Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՅՍԻ ՇՈՂ, ՆՈՐ ԿՅԱՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ



ՀՈՒՅՍԻ ՇՈՂ, ՆՈՐ ԿՅԱՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ2020 թ. սեպտեմբերն էր, պատերազմից օրեր առաջ զորամասերից մեկում էինք:

Հրամանատարի տեղակալը ներկայացնում էր զորամասի շնորհալի զինվորներին՝ մեկը մեկից տաղանդավոր։

Կանաչաչյա մի զինվոր, մի քիչ ամաչկոտ ժպիտով, զինվորական «հանգով» ներկայացավ.

-Կրտսեր սերժանտ Վահե Կարապետյան, 2020 թվականի ձմռանն եմ զորակոչվել։ Վեց ամիս ծառայել եմ կապի ուսումնական գումարտակում, ստացել կապավորի մասնագիտություն, այժմ հրաձգային գումարտակում ռադիոջոկի հրամանատար եմ, կապի դասակի հրամանատարի տեղակալ: Մինչ բանակն էլ ուսանել եմ ֆրանսիական քոլեջի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում, ապա ընդունվել ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետ…

Վահեն հինգ լեզվի էր տիրապետում:

-Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ ամենակարեւորը՝ ոսկեղենիկ հայերեն,- լեզուների իմացությունը թվարկեց Վահեն։

Բնությունը շռայլորեն օժտել էր Վահեին. կիրթ, բանիմաց երիտասարդը ե՛ւ լավ նկարում էր, ե՛ւ կիթառ նվագում, ինքնուրույն էր նկարել եւ կիթառ նվագել սովորել, նվագում էր ոչ միայն հանրահայտ գործեր, այլ նաեւ իր ստեղծագործությունները:

-Արվեստը սրտի, հոգու «լեզուն» է, ինքնարտահայտման միջոց…Հոգիդ պարուրած զգացողությունները, ապրումները դառնում են գույն, բառ, հնչյուն…

ՀՈՒՅՍԻ ՇՈՂ, ՆՈՐ ԿՅԱՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈՀիացած ունկնդրում էի Վահեին, զուգահեռ թերթում աշակերտական տետրի մեջ արված գծանկարները, ամեն էջը թերթելիս էլ ավելի համոզվում, որ խոստումնալից երիտասարդի անունը դեռ  հնչելու է արվեստի ամենատարբեր բնագավառներում։

Վահեի անունը հնչեց… Հնչեց հայրենիքին կյանքը նվիրաբերած քաջերի անվան կողքին…

Վահեն ծառայության ընթացքում՝ նախքան պատերազմը, տարբեր նկարներ էր նկարել, ով գիտե՝ ինչ էր կանխազգացել սիրտը…

Նկարներից մեկում այլաբանական պատկերներ էին ու Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կրակների մեջ…

Կտավներից մեկն էլ պատերազմական թեմայով էր՝ կրակատարափ, պայթյուններից այրվող հող, ավերակված շեն ու շինություններ եւ հերոսաբար մարտնչող զինվորներ…

♦♦♦

Կարապետյանների օջախում եմ: Վահեի մայրն ու տատիկն իրար լրացնելով՝ Վահեից են պատմում, մանկությունից, պատանեկությունից գունեղ ու վառ հազար ու մի դրվագ հիշում։ Լող, շախմատ, նկարչություն…Վահեի հետաքրքրությունները սահման չունեին, ամեն ասպարեզում փայլում էր։

-Ուզում եմ անպայման շեշտեք՝ Վահեն Րաֆֆու «Խենթ» վեպի հերոս Վարդանի նախատիպ Սամսոն Տեր-Պողոսյանի զարմից է,- ասում է տատը,- ե՛ւ շատ հայրենասեր էր, ե՛ւ շատ խելացի էր թոռնիկս, երկու տարեկանից քարտեզի վրա անսխալ աշխարհամասերը ցույց կտար, մեկ-մեկ կատակով հարցնում էին՝ Վահե՛ ջան, քարտեզի վրա էս ինչ «սապոգի» նկար է, մեծավարի ուղղում էր ՝ «սապոգ» չէ, Իտալիան է։ Լավ էր սովորում, դպրոցից տուն գալիս ոտքը դռան շեմին չդրած՝ իրար հետեւից ստացած գնահատակաները կթվարկեր՝ երկու ինը, երեք տասը… Տարբեր առարկանների օլիմպիադաների էր մասնակցում, միշտ առաջին տեղը զբաղեցնում,- տատի հպարտությունից փայլող աչքերը մեկեն թացանում են,- առաջին դասարանի հանդեսը հիշեցի՝ ոնց էր  զինվորական համազգեստը հագին, խրոխտ ձայնով արտասանում.

Թող աշխարհում ոչ մի ազգ

Էլ պատերազմ չտեսնի….

ՀՈՒՅՍԻ ՇՈՂ, ՆՈՐ ԿՅԱՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ-Բանակ տղաս տրամադրված գնաց, ասում էր՝ մեր սուրբ պարտքն է հայրենիքը պաշտպանելը: Նվիրված ծառայում էր, բազմաթիվ պատվոգրեր է ստացել,- շարունակում է Վահեի մայրը՝ Կարինա Բեգլարյանը:- Պատերազմի օրերին ուշքն ու միտքը Արցախում էր. ուզում էր գնալ ու միանալ կռվող ընկերներին։ Գնաց… Պատերազմի օրերին ոչ հաճախ, բայց զանգում էր, մեկ-մեկ զարմանում էի, ոնց էր կարողանում պատերազմի թնդյունների տակ լուռ րոպեն որսալ ու տուն զանգել, որ մենք հանկարծ շատ չտագնապենք, այնքան հանգիստ էր խոսում, այնքան խաղաղ…

Ոչ մի անգամ հարազատները Վահեի ձայնի մեջ հուսահատության նշույլ, տխուր երանգ չզգացին, ինքը կռվի դաշտից տնեցիներին գոտեպնդում էր, հուսադրում՝ ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք…

Վահեն ու զինակից ընկերները Արցախի հարավային թեւում էին կռվում… Վահե Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

♦♦♦

Պատերազմում որդի կորցրած ընտանիքներում զավակներ են ծնվում, կյանքը շարունակվում է ամեն միլիմետրը կյանքի գնով պահվող հայրենի հողում…

ՀՈՒՅՍԻ ՇՈՂ, ՆՈՐ ԿՅԱՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈՕրերս Կարապետյանների ընտանիքում էլ մանկան ճիչ լսվեց՝ կոտրելով տանը ծանրացած լռությունը։ Փոքրիկին անվանակոչել են հերոս եղբոր անունով։

Ծննդատնից դուրս գրվելիս ծնողները նախ գնացին «Եռաբլուր»՝ նորածին Վահեին հերոս եղբոր հետ ծանոթացնելու…

-Այս անփարատ ցավից հետո երբեք չէի մտածի, որ նորից կմայրանամ, զարմանում էի, երբ իմանում էի, որ որդեկորույս մայրերը զավակ են ունեցել, ու նեղվում- նեղսրտում էի, երբ ինձ էլ խորհուրդ էին տալիս փոքրիկ ունենալ…Բայց երբ իմացա սրտիս տակ բաբախում է մեկ այլ սիրտ, անպատմելի էին ապրումներս՝ ուրախություն, արցունք, ժպիտ, հազար ու մի հույզ միախառնվել էին։ Կրտսեր Վահես դիմագծերով շատ նման է ավագ եղբորը, աչուկներով էլ է նման։ Գիտեմ, վստահ եմ՝ ավագ եղբոր նման շնորհաշատ կլինի, բարի, սրտացավ, մեծահոգի, նվիրված,- Կարինան արցունքոտ ժպտում է:- Փոքրիկ Վահեն իմ շունչն է, ինքն իր ծննդով երջանկություն է բերել մեր օջախ, գունավորել մեր անգունացած կյանքը, կյանքը նորովի շարունակելու իմաստ հաղորդել… Հիմա, երբ տեղեկանում եմ, որ մեզ նման բախտակից ընտանիքներում զավակ է ծնվել, կամ ցանկանում են բալիկ ունենալ, ամբողջ սրտով ուրախանում եմ… Ուզում եմ որդեկորույս բոլոր մայրերը վերստին ապրեն մայրության բերկրանքը՝ փոքրիկի ծնունդը լույսի, հույսի շող է, նոր կյանք…

Աստծո տված բալիկ է Վահես ու Աստծո հաջողությամբ էլի կունենամ, պիտի շատանանք…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (1461) 07.12.2022 - 13.12.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


07/12/2022