Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՆՔ ԳՅՈՒՂԻ ՍՊԻՏԱԿ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ



ՎԱՆՔ ԳՅՈՒՂԻ ՍՊԻՏԱԿ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆԻշխանասարի հարավարևելյան լանջին, Հադրութ քաղաքից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է Արցախի չքնաղագույն գյուղերից մեկը՝ Վանքը, որն իր անունն ստացել է Սպիտակ Խաչ վանքի անունից։ Հադրութցիներն ու շրջակա բնակավայրերի բնակիչներն առանձնահատուկ սիրել են վանքը, որը դարձել է նրանց ամենապատվելի սրբատեղին։ Այստեղից Հադրութ քաղաքն իր շրջակա գյուղերով ասես ափիդ մեջ լինի։

Վանքի Սպիտակ Խաչ անվանումը կապվում է մի ավանդազրույցի հետ, ըստ որի՝ Սուրբ Գրիգորիսի նահատակությունից հետո նրա հայրապետական գավազանը և բյուրեղյա լանջախաչը սկզբնապես պահվում էին Ամարասի վանական համալիրում, որտեղ ամփոփված են նաև սրբի նշխարները։ Թշնամի հրոսակների հարձակումներից Ամարասի վանքի գանձերը զերծ պահելու համար այդ սրբությունները տեղափոխվում են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը Հադրութին մոտ գտնվող այս վանքը, որից էլ վանքի անունը դնում են Սպիտակ Խաչ՝ ի պատիվ այստեղ պահվող խաչի։ XIX դարի կեսերին այստեղ այցելած Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը, որն ի դեպ սերում էր Հասան-Ջալալյան իշխանական տոհմից, իր՝ «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» աշխատության մեջ խոսելով Սպիտակ Խաչ վանքի մասին, գրում է, որ այդ խաչին՝ «…բազմաթիվ ուխտավորներ են [այցի] գալիս՝ խոյերի ու հորթերի մատաղներ [անելով]։ …Ի պատիվ այս խաչի, այստեղ կառուցվել է եկեղեցի՝ այն դարձրել են եպիսկոպոսանիստ և ինքնուրույն թեմ հատկացրել։ Այստեղ տեսա չորս կաթողիկոսների կոնդակներ՝ այս աթոռի հաստատման [վերաբերյալ], այն է՝ Հովհաննի, Եսայու, Ներսեսի և Սիմեոնի [որոնք տրվել են] Սրապիոն քահանայի սերունդներին, ովքեր որդուց որդի եղել են և այժմ էլ այս եկեղեցու և խաչի վերակացուներն են։ Ծերունիները պատմում են, թե անզգուշության պատճառով պատահեց այնպես, որ այրվեցին թաշկինակները, որոնցով փաթաթված պահվում էր խաչը, որոնց հետ նաև խաչը, բայց խաչը ոչնչով չվնասվեց՝ միայն ներսում մի փոքր ճաք առաջացավ, որից հետո խաչը արծաթապատվեց և պահվում է զգուշությամբ»։ (Ս. Ջալալեանց, 1858)։

Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, պահպանված արձանագրություններից ամենահինը՝ փորագրված եկեղեցու ներսում՝ հյուսիսային կամարի խաչքարի տակ. «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ (1333 թվական)»։ (Բարխուդարեանց, 1895)։

ՎԱՆՔ ԳՅՈՒՂԻ ՍՊԻՏԱԿ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆՀետագա արձանագրությունները փաստում են եկեղեցու վերանորոգումների մասին։

Պահպանված արձանագրություններից ենթադրվում է, որ վանքը եղել է եպիսկոպոսանիստ, քանի որ վանքի շրջակայքում ամփոփված են մի քանի եպիսկոպոսների աճյուններ։

Եկեղեցու տանիքին՝ աղոթասրահի կենտրոնական մասում, տեղադրված է զանգակատան աշտարակը՝ վեց սյուներով բրգաձև ռոտոնդան։

Սպիտակ Խաչ եկեղեցու տարածքում առանձնանում է երկթեք ծածկով պսակվող որմնափակ խաչքարը, որի բարձրությունը 4 մետր է։ Հորինվածքը ներկայացնում է «Խաչի երկրորդ գալուստը» թեման։ Մի հետաքրքիր ավանդազրույց կա կապված Սպիտակ վանքի որմնափակ խաչքարի հետ։ Պատմում են, որ երբ Լենկ Թեմուրը Արցախի մեծ մասը գրավելուց հետո հասնում է Սպիտակ Խաչ վանքին, հրամայում է, որ իր զինվորները քանդեն որմնախորշով պատը և քարերը նետեն Արաքս գետը։ Զինվորները կատարում են Լենկ Թեմուրի հրամանը և քարերը իսկապես նետում են գետը։ Բայց հրեշտակները գիշերով վերականգնում են որմնախորշը, և Լենկ Թեմուրի չարագործ արարքները չեն իրագործվում։ Անհաջողությամբ պսակված փորձերից հետո նա հեռանում է Արցախից։

Սպիտակ Խաչ վանքի շուրջը փռված են բազմաթիվ տապանաքարեր, որոնց վրա պատկերված են որսի, հողագործության, ցանքի և ռազմի տեսարաններ։ Տապանաքարերի մեծ մասը պատկերաքանդակներով են, որոնց վրա կան արձանագրություններ։ Եկեղեցուց մի քանի մետր հարավ-արևելք գտնվում է հյուրատունը։ Քանի որ Սպիտակ Խաչը յուրահատուկ եկեղեցի էր, և տարածաշրջանի ամբողջ ժողովուրդը գալիս էր ուխտի, այդ պատճառով եկեղեցուց ոչ շատ հեռու կային վիմափոր խցեր՝ հատուկ հեռվից եկած ուխտավորների համար։

ՎԱՆՔ ԳՅՈՒՂԻ ՍՊԻՏԱԿ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ2021 թվականին ադրբեջանական կայքերից մեկը տարածեց տեսանյութ, որից պարզ դարձավ, որ ուդիական համայնքի ներկայացուցիչները «ուխտագնացություն» են կատարել Վանքի Սպիտակ Խաչ եկեղեցի և ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր իրականացրել այնտեղ։ Ադրբեջանցիները հանել են Վանքի Սպիտակ Խաչ եկեղեցու խաչը եւ վերանորոգման անվան տակ քանդել նաեւ եկեղեցու տանիքը՝ այդ կերպ փորձելով ամբողջապես վերացնել հայկական մշակութային հետքերը եւ հերթական հայկական եկեղեցին ներկայացնելով որպես «ուդիական»: Տեսանյութում անդրադարձ կա նաև, թե ինչպես հայերը, իբրև թե, եկեղեցու պատերին ավելացրել են խաչեր, փորագրել են խաչքարեր, ավելացրել են հայերեն գրեր, որ դրանք արել են, որպեսզի ջնջեն աղվանական, այսինքն՝ ոչ հայկական տեսքը։ Սա ևս մի ապացույց է, որ Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է հայկական մշակութային արժեքների և հայկական հետքերի ոչնչացման քաղաքականությունը։

Միայն մի բան հասկանալի չէ՝ եթե Ադրբեջանն Արցախի բոլոր հայկական՝ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող կոթողներն ու մշակութային հուշարձանները համարում է «աղվանական» կամ «ուդիական», ապա ինչու պատերազմի օրերին առանձնահատուկ թիրախավորվում, հարձակման էին ենթարկվում հենց վանքերն ու եկեղեցիները։ Եվ կամ ինչու էին այդ սրբավայրերը դառնում զենք-զինամթերքի պահեստներ, կամ էլ վեր էին ածվում ախոռի։

Արցախը մայր Հայաստանից և հայ ժողովրդից բաժանել են միայն քարտեզով, որոշումներով, բայց հոգով, սրտով, երազանքներով, ուրախություններով, կենաց-մահու պայքարով միշտ միասին են եղել ու դեռ լինելու են։ Վերադառնալու ենք։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #38 (1460) 30.11.2022 - 6.12.2022, Հոգևոր-մշակութային


01/12/2022