Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅԵԼ, ԱՆՍԽԱԼ ՈՒ ԱՆՎՐԵՊ ԳՈՐԾԵԼ…



ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅԵԼ, ԱՆՍԽԱԼ ՈՒ ԱՆՎՐԵՊ ԳՈՐԾԵԼ...Առաջնագծում, որտեղ ուշադրությունն ամենաանհրաժեշտ գործոնն է, օրն անցնում է շուրջօրյա հերթապահությամբ, ուսումնական տագնապով, զգոնության բարձրացմամբ: Ժամկետային զինծառայող Արտյոմ Անտոնյանը դիրքի ավագն է ու կրտսեր հրամանատարը։ Հենց նա է կազմակերպում ստորաբաժանման ամենօրյա ժամանակացույցը:

-Ամեն օր պարապմունքներ, ուսումնական տագնապներ ենք անցկացնում, որպեսզի հանկարծակի հարձակումների դեպքում յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու անելիքը։ Կազմակերպված ու հավաք լինելու պարագայում է միայն հնարավոր դիրքը լիարժեք պաշտպանել,- ասում է Արտյոմը:

Ինչպե՞ս վարվել, երբ հակառակորդը փորձում է լարել իրավիճակը, կրակահերթեր է արձակում։ Տղաներն իրենց պարտականություններն անգիր գիտեն, հարձակումների, սադրանքների դեպքում հրամկազմին զեկուցում ու պատասխան կրակ են արձակում։ Կանոնադրային հարաբերություններն այս դիրքերում ընտանեկան կենսակերպի նկարագիր ունեն։ Եղբայրական մթնոլորտն ամենահուսալի պաշտպանության հիմքն է։

 -Եթե ընտանիք չլինենք, հաջողության հասնել չենք կարող։ Միակ ճանապարհը փոխադարձ հարգանքն է, միմյանց ձեռք մեկնելը, այդպես կլինենք անկոտրում: Մեծ պատասխանատվություն է պետական սահմանին կանգնելը: Մեկ կարևոր գաղափար պետք է լինի. մեր տունը, յուրաքանչյուրիս տունը դիրքերից է սկսվում, ու եթե այստեղ տունը չպահենք, մեր մայրաքաղաքի ու գյուղի տունը պաշտպանելն անհնարին կլինի,-համոզված է  դիտորդ Հայկ Սուքիասյանը:

ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅԵԼ, ԱՆՍԽԱԼ ՈՒ ԱՆՎՐԵՊ ԳՈՐԾԵԼ...Տղաները մարտական հերթապահության երկու գերագույն արժեք են իմաստավորում՝ Հայրենիքն ու ազգի հարատևությունը։ Երկուսի համար էլ պայքարը շարունակվում է, և այդ պայքարի առաջամարտիկն էլ դիրքապահ ժամկետայիններն են։ Տղաները համոզվել են՝ իրենց ուսերին մեծ պատասխանատվություն է դրված, իրենց թերի ծառայությունը կարող է ճակատագրական լինել թիկունքի համար, հետևաբար, փորձում են առավելագույն նվիրումով իրենց պարտքը կատարել։ Եվ այս գիտակցումը յուրաքանչյուրին պարտավորեցնում է գերազանց ծառայել, անսխալ ու անվրեպ գործել, ժամանակին ու հարկ եղած դեպքում ժամանակից շուտ գործի անցնել:

Առաջնագծում դիրքապահները մարտական դիրքերի անվտանգությունն ապահովում են միմյանց օգնելով, և ամենակարևորը՝ հաստիքային զենքը մարտական վիճակում պահելով։ Զենքն առաջին ու ամենամոտ օգնականն է, որի նկատմամբ նույնպես պետք է ուշադիր ու հոգատար լինել։

– Զենքն է մեր վահանը, զենքն է թշնամուց մեզ պաշտպանողն ու թշնամուն ոչնչացնողը: Հետևաբար, նույնքան նվիրված էլ մենք մեր զենքին պետք է լինենք,- ասում է շարքային Ռամազյանը:

Զենքի, դիրքի, Հայրենիքի վերաբերյալ դիրքապահների պատկերացումներն ու դիտարկումները կարելի է լսել ու հետևություններ անել։

Հենակետում տղաները մեծ ոգևորությամբ են ծառայություն տանում:

-Երազանքս իրականություն դարձավ: Շատ էի ցանկանում բանակ գալ: Եղբայրներս, ավագ ընկերներս ծառայել են, մասնակցել են մարտական գործողություններին, ու հիմա մենք ենք նրանց գործը շարունակում։ Ես հպարտ եմ հայրենիքի պաշտպանի իմ կարգավիճակով,- ասում է ժամկետային Մուրադ Մանուկյանը:

ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅԵԼ, ԱՆՍԽԱԼ ՈՒ ԱՆՎՐԵՊ ԳՈՐԾԵԼ...Շաբաթներ անց կլրանա Մուրադի զինվորական ծառայության երկու տարին։ Փորձառու ժամկետայինը համառոտ նկարագրում է այն, ինչ տեսել, ապրել ու զգացել  է ծառայության երկու տարիների ընթացքում:

-Այս երկու տարին պարզապես ժամանակահատված չէր, կյանքի նոր շրջափուլ էր, որ ինձ համար դարձավ բաժանարար։ Բանակն ինձ փոխեց, կոփեց, կայացրեց, դարձրեց ավելի ուժեղ ու ինքնուրույն։ Բանակն ավելի իմաստավորեց սերը, նվիրումը Հայրենիքի, տան, մեր դիրքի նկատմամբ,- նշում է Մուրադը։

Դիրքը քո տունն է, որը պետք է սրբորեն պահես, պաշտպանես։ Եվ պաշտպանես առաջին հերթին հենց ամրացնելով, այդ տան յուրաքանչյուր հատվածը շենացնելով։ Քարը քարին դնելով։ Մարտական հերթապահություն իրականացնող այս ստորաբաժանումում համոզվել են, թե դիրքի կահավորումն ու ինժեներական հագեցվածությունը որքան մեծ դեր ունեն մարտական գործողություններ ծավալելիս:

-Հակառակորդի հարձակման դեպքում մենք անխոցելի դիտակետերից կարող ենք կրակ վարել, խրամաբջիջները հարմար են ու անվտանգ, նույնկերպ էլ թաքստոցներն են, որոնք նախատեսված են օդային հարձակումներից պաշտպանվելու համար.- վստահեցնում է Դավիթ Բաբայանը։

Այս դիրքում վերջին ամիսներին ռեկորդային արագությամբ ինժեներական ամրաշինական աշխատանքներ են իրականացվել։ Խրամատները խորացրել են, օդային, հրետանային հարվածներից պաշտպանվելու համար ենթակառուցվածքներ են ստեղծել։ Այս բոլոր աշխատանքները կատարվել են գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ալիկ Բաբայանի անմիջական մասնակցությամբ։

ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅԵԼ, ԱՆՍԽԱԼ ՈՒ ԱՆՎՐԵՊ ԳՈՐԾԵԼ...-Պատերազմն ստիպեց բազմապատկել ինժեներական կահավորման, դիրքերի ամրացման տեմպերը՝ հնարավոր հարձակումներին դիմագրավելու համար: Մեր դիմաց այնպիսի թշնամի է կանգնած, որ չգիտես՝ ինչ կլինի հաջորդ րոպեին, հաջորդ օրը, հետևաբար, այս հարաբերական խաղաղությունը պետք է օգտագործենք մեր դիրքերն ու խրամատները ամրացնելու, հզորացնելու, մեր կառույցներն է՛լ ավելի ամրակուռ դարձնելու ուղղությամբ,– ասում է մայոր Բաբայանը:

Մարտական պատրաստության, մարտունակության ապահովման դասերը, զրույցները, զինվորների հետ միասնական աշխատանքն ու ամենակարևորը՝ տարիների փորձը մայոր Բաբայանի մոտ կասկածի տեղ չեն թողել, որ հայ զինվորն, անկախ առկա  դժվարություններից,  անպարտելի է:

-Մեր զինվորն ուժեղ է, հզոր և անպարտելի։ Եվ սա արձանագրում եմ՝ տեսնելով նրանց սխրանքները և՛ մարտի դաշտում, և՛ մարտական հերթապահության բարձրանալիս, և՛ գիշերը դիտարկումներ անելիս։ Եվ մենք ամեն գնով առաջնագծում հուսալի հերթապահություն իրականացնելու համար նրանց պետք է ապահովենք հագեցվածության անհրաժեշտ բոլոր միջոցներով։ Շինարարական աշխատանքները կշարունակվեն։ Այս դիրքը մեր զինված ուժերում պետք է դառնա լավագույններից մեկը,- վստահեցնում է մայոր Բաբայանը:

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1457) 09.11.2022 - 15.11.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/11/2022