«ԹՇՆԱՄԻՆ ԻՄ ԹԻԿՈՒՆՔԸ ՉԻ ՏԵՍՆԻ»
Ապրիլյան պատերազմի սխրագործ զինվոր Անդրանիկ Զոհրաբյանը արժանացել է Արցախի հերոս կոչման: Հերոսի կարճատև, բայց փառահեղ ու հաղթական կենսագրությունը ներկայացնում է հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը:
Երբ հիշում եմ տղայիս մանկությունը, միշտ մի պատկեր է արթնանում: …Մայիսի 9-ը կարմիրով էր գրված մեր ընտանեկան տոնացույցում: Դա հորս օրն էր եւ ավելի հարազատ էր նրան, քան սեփական ծննդյան օրը: Հայրս հագնում էր տոնական կոստյումը, կախում Հայրենական պատերազմից մնացած մեդալները, ամենատեսանելի տեղում` «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանը, ապա` «Արիության» մեդալը, բազմում էր տոնական սեղանի գլխին ու լսում իրեն ուղղված շռայլ մեծարանքներն ու բաժակաճառերը: Հետո ինքն էր սկսում խոսել: Նույն բանը առաջին անգամվա ոգեւորությամբ, հուզմունքով ու ներշնչանքով պատմում էր ամեն տարի: Երբ Անդրանիկ պապն սկսում էր խոսել, փոքրիկ Անդրանիկը վազում էր, կանգնում սեղանի կողքին ու վառվռուն սեւ աչքերը հառած պապին՝ լսում ամենայն ուշադրությամբ:
Այդ պատկերն աչքիս առաջ է: Իսկ հայրս մեր ընտանիքի փառքի պատմությունն սկսում էր ամենասկզբից՝ թե ինչպես Զոհրաբ մեծ պապը, որը տան միակ տղամարդն էր, համարձակվում է մերժել գեղեցկուհի հորաքրոջը պարսիկ շահին կնության տալու խնդրանքը: Եվ երբ շահի մարդիկ փախցնում են հորաքրոջը, չքնաղ Խանումին ազատելու մի քանի անհաջող փորձերից հետո ընտանիքն առնում, հեռանում է Պարսկաստանից: Տարիներ անց շահը իր սիրելի հայուհի կնոջ խնդրանքով գտնում է Զոհրաբին, մեծամեծ նվերներ է տալիս ու խնդրում վերադառնալ Պարսկաստան: Զոհրաբ մեծ պապը մնում է անդրդվելի:
Ի՞նչ էր հասկանում 4-5 տարեկան տղաս այս պատմությունից, որ լսում էր հոնքերը կիտած ու մտազբաղ: Հետո հայրս սկսում էր պատմել Հայրենական պատերազմում անհետ կորած մեր Նահապետ պապի մասին: Ցույց էր տալիս փոքրիկ դաշույնը, որը Անդրանիկ Զորավարն անձամբ էր նվիրել Նահապետին` ի նշան սիրո ու հարգանքի: Հայրս գրկում էր թոռանն ու ասում.
-Հայրս ինձ Անդրանիկ է կոչել Զորավարի անունով: Ես էլ իմ պատիվը քեզ եմ փոխանցել: Ու Անդրանիկ անունը եկել-հասել է քեզ:
Հետո հայրս թոռանը ծնկներին նստեցրած՝ հիշում էր իր պատերազմական սխրանքները. «Բոլոր հրամանատարներս զոհվեցին, ու ջոկը ղեկավարելու պարտականությունը մնաց ինձ: Գոռացի՝ «Իմ հետեւից` հանուն հայրենիքի», ու նետվեցի առաջ: Վիրավորվեցի, ընկա, բայց շարունակեցի կռվել, ու դիրքը ազատագրեցինք»:
Անդրանիկս շատ աշխույժ երեխա էր, մի վայրկյան դադար չուներ, բայց ժամերով անշարժ լսում էր պապին: Իսկ երբ հայրս ցույց էր տալիս մարմնի մեջ խրված բեկորները, թոռն իր փոքրիկ մատով զգուշորեն շոշափում էր նրա մաշկի տակից ցցված ուռուցիկ երկաթը ու այնպիսի հիացմունքով էր նայում պապին: Ո՞վ կմտածեր, որ մի օր հորս «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանի կողքին դրվելու է տղայիս «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը: Ու նա գերազանցելու է պապին:
Անդրանիկս արտաքուստ խաղաղ, հանդուրժող, փափուկ տղա էր, բայց իրականում` շատ սկզբունքային էր, համառ, ազդեցության չենթարկվող: Մանկուց ֆուտբոլ էր խաղում: Մրցումների ժամանակ մարզիչներից մեկը նկատել էր տղայիս օժտվածությունը ու Երեւանում մարզելու առաջարկ էր արել: Փոքր տղա` մենակ Վեդիից հասնում էր Երեւան` Ավան թաղամաս, որ ֆուտբոլ պարապի: Թիմի հետ շրջում էր քաղաքից քաղաք, մարզից մարզ: Հասցնում էր նաեւ դասերը սովորել: Հետո մեր հորդորով ընդունվեց Եվրոպական քոլեջ` հաշվապահական հաշվառում եւ աուդիտ մասնագիտությամբ: Այնքան բարձր գնահատականներով ավարտեց քոլեջը, որ հրավիրեցին սովորելու Եվրոպական ակադեմիայի երկրորդ կուրսում: Բայց ինքն ընդունվեց Ֆիզկուլտ ինստիտուտ: Ասաց. «Պա՛պ, ուզում եմ Վեդիում երեխաներին մարզեմ, էնքան օժտված փոքրիկներ կան»: Տղաս մեծ ծրագրեր ուներ, բայց չէր խոսում այդ մասին, երազանքներն իր սրտում էր պահում: Մինչեւ բանակ գնալը հասցրեց նաեւ խոհարարություն սովորել:
Անդրանիկի բանակի քեֆը մեր գյուղում արեցինք` Ուրծաձորում, հորաքրոջս տղայի՝ Ջիվանի ծիրանի այգում: Խոստացանք, որ տղայիս վերադարձի քեֆն էլ ենք նույն այգում անելու: Ու հիմա Ջիվանը հուշաքար է դրել այդտեղ՝ ի հիշատակ 116 դիրքում զոհված մեր չորս տղաների` Արմենակի, Ռոբերտի, Քյարամի ու Անդրանիկի: Անցյալ տարի նույն օրը մենք հավաքվեցինք հուշաքարի մոտ ու խնկեցինք մեր զավակների փառավոր հիշատակը:
…Տղայիս ժպիտն եմ հիշում, երբ երդման արարողության ժամանակ հայացքով փնտրեց-փնտրեց ու վերջապես գտավ մեզ բազմամարդ ամբոխի մեջ: Ասես՝ դեմքին լույս վառեցին: Իր ծննդյան օրը մեզ հետ նշեց մի քանի ընկերների հետ: Մայրը ինչքան էլ խաչաձեւ հարցեր տվեց, որ իմանա` արդյոք ադրբեջանցիները մո՞տ են, կրակո՞ւմ են, չկարողացավ ոչ մի բառ կորզել զինվորի շուրթերից. «Ի՞նչ մոտ, ա՛յ մամ, ադրբեջանցիները՝ որտեղ, մենք՝ որտեղ»:
Ո՞նց էր ուրախացել, երբ «ՊԿ» էին տվել իրեն: Եթե մի ժամանակ հպարտությամբ ասում էր` ես պոստ պահող տղա եմ, հետո` «ես ՊԿ-իստ եմ» ասում էր:
«Պա՛պ, տուն ենք գնացել, գործի ենք ես ու ախպերս»,- ասում էր հեռախոսով:
…Տունը դիրքն էր, գործը՝ մարտական հերթապահությունը, ախպերն էլ` «ՊԿ»-ն: Չէր ուզում պոստերից իջնել: Ասում էր` պա՛պ, պոստերում ամեն ինչ ուրիշ է՝ ընկերությունն էլ, խիզախությունն էլ, նվիրումն էլ: Ամեն ինչ մաքուր է, ազնիվ, բարձր:
…Ապրիլի 2-ին աշխատավայրում մարդիկ տարօրինակ հարցեր էին տալիս: Ես դեղագործ եմ, պոլիկլինիկայում եմ աշխատում, ու բժիշկները խոսքները մեկ արած՝ Անդրանիկից էին հարցնում: Բայց մտքովս վատ բան չանցավ: Երբեք չեմ մտածել, թե կարող է տղայիս գնդակ դիպչել: Չգիտեմ ինչու, բայց վստահ էի, որ նա ողջ-առողջ տուն է վերադառնալու բանակից: Ապրիլի 3-ի առավոտյան սիրտս արտասովոր անհանգիստ էր: Կնոջս ու աղջիկներիս ասացի` հագնվե՛ք, գնում ենք եկեղեցի՝ Անդրանիկի ու նրա ընկերների համար աղոթելու: Դեռ տնից դուրս չէինք եկել, զանգեցին: Մի տղա էր: Ասաց` հորեղբա՛յր, ես Անդրանիկի ընկերն եմ: Նրանց դիրքի վրա հարձակում է եղել: Ասաց` քեզ պինդ պահի… Երբ գիտակցության եկա, տունը լիքն էր մարդկանցով…
Զոհվելուց յոթ օր անց տղաս վերադարձավ` Եռագույն դրոշը վրան, բոլոր զինվորական պատիվներով…
…Զինվորականներն ասացին, որ տղաս իր հրամանատարին` Արմենակ Ուրֆանյանին մենակ չի թողել, չի նահանջել: Կողքի դիրքերում նրա «ՊԿ»-ի ձայնը լսել են մինչ 5.30 րոպե: Այսինքն` 4 ժամ տղաս կրակել է: Կրակել է նույնիսկ վիրավորվելուց հետո: Նրա «ՊԿ»-ն լռել է միայն այն ժամանակ, երբ տղաս այլեւս չի շնչել: Զինվորականները նաեւ ասացին, որ հենց որդուս զենքից են ընկել 80 ադրբեջանցի զինծառայողների կեսը: Հրամանատար Արմենակ Ուրֆանյանը ամեն ինչ արել է, որ կանխի թշնամու առաջխաղացումը: Նա, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկը հերոսաբար են դիմադրել: Ռոբերտ Աբաջյանը վիրավոր որդուս գրկել, բերել է իր մոտ ու զեկուցել է, որ միայն Անդրանիկն է ողջ ու իր կողքին է, հետո ասել է` արդեն մենակ եմ, Անդոն չի շնչում: Տղաս աչքերը փակել է մարտական ընկերոջ կողքին: Ու սա մեծ մխիթարություն է ինձ համար: Այնտեղ, որտեղ զոհվել են Անդրանիկն ու Ռոբերտը, զինակից ընկերները փամփուշտներով գրել են RA՝ տղաների անվան առաջին տառերը: 116 դիրքում քարե խաչ կա՝ ի հիշատակ չորս ընկերների` Արմենակի, Քյարամի, Անդրանիկի ու Ռոբերտի: 118 դիրքը այժմ կոչվում է Անդրանիկ Զոհրաբյանի դիրք, 116-ը` Ռոբերտ Աբաջյանի, 113-ը՝ Քյարամ Սլոյանի, իսկ բնագիծը նրանց հրամանատարի` Արմենակ Ուրֆանյանի անունով է:
…Նրանք չորսն էլ հիմա իմ տղաներն են, որ մնացին դիրքերում, հավերժ սահմանապահ: Ես հաճախ եմ այցելում իմ որդիներին, գնում եմ դիրքեր, որ ավելի մոտ զգամ նրանց ներկայությունը: Սիրտս փառավորվում է, երբ տեսնում եմ պոստ պահող զինվորների սերը, հարգանքը այն տղաների հանդեպ, ովքեր ընկան հայրենիքի պատիվը պաշտպանելիս: Ես զինվորներին ասում եմ` չվախենա՛ք, Արմենակը, Ռոբերտը, Քյարամն ու Անդրանիկը ձեզ հետ են: Եթե ադրբեջանցիները կրկին հարձակվեն, նրանք ձեզ հետ միասին կրակելու են թշնամու վրա: Դուք լսելու եք Անդրանիկի «ՊԿ»-ի ձայնը: Ես նրանց պատմում եմ տղայիս հետ մեր վերջին հանդիպման մասին: Խնդրեցի` մի քանի ամիս բան է մնացել, Անդրանիկ ջան, քեզ կրակի բերան չգցես, կյանքդ պաշտպանի: Ասաց` «Պա՛պ, ես այստեղ եմ հայրենիքս պաշտպանելու համար, ոչ թե կյանքս: Ինչ էլ լինի, թշնամին իմ թիկունքը չի տեսնի»: Ու ես նույնն եմ մաղթում մեր զինվորներին.
-Թշնամին թող ձեր թիկունքը չտեսնի:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #38 (1460) 30.11.2022 - 6.12.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում