«ՆԱ ԲԱՑԱՌԻԿ ԷՐ…»
«…Եթե դուք երբևէ հիանաք, օրինակ, ամերիկյան բանակի լավագույն դիպուկահարներով, մի պահ հիշե՛ք այս տղային. նա հայ է, Կապան քաղաքից, ՀՀ ԶՈւ այն դիպուկահարներից, ով հազարերորդականի բանաձևը լուծում էր այնպես, ինչպես դա կաներ բարձրագույն զինվորական ակադեմիան ավարտած սպան… Նա՝ հետախույզի իր մասնագիտությանը հրաշալի տիրապետող, զինվորական գործի նվիրյալ, հետախուզական ջոկատի դիպուկահար, սերժանտ Լալաբեկյանը, որ շատ համեստ էր, սակավախոս ու խոհուն, միաժամանակ նաև բացառիկ աշխատասեր էր. ֆիզիկական և կրակային պատրաստության, ինչպես նաև մարտավարամասնագիտական հմտությունների ամենամյա քննություններին նա ջոկատի գերազանց գնահատականն ապահովող պայմանագրայինն էր։
Թե ինչեր արեց 44-օրյա պատերազմի ընթացքում այս քչախոս, աթլետիկ կազմվածքով մարտիկը` 23-ամյա սերժանտ Սերգեյ Լալաբեկյանը, ինչպիսի խիզախությամբ էր կռվում, պարզապես ապշած էինք բոլորս: Եվ միայն նրա զոհվելուց հետո լիարժեք գիտակցեցինք՝ մեր զինակից ընկերն իսկական հերոս էր…
Հրամանատար Վահագն Ասատրյանին ու զորամիավորմանը մինչև վերջ նվիրյալ սերժանտը համալրեց Երկնային գնդի շարքերը…
…Ես քեզ հաղթանակ պարտք մնացի, նապա՛րնիկ…»:
Մարտական ընկերոջ մասին այս հակիրճ, բայց տարողունակ շարադրանքը Սերգեյի մարտընկերոջը՝ մեր կին հետախույզներից մեկին է պատկանում, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Նա պատերազմական օրերին կռվել է Սերգեյի հետ ուս ուսի, միասին անցել են ծանր փորձություններով: Շատ բան է տեսել իր կյանքում երիտասարդ հետախույզը, սակայն մարտընկերոջ մասին ասում է. «Նա բացառիկ էր…»:
-Համեստ, առաքինի, լուրջ, միշտ իր մտքերով տարված… Կապան քաղաքից էր մեր Սերյոգան. լավ մարզիկ էր, ծանրորդ,- վերհիշում է Մարիամը (անունը՝ պայմանական):- Ընդամենը 21 տարեկան էր, երբ մեր զորամաս եկավ, բայց երբեք մտքներովս չէր անցնի, որ այդքան երիտասարդ է. դեմքի լրջությունը, խոհունությունը նրան 30 տարեկանից ավելիի տեսք էին տալիս: Ասում են, չէ՞, երբ մարդ շատ բան գիտի, քիչ է խոսում. դա հենց նրա մասին է:
Առաջին անգամ Սերյոգան մեր զորամաս եկավ 2018 թ. նոյեմբերի 5-ին՝ Հատուկ նշանակության զորքերին նվիրված տոնի օրը: Նոր էր ավարտել ժամկետային ծառայությունն ու շարունակել որպես պայմանագրային զինծառայող: Տեսքից անմիջապես երևում էր՝ ֆիզիկապես լավ պատրաստված է: Դասերին նույնպես փայլում էր: Ռուսաստանում ակադեմիան ավարտած մի փոխգնդապետ ունեինք: Մի օր մեր խմբում դասախոսություն էր կարդում ու հարցրեց. «Ձեզնից ո՞վ կարող է բացատրել հազարերորդականի բանաձևը» (հազարերորդականը դիպուկ կրակի համար անհրաժեշտ հաշվարկների համակարգն է): Անմիջապես բոլորս թեքվեցինք դեպի Սերյոգան:
«Այսքան տարի ծառայության մեջ եմ, դիպուկահարների դպրոցից սկսել, ակադեմիայով ավարտել եմ, բայց այսքան հստակ, ընդգրկուն ու ճիշտ բացատրություն երբևէ չէի լսել»,- հետո ասաց փոխգնդապետը: Սերյոգան անգլիական հատուկ նշանակության ՍԱՍ-ի, իսրայելական Մոսադի, ԱՄՆ «ծովափոկերի» և շատ ուրիշ հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնական գրականություն էր ուսումնասիրում:
Ժամկետային զինծառայությունը Տավուշի սահմանապահ զորամասերից մեկում էր անցել: Հրամանատարը Վահագն Ասատրյանն էր եղել: Հերոս հրամանատարի օրինակը, ինչպես նաև ջանասիրաբար ինքնուսուցմամբ զբաղվելը Սերյոգային արդեն որպես պատրաստի մարտիկի բերեցին մեր զորամաս:
Դժվար կյանք էր ունեցել մինչև բանակը. ծանր էր տարել հատկապես ծնողների բաժանումը: Ընտանիքում չորս երեխա էին: Հայկական ավանդական տղամարդու տեսակ լինելով՝ չէր կարողանում հաշտվել, հասկանալ. «Չէ՞ որ 4 երեխա եք լույս աշխարհ բերել, ինչպե՞ս կարելի է հեռանալ իրարից»: Մեծ ընտանիք, խնդիրներ… Եվ ես հիմա պատկերացնում եմ, թե ի՜նչ հսկայական ներքին աշխատանք էր պետք, որ նման յուրահատուկ տեսակ ձևավորվեր: Այստեղ է երևում մարդու ինքնուսուցման, ինքնակրթության, ինքնազարգացման ամբողջ խորությունն ու մասշտաբը:
Անսահման բարի էր: Թվում է՝ հզոր, պատրաստված մարտիկը մի փոքր ագրեսիվություն գոնե պետք է ունենա մեջը, չէ՞, ընդհակառակը, բոլորի հետ շատ հարգանքով, պարզ էր շփվում, շատ պարկեշտ էր, քաղաքավարի: Չէր սիրում, երբ գռեհիկ, անտաշ բաներ էին թույլ տալիս իր ներկայությամբ, երբ մի խումբը մյուսին նախանձում էր։ Միշտ ասում էր. «Տղե՛րք, բոլորս էլ հայ ենք, նույն զորամասից ենք. մեր թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը ազդելու են բոլորիս վրա, երբ գա օրը՝ պատերազմի դաշտում: Եթե մեկի մոտ մի բան վատ է ստացվում, օգնի՛ր, թող լավ ստացվի, իսկ եթե լավն ես տեսնում՝ ընդօրինակի՛ր, ուրախացի՛ր, ուրեմն, քո մարտական ընկերը լավ կկռվի մարտի դաշտում, թիկունքդ ամուր կլինի»: Հետախույզի գերագույն, անբեկանելի պարտքն է. ցանկացած իրավիճակում, ցանկացած պահի ընկերոջդ պետք է հետ բերես՝ վիրավոր լինի, թե զոհված: Մարմինը թշնամու դաշտում թողնելը բացառվում է: «Ի՞նչ անհասկանալի բան կա: Եթե, ասենք, անցումի, գործողության գնաս էդպիսի մարդու հետ, ինչպե՞ս ես կյանքդ նրան վստահելու,- ասում էր:- Տղե՛րք, պատերազմ է լինելու, ու հաստատ թեթև չի լինելու մեզ համար: Կրթվե՛ք, աշխատե՛ք, կատարելագործե՛ք ձեր գիտելիքները, որ մարտի դաշտում ծանր չլինի…»:
Նա ամեն ինչում կատարելության էր ձգտում. հրաշալի հրաձիգ էր: Դեպքեր են եղել, երբ կրակային քննության ժամանակ տեսել է, որ ընկերը վրիպել է, արագ թեքել է զենքը, իր կրակոցով ցած գցել նրա թիրախը, հետո արագ թեքվել, իրենն է տապալել: «Ոչինչ, քննություն է, թող բարձր ստանա, կպարապեմ հետը, լավ կկրակի»,- ասում էր: Եվ, իհարկե, հետո պարապում էր, սովորեցնում: Հիշում եմ՝ թղթի վրա հատուկ մանրամասն գծագրում էր կրակայինի քննությանը վերաբերող այն ամենը, ինչին պետք էր ուշադրություն դարձնել՝ բոլոր չափորոշիչները, նրբությունները, հաշվարկները մանրամասն անում ու տալիս էր ձեռքը. «Նստի՛ր, սովորի՛ր: Լա՛վ կպարապես: Մարտի դաշտում ամեն տեղ չէ, որ կողքիդ կլինեմ. պե՛տք է անթերի կրակել կարողանաս»:
Բա իր հագուկա՜պը: Հագուստով, կոկիկությամբ աչքի էր ընկնում ամբողջ զորամասում: Սերյոգան օրինակելի էր ամեն ինչում:
Նրա հետ ամենաբարդ մարտական գործողությանը կարող էիր գնալ վստահ, որ թիկունքդ ամուր-ապահով է։ Հերթական մարտական առաջադրանքի գնալիս մեր խմբի մյուս անդամները գիտեին, որ իրենց մեջ կա մեկը, ով կարող է մի քանի գիշեր անընդմեջ անցկացնել անքուն, հերթապահությունը վարել գերազանց, առանց թերանալու, և դա սերժանտ Լալաբեկյանն էր։ Շատ արագ ռեակցիա ուներ: Ելքերի ընթացքում, երբ անցնում էինք ականապատ դաշտով, մի սանտիմետր աջ կամ ձախ, և կարող է ականի պայթյունից զոհվեիր: Եթե հանկարծ մեկի ոտքը սահեր, սայթաքեր, Սերյոգան անմիջապես ձեռքը բռնում, հետ էր բերում: Բոլորին հասնում էր ցանկացած դժվարության մեջ՝ մեկին ֆինանսական օգնություն կառաջարկեր, մյուսին խորհրդով օգտակար կլիներ: Պարտք կտար ու կմոռանար…
Իր բացառիկ տեսակին հավատարիմ մնաց նաև 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում՝ պահելով մարտական ընկերների թիկունքը…
Սերգեյի կամքի ուժը սահմաններ չուներ։ 44-օրյա պատերազմից առաջ նրա մոտ ողնաշարի լուրջ խնդիր էին հայտնաբերել. ողերից մեկը լրջորեն վնասվել էր և ներսից փտում էր: Սարսափելի ցավեր էր ունենում, թաքուն մի տեղ պառկում, գալարվում էր ցավերից: Գրպանում միշտ ուժեղ ցավազրկող էր պահում: Պետք է վիրահատվեր, բայց երբ սկսվեց պատերազմը, նա այդ մասին լռեց: Եթե իմանային, անմիջապես կհոսպիտալացնեին, չէր կարողանա մասնակցել պատերազմին:
Ես Սիրիայում խաղաղապահ առաքելության մեջ էի, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Կարճատև հաղորդագրություններ էինք փոխանակում: Միայն ես գիտեի, որ խնդիր ուներ. գրում էր. «Երեք տուփ ցավազրկող եմ հետս վերցրել, հուսամ՝ կհերիքի»: Խրամատում գրպանից հանում, խմում էր ու շարունակում իր գործը: Խրամատում նրան երբեք ոչ մի դիպուկահար չի փոխարինել: Բոլորը գիտեին. Լալաբեկյան Սերգեյը կարող էր մինչև չորս օր ու գիշեր առանց քնելու հերթապահել: Շատ է եղել, երբ եկել ենք դիրքեր, տեսել ենք՝ նոր հերթափոխի անձնակազմը քնած է, իսկ ինքը կանգնած է: Ասում էր. «Սո՛ւս, ոչինչ, թող քնեն. ես արթուն եմ»: Ռոբոտի պես էր, չէր հոգնում, չէր բողոքում, միշտ հավաք, հանդարտ: Որ ասում են՝ «Մի՛շտ պատրաստ», դա հենց նրա մասին է:
Այս լուսանկարը պատերազմի օրերին է արված. Սերյոգան սպային բացատրում է, թե նռնականետով ինչ հեռավորության վրա, ինչ բարձրությամբ պետք է նշան բռնի, որ խոցի թիրախը: Դիպուկ կրակի հաշվարկներն է անում:
Նա իրեն վստահված դիրքը, իր խրամատը երբեք չլքեց, միշտ մնաց իր տեղում, ինչպես ինքն էր սիրում ասել` մինչև մահ։ Խրամատում մեր լեգենդար դիպուկահարը իր գործն անում էր առանց հանգստի, առանց հերթափոխի, ֆանատիզմի հասնող նվիրվածությամբ. անտեսում էր ընդմիջման գնալու մեր հորդորները:
Թեև նա հետախուզական խմբի դիպուկահարն էր, բայց երբ ինչ-որ բարդ իրավիճակ էր լինում, ինքն առջևում էր: Քարվաճառում էինք. միասին դարանակալում էինք՝ թշնամու դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումը կասեցնելու համար: Մի անգամ ծառերի մեջ քողարկված հերթապահություն էինք իրականացնում, երբ գիշերը «տապիկով» զանգ եկավ, թե՝ ներթափանցման փորձ է: Խմբեր են մտել ու տարբեր ուղղություններով ցրվել: Սերգեյն առաջինը ոտքի ելավ: Ասաց. «Դուք դիրքավորվեք, ես մի քիչ առաջ կգնամ, կհետախուզեմ, հետո դուք կգաք»: Մեր 10 հոգանոց խմբին կանգնեցրեց ու ինքը գնաց առաջ:
Իսկ սա ինձ պատմել է Ջրականի մատույցներում Սերգեյի ջոկատի հետ մարտական գործողություններով անցած բժշկուհին: Սերգեյը սարի լանջին դիրքավորված ջոկատի դիպուկահարն էր: Նա ստանձնել էր ջոկատի թիկունքային ապահովումը և մեն-մենակ էր այն իրականացնում: Շատ բարդ ու վտանգավոր հատված էր. խումբն անդադար կրակի տակ էր: Նույն այդ տեղանքից մի օր նա դիտարկել էր թշնամու թիկունքում՝ նրանց հսկողության տակ գտնվող տարածքով անցնող մեքենան և դիպուկ նշանառությամբ խոցել: Այնուհետև, անտեսելով վտանգը, անցել էր թշնամու թիկունք և սողեսող մոտեցել էր այրվող մեքենային, միջից դուրս էր բերել կարևոր հետախուզական քարտեզներ ու փաստաթղթեր, որոնք մեզ համար այդ օրերին շատ կարևոր էին, և կրկին սողեսող վերադարձել էր սարալանջի իր դիրքը: Ասելը հեշտ է, բայց ցանկացած դիպուկահար, հետախույզ լավ կպատկերացնի, թե ինչպիսի գերմարդկային ճիգեր ու անձնուրացություն էին պահանջվել նրանից այդ ընթացքում:
…Սերգեյը ժամկետային զինծառայությունը հյուսիսարևելյան զորամասերից մեկում է անցկացրել՝ որպես հետախույզ: Դեռ ժամկետային զինծառայության ընթացքում միշտ հիանում էր իր հրամանատար Վահագն Ասատրյանով: Քարվաճառում պատերազմի սկզբնական շրջանում կորցրած մի քանի կարևոր դիրք իրար հետ ետ էին վերցրել՝ հսկայական կորուստներ պատճառելով թշնամուն: Պատերազմի սկզբնական շրջանում, երբ կորուստները շատ էին, հատկապես Ասատրյան Վահագնի զոհվելուց հետո, ոմանք հուսալքվում էին: Ինքը ինձ հանգստի պահերին գրում էր. «Ճիշտ է, Ասատրյան Վահագնի զոհվելը մեզ շատ ճնշեց, բայց նրա՝ մեզ փոխանցած պատգամները մեզ այնպես են պատրաստել հաղթանակի համար, որ պետք է ոգիներս տեղը պահենք հենց հանուն այն հաղթանակի, որ նա երազում էր ու չհասցրեց ավարտին հասցնել»: Ասում էր. «Շատ եմ կարոտում հրամանատարիս…Երբ ռացիայով մեզ կապում էր իրար հետ, ղեկավարում, մեզ թվում էր՝ ամեն տեղ մեզ հետ է»:
Վահագն Ասատրյանի շնորհիվ մեր 200-ից ավելի զինվորականներ, նրանց մեջ նաև՝ Սերյոգան, Հադրութի շրջանում կարողացել էին անվնաս դուրս գալ շրջափակումից: Վահագնը ռացիայով արագ «գծել» էր այն արահետները, որոնցով հաջողել էին ապահով դուրս բերել զորքին: Սերյոգան միշտ հիշում էր այդ դեպքը. «Նա թիկունքի հրամանատար չէր. մարտական հրամանատար էր, ու հանուն հենց միայն նրա՝ մենք պարտվելու իրավունք չունենք»:
Քարվաճառով, Հադրութով, Ջրականով միասին էին անցել: Սարատակ կոչված տեղանքը Սերյոգայի համար ճակատագրական եղավ…
…Մինչև հոկտեմբերի 18-ը միայն մեկ անգամ է հանգստացել: Վերջին անգամ նրա հետ խոսել եմ զոհվելուց մեկ օր առաջ: Զանգեց, ասաց. «Խնդրում եմ, աղոթի՛ր ինձ համար: Վաղը կարևոր գործի եմ»:
…Այդ օրը տղաները չեն հասցրել անգամ գործողության մեջ մտնել: Անօդաչուի հարվածից մեր լավագույններից մի քանիսն անմահացան. նրանց մեջ էր նաև Սերյոգան… Մեծ, անդառնալի կորուստ մեր բանակի համար…
Մարիամը խոսում, պատմում է իր մարտընկերոջ մասին, իսկ ես նայում եմ երիտասարդ կնոջ դեմքին ու զարմանում եմ նրա սահուն, շատ հարուստ խոսքով, նրա նրբազգաց, բայց աներևակայելի ուժեղ տեսակով: Երբ պատմում է Սերգեյի մասին, նույն նվիրումը նրա աչքերում եմ տեսնում, նույն կրքոտ սերը իր մասնագիտության, անհանգստությունը երկրի, իր զորատեսակի խնդիրների հանդեպ: Մարիամը սկզբում դիպուկահար է եղել, հետագայում ընտրել է հետախույզի մասնագիտությունը: «Խնդրեցի, որ ինձ տեղափոխեն, քանի որ իմ «էներգետիկ ռեսուրսները» մեծ են. առանց հոգնելու կարող եմ ժամերով դժվարանցանելի տեղանքով քայլերթերի դուրս գալ, հետո զորամաս հասնելով՝ շարունակել մարզումներս: Կարող եմ ինձնից քաշով ավելի մեծ ընկերոջս ուսիս դրած դաշտից դուրս բերել…»,- այսքան բան է հաջողվում նրանից կորզել իր մասին: Բայց այսքանն էլ խոսուն է: Նայում եմ ու ուզում եմ լավ հիշել նրա նուրբ դիմագծերը, առաջին հայացքից փխրուն կազմվածքը, որի մեջ սովորական կնոջ, անգամ տղամարդու համար անհավատալի մեծ ուժ ու դիմացկունություն կա: Ուզում եմ հիշել, քանի որ մենք նրանց մասին սովորաբար շատ քիչ բան ենք իմանում, հազվադեպ ենք առիթ ունենում հանդիպելու, քիչ ենք գրում՝ առանց նշելու անունները, առանց ցույց տալու պատկերները, մինչդեռ այս մարդկանց նվիրումը իրենց գործին բացառիկ է. «Առանց փառքի իրավունքի» նրանք իրենց կյանքը ամեն օր վտանգելով, երբեմն էլ, ինչպես Սերգեյի դեպքում, կյանքը նվիրաբերելով են ապացուցում իրենց մեծ սերը Հայրենիքի հանդեպ:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #39 (1461) 07.12.2022 - 13.12.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում