Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱԽՃԱՆՎԵՑ ԼԵԳԵՆԴԱՐ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ



Դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում 87 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս, hայ ժողովրդի արժանավոր զավակ Գևորգ Վարդանյանը:

Ծնվել է 1924 թ. փետրվարի 17-ին, Դոնի Ռոստովում, իրանահպատակ Անդրեաս Վարդանյանի ընտանիքում: Սովորել է Թավրիզի հայկական, այնուհետեւ պարսկական դպրոցներում, ինչպես նաեւ ռուս-հայկական գիմնազիայում:

Հետախուզական աշխատանքներում ընդգրկվել է վաղ երիտասարդական տարիքից` հետևելով հոր օրինակին, որը շուրջ 23 տարի համագործակցել է խորհրդային հետախուզության հետ:

Նրա անունը նշված է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների 100 լավագույն հետախույզների ցանկում։ Նրան այսպես են գնահատել. «Զորգեին, Աբելին, Կիմ Ֆիլբիին հավասար… իսկ գուցե եւ առավել»։ Քաջարի հայորդու սխրանքների մեծ մասը «հույժ գաղտնի» կնիքի տակ է. առայսօր բացված է նրա տասնամյակներ ձգվող գործունեության լոկ առաջին էջը՝ «թեհրանյանը»։ Նրա ղեկավարած խմբին (հայեր, երկու ասորի եւ մեկ լեզգի) հաջողվում է կանխել «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ գերմանական հետախուզության ծառայության կազմակերպած մահափորձը («Երկար ցատկ»), որն իրականացնելու էր հայտնի Օտտո Սկորցենին՝ Հիտլերի սիրելին։

Իրանում աշխատելու տարիներին Վարդանյանին ու նրա խմբին հաջողվել է մերկացնել ավելի քան 400 գերմանական գործակալ։ «Իմ կյանքի ամենագլխավոր իրադարձություններից մեկը «Թեհրան 43»-ն է։ Դրանից հետո էլ կարեւոր իրադարձություններ եղել են, որոնց մասին, սակայն, դեռեւս չի կարելի պատմել»,- ասել է ականավոր հետախույզն իր հարցազրույցներից մեկում։

Հանրահայտ են նաեւ Գեւորգի եւ նրա կնոջ՝ Գոհար Վարդանյանի (Փահլեւանյան) իտալական գործուղումները։ Աշխատելով այնտեղ՝ նրանք իրենց սեւեռուն ուշադրության կենտրոնում են պահել ՆԱՏՕ-ի հարավային թեւը։ Այդ ժամանակ Գեւորգ եւ Գոհար Վարդանյաններն ունեցել են աչքի ընկնող հասարակական դիրք, նրանց լավ են ճանաչել երկրի նախագահը, նախարարները, իսկ ամերիկյան ծովային բարձրաստիճան սպաները եւ ծովակալ Թերները մեկ անգամ չէ, որ նրանց ձեռքն են սեղմել եւ օգտվել նրանց ծառայություններից։ Հենց նրանք էլ օգնել են Գեւորգ Վարդանյանին, երբ նա գաղտնի հետախուզական առաջադրանքներով մեկնել է ԱՄՆ։

Գեւորգ Վարդանյանի անցկացրած փայլուն գործողությունները կարող են ընդգրկվել շատ երկրների հատուկ ծառայությունների դասագրքերում՝ որպես հետախույզի արդյունավետ աշխատանքի օրինակներ։

Ահա այսպիսին էր Գեւորգ Վարդանյանը, մարդ, որի համաշխարհային հետախուզության պատմության մեջ կատարած ներդրման մասին կարող ենք կռահել միայն։

Ներկայացնում ենք լեգենդար հետախույզի ծննդյան 85-ամյակի առթիվ մեր թղթակից Գևորգ Ասատրյանի բացառիկ հարցազրույցից հատվածներ:

♦♦♦

-Այսօր չկա այն գաղափարը, որին ժամանակին այնպես ջերմագին նվիրվել եք։ Չէ՞ որ Դուք մի ամբողջ կյանք ծառայել եք Խորհրդային Միության արտաքին հետախուզությանը:

-Այո՛։ Բայց հավասարության, եղբայրության գաղափարները համամարդկային եւ մարդկայի՛ն մեծ արժեքներ են: Այդ գաղափարները, ինչ խոսք, հիմա չկան, բայց կա այն երկիրը, այն ժողովուրդը՝ հանուն որի ես ապրել ու աշխատել եմ: Երկիրը, հո, մնացե՞լ է, թեկուզ ուրիշ անունով… Պատերազմի ժամանակ ես պայքարել եմ այն մեծ երկրի համար, որի մի փոքրիկ մասն էր կազմում նաեւ իմ հայրենիքը, իմ ժողովուրդը։ Խաղաղության տարիների իմ պայքարը դարձյալ իմ երկրի ու իմ ժողովրդի համար է եղել: Այո՛, այսօր, երբ, ավաղ, չկան այլեւս մեծ գաղափարները (ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում), պետք է աշխատել ու ապրել, պայքարել բուն հայրենիքի հզորացման համար։

♦♦♦

-Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը։

-Ես օտարության մեջ եմ մեծացել՝ Իրանում։ Իսկ օտարության մեջ ապրող հայի համար հայրենիքը որոշակի տեղ, աշխարհագրական վայր լինելուց բացի, շատ ավելի հոգեղեն ու ոգեղեն գոյություն է… Ես համարյա կես դար դրսում եմ ապրել… Չկա ոչինչ հայրենիքից առավել, եւ հայրենիքը սիրելու համար մի կյանքը քիչ է։ Առանց հայրենիք մենք բոլորս ոչինչ ենք՝ ով էլ լինենք, ինչ պաշտոն էլ զբաղեցնենք։ Պետք է սիրենք մեր այս մի բուռ հայրենիքը, պետք է ծառայենք նրան, պետք է խոնարհվենք նրա առաջ եւ պետք է դողանք… Հայրս, մայրս, քույրս, եղբայրս երազել են հայրենիքի մասին, եւ հիմա հանգչում են իրենց երազած հայրենիքում։ Իմ սիրտը, իմ հոգին միշտ էլ հայրենիքում է՝ երեկ, այսօր, վաղը…

♦♦♦

-Ձեր գործունեության զգալի մասը դեռեւս գաղտնազերծված չէ, եւ դեռեւս, ինչպես ասում են, յոթ փակի տակ է պահվում, բայց աշխարհը գիտի Ձեր իրանական գործունեության հայտնի դրվագը. երբ ձեր ղեկավարած «Թեթեւ հեծելազոր» խմբի շնորհիվ 1943թ. Թեհրանի կոնֆերանսի ընթացքում կանխվեց Չերչիլի, Ստալինի եւ Ռուզվելտի դեմ կազմակերպված մահափորձը… Ինչ եք կարծում, կարո՞ղ ենք ասել, որ հակառակ դեպքում մարդկության պատմությունն այլ ուղիով կընթանար…

-Ո՛չ, ամենեւին ոչ։ Ֆաշիզմը, մեկ է, պետք է ջախջախվեր։ Ֆաշիզմն այլ ճանապարհ չուներ։ Եվ ջախջախվեց։ Ֆաշիզմը չէր կարող հաղթել, նա դատապարտված էր պարտության։ Մենք չլինեինք, կգտնվեին ուրիշները, գուցե շատերը… Եվ փառք Աստծո, որ ֆաշիզմը պարտվեց… Աշխարհը մի մարդով չէ…

♦♦♦

-Դո՞ւք էլ եք դժվարին պահեր ունեցել…

-Անպայման, բայց այդ պահերին մշտապես կողքիս է եղել իմ գործընկերն ու կյանքի անբաժան ուղեկիցը՝ Գոհարը։ Նրա ներկայությունն ինձ պայքարելու, դիմանալու մեծ ուժ է տվել… Եվ հետո… աշխատանքիս ընթացքում ոչ մի պահ անգամ չեմ մոռացել իմ հայրենիքը։ Ինձ համար նպատակը վեր է եղել ամեն բանից։ Այդ նպատակը երբեք ինձ թույլ չի տվել թուլանալ, տրտնջալ, հուսահատվել… Այսպիսին է հետախույզի աշխատանքը. բոլոր ցավերի դեմ նա միայն մի դարման ունի՝ նվիրում։

♦♦♦

-Կա՞ արդյոք բարոյականության մի սահման, որը Դուք երբեւէ չեք խախտել։

-Ես երբեք իմ ընկերներին չեմ ներքաշել իմ գործերի մեջ, երբե՛ք։ Նրանց հետ պարզապես ընկերություն եմ արել։ Եվ այդ բանի շնորհիվ ես շատ ընկերներ ունեմ՝ լավ ընկերներ։ Եվ նրանք ինձ բոլորն էլ հարգում են, որովհետեւ ես ինքս հարգում եմ ինձ։

♦♦♦

-Հսկայական է Ձեր ներդրումը խորհրդային արտաքին հետախուզությունում… Անկեղծորեն ասեք, երբեւէ կարո՞ղ էիք մտածել, որ կարժանանաք Խորհրդային Միության հերոսի կոչման։

-Երբեք վարձատրություն չեմ ակնկալել… Հայրս սեփական ունեցվածքն էր ծառայեցնում իր գործին… Մտքովս անգամ չէր անցնի, թե երբեւէ իմ իսկական անուն-ազգանունը բարձրաձայն կհնչի, էլ ուր մնաց՝ հերոսի կոչման արժանանամ… Հիշում եմ, սովորական օր էր. Գոհարը դուրս եկավ՝ խանութ, թե ուր… Տանը միայնակ նստած էի։ Հանկարծ հեռագրասարքն աշխատեց։ Սովորաբար հեռագրերը Գոհարն էր ընդունում։ Ստիպված ես մոտեցա սարքին։ Չափազանց սեղմ հեռագիր էր, իսկ կարճ հեռագրերը սովորաբար տագնապ, զգուշացում էին պարունակում։ Ես համարյա ահաբեկված ձեռքս առա հեռագիրն ու կարդացի… Աչքերիս չէի հավատում։ Նորից կարդացի. «Դուք արժանացել եք Խորհրդային Միության հերոսի կոչման, Գոհար Վարդանյանը՝ Կարմիր դրոշի շքանշանի…»։ Անսպասելիությունից շունչս կտրվեց… Վերադարձավ Գոհարը. «Ժորա, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես սփրթնել, երեսիդ գույն չկա»։ Ասացի՝ «չէ՛, չէ՛, լավ բան է, կարդա»։ Գոհարը կարդաց… Մենք իրար գրկեցինք եւ ուրախությունից լաց եղանք։ Եվ ուղիղ ռեստորան գնացինք ու մի լավ քեֆ արեցինք… Ախր, այդ օրը 1984թ. մայիսի 28-ն էր, մեր հայրենիքի անկախության օրը… Պարգեւները մենք ստացանք ամռանը՝ ՊԱԿ-ի նախագահ, բանակի գեներալ Չեբրիկովից, որոշակի մարդկանց շատ նեղ շրջանակում…

♦♦♦

-Մինչդեռ, եթե չեմ սխալվում, Դուք գաղտնազերծվեցիք համարյա 14 տարի անց՝ 2000 թվականին։ Գեորգի Անդրեյիչ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հանկարծ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ձեզ գաղտնազերծելու նման աննախադեպ որոշում ընդունեց։

-2000թ. դեկտեմբերին՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության 80-ամյակի օրը, առաջին անգամ հեռուստացույցների էկրաններին երեւացին անլեգալ հետախույզներ Գեւորգ եւ Գոհար Վարդանյանների դեմքերը… Ես չեմ հավակնում միակ ճիշտ պատասխանին, բայց ինձ թվում է (թող մեծամիտ չհնչի), որ Ծառայությունը նման քայլի դիմեց աշխարհին ցույց տալու համար իր հզորությունը. ասել է թե՝ թող աշխարհը տեսնի, թե մենք ովքեր ենք, թե մեր հետախուզության ձեռքերը մինչեւ ուր կարող են հասնել… Այդ օրը հավանաբար աշխարհի շատ ու շատ մեծամեծ պետությունների, հետախուզական գաղտնի ծառայությունների ղեկավարներ իրենց մատը կծեցին կամ էլ ծոծրակները քորեցին…

♦♦♦

-Սիրո՞ւմ եք Երեւանը։

-Շա՛տ. Երեւանը ո՞վ չի սիրում։ Ամեն անգամ՝ թե՛ պատերազմից հետո, թե՛ ավելի ուշ, երբ հարց է առաջադրվել՝ որտե՞ղ կուզենաք ապրել, մեր ընտրությունը միշտ էլ Երեւանի վրա է կանգ առել։ Իմ տունն այստեղ է։ Երեւանը մեր ամբողջ կյանքի երազանքն է եղել։ Այստեղ մենք բարեկամություն ունենք, վաղեմի ընկերներ…

♦♦♦

-Հենց նոր պաշտպանության նախարարությունից եք գալիս, ոգեւորված եք…

-Ոգեւորված եմ, որովհետեւ մեր բանակը առաջ է գնում, եւ դա ինձ շատ է ուրախացնում։ Բանակի ղեկավարները հմուտ մարդիկ են, իրենց գործին նվիրված հայրենասերներ։ Ես միշտ էլ հեռվից հեռու հետեւում եմ մեր բանակի զարգացմանը։ Իսկապես ուժեղ, իսկապես կազմակերպված բանակ ունենք։ Մեր բանակի հաջողությունները միայն թշնամին չի ուզենա տեսնել։ Ես հավատում եմ մեր զինվորի ուժին, ոգուն։ Մեր ազգը մարդու պինդ տեսակից է՝ չկոտրվող, չխոնարհվող։ Մեզ դժվար է ծնկի բերել։ Դժվարին է եղել մեր պատմությունը, բայց, ինչպես տեսնում եք, դիմացել ենք, կանք… Դոլորես Իբարուրիի խոսքերը կարծես հենց մեր ազգի մասին է ասված. «Ավելի լավ է մարդ կանգնած մեռնի, քան ապրի ծնկաչոք»։ Մենք միշտ արժանապատիվ կյանքն ենք գերադասել։ Այսպիսին է եղել հայը, այսպիսին է այսօր մեր զինվորը։ Նա պահում է մեր ներկան ու մեր ապագան։ Ես հավատում եմ մեր զինվորի ուժին…

♦♦♦

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպասվում մարդկությանը։

-Մարդկությունը պետք է միաբանվի։ Սաադին՝ պարսիկ միջնադարյան հանճարեղ բանաստեղծը, որքա՜ն լավ է ասել (պարսկերեն բարձրաձայն արտասանում է եւ իսկույն էլ թարգմանում). «Եթե դու չես ապրում մարդկության ցավերով ու հոգսերով, ուրեմն մարդ կոչվելու իրավունք չունես»։

Խորագիր՝ #01 (917) 12.01.2012 – 18.01.2012, Ճակատագրեր


18/01/2012