Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸ



ՌԱԶՄԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸԱռաջին արհեստավարժ ռազմական թղթակիցները հայտնվել են Ղրիմի ռազմական գործողությունների ժամանակ: 1850-ական թթ. «Թայմս»-ի թղթակից Ուիլյամ Ռասսելը 22 ամիս «դեպեշե»-ներ՝ շտապ լուրեր էր ուղարկում Լոնդոն Սևաստոպոլի մատույցներից: Ռազմական թղթակիցներ են եղել գրողներ Հեմինգուեյն ու Օրուելը, Սիմոնովն ու Տվարդովսկին և շատ ու շատ ուրիշներ: Անգամ Ուինսթոն Չերչիլը երիտասարդ տարիներին փորձել է դառնալ ռազմական թղթակից: Արհեստավարժ լրագրողների համար պատերազմը միշտ էլ փորձություն է. ինչպե՞ս պահպանել օբյեկտիվությունը և արդյոք արժե՞ պահպանել այն, եթե հակամարտող կողմերից մեկը քո երկրի բանակն է:

 

1828 Թ. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Ալեքսանդր Պուշկինը պատմությանը հայտնի դարձավ նաև որպես առաջին ռուս ռազմական թղթակիցներից մեկը:

1829 թ., հերթական ռուս-թուրքական պատերազմի մեկնարկից քիչ ժամանակ անց, նա Կովկաս է մեկնում և միանում կոմս Պասկևիչի առանձին կորպուսներից մեկին: Զորքերում բանաստեղծին լիակատար ազատություն էին տվել. նա ապրում էր բանակայինների հետ, ուս ուսի կանգնած սպաների ու զինվորների կողքին. նկարագրում էր թուրքերի դեմ մղվող մարտերը: Պուշկինյան պատերազմը սարսափներով լի իրապատում է՝ արյուն, ժայռեր ու մահացու հոգնած զինվորականներ: Այս ամենը նկարագրված է նրա «Ճանապարհորդություն դեպի Արզրում» ճամփորդական գրքում: Այս գիրքն ինչ-որ առումով հեղինակի կյանքի վերաիմաստավորումն էր, քանի որ նա այնտեղ էր գնում հանդիպելու իր ընկերներին, հատկապես իր մտերիմ ընկեր ու համակուրսեցի հեծելազորային հրետանավոր Ի. Պուշչինին, որն այդ ժամանակ քրեակատարողական վաշտում «իր պատիժն էր կրում»՝ որպես երդմնադրուժ սպա:

ՌԱԶՄԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸԳիրքը լույս տեսավ նկարագրված իրադարձություններից միայն 7 տարի անց՝ Պուշկինի մահվանից մեկ տարի առաջ՝ 1836 թ.: Այն ժամանակ պալատական մամուլը՝ ի դեմս «Հյուսիսային մեղու» թերթի խմբագիր Ֆադեյ Բուլգարինի, հայտնեց, որ հիասթափված է բանաստեղծից, որ նրա մեջ քիչ է հայրենասիրությունը. «Մենք մտածում էինք, թե «Ռուսլան և Լյուդմիլայի» հեղինակը ձգտում էր Կովկաս մեկնել, որպեսզի ներծծվի պոեզիայի բարձր զգացմունքներով և իր քաղցր երգերով սերունդներին հանձնի ժամանակակից ռուս հերոսների մեծագործությունները: Եվ մենք… սխալվեցինք»: «Ճանապարհորդություն դեպի Արզրում» գրքի նախաբանում Պուշկինը այսպես է պատասխանել իր քննադատներին. «Գնալ պատերազմ, որպեսզի գովաբանես ապագա հերոսությունները, ինքնագովություն կլիներ և մեծ անպարկեշտություն: Ես չեմ խառնվում պատերազմական դատողություններին: Դա իմ գործը չէ»:

Ռուսաստանյան ընթերցասեր հանրության համար ռազմական թղթակցության շնորհիվ մեկ այլ «գրական ռումբ» էր նախապատրաստված. այն պայթեցրեց երիտասարդ սպա-հրետանավոր Լև Տոլստոյը: Տոլստոյը հսկայական ռազմական փորձ էր կուտակել. շուրջ յոթ տարի եղել էր մարտական գործողությունների մեջ Կովկասում, այնուհետև՝ Սևաստոպոլում: «Սևաստոպոլյան պատմվածքները» նրան հայտնի դարձրին և օրինակ ծառայեցին ռազմական թղթակիցների համար մինչև մեր օրերը:

ՌԱԶՄԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸԱյս գրքում հանճարեղ տեսարաններ կան, որոնք վկայում են որպես ռազմական թղթակից նրա մեծ վարպետության մասին: Դրվագներից մեկում, օրինակ, նկարագրում է, թե ինչպես նախօրեին թղթախաղում պարտված, պատերազմի մասին մոռացած և միայն թղթախաղի իր պարտքը վճարելու մասին մտածող թեթևամիտ սպայի ճիշտ կողքին հանկարծ ական է պայթում, որից հետո նա ուրախացած մտածում է. «Ես ո՜ղջ եմ, ո՜ղջ»: Իսկ Տոլստոյն ընթերցողին հասկացնում է՝ նա դեռ չգիտի, որ մահացել է…

Ռուսական կայսերական տպագրությունը Նիկոլայ 1-ի օրոք շատ ետ էր մնում ֆրանսիականից ու բրիտանականից: Եվ ոչ միայն տեխնիկապես: Ղրիմի պատերազմում պարտության գլխավոր պատճառներից մեկը, թերևս, Ռուսաստանի պարտությունն էր տեղեկատվական դաշտում: Հասարակության առաջադեմ մասը վստահ էր, որ այդ պատերազմի մասին շատ քիչ է խոսվում, և իսկապես, պատերազմի ընթացքում տեղեկատվության բացն զգացվում էր ոչ միայն ուսյալ հանրության շրջանում, այլև՝ հասարակ ժողովրդի: Տոլստոյը և նրա ընկերները անգամ միտք հղացան զինվորների համար «ժողովրդական» թերթ հրատարակել: Մի քանի սպաների հետ նա մտադրվում է միություն ստեղծել, որը կնպաստեր զորքերում, հատկապես զինվորների շրջանում կրթության և լուսավորության տարածմանը: Պատրաստվում էր հրատարակել «Զինվորական թերթիկ» հանդեսը, որի նպատակն էր զորքերում մարտական ոգու պահպանումը: Գրաքննությունն այդ ժամանակ շատ խիստ էր: Եվ Նիկոլայ 1-ն էլ արգելեց այս հանդեսի հրատարակումը:

1853 թ. Ղրիմի պատերազմ:

Ռազմաճակատային քրոնիկոնը որակապես նոր մակարդակի հասավ հատկապես այս շրջանում: Տեխնիկական առաջընթացը ոչ միայն ազդեց հրետանային միջոցների և հրետանային զենքի որակի վրա՝ այն դարձնելով ավելի արյունալի, այլ նաև համաշխարհային ժուռնալիստիկայում հայտնվեց նորագույն գերզենքը՝ ռազմական լուսանկարչությունը…

ՌԱԶՄԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸԻր գոյության 160-ամյա պատմության ընթացքում ռազմական լուսանկարչությունը բազմաթիվ փոփոխություններ է կրել: Եվ դրա պատճառը միայն տեխնիկական առաջընթացը չէր: Ռազմաճակատային իրողությունները ցուցադրելու անհրաժեշտությունը առաջին անգամ զգացին անգլիացիները Ղրիմի պատերազմի թոհուբոհում: 1855 թ. մամուլում ավելի ու ավելի հաճախակի էին դառնում բրիտանացի զինվորականների աղետալի վիճակի մասին հաղորդագրությունները: Որպեսզի չափավորի հանրության շրջանում տիրող պարտվողական տրամադրությունները, Անգլիայի կառավարությունը Ղրիմ ուղարկեց «իր մարդուն»՝ լուսանկարիչ Ռոջեր Ֆենթոնին: Վերջինս համարվում է պատմության մեջ առաջին ֆոտոթղթակիցը: Ֆենթոնը մեծ պատասխանատվությամբ վերաբերվեց իր գործին. նա ձեռք բերեց ֆուրգոն և այն վերածեց շարժական ֆոտոլաբորատորիայի: Մինչև ռազմաճակատ մեկնելը լուսանկարիչը մեքենայով մի քանի վարժական շրջան կատարեց անգլիական գյուղական ճանապարհներով, որպեսզի բառի բուն իմաստով զգար, թե ինչ է նշանակում դաշտային պայմաններում աշխատելը: Առաջին ռազմական թղթակցին խստիվ արգելեցին լուսանկարել վիրավորներին և զոհվածներին: Փոխարենը՝ բանակային կյանքի պատկերները նա վերածեց թեմատիկ բացիկների: Դրանք նման էին բնության գրկում զբոսանքի պահին արված կադրերի: Նրա աշխատանքները բեմադրված են. զինվորներն ու սպաները կեցվածք են ընդունում ֆոտոխցիկի առջև:

Ռազմական գործողություններ, առավել ևս՝ վիրավորներին ու զոհվածներին, Ֆենթոնը երբեք էլ չնկարեց: Բացի այդ, պատերազմի դաժանությունը և յուրայինների ճամբարներում առկա կենցաղային պայմանները այնպիսի խառնաշփոթ առաջացրին նրա հոգում, որ լուսանկարիչը որոշ ժամանակ դեպրեսիայի մեջ ընկավ:

Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ անգամ մեծ ցանկության դեպքում, Անգլիայի թագուհու անձնական լուսանկարիչը չէր կարողանա լուսանկարել պատերազմն այնպես, ինչպես դա մեր օրերում են անում: Այդ ժամանակների համար լուսանկարների ստացման ամենաառաջադեմ միջոցը, այսպես կոչված՝ «թաց կոլլոդիոնային գործընթացն» էր, որը շատ ջանքեր, ժամանակ ու միջոցներ էր պահանջում: Այս լուսանկարներն ստանալու համար օգտագործում էին հատուկ ապակե սկավառակներ, որոնց վրա քսված թաց էմուլսիան նկարելուց անմիջապես հետո հարկավոր էր արագ լաբորատոր մշակման ենթարկել, քանի դեռ այն չէր չորացել, և էլի մի շարք այլ բարդ գործողություններ: Անշուշտ, նման պայմաններում լուսանկարի անմիջականության, բնականության մասին խոսք լինել չէր կարող: Բացի այդ, զանգվածեղ տեխնիկան թույլ չէր տալիս լուսանկարչին հայտնվել իրադարձությունների կիզակետում, այստեղից էլ՝ լուսանկարներում պատկերված միայն ընդհանուր պլանները: Մի խոսքով, քանի դեռ Ֆենթոնը լուսանկարում էր շտաբային խորհրդակցությունները, պատերազմը մնում էր կադրից դուրս:

ՌԱԶՄԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸ…Հետաքրքիր էին նաև Մեթյու Բրեդի լուսանկարները, որոնք լուսաբանում էին ԱՄՆ-ում ընթացող քաղաքացիական պատերազմը: Բրեդի՝ թվով 20 շարժական ստուդիաները աշխատում էին նույն թաց կոլլոդիոնով, այդ իսկ պատճառով չէին կարող նկարել ռազմական տեսարանները: Սակայն, ի տարբերություն իր բրիտանացի գործընկերոջ, ամերիկացի լուսանկարչի նպատակը ոչ թե քարոզչությունն էր, այլ իրականության օբյեկտիվ արտացոլումը: Բրեդը լուսանկարում էր թե՛ կռվողների խմբային լուսանկարները և թե՛ զոհվածներին: Նախագահ Լինկոլնը, իմանալով լուսանկարչի՝ ռազմաճակատում աշխատելու ցանկության մասին, ընդառաջեց նախաձեռնությանը և ռազմի դաշտում ազատորեն գործելու անժամանակ թույլտվություն տվեց թղթակիցներին: Բայց քանի որ լուսանկարիչներն աշխատում էին Բրեդի և ոչ թե նախագահի հետ, նկարում էին այն, ինչ ուզում էին՝ առանց կառավարության կարծիքի հետ հաշվի նստելու:

…1889 թ. Kodak ընկերությունը նոր՝ հեղափոխական ֆոտոարտադրանք թողարկեց՝ լուսանկարչական ժապավենը: Այժմ արդեն լուսանկարիչները կարիք չունեին իրենց հետ կիլոգրամներով ապակի քարշ տալու ռազմի դաշտ:

Այսպես 19-20-րդ դարերում լուսանկարը դարձավ լրահոսի անբաժան մասը: Տեխնիկական առաջընթացը արմատականորեն փոխեց ռազմաճակատային լուսանկարիչների աշխատանքը: Լուսանկարներում արդեն կարելի էր տեսնել առավել «կենդանի» սյուժեներ՝ արկերի պայթյուն, վազող զինվորներ և այլն: Բացի այդ, արդեն միայն արհեստավարժ լուսանկարիչները չէին, որ աշխատում էին ռազմի դաշտում: Պատերազմից պահպանված շատ լուսանկարներ արվել են հենց կռվող մարտիկների ձեռքով, որոնք մինչև պատերազմը լուսանկարչական խցիկի հետ չէին էլ առնչվել:

 

1936 Թ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՄԻԱՊԵՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻՋԵՎ

ՌԱԶՄԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸԵվրոպայում և Նոր աշխարհում մեդիամագնատները արագ հասկացան, որ պատերազմական դրվագներով հագեցած լավ ռեպորտաժները հանրության շրջանում բարձրացնում են հետաքրքրությունը, նաև՝ թերթերի պահանջարկը: Պատահական չէ, որ ռազմական ժուռնալիստների մեջ քիչ չեն համաշխարհային գրականության դասականները: Էռնեստ Հեմինգուեյը, օրինակ, մեկնեց լուսաբանելու Իսպանիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմը: Ավելի շատ հենց ռազմաճակատային գրառումներից ծնվեց նրա հանրահայտ վեպը՝ «Ո՞ւմ մահն է գուժում զանգը»: Հեմինգուեյը, բացի հոդվածներից ու ակնարկներից, գրեց «Իսպանական երկիր» ֆիլմի սցենարը: Ֆիլմը, իհարկե, ոչ թե օբյեկտիվ հայացք էր, այլ գաղափարախոսական արկ: Ֆիլմի դրվագներից մեկում հենց ինքը՝ Հեմինգուեյն է խոսում. «Մադրիդում ուսուցանում են ապագա գումարտակների անձնակազմներին, որոնք ձևավորվում են ֆուտբոլիստներից, թեթև աթլետներից, ցլամարտիկներից և մարզիկներից…»:

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Արդեն 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ձևավորվեց ռազմական լուսանկարչության համընդհանուր մի «կանոն-օրենք», որին մինչև օրս հետևում են ռազմաճակատային լուսանկարիչները. պատերազմը պետք է հնարավորինս իրական և բազմակողմանիորեն ներկայացնել: Երեք մայրցամաքներում տարածված 2-րդ համաշխարհային պատերազմը ռազմական գործողությունների թատերաբեմ բերեց լավագույն գրական ուժերը, հանրահայտ լուսանկարիչների, օպերատորների և վավերագրողների: Խորհրդային Միությունում՝ Կոնստանտին Սիմոնովը, Իլյա Էրենբուրգը, Ալեքսանդր Տվարդովսկին և այլք, ռազմադաշտ էին մեկնում սպայական համազգեստով՝ մի դիրքորոշմամբ ու նպատակով՝ նկարագրելու խորհրդային զինվորին և ատելություն սերմանելու թշնամու նկատմամբ: Սակայն վերջնարդյունքը շատ ավելի տարողունակ եղավ, իրական ու անձնական: Վասիլի Գրոսսմանը գրեց իր հանրահայտ վեպը՝ «Կյանք և ճակատագիր»: Այս գիրքն ամբողջությամբ հիմնված է ռազմական թղթակցի նրա փորձի վրա: Կոնստանտին Սիմոնովը գրեց իր «Ողջերն ու մեռածները» եռագրությունը և այլն:

ՌԱԶՄԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸԱնտուան դը Սենտ-Էքզյուպերին իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի հրատարակումից հետո արդեն հանրաճանաչ ու սիրված էր: Նրան շատ էին առաջարկում ռազմական թղթակցի դերում «հանդես» գալ, բայց նա այնպես էր տոգորված ֆաշիզմին դիմակայելու գաղափարով ու թշնամու հանդեպ ատելությամբ, որ որոշեց որպես ռազմական օդաչու հանդես գալ, չնայած, որ այդ մասնագիտությամբ կամավորագրվածների ավելցուկ կար. կամավորագրված օդաչուներն ավելի շատ էին, քան ինքնաթիռները:

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մեծ Հայրենականում ռազմական լրագրողների առաքելությունը ակնթարթը որպես փաստ տպավորելն էր՝ հետագա սերունդներին հիշողություններ փոխանցելու համար: Սակայն պատրաստի նյութերը այնքան էլ հեշտ չէր խմբագրություն ուղարկելը: Հիմա է, օրինակ, համացանցով պլանշետը բավական է, որ առցանց ռեժիմով լրագրողը այն կարողանա խմբագրություն հասցնել: Պատերազմի ժամանակ նյութը ուղարկում էին տելեգրաֆի օգնությամբ: Ժապավենները մարտի դաշտից ուղարկվում էին կապավորների միջոցով, իսկ երբեմն էլ՝ ոտքով հսկայական տարածություն կտրել-անցնելով: Մեծ Հայրենականի տարիներին առաջնագծում ընդհանուր թվով աշխատում էին շուրջ 4500 լրագրողներ, որոնցից գրեթե յուրաքանչյուր երկրորդը ծանր վիրավորվում էր, յուրաքանչյուր չորրորդը՝ զոհվում…

ՌԱԶՄԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸԱհա այսպիսի լուսանկար է արել ռազմական ֆոտոլրագրող Նատալյա Բոդեն: Հսկայական ջանքերով արված ֆաշիստական «Տիգր» տանկի լուսանկարը հօդս ցնդեցրեց թշնամական տեխնիկայի անխոցելիության մասին առասպելը: Միմիայն այս լուսանկարով հաջողվեց լավատեսության և վստահության նոր շունչ հաղորդել միլիոնավոր յուրայինների սրտերում: Սա հաղթանակի գործում հիրավի մեծ ներդրում էր, որի նշանակությունը հնարավոր չէ թերագնահատել: Նատալյայի համար իսկական «աստղային ժամ» դարձավ Կուրսկի ճակատամարտը, որտեղ սովետական զորքերը հսկայական կորուստների գնով կոտրեցին Հիտլերի ընտրյալ, էլիտար զորքերի ողնաշարը: Դրանից հետո գերմանացիները միայն նահանջելու էին մինչև Բեռլին: Բայց մինչև այդ, «Միջնաբերդ» կոչված ռազմավարական գործողության սկզբում, գերմանացի գեներալները իրենց հույսը դրել էին այն ժամանակների համար ամենաառաջադեմ 60-տոննանոց «Տիգր» տանկերի՝ զրահապատ հզոր բռունցքի, և «Ֆերդինանդ» ինքնագնացների վրա, որոնք պաշտպանված էին 100-200 մմ-անոց զրահով և գործնականում անխոցելի էին հակատանկային թնդանոթների համար: Ինչ խոսք, անպարտելի թվացող այս տիտանների հանդեպ իսկական «տիգրավախ» էր առաջացել ռուսական զորքերի մեջ: Այդուհանդերձ, 1943 թ. հուլիսի 7-ին Կուրսկի մերձակայքում խփվեց առաջին «Տիգրը»: Հաջորդ օրը խփվեցին ևս հինգը: Տեղեկությունն այս մասին սկսեց արագորեն տարածվել: Շարքից դուրս եկած տանկերի լուսանկարների մեծ անհրաժեշտություն առաջացավ՝ որպես նյութեղեն ապացույց: Ամեն գնով անհրաժեշտ էր կազմակերպել «անպարտելի «Տիգրերի»՝ ռազմավարական նշանակության «ֆոտոշարքը»: Կարևոր էր հենց  Т-6Е «Тигр»-ի կադր որսալը, այլ ոչ թե ինչ-որ ուրիշ տանկի:

Պատերազմի տարիներին յուրաքանչյուր դիվիզիայում, յուրաքանչյուր բանակում կային սեփական թերթի և հանդեսների խմբագրություններ: Սակայն խփված «Տիգր»-ը լուսանկարելու բախտը վիճակվեց հենց «Կարմիր բանակ» ռազմաճակատային թերթի թղթակից Նատալյա Բոդեին:

ՌԱԶՄԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸՆատալյա Բոդեին պարգևատրեցին «Կարմիր աստղ» շքանշանով: Գերմանացիները, ոչնչի չհասնելով, նահանջեցին Պոնիրի երկաթգծային կայարանի տարածքից: Իսկ Նատաշայի «խփած» «Վագրին» տեսնելու ժամանեց ինքը՝ Կենտրոնական ռազմաճակատի հրամանատար Կոնստանտին Ռոկոսովսկին:

Ժամանակակից ֆոտոտեխնիկան հազարավոր լուսանկարներ տարողությամբ ֆլեշ-սկավառակ է կրում: Այսօր ֆոտոլրագրողը չի մտածում՝ ինչպես խնայի անգին կադրերը: Իսկ Մեծ Հայրենականում ժապավենի երևակումն ու դաշտային պայմաններում տպագրելը գրեթե հերոսություն էր: Երբեմն խմբագրությունները տեղակայվում էին մարտական ստորաբաժանումների հետ միասին՝ առաջնագծից հաշված կիլոմետրերի հեռավորության վրա: Որպես կանոն՝ թերթերը տպագրվում էին գիշերով, իսկ վաղ առավոտյան բաժանվում էին առաջնագծի երկայնքով: Այս ամենը տեղի էր ունենում կա՛մ գետնատնակներում և կա՛մ անտառներում թաքցված շարժական էշելոններում: Մի վագոնում հավաքում էին տեքստերը, մյուսում՝ խմբագրում, երրորդում՝ տպագրում:

ՌԱԶՄԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸ12 տանկային գրոհներ, որոնց աջակցում էր մեծաքանակ հետևակը, հերոսաբար հետ մղվեցին դեսանտայինների կողմից: «Երեկոյան օգնական ուժերը եկան, և բոլորը թեթևացած շունչ քաշեցին: Հիշեցին, որ կարելի է ջուր խմել, մի կտոր չոր հաց ուտել, մի-մի բաժակ օղի դատարկել: Գերմանացիներն այլևս գրոհներ չձեռնարկեցին»: Սրանք տողեր են «Հայրենիքի դրոշ» թերթի թղթակից Սերգեյ Բորզենկոյի հոդվածից: Դրանում թղթակիցն անդրադառնում էր 1943 թ. սովետական զորքերի՝ Ղրիմ մտնելու իրադարձությանը: Կերչյան դեսանտի իջեցման պահին զոհվել էին ստորաբաժանման բոլոր սպաները, և ռազմական թղթակիցը, որ որպես կոչումով ավագ, ստանձնել էր հրամանատարությունն ու իրականացրել գրոհը: Միևնույն ժամանակ, նա հաջողել էր հաղորդագրություն գրել՝ նշելով մարտում խիզախությամբ աչքի ընկած զինվորականների անունները: «Հայրենիքի դրոշ» թերթն առաջինը հաղորդեց. «Մեր զորքերը մտան Ղրիմ»: Իսկ ցուցաբերած արիության և հերոսության համար Սերգեյ Բորզենկոն արժանացավ «Սովետական Միության հերոս» կոչմանը:

Այսօր ռազմական լրագրողներին օգնության են գալիս առաջադեմ տեխնոլոգիաները. սմարթֆոնները, նավիգացիան, արբանյակային կապը, դե, իսկ համացանցը հնարավորություն է տալիս հրապարակում անել մի քանի վայրկյանների ընթացքում, իսկ ամենակարևորը՝ նրանք իրենք են որոշում. մտնե՞ն փամփուշտների տարափի տակ ցանկալի նյութի ետևից, թե՞ ոչ: Մտնում են. պարտքը պա՛րտք է:

Թարգմանությունը ռուսական աղբյուրներից՝

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (1460) 30.11.2022 - 6.12.2022, Ռազմական


01/12/2022