Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՈՉՄԱՆՆ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ



ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՈՉՄԱՆՆ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸՌազմաբժշկական ծառայությունը ձեւավորվեց պատերազմների թոհուբոհերում՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ ու դժվարություններ:

Արցախյան ազատամարտի տարիներին հայաստանյան տարբեր բուժհիմնարկներ վերածվեցին զինվորական հոսպիտալների։ Երևանի երկրորդ բուժսանմասն էլ, համալրվելով բժշկական սարքավորումներով, վերակազմավորվեց, վերածվեց բազմապրոֆիլ զինվորական հոսպիտալի:

-Հոսպիտալում վիրավորների հոսքը օր օրի, ժամ առ ժամ մեծանում էր, աշխատում էինք գիշերուզօր, սուղ միջոցներով՝ վիրակապական նյութերի, դեղերի պակաս կար, հաճախ հոսանք չէր լինում, մարմրող-թրթռացող լամպի լույսի ներքո բժիշկները վիրահատություններ էին կատարում, ապաքինում եւ շարք վերադարձնում հայրենյաց պաշտպաններին,- հեռավոր 90-ականների դեպքերն ու դրվագներն են վերհիշում կայազորային հոսպիտալի երկարամյա աշխատողները:

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՈՉՄԱՆՆ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ-44-օրյա պատերազմի ժամանակ կիրառվող զինատեսակներից (անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), հեռահար հրետանի), ստացած վիրավորումներն էապես տարբերվում են 90-ականների ռազմադաշտային վիրավորումներից. ներկայումս հիմնականում ականապայթյունային, բազմաբեկորային, համակցված վիրավորումներն են գերակշռում, սակայն բուժաշխատողի մարտական խնդիրն ու հոգու պարտքը նույնն է՝ ժամ առաջ ոտքի կանգնեցնել հայրենյաց պաշտպանին,- նշում է Երեւանի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Երվանդ Հովհաննիսյանը։

Գրեթե երկու տասնամյակ զինված ուժերում է Երվանդ Հովհաննիսյանը: Ծառայել է առաջնագծի տարբեր հատվածներում, ծառայությունն սկսելով ամենացածր օղակում՝ զորամասի բուժկետում, հասել է մինչեւ կայազորային հոսպիտալի պետի պաշտոնին:

Բժիշկների ընտանիքում է մեծացել՝ բժիշկ է հայրը, եղբայրը, իսկ այժմ նաեւ դուստրն է շարունակում ընտանեկան ավանդույթները:

Ինքն իրենց գերդաստանի առաջին զինվորական բժիշկն է, կատակով ասում է՝ երկու երդման ներքո եմ ծառայում՝ Հիպոկրատի եւ զինվորական, բայց եւ շեշտում է՝ կրկնակի պատիվ է ու կրկնակի պատասխանատվություն:

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՈՉՄԱՆՆ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ44-օրյա պատերազմի անմիջական մասնակից է. անձնվեր գործունեությունը գնահատվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» մեդալով:

Մարտական գործողությունների ժամանակահատվածի ծառայողական բնութագրում նշված է. «Բ/ծ փոխգնդապետ Երվանդ Հովհաննիսյանն անձամբ է ղեկավարել հոսպիտալի լրահամալրումը պատերազմական հաստիքներով, մարտական ախտահարումով հոսպիտալ ընդունվողների հոսքերի կառավարումը, տեսակավորումը, որակավորված բուժօգնության ցուցաբերման եւ ռազմաբժշկական փորձաքննության գործընթացը, ակտիվորեն մասնակցել է զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության այլ դաշտային ստորաբաժանումների կազմավորման ու կիրառման աջակցմանը: Բարդ, բազմախնդրային իրավիճակներում կողմնորոշվել է արագ եւ ճիշտ, առաջադրված խնդիրները կատարել բարձր արդյունավետությամբ, ինչի շնորհիվ ապահովել է իր ղեկավարած զորամասի մարտունակությունը…. »:

-Բացազատված դաշտային հոսպիտալի մեր ուժերն ու միջոցները մոտեցրել էինք առաջնագծին, որ կարողանայինք հնարավորինս շուտ եւ արդյունավետ օգնություն ցուցաբերել, վճռորոշ էր ամեն րոպեն ու վայրկյանը, եւ հենց դա էլ երաշխիք հանդիսացավ, որ բազմաթիվ կյանքեր փրկվեին,- ընդգծում է ռազմական բժիշկը:

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՈՉՄԱՆՆ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ…44-օրյա պատերազմն աննախադեպ էր իր ծավալներով, հակառակորդը գործի էր դրել իր ամբողջ զինանոցը եւ ոչ միայն իր:

Մարտական գործողությունների ընթացքում բժիշկները, բուժակները, սանհրահանգիչները, սանիտար վարորդները, վտանգելով իրենց կյանքը, տարհանում, բուժում, փրկում էին մահվան ճիրաններում հայտնված մարտիկներին՝ հավատարիմ մնալով իրենց մարդասիրական կոչմանն ու առաքելությանը:

-Պատերազմի օրերին հիացել-հպարտացել եմ 18-20 տարեկան զինվորների կամքի ուժով եւ վճռականությամբ, նրանց ոգեղենությամբ: Անասելի տպավորված եմ նաեւ մեր բուժանձնակազմի անպարագրելի նվիրումից. ամբողջ անձնակազմը մի մարդու նման անվարան պատրաստ էր թե՛ առաջնագծից վիրավորների տեղափոխելուն-տարհանելուն, թե՛ անմիջապես՝ հենց առաջնագծում աշխատելու,- վերհիշում է բ/ծ փոխգնդապետ Հովհաննիսյանը: Ո՛չ գիշեր կար, ո՛չ ցերեկ, անքուն գիշերներ էինք լուսացնում, ըստ վիրավորումների ծանրության աստիճանի՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերում: Ե՛ւ հոգեբանորեն էր ծանր, ե՛ւ ֆիզիկապես, բայց ամեն դժվարություն հետին պլան էր մղվում, մեկեն թոթափվում էր հոգնությունը, երբ հերթական վիրավորի վիճակը կայունանում էր…

Բուժանձնակազմի անդուլ ջանքերի, տիտանական աշխատանքի շնորհիվ որքան օջախներում հույսն ու լույսը չմարեց…

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՈՉՄԱՆՆ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ***

Երեւանի կայազորային հոսպիտալի անձնակազմը պատերազմի օրերին հսկայածավալ աշխատանք է կատարել, երկու ճակատում մաքառել. պայքար էր մղվում նաեւ անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի դեմ:

-Այդ դժվարագույն ժամանակահատվածում հոսպիտալը գործել է որպես մեկ ամբողջական օրգանիզմ, ամեն օղակ, ամեն բաժանմունք ջանք ու եռանդ չի խնայել իրենց առաջադրված խնդիրները ժամանակին եւ որակով կատարելու համար. յուրաքանչյուր գրանցված հաջողություն, յուրաքանչյուր ձեռքբերում արդյունք է համախմբված, թիմային աշխատանքի:

 

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՈՉՄԱՆՆ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ***

Երեւանի կայազորային հոսպիտալն այսօր էլ իր արժանի տեղն ունի հանրապետության լավագույն բժշկական հաստատությունների շարքում:

Հոսպիտալը սպասարկում է զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, ազատամարտիկներին, մարտական գործողությունների մասնակիցներին, զինթոշակառուներին… Ցանկացած հիվանդի տրամադրվում է մասնագիտացված որակյալ բուժսպասարկում, ժամանակակից բուժսարքավորումների շնորհիվ կատարվում է մանրակրկիտ եւ լիարժեք հետազոտություն: Բաժանմունքները համալրված են նեղ մասնագիտական պատրաստվածություն ունեցող բժիշկներով:

-Մեր բժշկները պարբերաբար վերապատրաստվում են, մասնակցում տարբեր գիտաժողովների, ինքնակրթվում: Մասնագիտական ունակությունները, ինչ խոսք, շատ կարեւոր ու առաջնային են, բայց չափազանց կարեւորում ենք նաեւ բուժանձնակազմի հոգատար, ուշադիր, համբերատար ու սրտացավ վարվեցողությունը: Մի տաք խոսքը, անկեղծ ու ջերմ վերաբերմունքը եւս ամոքիչ են, հազար դեղահաբ արժեն,- բանաձեւում է բուժծառայության փոխգնդապետն ու հավելում:-Նոյեմբերի 17-ին զինվորական բժիշկների օրն էր, պատեհ առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ ծառայակից գործընկերներիս, ընտանեկան եւ մասնագիտական երջանկություն ցանկանում: «Սպիտակ բանակի» մարտիկներին մաղթում եմ հաղթանակ բոլոր ճակատներում…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (1459) 23.11.2022 - 29.11.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/11/2022