Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը մշտապես գրանցում է ԱՊՀ տարածքում հակամարտություններ հրահրելու՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի մի շարք երկրների փորձերը: «Մեր հատուկ ծառայությունների ընդհանուր խնդիրն այժմ արևմտյան երկրների ապակառուցողական գործողություններին դիմակայելն է մեր պետությունների տարածքում»,- ասել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Ռուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հոկտեմբերին կրկնապատկվել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասնելով 2,16 տոննայի։ Հիմնականում գնվել է ոսկի պարունակող հումք հետագա վերամշակման համար: Դրամական արտահայտությամբ մատակարարումների ծավալը հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 1,8 անգամ՝ հասնելով 330 միլիոն դոլարի։ Սակայն Ռուսաստանը դեռ չինական շուկայում այս թանկարժեք մետաղի խոշոր մատակարարը չէ. նույն ժամանակահատվածում Շվեյցարիան Չինաստան է ուղարկել 26,5 մլրդ դոլարի ոսկի։

Եվրամիությունը մտադիր է ընդլայնել տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանը շրջանցող նոր տրանսպորտային միջանցքների կառուցման միջոցով։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգութան քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ Ռուսաստանը և Չինաստանը շարունակում են կարևոր դեր խաղալ Կենտրոնական Ասիայում, միևնույն ժամանակ, տարածաշրջանի երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել առևտրային և արտաքին քաղաքական հարաբերությունները՝ Եվրամիությունը դիտարկելով որպես առավել հարմար գործընկեր։ ԵՄ-ն փորձում է օգտվել այդ փոփոխություններից, առավել ևս, որ վերջին տասը տարում տարածաշրջանում ներդրել է ավելի քան 100 մլրդ եվրո:

Լեհաստանի ԱԳՆ-ն մերժել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Լեհական կողմի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է առավելագույնս մեկուսացած լինի միջազգային հարթակներում։ Բացի այդ, ռուս խորհրդարանականներին մերժել էին վիզա տրամադրել՝ մասնակցելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին: ՌԴ ԱԳՆ-ն Լավրովի մասնակցությունը մերժելու Լեհաստանի որոշումն աննախադեպ և սադրիչ է անվանել, նաև անհամատեղելի մի կազմակերպության հետ, որին որպես ինքնիշխան և անկախ պետություններ մասնակցում են 57 երկրներ՝ լիակատար հավասարության պայմաններում։

«Ուկրաինայում գործող իշխանությունը փոխելը Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության նպատակը չէ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ Մոսկվան Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ցանկանում է հասնել իր նպատակներին և հասնում է դրանց։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Սթոլտենբերգը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն ցանկանում է Ուկրաինայի համար ընդունելի խաղաղության համաձայնագրի հասնել, ուստի անհրաժեշտ է համարում մեծացնել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը՝ հաշվի առնելով ռուսական հարվածների հետևանքները Եվրահանձնաժողովը ուսումնասիրում է ռուսական պետական և մասնավոր սեփականության բռնագրավման իրավական տարբերակները՝ որպես փոխհատուցում Ուկրաինայի վերականգնման համար։

Բալթյան նավատորմը ձմռանը մի քանի տասնյակ խոշոր զորավարժություններ կանցկացնի։ Վարժանքներին կներգրավվեն տանկային և մոտոհրաձգային, հակաօդային պաշտպանության, կապի, հրետանային, հետախուզական և ծովային ավիացիայի ստորաբաժանումներ։

«Կիևի ռազմական հաջողություններից հետո Մոսկվայի հետ բանակցություններ վարելու հարցում Ուկրաինային համոզելու Արևմուտքի փորձերը տարօրինակ են և հավասարազոր են հանձնվելու պահանջին»,- ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

Ըստ Ամերիկյան լրատվամիջոցների՝ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջերս սկսել են Ուկրաինային կոչ անել քննարկել բանակցությունների տարբերակը, ինչը Զելենսկին մերժել է: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նույնպես Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների վերսկսման հույս ունի:

ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին Կիևին և Մոսկվային կոչ է արել ձմռանն ընդառաջ քաղաքական լուծում գտնել, քանի որ ռազմական հաղթանակի շանսերը քիչ են:

«Ռուսական գազի տարանցման «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների վնասված հատվածներում հետաքննության ընթացքում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի հետքեր»,- հայտնել է Շվեդիայի դատախազ Մատս Յունգվիստը: Շվեդական հետաքննության տվյալները հաստատում են գազատարի պայթեցման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։

Լեհաստանում անցկացվում են ՆԱՏՕ-ի «Bull Run-19» ամենամյա համատեղ մարտավարական զորավարժությունները Ռուսաստանի Կալինինգրադի մարզի և Բելառուսի հետ սահմանակից տարածքներում:

 

Իրան

 

Իրանի զինված ուժերը հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում քրդական այն ուժերի դիրքերին, որոնք Իրանում արգելված են և համարվում են ահաբեկչական: ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Իրանի հրթիռային հարվածները և Թեհրանին կոչ արել ձեռնպահ մնալ հետագա սպառնալիքներից և ուժի կիրառումից։

Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է ութ նոր նավթավերամշակման գործարան կառուցելու ծրագրերի մասին։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Թեհրանի բարդ պահանջները թուլացրել են Իրանի միջուկային գործարքի վերականգնման հնարավորությունը։

Իրանն էլ Ֆորդոյի միջուկային օբյեկտում սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի հակաիրանական բանաձևի:

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի էլեկտրական ցանցերի սինխրոնացման նախագիծն ընթացքի մեջ է». հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանը։ Աշխատանքների ավարտը կօգնի կայունացնել Իրանում էներգետիկ համակարգը։ Նշված երկրները քննարկում են նաև էլեկտրաէներգիայի փոխանակման հարցը։

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ, ծովակալ Ալի Ֆադավին ասել է. «Իրանն ունի ռազմական տեխնոլոգիաներ, որոնց մասին ոչ ոք չգիտի: Ամերիկացիները կիմանան դրանց մասին, երբ կիրառենք»։ Նա հպարտությամբ նշել է, որ Իրաքի հետ պատերազմի ժամանակ Իրանի զինված ուժերն իրենց ամբողջ զինտեխնիկան ներմուծում էին դրսից, մինչդեռ այժմ երկիրը մեծ առաջընթաց է գրանցել սեփական պաշտպանական կարողությունների ստեղծման հարցում։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին նշել է, որ Թեհրանը դրական ազդակներ է ստանում Բաքվից այն համատեքստում, որ հարևանների հետ երկկողմ հարաբերություններում իրենց համար սկզբունքային է փոխադարձ հարգանքը, հարաբերությունների ամրապնդումը և երկկողմ համագործակցությունը։

Իրանի հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նշել է, որ Իրանը երբեք մտադրություն չի ունեցել ներխուժելու Ադրբեջան կամ վերահսկողության տակ առնելու այն։

 

Թուրքիա

 

Էրդողանի գնահատմամբ՝ կողմերի վճռականության և կամքի շնորհիվ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները թևակոխել են զարգացման նոր փուլ՝ հիմնված շահերի փոխադարձ հարգանքի վրա։ Իսկ Իսրայելի կառավարությունը կազմելու համար մանդատ ստացած «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն Ռուսաստանում և Ուկրաինայում Թուրքիայի միջնորդական ջանքերը որակել է՝ «նշանակալի ողջ աշխարհի համար»։

Թուրքիան նավթալցանավերից ապահովագրություն կպահանջի իր ջրերով անցնելիս, ինչը կարող է սահմանափակել ռուսական նավթի հոսքը: Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան դեկտեմբերին պատժամիջոցներ են մտցնում ռուսական նավթի մատակարարման դեմ, ինչը կտրուկ կազդի արդյունաբերական ստանդարտ ապահովագրության մատչելիության վրա: Ապահովագրությունը ծածկում է ամեն ինչ՝ նավթի արտահոսքից մինչև բախումներ: Թուրքիան, ըստ էության, ձգտում է պաշտպանել իր շահերը, բայց դա կազդի նաև Ռուսաստանից արտահանվող նավթի տարանցման վրա:

Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Թուրքիայի կառավարությունը ցուցադրել է տեղեկատվական հոսքերը փակելու և հանրային բանավեճերի հանդեպ պետական վերահսկողություն սահմանելու կարողությունը. սոցիալական ցանցերը արագ անհասանելի են դարձել, իսկ հեռարձակողները միջադեպի մասին տեղեկություններից միանգամից անցել են այլ թեմաների։ Սահմանափակումները փաստում են վերջերս ընդունված «ապատեղեկատվության մասին օրենքով» պետական մարմիններին տրվող նոր լայն լիազորությունները, որոնք հատկապես ընտրություններից առաջ գրաքննության հնարավորություն են տալիս:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում և Սիրիայում մոտ 70 մարտական և օժանդակ ինքնաթիռների ու անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ օդային գործողության արդյունքում 89 թիրախի ոչնչացման մասին: Նշվում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը գործել են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության իրավունքի համաձայն: Թիրախավորվել են Քրդստանի բանվորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների ռազմակայաններն ու շտաբները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտնել է, որ թուրքական զինված ուժերի գործողությունները չեն սահմանափակվի օդային հարվածներով, և շուտով բոլորը ականատես կլինեն Թուրքիայի նոր կարեւոր քայլերին: Միաժամանակ, նա դժգոհություն է հայտնել Սիրիայի հարցում ԱՄՆ մոտեցումների առնչությամբ. «Մեզ վշտացնում է այն փաստը, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցը վերջին տարիներին զինամթերքով և զենքերով հազարավոր բեռնատարներ է մատակարարել Սիրիայի այն շրջաններ, որտեղ գործում են ահաբեկիչները: Մենք կշարունակենք գործել այնպես, ինչպես պահանջում է Թուրքիայի ազգային անվտանգությունը։ Ոչ մի զիջում»,- ասել է նա։ Էրդողանը մեղադրել է նաև Ռուսաստանին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Սիրիան ահաբեկիչներից մաքրելու պարտավորությունները չկատարելու համար։

Թուրքական «Yeni Safak» թերթի տվյալներով՝ գործողությունը նախատեսվածից մեկ օր շուտ է անցկացվել, քանի որ ամերիկացի զինվորականները Անկարայի ծրագրերի մասին տեղեկություններ էին ստացել և կարող էին խանգարել դրանց իրականացմանը։

«Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում սեփական անվտանգության ապահովման հետ կապված Թուրքիայի մտահոգությանը, սակայն բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ իրավիճակը բարդացնող քայլերից»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Ադրբեջան

 

Ադրբեջանական բանակում անցկացվել են ցուցադրական մարտավարական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ:

Ադրբեջանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Բենի Հանցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բաքվի և Թել Ավիվի միջև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։ Հանցը նշել է, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա և երախտագիտություն է հայտնել Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշման առթիվ։

Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալությունը (ANAMA) և ԱՄՆ Միջազգային օդատիեզերական ինժեներական կորպորացիան (IAEK) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ականներից և պայթուցիկ նյութերից տարածքների մաքրման ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Ռուսաստանն ու Ադրբեջանը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել երկրների միջև պետական սահմանի անցակետերի համակարգված զարգացման վերաբերյալ։

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը։

Բաքվում կայացել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ռուս-ադրբեջանական XI միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նիստում էլ Միխայիլ Միշուստինը տարբեր ոլորտներում երկու պետությունների համագործակցության զարգացման վերաբերյալ նշել է. «Վերջին տարիներին բարեկամության և գործընկերության կապերն է՛լ ավելի են ամրապնդվել։ Համագործակցությունն իսկապես ռազմավարական և դաշնակցային բնույթ է ստացել»:

BBC գործակալությանը մեղադրել են ադրբեջանական բռնապետությանն արդարացնելու մեջ՝ երկրի իշխող ընտանիքի աջակցությամբ նկարահանված եւ բրիտանական նավթագազային հսկա «British Petrolium»-ի հովանավորությամբ նկարահանված ֆիլմի ցուցադրությունից հետո:

Ադրբեջանցի գործարար Ֆարհադ Ահմեդովը ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով։ Նա Forbes-ի վարկածով 2022 թ. ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակում զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը 1,7 մլրդ դոլար կարողությամբ: Ահմեդովը նաև Եվրամիության ու Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ հայտնված ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում է։

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ադրբեջանական SOCAR-ի հետ նոր պայմանագրի համաձայն սկսել է գազ մատակարարել Ադրբեջանին։ Մինչև 2023 թ. մարտ ամիս նախատեսված մատակարարումների ծավալը կկազմի մոտ 1 միլիարդ խորանարդ մետր։

Գերմանիան հակասություններ չի տեսնում Ադրբեջանից գազ գնելու Եվրամիության ծրագրերում, նույնիսկ, եթե այն ռուսական ծագում ունենա։

Բաքվում մեկնարկել է Անհատական գործընկերության ծրագրի շրջանակում անցկացվող «ՆԱՏՕ-ի օրեր» միջոցառումը, որի շրջանակում նշվել է Ադրբեջանի՝ որպես ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերոջ դերը ահաբեկչության դեմ պայքարում եւ միջազգային խաղաղապահ առաքելություններում:

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #37 (1459) 23.11.2022 - 29.11.2022, Տարածաշրջան


25/11/2022