ԱՐՑԱԽԻ ՏՈՂ ԳՅՈԻՂԸ
Տողասար լեռան լանջին է գտնվում Հադրութի շրջանի գեղատեսիլ գյուղերից մեկը՝ Տողը։ Արցախի հնագույն պատմություն ունեցող գյուղերից է Տողը, որի մասին առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարում։ 10-րդ դարում ունեցել է 10 հազար բնակիչ։ 16-րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը։ Դիզակի տեր Մելիք Եգանը (Ավան) օսմանյան թուրքերի դեմ պայքարում ցուցաբերած եռանդի համար Նադիր շահից ստացել է Խամսայի երկրի գերագահությունը։ Նրա անունով Դիզակի մելիքության տերերն այնուհետև կոչվել են Մելիք-Եգանյաններ (Մելիք-Ավանյաններ), որոնց նստավայրն էր Տող ավանը։ Դիզակի մելիքությունը հարատևել է մինչև Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միացումը (1828 թ.)։ Դիզակի մելիքության սահմանները ձգվում էին Քիրս-Դիզափայտ լեռնագոտուց հարավ, մինչև Արաքս գետը՝ Քարավազի (Խուդափերին) կամրջի մոտ։ Մելիք Եգանը Դիզակ գավառի տիրակալն էր, Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչը, Մելիք-Եգանյանների տոհմի հիմնադիրը։ Մելիք արաբերեն նշանակում է տիրակալ, իսկ Եգանը Հովհաննես անվան աղճատված ձեւն է սյունեցիների բարբառում: Եգանի հայրը Գտչավանքի վանահայր Ղուկաս վարդապետն էր։ 1717 թ. Եգանն ընտրվում է Տող գյուղի տանուտեր։ Պարսկաստանի Թահմասպ 2-րդ շահին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար 1723 թ. Մելիք Եգանին շնորհվում է մելիքի տիտղոս։ 1724 թ. Կոստանդնուպոլսի պայմանագրով հայկական բնակավայրերը, այդ թվում՝ Արցախը, անցնում են Օսմանյան կայսրությանը, որից հետո Եգանը զրկվում է մելիքի տիտղոսից։ Թուրքերը հայաբնակ մարզերից ձերբակալում և Թուրքիա են աքսորում 7500 զինվորի ու սպայի։ Միայն Եգանին է հաջողվում փրկագնով կանխել Արցախի զինվորականների աքսորը։
Նադիր շահը Մելիք Եգանի խորհրդով ու աջակցությամբ կարողանում է հուսալի հիմքեր ստեղծել դեպի Հայաստան նոր արշավանքի համար։ Նադիր շահը այցելում է Էջմիածնի Մայր Տաճար, մասնակցում պատարագի, ծունկի գալիս և արցունքն աչքերին աղոթում քրիստոնյաների հետ, ինչը ցնցող տպավորություն է թողնում ժողովրդի շրջանում։
1732 թ. Մելիք Եգանը Իրանի դիվանագիտական պատվիրակության կազմում, որպես ռազմական կցորդ, որպես Նադիր շահի լիազոր ներկայացուցիչ, մեկնում է Սանկտ Պետերբուրգ, բանակցում է ցարուհի Աննա Յոհանովնայի հետ, խոստանում դեպի Հայաստան արշավանքի ժամանակ չանցնել 1724 թ. պայմանագրով հաստատված Ռուսաստանի սահմանը, իսկ արշավանքի ժամանակ անձամբ պաշտպանել ռուսների անվտանգությունը, ներդրումները, շահերը։ Ցարուհին խոստանում է չհարձակվել Պարսկաստանի դեմ, իսկ Եգանին շնորհում է ռուս գեներալի կոչում։ Այսպիսով, Նադիր շահը, համագործակցելով Մելիք Եգանի հետ, 1733 թ. սկսում է նոր արշավանք։ Նշանավոր է Եղվարդի ճակատամարտը, երբ 1735 թ. հունիսի 14-ին Մելիք Եգանի և Նադիր շահի համատեղ ուժերը փառահեղ հաղթանակ են տանում Սարը Մուստաֆա փաշայի զորքի դեմ։ Օսմանյան 40 000-անոց զորքը կոտորվում է։ Եղվարդի ճակատամարտում իրանական բանակի կազմում կռվում էին հայկական 6 զորախումբ՝ Մելիք Եգանի, Մելիք Շահնազարի, Մելիք Հակոբջանի և մյուս հայ մելիքների ղեկավարությամբ։ Եղվարդի ճակատամարտից հետո հայ-պարսկական զորքերը գրավում են Կարսից մինչև Կարին ու Բայազետ ընկած տարածքները։ Թուրքիան զորքերը դուրս է բերում Երևանի, Թիֆլիսի և Գանձակի բերդերից և Անդրկովկասից։ 1736 թ. Էրզրումում Իրանի և Թուրքիայի միջև կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան ճանաչում է Իրանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։
Հայաստանը թուրքերից ազատագրելուց հետո, Նադիր շահը արտոնություններ է շնորհում հայ առևտրականներին, հարկերից ազատում հայ եկեղեցուն և գյուղացիներին։ Մելիք Եգանին շնորհում է խանի տիտղոս և հայկական 6 մելիքությունների վրա կարգում բեկլարբեկի (իշխանաց իշխան)։ Եգանի պահանջով ազատվում են նաև նախորդ պատերազմից հետո գերված և Թուրքիա աքսորված 7 500 հայ գերիները։
Րաֆֆու «Խամսայի մելիքությունները» գրքում հետաքրքիր մի պատմություն կա, որ մեծ վիպասանը լսել է Տող գյուղի ծերունիներից։ Պատմում են, որ Նադիր շահը սովորություն ուներ հաճախակի այցի գալ Մելիք Եգանի տուն, իսկ Մելիքի տան հյուրասիրության և ճոխ սեղանների մասին գիտեին ամբողջ Արցախում։ Մի անգամ շահը կամենում է, որ ճաշին իրեն թարմ սունկ հյուրասիրեն։ Թեև ձմեռ էր, և Արցախի անտառներում այդ ժամանակ դժվար էր թարմ սունկ գտնել, այնուամենայնիվ, Մելիք Եգանը ցույց է տալիս, թե Նադիր շահի փափագը կատարված կլինի։ Եվ ահա ճաշի ժամանակ, երբ շահը պահանջում է իր ցանկացած կերակուրը, Մելիքի սպասավորները նրա առաջ դնում են մի մատուցարան՝ մեջը լիքը ոսկի։ «Ես սունկ էի կամենում,- ասում է շահը»։ «Մենք առանց սունկի էլ կարող ենք հագենալ,- պատասխանում է Մելիքը,- իսկ ձեր զինվորներին ոսկի է հարկավոր թշնամու դեմ պատերազմելու համար»։ Մելիք Եգանի պատասխանը խիստ գոհացնում է Նադիր շահին, և նա հաճույքով ընդունում է ոսկիները։
Նադիր շահը հաշվի էր նստում Մելիք Եգանի հետ, նրան կոչելով Բաբալըղ (հայրացու)։
…Տող գյուղում մի հին սովորույթ է պահպանվել, ըստ որի՝ գյուղում յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան օրը երեխայի հայրը հողի մեջ թաղում էր կարմիր գինով լի մի մեծ կարաս (մոտավորապես 150-300 լիտր), և այդ կարասը բացում էին 15-20 տարի անց, երբ երեխան ամուսնանում էր։ Իսկ մեկ այլ ավանդության համաձայն՝ որդուն պատերազմ ուղարկելիս ծնողները նրա պատվին ծառ էին տնկում։ Դարերի ընթացքում այդ ծառերը վեր էին ածվում ընդարձակ այգիների երբեմնի քարքարոտ լանջերում։
Գյուղում և շրջակայքում կան բազմաթիվ նշանավոր հուշարձաններ, պատմամշակութային կարևոր կոթողներ։ Ամենանշանավորը, թերևս, Գտչավանքն է (XII դ.), որին արդեն անդրադարձել ենք առանձին հոդվածով։ Գյուղում են գտնվում Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Սուրբ Վարդան, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցիները, Մելիքական ապարանքը, բազում արձանագիր տապանաքարեր, ժայռափոր խաչեր, խաչքարեր։
ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ ԵԿԵՂԵՑԻ
Տող գյուղի հարավային գերեզմանատան «Եղցու խութ» կոչվող բարձունքին է կառուցված Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին։ Կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, միայն հայտնի է, որ Մելիք Եգանն ու նրա որդին նորոգել են եկեղեցու տանիքը (1747 թ.), այդ մասին վկայում է եկեղեցու ճակատային մասի արձանագրությունը. «Թվ. ՌՃՂԶ (1747)։ Յիշատակ է սուրբ ըՍտեփանոս եկեղեցուս գլուխն, որ նորոգեց Մելիք Եգան և որդին Մելիք Եսային։ Յիշատակ հոգոյ»։ Եկեղեցու պատերի մեջ ագուցված բազմաթիվ հին բեկորների վրա կան տարբեր գրություններ, որոնցից պահպանված ամենահին գրությունը 1421 թվականի է։
Եկեղեցու տեղում, ենթադրվում է, որ եղել է ավելի հին եկեղեցի, որն ամբողջովին քանդվել է, և որի քարերը օգտագործվել են նոր եկեղեցու կառուցման ժամանակ։ Նման շատ օրինակների կարելի է հանդիպել Արցախի 16-18-րդ դարերի հուշարձանների պարագայում, քանի որ 14-15-րդ դարերի արհավիրքներից վնասված եկեղեցիների տեղերում կառուցվում էին նորերը։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին նշանավոր է նրանով, որ նրա պատերի մեջ տեղադրված են բազմապիսի զարդաքանդակներով 51 խաչքարեր։
Թաղածածկ փոքր եկեղեցի է Սուրբ Ստեփանոս Նախավկան՝ կառուցված կրաքարով։ Արցախյան եկեղեցիներում հիմնական շինանյութը կրաքարով միաձուլված անմշակ և կիսամշակ քարն է, սակայն մեզ են հասել նաև աղյուսի համադրմամբ կառուցված եկեղեցիներ։ Ինչ վերաբերում է արցախյան եկեղեցիների շարվածքում սրբատաշ քարի հազվադեպ հանդիպելուն, ապա սա բացատրվում է տեղական քարատեսակների որակական հատկանիշներով։ Արցախը որքան հարուստ է կրաքարով և ավազաքարով, նույնքան աղքատ է բազալտի և գրեթե զուրկ՝ տուֆի հանքավայրերից, որոնց մշակման գաղտնիքներին գերազանցորեն տիրապետող արցախցի քարագործ վարպետները, որպես կանոն, նախընտրում էին դրանք գործածել անմշակ կամ կիսամշակ վիճակում։ Եկեղեցիներում սակավադեպ հանդիպող սրբատաշ շարը իրականացված ենք տեսնում թաղակիր հատվածներում, այն էլ առավելաբար կամարի անկյունաքարերում։
Տող գյուղի կանգուն եկեղեցիներից է Խաչս Վարդան եկեղեցին, որ նաև Անապատ է կոչվում։ Ավարայրի ճակատամարտի հերոս Վարդան զորավարի անունը սրբություն է եղել հայ ժողովրդի համար, և Հայաստանի տարբեր շրջաններում նրա պատվին կառուցվել են եկեղեցիներ, մատուռներ և խաչքարեր։ Կառուցման թվականը անհայտ է։ Եկեղեցու տարածքում կան խուցերի ավերակներ. անցյալում այս եկեղեցին եղել է կույսերի անապատ, որից էլ ստացել է անվանումը։ Եկեղեցու հարավային կողմի գերեզմանատունը Մելիք-Եգանյանների տոհմային հանգստարանն է, և այստեղ է թաղված Մելիք Բախտամը։ Այս գերեզմանատան տապանաքարերը կարծես մարդկային կերպարանք ունենան, որոնց նայելիս հիշում ես հայկական ժողովրդական ասացվածքը, թե՝ «Ամեն մի հայ մի քար է»։
ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Տող գյուղի բարձրադիր թաղում է կառուցվել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Ամենայն հավանականությամբ, եկեղեցին կառուցել է Մելիք Եգանը 17-րդ դարի վերջում, դարձյալ հին եկեղեցու տեղում։ Թաղածածկ հոյակերտ այս սրբավայրը Տող գյուղի գահանիստ եկեղեցին է, որտեղ անցկացվում էին կրոնական բոլոր ծեսերն ու պատարագները։ Եկեղեցու հարավային կողմի պատին կից շինված էր մի նեղ և երկար մատուռ-դամբարան, որի մեջ ամփոփված էին Դիզակի գավառի մելիքներն ու մելիքազունները։ Այս տապանատանն են ամփոփված Մելիք Եգանի հայր Ղուկաս վարդապետը (1715), Մելիք Եգանը (1744), Մելիք Արամը (1745), Մելիք Եսային (1781) և Մելիք Արամի որդի Բաղր Բեկը (1789)։
1736 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Աբրահամ Կրետացին, որն Իրանին հպատակ երկրների հոգևոր առաջնորդների հետ Մուղանի դաշտում մասնակցում էր Իրանի գահը հափշտակելու համար ղուրուլթայ հրավիրած Նադիր շահի թագադրության արարողությանը, շուրջ մեկ շաբաթ հյուրընկալվել է Տող գյուղում, որի մասին կաթողիկոսն ինքն անձամբ է պատմում իր «Պատմություն» երկում։ (Ղուրուլթայը քաղաքական կարևորագույն հարցերի լուծման համար հրավիրված համագումարն էր)։ Կաթողիկոսը նախ նշում է, թե ինչպես Մուղանի դաշտում նշվեց Սուրբ Ծնունդը և ապա գալով Տող՝ նաև Բարեկենդանի տոնը։ Նա պատմում է, որ արարողությանը մասնակցում էին պարսկական բանակի հայ զինվորներ, իսլամական շեյխեր, խաներ, հարյուրապետներ, ավելի քան 300 մարդ հայ և այլազգի։ Տոնակատարություններից հետո Աբրահամ Կրետացին անցնում է Հադրութ, որտեղից էլ վերադառնում է Վաղարշապատ։
Տողի հնաբնակները պատմում են, որ իշխանների սերունդներից մի մարդ բռնությամբ մահմեդականություն է ընդունել, որից հետո ապաշխարել է և ի նշան ճշմարիտ հավատի՝ կառուցել է գյուղի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Վարդան Անապատ եկեղեցիները։
ՄԵԼԻՔԱԿԱՆ ԱՊԱՐԱՆՔԸ
Արցախի պատմության ուշագրավ իրադարձություններով լեցուն մելիքական շրջանը բնորոշվում է ամրոցակերպ բնակարանների, ապարանքների կառուցումով։ 16-18-րդ դարերում Արցախում մելիքական իշխանության հաստատման ու ամրապնդման շնորհիվ ապարանքների շինարարությունը լայն թափ է ստանում։ Դրանց մի մասի վերաբերյալ պատկերացում ենք կազմում պատմական սկզբնաղբյուրներից, մյուս մասն էլ պահպանվել է կիսավեր վիճակում։ Մելիքական ապարանքներ կառուցվել են Արցախի համարյա բոլոր շրջաններում, որոնցից առավել հայտնի են Տողի, Ականաբերդի, Քաշաթաղի, Խնածախի, Գյուլիստանի, Հոռեկավանքի մելիքական ապարանքները։
Հադրութի շրջանի Տող գյուղի պատմական հուշարձանների շարքում առանձնահատուկ տեղ ունի Մելիքական ապարանքը, որն ըստ պահպանված արձանագրության կառուցվել է 1737 թվականին և պատկանել է Դիզակի Մելիք Եգանին։ Ապարանքի ընդունարանի մուտքի վիմագիր արձանագրության մեջ ժամանակագրական կարգով հակիրճ նկարագրված են նրա իշխանության օրոք տեղի ունեցած հիշարժան որոշ իրադարձություններ. «ՌՃՁԶ (1737)։ Այս ընդունարանը հիշատակ է։ Այսպես է, որ ես Ղուկաս վարդապետի որդիս, որ իմ անունն է Մելիք Եգան, նախապես ժողովուրդը հավաքվեց և ինձ քյոխվա (տանուտեր) կարգեց։ Դրանից հետո, երբ երկիրը խառնակության մատնվեց, շահ Սուլթան-Հուսեյնի որդի շահ Թահմասպ թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա բերեց սրանց [վրա] ինձ մելիքություն տվեց։ Այնուհետև օսմանցին եկավ և [երկիրը] նրա ձեռքից վերցրեց։ Սրան էլ այս չափ ծառայություն ցույց տվի, որ երբ բերին Դիզակ, ես չթողեցի, որ Հայաստանից գերի գնան։ Արաղից [Կենտրոնական Իրան] շահ Նադիր զորեղ թագավորը իր զորքով եկավ, երկիրը օսմանլուի ձեռքից առավ։ Նրան էլ այնքան ծառայություն մատուցեցի, որ նա քրիստոնյա ազգի 6 մահալների (մելիքությունների)՝ Թալիշի, Չարաբերդի, Խաչենի, Վարանդայի, Քոչիզի և Դիզակի վրա, ինձ որպես խան և բեկլարբեկի կարգեց, շնորհ արեց։ Ով հետո կարդա, այս գրությունից իմանա, որ մեր որպիսությունը այսպես է եղել և թող մի ողորմի ասի։ Եղավ։ Ամեն»։
Մելիքական ապարանքը կառուցված է սպիտակ և դեղնավուն մշակված կրաքարերով։ Բարձր պարիսպներով շրջապատված բակում կան գինու և ջրի մի քանի խոշոր կարասներ, հացահատիկի ստորգետնյա պահեստներ։
1991 թ. հոկտեմբերի 30-ին հայկական ինքնապաշտպանական ուժերն ամբողջությամբ ազատագրեցին Տող գյուղը։ Ավա՜ղ, 30 տարի անց գյուղը կրկին հայտնվեց ադրբեջանական վերահսկողության ներքո… Այժմ գրեթե ոչինչ հայտնի չէ իշխանանիստ Տողի և այնտեղ գտնվող բազմաթիվ հուշարձանների ճակատագրի մասին։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #36 (1458) 16.11.2022 - 22.11.2022, Հոգևոր-մշակութային