ԺԱՄԵՐՈՎ ՆԱՅՈՒՄ ԷՐ ՃԱԽՐՈՂ ԱՂԱՎՆԻՆԵՐԻՆ…
Կապիտան Արայիկ Թովմասյանն ու նրա երկու որդիները՝ Հայկ Թովմասյանն ու Մանվել Թովմասյանը, 44-օրյա պատերազմի օրերին առաջնագծում էին: Հայկը հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 8-ին, Մանվելը կռվեց մինչև պատերազմի ավարտը: Այսօր Արայիկ Թովմասյանը, ինչպես ինքն է կոչում իրեն, մարտական հրամանատար է, պաշտպանում է Հայրենիքի սահմանը:
…Լույսը թրթռաց աչքերին: Նոր արթնացած միտքը մի պահ դեգերեց՝ տնից դիրք, դիրքից տուն: Տանն եմ՝ վերջապես հիշեց, երեկ հերթապահության վերջին օրն էր: Հետո զգաց անկողնու թավշյա հպումը, ներքնակի փափկությունն ու հաստատ որոշեց՝ տանն եմ: Բայց միտքը դիրքից չէր պոկվում: Մտապատկերում տղերքը սեղանի շուրջ խմբված սուրճ էին խմում՝ Դավիթը, Անդրանիկը, Սերոբը… Գարիկը ինչ-որ բան էր պատմում, ու բոլորը ծիծաղում էին բարձրաձայն: «Իմ զորքը,- մտածեց խանդաղատանքով,- երկիր պահող իմ տղերքը»: Ինչքան տարբեր էին իրարից, երբ զորակոչվեցին, հիմա ինչքան նման են իրար: Եկան, որդեգրվեցին Հայրենիքին ու դարձան Հայրենիքի հարազատ զավակը: Զավակ բառը մի անգամ էլ թրթռաց քնի ու արթնության սահմանին, միտքը պոկեց դիրքից, տարավ անցյալ…
Մանվելն ու Հայկը գիտեին, թե երբ է վերադառնալու դիրքից, առավոտ շուտ, քնաթաթախ, մազերը՝ խռիվ, փափուկ ու անուշահոտ գալիս-լցվում էին անկողինը: Ու կյանքն՝ այնքան պարզ, աշխարհն այնքան հասկանալի էր դառնում: Բոլոր երկվությունները նահանջում էին, բոլոր կասկածները փարատվում:
…Լեսին սկսեց ավելի բարձր հաչել: Արդեն 15 օր է՝ չի գնացել Հայկի մոտ: Եթե ինքը մի քիչ էլ պառկած մնա, շունը մեն-մենակ ճանապարհ կընկնի: Լեսին Հայկի շունն է: Ինքն ինչքան էլ սիրեց, ինչքան էլ խնամեց, Լեսին իր շունը չդարձավ: Ու հիմա կատաղի հաչոցով արթնացնում է, որ գնան Հայկի մոտ:
Աչքերը՝ կիսափակ, շոշափելով փնտրեց-գտավ զինվորական համազգեստը: Հայկի մոտ պիտի զինվորական համազգեստով գնա… Դեռ փոքր տղա էր: Եկավ կանգնեց իր դիմաց ու մեծ, խելոք աչքերը դեմքին հառած՝ հարցրեց. «Ինչո՞ւ ես ուզում զինվորական դառնալ, զինվորականի աշխատանքը ավելի լա՞վն է, քան պատմության ուսուցչի՞նը»: Ինքը մի պահ չիմացավ՝ ինչ պատասխանի: Հայկը սիրում էր պատմություն, առանց հոգնելու ժամերով լսում էր հայոց թագավորների հաղթական ճակատամարտերի մասին ու այնպիսի ներշնչված-հիացած հայացքով էր նայում իրեն: «Զինվորականի գործը ավելի կարևոր է այս պահին»,- պատասխանեց: Հայկը մռայլվեց: «Երբ Հայրենիքը վտանգի մեջ է, երբ թշնամին սպառնում է քեզնից խլել ամենաթանկը, Հայրենիքի պաշտպանությունը դառնում է ամենակարևոր գործը»,- բացատրեց:
Մանվելին ու Հայկին տանում էր դիրքեր: Տղաները խրամատում մեծացան: Ցույց էր տալիս թշնամու դիրքերը, թշնամու զինվորներին ու ասում. «Նրանց ոտքը չպիտի հպվի քո հողին: Նրանք չպիտի անցնեն այս սահմանը: Ու նրանց ճանապարհը փակելը քո պարտքն է, որովհետև դու տղամարդ ես»:
…Դրսում խայտաբղետ աշուն էր: Ծառերի վրա ինչ գույն ասես չկար: Լեսին՝ ծույլ ու հոգնած՝ պառկել էր արևի տակ ու նայում էր հարցական: «Մտնեմ Հայկի ծաղկանոցը, ու գնանք»,- ասաց շանը: Հայր ու տղա մրցում էին: Ամեն մեկն իր ծաղկանոցն ուներ, ու մրցում էին, թե ում ծաղկանոցն է ավելի գեղեցիկ: Մանվելը նայում էր զարմացած: Մանվելն ընդամենը մեկ տարով էր մեծ Հայկից, համարյա տարեկիցներ էին, բայց այնքան տարբեր էին իրարից: Հակապատկերներ էին և՛ արտաքինով, և՛ բնավորությամբ: Հայկը թուխ էր, Մանվելը՝ շեկ, Հայկը խաղաղ էր, հավասարակշռված, Մանվելը բռնկուն ու կռվարար: Հայկը զգացմունքային էր, Մանվելը՝ պրագմատիկ… Ու զարմացած նայում էր, թե հայր ու տղա ինչպես են սիրում իրենց ծաղկանոցը:
…Ծաղիկների բույրը դիպավ ռունգերին: Թփերի վրա դեռ վարդեր կան: Ծաղկանոցը պետք է տեղափոխել Հայկի մոտ, վաղուց էր որոշել, գարնանը կտանի: Հայկի մոտ հաստատ ավելի լավ կաճեն: Նստեց քարին ու սկսեց պոկել թոշնած վարդերը: Թուփը մեկեն թարմացավ: «Աղունիկներին էլ նայենք ու գնանք»,- ասաց Լեսիին, որ պոչը քարշ տալով, դժգոհ պտտվում էր հետևից:
Մի անգամ հպարտությամբ ասաց որդիներին. «Իմ հայրը Էջմիածնի ամենալավ ղուշբազներից է եղել, նրա աղունիկները ամենասիրունն էին»: «Ես էլ եմ աղունիկ սիրում»,- ասաց Հայկը: Մի օր էլ եկավ, թե՝ ուզում եմ աղունիկ պահել: Սկզբում 10 հատ էին, հետո ավելացան: ….Բացեց դուռը, աղունիկները միմյանց հրմշտելով՝ դուրս եկան բնից, մի քանի րոպե շորորացին ծառերի տակ, հետո մեկը մյուսի հետևից թռան օդ: …Հայկը ժամերով նայում էր, թե ինչպես են ճախրում աղավնիները: Մի օր հարցրեց. «Էդքան ի՞նչ ես նայում, Հա՛յկ ջան»: «Աղունիկներից էնքան բան կա սովորելու: Հավատարմություն, ազնվություն, ազատասիրություն, քաջություն: Գեղեցիկ են, որովհետև նաեւ արժանապատիվ են»,- ասաց Հայկը:
… Գլուխը բարձրացրեց: Սպիտակ աղավնիները սահուն պտույտներ էին գործում արևոտ երկնքում: Երբ թշնամին վերևից կրակ էր թափում, երբ ծուխն ու մոխիրը խլում էին Երկինքը, ինքը փակում էր աչքերը, որ պատկերացնի աղավնիների ճախրանքը կապույտի վրա: Ու այդ պատկերը նրան ամենաօրհասական պահին անգամ հույս էր տալիս: Նա այդ պատկերի համար էր կռվում իր քաջերի հետ, այդ պատկերը դարձել էր Հայրենիքի, խաղաղության, ազատության ու բարօրության խորհրդանիշը:
…Իր վաշտը փառահեղ կռվեց: Փաստորեն, ինքն ու Հայկը կռվում էին կողք կողքի, Մանվելը մի քիչ հեռու էր, բայց ինքն ու Հայկը՝ երկուսն էլ Ջրականում էին: Հայկը իր զինվորը չէր, ինքը ուրիշ զինվորների կյանքն էր փրկում՝ առաջին հարվածը իր վրա ընդունելով: «Ուրիշի զինվոր չի լինում»,- ուղղեց ինքն իրեն: Իր վաշտի յուրաքանչյուր զինվոր իր հարազատն էր, իր զինակիցը, իր եղբայրը: «Հո վախեցած չե՞ք»,- հարցնում էր Մանվելին ու Հայկին: Գոռալով էր հարցնում, կոպիտ էր հարցնում: «Ես վախեցողներին տուն եմ ուղարկում, մոր մոտ: Մարդ սրանցից կվախենա՞: Չգիտեմ՝ դուք ոնց, մենք հնձում ենք»: «Մենք էլ»,- ասում էր Հայկը: «Մենք էլ»,- հավատացնում էր Մանվելը:
Իսկ թշնամու անօդաչուների մասին երեքն էլ լռում էին: Ոչ ոք չէր ասում, որ երկնքից հրե անձրև է թափվում:
Մի օր Հայկը շատ տխուր էր. «Մոտիկ ընկերոջս ոտքը աչքիս առաջ կտրվեց»: «Մյուս ոտքը կա՞»: «Հա՛, մյուս ոտքն առողջ է»: «Բա կարելի՞ է դարդ անել մի բանի համար, որից 2 հատ ունես»: Ու ծիծաղեց բարձրաձայն: Հայկը չարձագանքեց: «Հա՛յկ, պատերազմ է»,- լրջացավ: «Գիտե՛մ»,- ասաց Հայկը:
…Լեսին նորից սկսեց գռմռալ: «Գնում ենք, համբերի՛», -սաստեց շանն ու առաջ ընկավ: Լեսին վազեց հետևից:
Փողոցները դատարկ էին: Ուշ աշուն էր գյուղում, մարդիկ այգու բարիքներն ամբարել, փակվել էին տներում: Չգիտես ինչու հիշեց, որ Հայկը պոստերում ծաղիկներ էր ցանել: Ծաղիկներ՝ զենքերի ու ատելության կողքին: Զինակից ընկերներն ասում են՝ մի փոքրիկ շուն ուներ, որի հետ կիսում էր ճաշը: Շունը ամեն անգամ սպասում էր, որ Հայկը բերի իր բաժինը: Հիմա որտե՞ղ է շունը, ու արդյոք ծաղիկները ծաղկեցի՞ն այս տարի….
Քամին խաղում էր տերևների հետ ու մի ծանոթ երգ էր երգում հին օրերի մասին: Ինքը, Մանվելն ու Հայկը հավաքում էին այգու չորուկներն ու այրում: Սիրում էին միասին աշխատել աշնանային այգում: Ու թե հանկարծ սխալվեր ու գովեր մեկին, մյուսը փշոտվում էր: Հոր սիրո համար զուսպ, բայց համառությամբ մրցում էին իրար հետ: Հայկն ասում էր՝ «Գովիր, գովիր, քո առաջնեկն է, բա ո՞նց»: Մանվելն ասում էր. «Քո փայ տղան է, քո կեսը»:
Ինքը ծիծաղում էր ի սրտե: Մի օր (էլի աշուն էր, այգում էին) Հայկն ասաց. «Ուզում եմ դերասան դառնալ»: Ինքը մի պահ կորցրեց խոսելու ունակությունը: Ակամա նայեց իր ուսադիրների աստղերին. «Իմ տղան՝ դերասա՞ն… Մետր 90 բոյով դերասան կլինի՞, ափսոս չե՞ս»:
… «Հասանք, Լեսի»: Հայկը կանգնած էր բոյով մեկ, զինվորական համազգեստով, ՊԿ-ն ձեռքին: Էն ՊԿ-ն, որով կրակեց մինչև վերջին շունչը: Մինչև բոլոր ընկերների բարեհաջող նահանջը: Ու ինքը մենակ մնաց թշնամու ահռելի ոհմակի առաջ: …Շունը պառկեց խոտերին ու սկսեց խուլ վնգստալ: «Մի՛ նվա հերոսի կողքին»,- գոռաց շան վրա: Հետո մոտեցավ, համբուրեց որդու ճակատը: «Բարև, տղա՛ս: Երեկ եմ իջել դիրքերից: Տղերքը սարի պես կանգնած են, տղերքը կենդանի դիրք են, կենդանի ամրոց, կենդանի վահան: …Տղա՛ս, հպարտ ու ձիգ կանգնիր. մենք ինչ ունեինք, տարանք սահման: Երեք տղամարդ էինք տանը, երեք կյանք ունեինք, երեքն էլ նվիրեցինք Հայրենիքին, Բայց Հայրենիքը քոնը վերցրեց: Հայրենիքը ամենալավն է վերցնում. Հայրենիքը գիտի իր արժեքը:
Իմ գլուխը բարձր է, տղա՛ս: Որքան էլ ցավս մեծ է, ոչ մի բանի համար չեմ զղջում: Մենք ամեն ինչ ճիշտ ենք արել:
… Շուտով ինձ զինվորներ են տալու, ժամկետայինների հրամանատար պիտի լինեմ: Մտածում էի՝ ինչի՞ց սկսեմ մեր զրույցը, ի՞նչ պատմեմ իմ մասին, հետո որոշեցի, որ քո մասին եմ պատմելու, որովհետև դու ամենալավն ես, որ ես ունեմ, ամենապատվելին, ամենաթանկը: Իմ հպարտությունը: Ես նրանց ցույց կտամ քո «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը ու կասեմ, որ դու այն երանելիներից ես, ով բաց չթողեց բացառիկ հնարավորությունը՝ կռելու Հայրենիքի փառքն ու ինքն իրեն հերոս օծելու:
… Հիմա ես ու քո Լեսին լավ ընկերություն ենք անում: Աղունիկների հետ էլ եմ լեզու գտել: Հիմա քո ծաղկանոցն ամենալավն է, ինչքան էլ մրցենք, դու ես հաղթելու:
…Մի օր ես զինվորներիս հետ կգամ քեզ մոտ: Երբ զինվորներիս հետ գամ, իմացի՛ր, քեզ մեր հաղթության ավետիսն եմ բերելու:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #38 (1460) 30.11.2022 - 6.12.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում