ԱՆԻՄԱՑԻԱՅԻ ԱՐՔԱՆ
1901 թվականի դեկտեմբերի 5-ին, Չիկագոյում, իռլանդացի վտարանդիների բազմազավակ ընտանիքում ծնվեց մուլտիպլիկացիայի ապագա հանճար Ուոլտ Էլիոտ Դիսնեյը: Նրա հայրը` Էլիաս Դիսնեյը, զբաղվում էր մանր շինարարական բիզնեսով, սակայն գումարը չէր բավարարում, ընտանիքը ապրում էր չքավորության մեջ: Ուոլտը շատ վաղ տարիքում է սկսել աշխատել` ութ տարեկան հասակում նա նամակներ և գովազդային թռուցիկներ էր բաժանում, լրագրեր և ամսագրեր էր առաքում: Ամբողջ վաստակած գումարը հայրը վերցնում էր նրանից: Սակայն Ուոլտը չէր տրտնջում, փոխարենը, գտնելով նոր բաժանորդ, թաքցնում էր հորից, և այդպես ձևավորում իր չնչին եկամուտը: 1918թ. աշնանը Ուոլտը փորձեց զինվորագրվել` առաջին Համաշխարհային պատերազմին մասնակցելու համար: Անչափահաս լինելու պատճառով մերժելով` նա որպես կամավոր միացավ «Կարմիր խաչ»-ին և մեկնեց արտասահման, որտեղ անցկացրեց մեկ տարի` աշխատելով որպես Շտապ օգնության մեքենայի վարորդ: Մեքենայի ռազմական քողարկիչ գույները նրա սրտով չէին, և նա ամբողջ մեքենան պատել էր ծաղրանկարներով և մուլտ հերոսների նկարներով: Վերադառնալով տուն` Ուոլտը սկսեց աշխատել հոր ընկերությունում` որպես գիշերային պահակ: Պաշտոնը նրան հարմար էր, քանի որ հնարավորություն էր տալիս զբաղվելու նկարչությամբ, ինչը նրան գրավում էր դեռ վաղ տարիքից: Մոտ մեկ տարի նա սովորում է Կանզաս-Սիթիի գեղարվեստական ինստիտուտում, այնուհետև Չիկագոյի գեղեցիկ արվեստների Ակադեմիայում:
1919թ. Ուոլտը լրագրերից պատահաբար իմացավ, որ փոքրիկ կազմակերպությանը, որը զբաղվում է գովազդային գործունեությամբ, պահանջվում է օժանդակ աշխատող: Դիսնեյը ցույց տվեց իր նկարները, և նրան անմիջապես ընդունեցին աշխատանքի: Ուոլտը սկսում է ստեղծել իր առաջին գովազդային ֆիլմերը: Ժամանակի ընթացում Դիսնեյը Կանզաս-Սիթիում բացում է անիմացիայի իր առաջին արվեստանոցը` «Laugh-O-Gram», որտեղ նրա գործընկերն ու գլխավոր անիմատորը դարձավ Աբ Այվեռկսը: Կարճամետրաժ անիմացիոն մուլտերը, որոնք ստեղծում էր Ուոլտը, ճանաչում բերեցին նրան գովազդի ոլորտում, սակայն ոչ ոք դրանք չէր գնում, և շուտով ընկերությունը սնանկացավ:
1923 թվականի օգոստոսին Ուոլտ Դիսնեյը լքեց Կանզաս-Սիթին և մեկնեց Հոլիվուդ` չունենալով ոչինչ, բացի, պատրաստի մեկ անիմացիոն-խաղարկային ֆիլմից, մի քանի նկարներից և 40 դոլար էլ՝ գրպանում: Նրա եղբոր` Ռոյ Օլիվեր Դիսնեյի մոտ, որ ավելի վաղ տեղափոխվել էր Կալիֆորնիա, կար 250 դոլար: Նրանք միացրին իրենց միջոցները, պարտք վերցրին ևս 500 դոլար և Հոլիվուդում ստեղծեցին փոքրիկ անիմացիոն ստուդիա` «The Walt Disney Company»-ին: Շուտով եղբայրները Նյու-Յորքից ստացան կարճամետրաժ մուլտֆիլմերի առաջին պատվերը և սկսեցին իրենց պրոդյուսերական գործունեությունը:
1928թ. Ուոլտ Դիսնեյը ստեղծեց պատմության մեջ առաջին ձայնային մուլտիպլիկացիոն ֆիլմը` «Վիլլի շոգենավիկը», որտեղ գլխավոր դերում էր Միկկի Մաուսը:
Միկկի Մաուս մկնիկին, որ նկարել էր Աբ Այվեռկսը, սկզբում կոչում էին Մորտիմեր: Առաջին ժապավեններում Դիսնեյն ինքն էր կրկնօրինակում մկնիկի ձայնը: 1929թ. Դիսնեյը սկսեց աշխատել «Ուրախ սիմֆոնիաներ» ֆիլմաշարի վրա, և 1938թ. արդեն նկարահանել էր ավելի քան 70 սերիա՝ ներառելով «Կմախքների պարը» (1929), «Անճոռնի բադիկը» (1932), «Երեք խոզուկները» (1933): Այս ֆիլմերում հայտնվում է Պլուտո շնիկը (1930), Գուֆի շունը (1932), ինչպես նաև Դոնալդ Դակ բադիկը (1934): Այս ֆիլմերի ստեղծման ժամանակ առաջին անգամ Ուոլտը անիմացիա ներմուծեց տեխնիկոլորը (սևուսպիտակ նկարները կարմիր ու կանաչ ներկելու միջոցով ուզածդ գույնը ստանալու տեխնոլոգիա, որը հայտնագործվել է 1917թ.):
Երբ Դիսնեյը 14 տարեկան էր, Կանզաս-Սիթիում տեսնում է կարճամետրաժ համր մուլտֆիլմ Սպիտակաձյունիկի մասին, որն ամբողջ կյանքում մնում է նրա հիշողության մեջ: 1934թ. աշնանը Դիսնեյը Գրիմմ եղբայրների հեքիաթի հիման վրա սկսեց ուրվագծել «Սպիտակաձյունիկը» մուլտֆիլմի սցենարը: 1973թ. դեկտեմբերի 21-ին Ամերիկայի կինոթատրոնների էկրաններին առաջին անգամ ցուցադրվեց Դիսնեյի լիամետրաժ անիմացիոն ֆիլմը` «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»: «Սպիտակաձյունիկը» Դիսնեյին հսկայական հաջողություն բերեց` ճանաչում, 8 մլն. դոլար եկամուտ և պրոֆեսիոնալ մամուլում հիացական արձագանքներ:
Դրան հաջորդեց «Պինոկիոն» (1940)՝ 19-րդ դարի իտալացի գրող Կառլո Կոլլոդիի հեքիաթի հիման վրա: Հանդիսատեսը հիացած էր, քննադատները` նույնպես: Հաջողությունը տիտանական աշխատանքի արդյունք էր. որպեսզի առավել բնական նկարեն տեսարանը, երբ Պինոկիոն փորձում է փախչել կետից, նկարիչները երկար ժամանակ ուսումնասիրում էին իսկական կետերի վարքը և շարժումները:
Բացի նկարչի հսկայական տաղանդից, Ուոլտը խիստ բծախնդիր կառավարիչ և կազմակերպիչ էր: Նա մեծ ուշադրություն էր դարձնում կադրերի ընտրությանը և բեմադրական գործընթացի կազմակերպմանը:
Դեռ 1935թ., երբ Դիսնեյի ստուդիայում ֆիլմերի արտադրությունը սկսեց արագ թափ ստանալ, նա հայտարարեց նկարիչների մրցութային հավաքագրում, որին ներկայացավ 6000 հոգի: Քրտնաջան աշխատանքի արդյունքում նա ընտրեց 10-ին: Քանի որ պահանջվող որակավորում ունեցող նկարիչ-մուլտիպլիկատորները շատ քիչ էին, ստիպված պետք էր նրանց վերապատրաստել: Եվ Ուոլտը սկսեց անձամբ դասավանդել իր աշխատակիցներին և սկիզբ դրվեց այսպես կոչված դիսնեյական դպրոցին: Հոգնելով ֆիլմերի ստեղծման բազմամյա արդյունաբերությունից, նա հայտնվեց նոր գաղափարի «ճիրաններում». ստեղծել զվարճանքների զբոսայգի:
Այդ գաղափարն առաջին անգամ ծնվեց այն ժամանակ, երբ նա իր մանկահասակ դստրիկների հետ զբոսնում էր զբոսայգում: Ի դեպ՝ նա ամուսնացել է 24 տարեկանում, 8 տարի անց ծնվել է նրա աղջիկը` Դայանա Մերին, իսկ չորս տարի անց, չկարողանալով ունենալ երկրորդ երեխան, նրանք որդեգրեցին Շերոն Մեյին: Աշխատանքից ազատ իր ամբողջ ժամանակը նա նվիրում էր ընտանիքին:
Փորձելով գումար գտնել նախագծի իրականացման համար` Դիսնեյը դիմում է կապիտալի այնպիսի աղբյուրի, ինչպիսին հեռուստատեսությունն է: Այն ժամանակ շոու-բիզնեսի այդ ճյուղը համարվում էր զվարճանքներից գրեթե զուրկ ոլորտ: Մանկական զբոսայգու ֆինանսավորման համար 5 մլն դոլարի դիմաց Դիսնեյը պայմանագիր կնքեց «Էյ-Բի-Սի»-ի հետ` հեռուստատեսություն բերելով «Միկկի Մաուսին»:
Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել և՛ «Էյ-Բի-Սի»-ի համար, և՛ «Ուոլտ Դիսնեյ ընկերության» համար, և՛ ամերիկացի հեռուստադիտողների: Դիսնեյը շատ արագ դարձավ հեռուստատեսային մագնատ, իսկ Դիսնեյլենդը` Ամերիկայի տեսարժան վայրերից մեկը: Ամեն տարի այնտեղ այցելում է ավելի քան 5 մլն մարդ: 1963 թվականին Դիսնեյը սկսեց ավելի ֆանտաստիկ գաղափարի իրագործման գործընթացը` այսպես կոչված «X նախագիծը»: Նա Ֆլորիդայում գտավ համապատասխան հողակտոր և մաս-մաս գնեց այն` հնարովի ընկերությունների անունից: Ի վերջո «Ուոլտ Դիսնեյ ընկերության» սեփականություն դարձավ մի հողաբաժին, որը երկու Մանհեթենի չափ տարածք էր: Այդտեղ սկսվեց «Դիսնեյի աշխարհ» Walt Disney World նոր զբոսայգու շինարարությունը: Բացումը տեղի ունեցավ 1971 թվականի հոկտեմբերին, Դիսնեյի մահից հետո:
1966 թվականի դեկտեմբերի 15-ին Դիսնեյը մահացավ Լոս-Անջելեսում, թոքերի քաղցկեղից: Նրա անունը կրող ընկերությունն ընդունեց ռազմավարական որոշում` իրենց ֆիլմերում բացառել ծխախոտի ցուցադրումը:
Ուոլտ Դիսնեյը պատմության մեջ առաջին ձայնային, առաջին երաժշտական և առաջին լիամետրաժ մուլտֆիլմերի ստեղծողն է: Իր յուրահատուկ, լարված կյանքում Ուոլտ Դիսնեյը, որպես ռեժիսոր, նկարահանել է 111 ֆիլմ և եղել է 576 կինոգործի պրոդյուսեր: Կինոարվեստի ոլորտում Դիսնեյի արժանիքները նշանավորվել են «Օսկարի» 29 մրցանակով և ուրիշ շատ մրցանակներով ու պարգևներով:
1968 թվականին Դիսնեյը հետմահու պարգևատրվեց ԱՄՆ բարձրագույն պարգևով` Կոնգրեսի Ոսկե Մեդալով: The Walt Disney Company-ին (TWDC), որը Ուոլտ Դիսնեյը հիմնել է 1923 թվականին, համարվում է աշխարհի ամենաթանկ տասը բրենդներից մեկը: TWDC վարում է ակտիվ գործունեություն 172 երկրում և ներկայացնում է 1300 ռադիո և հեռուստատեսային ալիք, որոնք հեռարձակվում են 53 լեզուներով: TWDC մեջ մտնում են Walt Disney Pictures, Walt Disney Animation Studios, Pixar Animation Studios, Disney Theatrical Productions-ը, որը զբաղվում է մյուզիքլների, սառցե շոուների և կամերային երաժշտական ներկայացումների բեմադրությամբ: Disney Publishing Worldwide (DPW) հրատարակչական բաժինը հրատարակում է ինտերակտիվ և աուդիո գրքեր, խաղային մոդուլներով խաղեր, զարգացնող և ուսուցանող գրքեր, ինչպես նաև տարբեր ձևաչափերով էլեկտրոնային գրքեր: Այսօր ամբողջ աշխարհում գոյություն ունի Դիսնեյի զվարճանքների հինգ զբոսայգի` Disneyland Resort Կալիֆորնիայի նահանգում, Walt Disney World Resort Ֆլորիդայում, Tokyo Disney Resort Ճապոնիայում, Disneyland Resort Paris Փարիզում և Hong Kong Disneyland Հոնկոնգում: Հաջորդ Disneyland-ը կկառուցվի Շանհայում, որի առաջին քարը դնելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2011 թվականի սկզբին:
Պատրաստեց ԺԱՆՆԱ ՖՈՒՐՏՈՅԱՆԸ
ենթասպա