Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ



ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՐՆոյեմբերի 22-ին «Ազատագրական բանակի» լեգենդար հրամանատար, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 80 տարեկան: Մի առիթով «Կարին» ազգագրական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր Գագիկ Գինոսյանը շատ դիպուկ ու պատկերավոր ասել է. «Այդ ազնիվ ու վեհ, ազատագրող ու հաղթանակող մարդը կոչումների կարիք չուներ. նրա կոչումը ի վերուստ էր տրված։ Նա մի ամբողջ ժողովրդի համար դարձավ արժեհամակարգ: Դարձավ փարոս ու լուսատու մի երկրի համար, որ գոյի պայքարի մեջ էր…»:

Մեր ժողովրդի համար ապրելու օրինակ ու գոյության ուղեցույց դարձան ոչ միայն Լեոնիդ Ազգալդյանի հերոսական կյանքը, այլև նրա մտքերը, պատգամները, որոնք Հայրենիքը սիրելու ու հարազատ ժողովրդին նվիրվելու նոր չափանիշներ սահմանեցին:

Վարդենիս, Նոյեմբերյան, Կոռնիձոր, Շահումյան, Գետաշեն, Մարտակերտ… Այս և այլ բնակավայրերի պաշտպանության ժամանակ տաղանդավոր հրամանատարն ու իր քաջերը  սխրանքների նոր ասքեր նվիրեցին մեր հաղթանակների հերոսապատումին: Լեոնիդ Ազգալդյանը անթերի ղեկավարեց եւ հաղթանակով ավարտեց 27 ռազմական գործողություն՝ իր անունը հաստատելով հայ մեծ զորականների կողքին:

Լեոնիդ Ազգալդյանի կյանքը հերոսական, հաղթանակած, վեհ ու արժանապատիվ մարդու պատմություն է: Աննկուն հրամանատարի խոսքերը մեր հավաքական ուժի, Հայաստանի հավերժության, Հայրենիքի հանդեպ յուրաքանչյուր հայի պարտքի, միասնականության, զորության, հավատի, միմյանց ու հայրենիքի հանդեպ մեծ սիրո և համազգային նպատակների մասին որպես մարգարեություն, որպես պատգամ այսօր էլ յուրաքանչյուր հայի սրտում են և շուրթերին: Եվ Հայաստանը հզոր, պաշտպանված, ծաղկուն ու երջանիկ տեսնելու մեծ հայի, մտավորականի ու հրամանատարի երազանքն իրականություն կդառնա նոր սերնդի, գալիք սերունդների  ջանքերով, որոնք արդեն գիտեն, թե ինչ ծանր գին է վճարվել իրենց ազատ, անկախ ու հզոր Հայրենիք ունենալու իրավունքի համար…

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #37 (1459) 23.11.2022 - 29.11.2022, Ճակատագրեր


25/11/2022