Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼ Է «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ» ԱՌԱՐԿԱՆ



«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի աջակցությամբ մշակվել և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կրթական ծրագրերում ներառվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայիդասընթացը։

Դեկտեմբերի 12-ին Ռազմական համալսարանում տեղի է ունեցել «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացի անցկացման համար նախատեսված լսարանի բացման արարողությունը: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի աջակցությամբ կահավորված լսարանի բացման արարողությանը մասնակցել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովայի գլխավորած պատվիրակությունը:

Նույն օրը Լեյլա Ժդանովայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Պաշտպանության նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի թիմին՝ ուսումնական ու կրթական միջոցառումների շրջանակում զինված ուժերի անձնակազմին աջակցելու, կարողությունները և հմտությունները զարգացնելու պատրաստակամության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են համագործակցության զարգացման և շարունակականության ապահովման պատրաստակամությունը, քննարկել հետագա համագործակցության նոր ուղղություններ, մասնավորապես՝ զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման ոլորտում: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Հայաստանի համար իրականացվող 2019-2022 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես՝ կին զինծառայողների իրավունքների պաշտպանությանը և զինվորական գործերով իրավական գործընթացների արդյունավետության ամրապնդմանը՝ աջակցելով իրավական ակտերի մշակման հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության 2020-2022 թվականների ազգային ռազմավարության իրականացման։ Ծրագրի առանձնահատուկ նպատակը զինված ուժերում կանանց ներգրավվածության բարձրացումն է՝ Եվրոպայի Խորհրդի չափորոշիչներին և հանձնարարականներին համապատասխան:

Խորագիր՝ Նորություններ


13/12/2022