ՆՎԻՐՈՒՄ
Պատերազմների բովով է անցել բուժծառայության մայոր, վիրաբույժ Վլադիմիր Ադամյանը:
Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո մեկ տարի ուսանել է ինտերնատուրայում, ապա 2012 թ. ծառայության նշանակվել Որոտանի զորամասում, նախ՝ որպես բժիշկ, բուժկետի պետ, հետո՝ բուժծառայության պետ:
-Մեր զորամասային բուժծառայության օղակը գերազանց վիճակում էր, մշտապես օրինակելի, երբ վերադասից ստուգումների էին գալիս, բարձր գնահատականի էինք արժանանում, սակայն առաջին տեղը չէինք զբաղեցնում զուտ այն պատճառով, որ շինությունը տիպային չէր:
…Ապրիլյան պատերազմի օրերին մարտական գործողություններին բավականին մոտ էինք տեղակայվել, որ հնարավորինս կրճատվեր տարհանման համար անհրաժեշտ ժամանակը, առաջին օգնություն էինք ցուցաբերում վիրավորներին, ուղարկում Ջրականի հոսպիտալ: Հետո, թեեւ հրադադար էր հաստատվել, բայց հակառակորդը դեռ շարունակում էր «Գրադով» խփել մեր ուղղությամբ,- վերհիշում է ռազմական բժիշկը։
♦♦♦
2019 թ. նշանակվեց Ջրականի հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ։ 44-օրյա պատերազմը հենց Ջրականում դիմավորեց.
-Հերթապահ էի, սեպտեմբերի 27-ի լուսաբացը պայթյունների ձայներով բացվեց։ Նախորդ օրերին արդեն իսկ լարվածությունը զգալի էր, սահմանագծի մոտ հակառակորդի զորքի կուտակումներ էին նկատվել։ Անօդաչուների ձայները, հրետանու համազարկերը գնալով շատանում էին, առավել ուժգնանում։ Կնոջն ու երկամյա երեխային ուղարկեց Երեւան ու շտապեց ծառայավայր։
Զինվորական հոսպիտալն ընդամենը մի քանի կիլոմետր էր հեռու ռազմական գործողություններից։ Երբեմն մի քանի րոպեով դուրս էին գալիս թարմ օդ շնչելու, ու ասես կինո լիներ, դաժան կինո՝ ինքնաթիռներն անցնում էին գլխավերեւով, երկնքից կրակի հեղեղ էր թափվում, քիչ հեռու թեժ մարտեր էին…
Հոսպիտալից դուրս պատերազմ էր, ներսում էլ պատերազմ էր՝ պայքար վիրավորների կյանքի համար։
Ջրականը մարտերի կիզակետում էր, վիրավորների հոսքը գնալով շատանում էր։
-Տարբեր պրոֆիլի բժիշկներ էին եկել մեզ աջակցելու, ինչ կարողանում էինք, ինչ հնարավոր էր, անում էինք, հետո ուղարկում Ստեփանակերտի հոսպիտալ։ Միանգամից մի քանի վիրահատություններ էին կատարվում, վիրավորումները հիմնականում բեկորային էին, կոտրվածքներ, այրվածքներ…
Բոլոր վիրահատական սեղանները զբաղված էին, մի վիրավորի վիճակը կայունացնելով՝ շտապ մոտենում էին մյուսին…
Բուժանձնակազմն աշխատում էր ուժերի գերլարումով, անքնությունից ծանրացած կոպերով, ոտքի վրա հազիվ էին կանգնում, բայց գործն անում էին անթերի՝ վիրահատում էին, վիրակապում, մշակում վերքը, չէին էլ նկատում, ոնց օրը մթնեց ու լուսացավ…
-Հիմա, երբ հետ ենք նայում, վերլուծում կատարված աշխատանքը, զարմանում ենք՝ ոնց ենք իրականում այս ամենը հասցրել, ոնց դիմացել, երեւի՝ ինչպես մեր զինվորները…
Ռազմական բժիշկն անթաքույց հիացմունքով, հպարտությամբ, անհուն ջերմությամբ է խոսում նրանց մասին.
-Հոգեպես ամուր, խիզախության ու քաջության մարմնացում էին մեր զինվորները։ Վիրավոր տղերքի առաջին հարցին՝ կապրե՞մ, բժի՛շկ, հաջորդում էր երկրորդ հարցը՝ ե՞րբ կվերադառնամ դիրքեր… Մեզ նույնիսկ վիրավորներն էին ձեռք մեկնում. ով համեմատաբար թեթեւ վիրավորում ուներ կամ ունակ էր շարժվելու՝ փորձում էր ինչ-որ մի կերպ օգնել։ Փոքրամարմին մի տղա կար՝ «Ճուտոն», ձեռքից, ոտքից վիրավոր էր, մի ծպտուն չէր հանում, ուշքն ու միտքը ռազմադաշտն էր։ Հետաքրքրվեցի՝ մոբի՞ց ես, թե՞՝ կամավոր։ Էնպես հպարտ պատասխանեց՝ ինչ կամավոր, ինչ մոբ, զինվոր եմ։
Մեր ընկերներից մեկի՝ անձնվեր հրամանատար, ավագ լեյտենանտ Վարդգես Մինասյանի վաշտից էր: Ամբողջ վաշտից երեք հոգի էին ողջ մնացել, մեկը «Ճուտոն» էր… Վարդգես Մինասյանը պատերազմական օրերի առաջին զոհն էր՝ սիրտը խոցված բերեցին… Իր զինվորներից մեկը մարտադաշտում կորցրել էր զրահաբաճկոնը, հրամանատարը հանել էր զրահաբաճկոնն ու տվել զինվորին, իսկ ինքը բեկորային վիրավորում ստացել հենց սրտի հատվածում…
♦♦♦
Մարտերը գնալով ավելի ու ավելի էին թեժանում։ Հոսպիտալի շենքը անվերջ ցնցվում էր տարաբնույթ զենքերի հարվածների ուժգնությունից, մի հինգ անգամ տեղափոխվեցին, տարբեր վայրերում տեղակայվեցին։
-Ռազմական եւ խաղաղ պայմաններում բժիշկների աշխատանքն անհամեմատելիորեն տարբերվում է՝ խաղաղ պայմաններում, պլանային վիրահատությունների ժամանակ հանգիստ, առանց ավելորդ լարվածության կարող ես մանրակրկիտ հետազոտել հիվանդին, գնահատել հնարավոր ռիսկերը, պատերազմական իրավիճակում այլ է. երկար մտածելու, քննարկելու ժամանակ չունես՝ ամեն րոպեն վճռորոշ է, ճակատագրական, պետք է կարողանաս հնարավորինս արագ կողմնորոշվել, ճիշտ որոշումներ կայացնել եւ գրագետ օգնություն ցուցաբերել,- ընդգծում է զինվորական բժիշկը:
Աշխատում էին առանց հերթափոխի, առանց հանգստանալու, արյունոտ, այրված-խանձված դեմքեր, անդամահատված մարմիններ… Այս ամենն անընդհատ տեսնելը, հոգեկան հավասարակշռությունը պահելն ու սառնասրտորեն գործը շարունակելը աներեւակայելի դժվար է…
-Հոկտեմբերի 27-ին՝ ծննդյանս օրվա գիշերը, թշնամին «հրավառությունը» լիուլի ապահովեց՝ հրե կարկուտ էր թափում: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, մեր ամբողջ բուժանձնակազմին կարճատեւ արձակուրդ տրամադրեցին, նոյեմբերի երեքին կրկին վերադարձանք Արցախ աշխարհ, ճանապարհը Շուշիի միջով էր անցնում, մառախուղ էր…Հայոց բերդաքաղաքը մտապատկերումս մնաց մառախուղի մեջ…
Բժշկի սենյակում ծանրանում է լռությունը։
Տեսածի, վերապրածի մասին զինվորական բժիշկն այնքան էլ չի սիրում պատմել, ծանր հիշողությունները շատ են ու ճնշող…
Պատերազմից հետո ծառայության անցավ Սիսիանի հոսպիտալում՝ որպես բաժանմունքի պետ, հետո նշանակում ստացավ Երեւանում:
44-օրյայից ուղիղ երկու տարի անց՝ սեպտեմբերի 12-ին, գործուղվեց Սիսիան՝ բժիշկներից մեկին փոխարինելու, ճակատագրի հեգնանքով՝ աշնանային այդ օրվա երեկոն խաթարվեց թշնամու հարձակումով, կրկին զոհեր ու վիրավորներ:
-Նորից վերապրեցինք պատերազմի ցավն ու դառնությունը,- ասում է զինվորական բժիշկն ու բանաձեւում ՝ թեեւ պատերազմները երբեք էլ չեն ավարտվում, նույնիսկ նրանց համար, ովքեր ողջ են մնացել ու վերադարձել են…
Այժմ Վլադիմիր Ադամյանը ղեկավարում է Երեւանի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքը։
Ծառայակից ընկերներն առանձնահատուկ դրվատանքով են խոսում վիրաբույժի մասին՝ իր գործի նվիրյալ է, բարեխիղճ, պատասխանատու, բուժվող հիվանդներն էլ լրացնում են՝ հոգատար ու սրտացավ բժիշկ է:
-Ազատ ժամանակ երեխայիս հետ եմ սիրում անցկացնել,- մեր զրույցի ավարտին ասում է Վլադիմիրը,- որքան էլ որ հոգնած լինեմ, հնգամյա աղջնակս՝ Քսենյան, ինձ լիցք ու եռանդ է տալիս, ու երբ գրկում եմ փոքրիկիս, ինձ թվում է՝ խաղաղությունն եմ գրկել…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #38 (1460) 30.11.2022 - 6.12.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում