Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԵՎՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՄՐԵԼ…



ԱՐԵՎՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՄՐԵԼ...Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի շատ շրջանավարտներ են մասնակցել Արցախյան 44-օրյա պատերազմին, նրանցից հինգը՝ Մովսես Կարենի Սարգսյանը՝ Մոսը, Արթուր Գագիկի Սարգսյանը, Սամվել Գևորգի Խաչատրյանը, Ալեն Լևոնի Մարգարյանը և Նարեկ Արթուրի Խաչատրյանը, զոհվել են ռազմի դաշտում ու …անմահացել հազարավոր լուսեղեն քաջերի պես։

Դեկտեմբերի 2-ին դպրոցի այն դասասենյակը, որտեղ ժամանակին սովորել են հերոս տղաները, կրթօջախի տնօրինության, ծնողական ու աշակերտական խորհուրդների որոշմամբ կոչել են նրանց անունով՝ «Մոս և ընկերներ»։ Այդ առթիվ միջոցառմանը ներկա էին հերոսների ծնողները, հարազատները, մարտական ընկերները, ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յունը՝ տիկնոջ հետ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր։ Դասասենյակում տղաների նստարաններին նրանց անուններն են գրված, անձնական իրերն են, Հայոց բանակում ծառայելու, մարտական գործողությունների ժամանակ ստացած պարգևներն են՝ պատվոգրեր, շնորհակալագրեր, մեդալներ, շքանշաններ։ Դասասենյակի մի պատը զարդարված է զինվորական ոճով, մեջտեղում տղերքի լուսանկարներն են՝ կենսագրական տվյալներով։ Ընդամենը 20-21 տարի ապրած տղաների կարճ, սակայն հերոսական կենսագրականները պատմում են…

ԱՐԵՎՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՄՐԵԼ...Դասասենյակի մուտքի կարմիր ժապավենի կտրելու և ցուցանակի բացման պատիվը տրվեց դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանին և Մովսեսի մայրիկին՝ Աիդա Սարգսյանին։ Ցերեկույթի մասնակիցները ծանոթացան հերոսների ապրած տարիների պատմությանը, լսեցին ծնողների, ուսուցիչների խոսքը նրանց մասին։ «Տերունական աղոթքով» հերոսների անվան դասասենյակն օրհնեց հոգևոր հովիվ և Ա. Մարգարյանի անվ. թիվ 29 ավագ դպրոցի ուսուցիչ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը։ Հերոսածին մայրերը հուզմունքով էին խոսում սիրասուն որդիների մասին, թաց աչքերով ու հպարտությամբ ցույց տալիս նրանց պարգևները…

Միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում: Հնչեց ՀՀ օրհներգը, հետո էկրանին ցուցադրվեց տեսաֆիլմ՝ նվիրված 44-օրյայի հերոսներին։ Պարային կատարումով հանդես եկան պարի պետական համույթի պարուհիները՝ կատարելով «Խաչքար» պարը։ Ելույթ ունեցան նաև ասմունքողներ և երգիչներ: Դպրոցի սաները բեմ բարձրացան՝ բերելով Հայոց այբուբենը՝ յուրաքանչյուրի ձեռքերում մեկ տառ։ Հետո բեմում մնացին «ՄՈՍ և ԸՆԿԵՐՆԵՐ» կազմող տառերը… Իր ելույթում գրականագետ Սերժ Սրապիոնյանը մասնավորապես ասաց. «…Մոսը, Ալենը, Նարեկը, Սամվելը, Արթուրը, ընկերները… Նրանց շնորհիվ կա այս երկիրը, կանք նաև մենք և շարունակելու ենք լինել… Սիրելի՛ ծնողներ, դուք միայն հպարտանալու իրավունք ունեք, և այն Այբուբենը, որ ներկայացվեց, արդեն 1600 տարվա պատմություն ունի և դարեր շարունակ պահում է մեզ և կերտում է «Մոս ու Ընկերներ…»։ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանն էլ ներկայացրեց իր սաներին և դիմելով ծնողներին ասաց. «Թանկագին հերոսածին մայրեր, ես այս տղաներին դասավանդել եմ և նրանց մեջ տեսել արևի լույս։ Մենք այս Արևներին տեսել ենք մանկուց, զրուցել ենք նրանց հետ, գիտելիք ենք ամբարել նրանց հոգիներում ու մտքերում։ Այս Արևները բոլորիս հոգիներում են։ Արևները չեն խամրել»:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #39 (1461) 07.12.2022 - 13.12.2022, Բանակ և հասարակություն


07/12/2022