ՄԱՅՈՐ ՀԱՎՏՈՅԱՆԸ
Ուսումնական զորամասում գործնական դասաժամն անցկացնող մայոր Արման Հավտոյանը 44-օրյա պատերազմում և սեպտեմբերյան մարտական գործողություններում աչքի ընկած սպաներից է: Նշում է, որ փոքրուց ձգտել և փափագել է նմանվել արցախյան առաջին պատերազմի հերոսներին, հատկապես՝ Մոնթե Մելքոնյանին:
Գերազանց առաջադիմությամբ ավարտելով բուհն ու համալրելով ԶՈՒ շարքերը՝ Արմանը մինչև օրս չի դադարում զբաղվել ինքնակրթությամբ, օրեցօր կատարելագործում է մասնագիտական հմտությունները, ձգտում և մշտապես հայտնվում է լավագույնների շարքում:
-Հաշվի առնելով զինված ուժերի ներկայիս պահանջները և տեսնելով, թե ինչ ուղղությամբ են զարգանում մարտավարության նոր տեսակները,- ասում է փորձառու սպան,- մենք ամեն օր մի նոր բան սովորելու խնդիր ենք դնում մեր առջև: Տեղում դոփել չի կարելի. անդադար կրթվելու ու զարգանալու անհրաժեշտություն կա: Ստորաբաժանման մարտունակության և առաջընթացի գաղտնիքը միակուռ կոլեկտիվն է. սպա-զինվոր փոխհարաբերություններում անհրաժեշտ է լինել սրտացավ, ստեղծել վստահության մթնոլորտ, լինել արդար թե՛ պատժի, թե՛ խրախուսանքի դեպքում: Ամենակարևորը, որ ենթակա անձնակազմդ քո հանդեպ անվերապահ վստահություն ունենա, վստահ լինի նաև, որ մարտական գործողությունների ժամանակ դու ի զորու ես ճիշտ կառավարել իրենց: Այս ամենը շատ կարևոր է հատկապես մարտի դաշտում,- նկատում է մայորը:- Սա մեկ կամ երկու օրվա աշխատանք չէ. երկար ժամանակ է հարկավոր, որ հասնես դրան, որ զինվորդ իր կողքին քեզ առաջին հերթին որպես հրամանատար տեսնի, և հետո՝ որպես մարդ, որին կարելի է վստահել անձնական խնդիրները:
Պատերազմին մասնակից շատ սպաների նման Արմանն էլ չի սիրում պատմել դրա մասին: Փոխարենը խոսում, անթաքույց հպարտանում է իր հետ կռված զինվորներով.
-Երբեք չեմ մոռանա իմ զինվորներին մարտի դաշտում… Խաղաղ ժամանակ կարող է նայենք, ու մեզ թվա, թե 18-19 տարեկան, դեռ կյանք չմտած երիտասարդներ են: Բայց երբ մարտի դաշտում ես տեսնում նույն զինվորներիդ, հասկանում ես, որ կողքիդ հասուն տղամարդիկ են՝ քո դժվարությունները, վիշտը կիսող և քո հաջողություններով քեզ հետ հավասար ուրախացող մարդիկ, որոնք պատրաստ են ցանկացած մարտական խնդիր ստանձնելու ու լիարժեք կատարելու: Երբեք չեմ մոռանա այն հերոսական դրվագները, որոնց ընթացքում, անտեսելով ցավն ու կյանքին սպառնացող վտանգը, զինվորները նետվում և փրկում էին իրենց զինակիցների կյանքը…
Վերջին մարտական գործողություններից կառանձնացնեմ մեր հաշվարկի հրամանատար, սերժանտ Ուրուջանյանին, որն այս պահին էլ մարտական հերթապահության մեջ է: Նոր կրակած մարտական մեքենային հնարավոր չէ դիպչել, իսկ նա իր ձեռքերն այրելով՝ մեկը մյուսի ետևից արկերն էր լիցքավորում, ու ոչ մի վայրկյան չտրտնջաց, չասաց՝ հոգնեցի կամ՝ դժվար է, ձեռքերս այրվում են:
Նույնպիսի դրվագների ականատես եղա նաև 44-օրյա պատերազմի ժամանակ: Մի օր դաշտում վիրավոր ունեինք: Բուժկետի մեքենան արդեն դուրս էր բերել մյուս վիրավորներին, և այդ պահին ազատ մեքենա չկար: Վարորդներիցս մեկը, որ զինամթերքը բարձած «Կամազով» էր, թույլտվություն խնդրեց մտնելու դաշտ և դուրս բերելու վիրավորին: Ականապատ դաշտ մտավ իր «Կամազով» և պայթած մեքենայի կողքով անցնելով՝ դուրս բերեց վիրավոր զինվորին, փրկեց նրա կյանքը:
Պատերազմի դաշտում ցուցաբերած խիզախության համար Արման Հավտոյանն արժանացել է «Արիության» մեդալի: Ինքը՝ մայորը, ամենից կարևոր ձեռքբերումը համարում է այն, որ թե՛ 44-օրյա պատերազմի և թե՛ սեպտեմբերյան մարտական գործողությունների թոհուբոհով անցած ենթակա բոլոր զինվորները ողջ և առողջ վերադարձել են զորամաս, պատրաստ միասնաբար, նույն ոգով ու վճռականությամբ կրկին պաշտպանելու Հայրենիքը:
-Պատերազմից հետո իմ մեջ առավել ամրապնդվեց այն համոզմունքը, որ մենք ոչ մի վայրկյան հանգստանալու ժամանակ չունենք,- ասում է մայորը:- Պատերազմի ամեն մի դրվագ վերլուծելով՝ փորձում ենք այսօր էլ այն զինծառայողներին, որոնք չեն տեսել այդ ամենը, սովորեցնել, որ պատրաստ լինեն եւ անակնկալի չգան մարտի դաշտում: Եթե անգամ ամեն ինչ լավ են կատարում, չենք շտապում ասել՝ լավ է: Ասում ենք՝ ո՛չ, էլի խնդիր կա, էլի հղկելու բաներ կան, ու այդկերպ ձգտում ենք պարապմունքների արդյունքները հասցնել կատարելության:
Զինվորական ծառայությունը զուտ մասնագիտություն չէ. այն հարազատ բնօրրանի պաշտպանության անդուլ աշխատանք, առաքելություն է, առանց որի խաղաղությունն ու մեզ համար սովորական դարձած կենսակերպը պարզապես անհնար կլինեն:
Պատերազմից հետո իմ մեջ է՛լ ավելի ամրապնդվեց այն համոզմունքը, որ աշխատելու, անձնակազմին կրթելու, սովորեցնելու շատ բաներ ունենք, որովհետև ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք հակառակորդի ցանկացած գործողության դիմակայելու:
Ես այսօր չեմ պատկերացնում, թե ուրիշ որտեղ, ինչ համակարգում պետք է լինեի, որ զգայի, թե ինչ-որ բան կարողացել եմ անել մեր պետական սահմանները, մեր Հայրենիքը պաշտպանելու կարևոր գործի համար:
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ
Խորագիր՝ #35 (1457) 09.11.2022 - 15.11.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում