։
Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի կերպարը փայլուն օրինակ է ինչպես ապագա սպաների, այնպես էլ ռազմական բժիշկների համար։
2016 թ. ապրիլի 2-ին Թալիշ գյուղի՝ նրան վստահված դիրքն առաջիններից էր, որ թշնամու հատուկջոկատայինները փորձեցին գրավել։ Գյումրեցի երիտասարդն ու իր մարտական ընկերները կարողացել են մեկը մյուսի հետևից ետ շպրտել թշնամու մեծաթիվ խմբավորումները՝ պատճառելով նրանց ծանր կորուստներ։ Սակայն ուժերն անհավասար էին։ Մերուժան Ստեփանյանը մինչև վերջին շունչը կարողացել է պահել իր դիրքը՝ փրկելով ընկերների կյանքը։
2022-2023 ուսումնական տարում «Մերուժան Ստեփանյանի անվան» կրթաթոշակի արժանացավ ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի կուրսանտ, շարքային Վիգեն Հովհաննիսյանը՝ բարձր առաջադիմության, կարգապահության, հոգատարության, գերազանց վարքի համար։ Նա ընտրել է ռազմական բժշկի մասնագիտությունը, քանի որ մանկուց երազել է բժիշկ դառնալ, իսկ զինվորական գործի հանդեպ հետաքրքրությունն առաջացել է դպրոցական տարիներին։ Երբ եկել է ընտրություն կատարելու ժամանակը՝ որոշել է համատեղել և ընտրել ռազմական բժշկի մասնագիտությունը։ Կարծում է, որ այս մասնագիտության տեր մարդկանց կատարած աշխատանքն անգնահատելի է. «Չնայած մեծ պատասխանատվությանն ու դժվարություններին, ընտանիքիս անդամներն ուրախությամբ ընդունեցին ռազմական բժիշկ դառնալու իմ որոշումը»,- ընդգծում է Վիգեն Հովհաննիսյանը։ Ինչպես ինքն է կարծում՝ մեր երկրում ռազմական բժիշկների պահանջարկն արդիական է. «Նրանց մի ձեռքում բժշկական գործիքներն են, մյուս ձեռքում՝ զենքը»։
Վիգեն Հովհաննիսյանին ավելի սրտամոտ է վիրաբուժությունը, այդ իսկ պատճառով երկրորդ կուրսից ընտրել է վիրաբուժության ճյուղը և արդեն որպես ասիստենտ մասնակցել է վիրահատությունների, հերթապահել է հիվանդանոցներում։ 44-օրյա պատերազմի ընթացքում Վիգենը՝ որպես ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանող, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում տարբեր աշխատանքներ է իրականացրել, իր ուժերի ներածին չափով օգնել վիրավոր կամ հաշմանդամ դարձած մեր զինվորներին ու կամավորականներին։
«44-օրյա պատերազմը շատ ծանր էր մեր ամբողջ ժողովրդի համար, և նման պահերին բոլորը պարտավոր են կանգնել Հայրենիքի կողքին։ Մինչ մարտի դաշտում զինվորը պայքարում էր Հայրենիքի համար, հիվանդանոցներում «սպիտակ» բանակը պայքարում էր վիրավոր զինվորի կյանքի համար։ Եվ այստեղ է, որ առանձնացավ ռազմական բժիշկը, որի մի ձեռքին զենքն էր, մյուս ձեռքին՝ բժշկական նշտարը։ Ե՛վ 44-օրյա պատերազմը, և՛ կորոնավիրուսային ճգնաժամը իմ և շատ սկսնակ բժիշկների համար մի ժամանակահատված էր, որ մի կողմից սովորեցրեց կյանքին նայել ավելի հասուն աչքերով և հասկանալ դրա բարդությունը, մյուս կողմից՝ տվեց անգնահատելի փորձ հիվանդների և վիրավորների հետ շփվելու և բժիշկներին օգնելու հարցում»,- պատերազմական դաժան օրերն է վերհիշում Վիգեն Հովհաննիսյանը։ Նա կարծում է, որ բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտը պետք է օժտված լինի դժվար իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու կարողությամբ։ «Այս հինգ տարիների ընթացքում կրթվելով որպես ռազմական բժիշկ և շփվելով բժշկության տարբեր բնագավառներում հաջողության հասած ռազմական բժիշկների հետ, ես հասկացել եմ, որ հաջողության հասնելու ամենահուսալի երաշխիքը գիտելիքն է։ Ապագա ռազմաբժշկին ես խորհուրդ կտամ չսահմանափակվել բուհի տված գիտելիքներով, այլ նաև կրթվել ինքնուրույն և ամրապնդել ձեռք բերած տեսական գիտելիքները գործնական աշխատանքով»։ Վիգեն Հովհաննիսյանը նաեւ համալրում է բուհում ստացած գիտելիքները արտասահմանյան մասնագիտական գրականություն կարդալով, ինչը հնարավորություն է տալիս համեմատելու տվյալ հիվանդության բուժման եղանակները և հանգելու լավագույն արդյունավետ լուծմանը։
«Յուրաքանչյուր պատերազմ չարիք է, որը խեղում է հազարավոր մարդկանց ֆիզիկապես և հոգեպես։ Մեր սահմանները հսկող և անառիկ պահող քաջերն այսօր կատարում են սրբազան առաքելություն, նրանք չեն վախենում ոչնչից։ Նրանցից յուրաքանչյուրն այսօր պատրաստ է հանուն հայրենիքի, հայրենիքի պաշտպանության համար զոհասեղանին դնել ամենաթանկը՝ կյանքը։ Եվ վերջին պատերազմը ցույց տվեց, որ ռազմական բժիշկների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ փրկել և կյանք վերադարձնել հայրենիքի նվիրյալ շատ քաջ հայորդիների, հայրենիքի անձնուրաց պաշտպանների»։
Երիտասարդ մասնագետի հետագա ծրագրերը հիմնականում կապված են մասնագիտության հետ, անընդհատ սիրում է նոր բան սովորել, հետազոտել, ուսումնասիրել։
Շնորհավորելով ռազմական բժիշկներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Վիգեն Հովհաննիսյանը նշում է, որ այսօր բազմաթիվ ռազմական բժիշկներ, վտանգելով իրենց կյանքը, ծառայում են հայրենիքին։
«Ես ու իմ բոլոր համակուրսեցիները, ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները, մենք բոլորս նրանց կողքին ենք և հպարտ ենք, որ համալրելու ենք նրանց շարքերը։ Ռազմական բժշկի մասնագիտությունն այն եզակիներից է, որ երկու անգամ է երդվում՝ որպես բժիշկ և որպես զինվորական, միշտ կրկնակի պատասխանատվություն կրելով։
«Մենք միշտ պետք է արժանի լինենք ռազմական բժշկի բարձր կոչմանը»,- նշում է Վիգեն Հովհաննիսյանը։- «Զինվորական բժիշկը միշտ հաղթում է, երբ ապաքինված զինվորը վերադառնում է շարք»։
ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ
Խորագիր՝ #35 (1457) 09.11.2022 - 15.11.2022, Բանակ և հասարակություն