Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՈՎ ԵՔ ԵԿԵԼ



Մոնթեն Մարտունի նոր էր եկել, ու լուր հասցրին, որ շուտով նա ծանոթության կարգով լինելու է դիրքերում։ Ասացին, որ մենակ չէ, հետն էլի մարդիկ կան ու նաեւ կինը՝ Սեդան։

-Այնպես որ ամեն ինչ աշխատեք կարգին լինի, էսօր էլ մի խմեք, ամոթ է,- հրաժեշտ տալիս զգուշացրեց լրաբերը։

Մենք էլ պատրաստվում էինք ճաշի ու ճաշն էլ պարզ է՝ առանց թթի օղու էն չի։

Մի-մի բաժակ խմեցինք ու մնացածը որոշեցինք շարունակել հյուրերին ճամփու դնելուց հետո։ Արեւը թեքվում էր դեպի հորիզոնը, երբ նրանք ժամանեցին։ Երբ հավաքվել-շարվել ու իրար ձեռք էինք սեղմում, մեկ էլ հարբած, օրորվելով, գրկին մի մեծ փունջ վայրի ծաղիկներ՝ հյուրերին մոտեցավ Սարոն. «Բարով եք էկալ, մատաղ ձեզ,- ու սկսեց հյուրերին հերթով բաժանել ծաղիկները։ Բաժանում էր օրորվելով, քթի տակ երգելով.

Իրիքնակը տուսա էկալ…

Իրար աչքով արինք՝ պարզ էր արդեն՝ չէր համբերել, խմել էր շշում մնացած թթի օղին։

Սեդան Մոնթեի կողքին էր՝ ամենավերջում։ Երբ հասավ Մոնթեին, ձեռքին մնացել էին մի քանի ծաղիկներ։ Դրանք էլ տվեց Մոնթեին ու շվարած, մեղավոր նայեց Սեդային։ Բոլորս ծիծաղում էինք։ Հրամանատարն ասաց. «Բոլորը Սեդային` միակ կնոջը տալու փոխարեն, էս ինչ արիր։ Ասինք` էսօր էլ մի խմիր»։

Քիչ առաջվա շվարած-մոլորված Սարոյի երակներում նորից խայտաց թթի օղին, ու նա, ձեռքը մեկնելով դեպի շրջակա ծաղկուն սարերն ու դաշտերը, դարձավ Սեդային.

-Քիրա ջան, մեր Արցախ աշխարհի ամբողջ սար ու դաշտի ծաղիկներն էլ քեզ, բարով եք եկել,- պատմում է Վ.Ավանեսյանը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #01 (917) 12.01.2012 – 18.01.2012, Հոգևոր-մշակութային


18/01/2012