ՍԿԻԶԲԸ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՑ ՄԻՆՉԵՒ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ՀՀ բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ մեր բանակի անցած ուղին վերաիմաստավորելու նպատակով սկսում ենք «Մեր բանակի հաղթական ուղին» նոր խորագրի ներքո հրապարակումների շարքը, որի առանցքը ռազմաքաղաքական այն իրադարձություններն են, որոնք կարևոր նշանակություն ունեցան հայոց բանակի ստեղծման, կայացման ու զարգացման գործում:
1988 ԹՎԱԿԱՆ
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով փետրվարի 12-ին Ստեփանակերտում, իսկ 20-ին` Երևանում տեղի ունեցած առաջին զանգվածային հանրահավաքներով սկսվեց Արցախյան շարժումը, որը կտրուկ փոխեց Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի պատմության ընթացքը, ուժերի հարաբերակցությունը, և Անդրկովկասում դեռևս Խորհրդային Միության օրոք սկիզբ դրեց ռազմաքաղաքական բոլորովին այլ իրողությունների:
Նույն փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդն ընդունեց ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու որոշումը: Օգտագործելով Խորհրդային Միության Սահմանադրության ընձեռած հնարավորությունները` արցախահայությունը հակադրվեց Մոսկվային ու Բաքվին, և ամբողջ հայ ժողովուրդը սկսեց խորհրդային իրավունքի տեսանկյունից սահմանադրական մի շարժում, որին Կենտրոնն ու Բաքուն իսկույն պատասխանեցին… հրաձգային զենքերով:
Փետրվարի 22-ին 8000-10.000-անոց ամբոխն Աղդամից հարձակվեց Ասկերանի վրա, բայց ետ շպրտվեց` թողնելով երկու դիակ: Մարտի 10-17-ին Բաքվում, Կիրովաբադում և մյուս հայաշատ վայրերում ադրբեջանական խուժանի կողմից հայերի նկատմամբ տեղի ունեցան զանգվածային բռնարարքներ, իսկ ապրիլի սկզբին Ֆիզուլիից հակակարկտային հրանոթներով ամպերի փոխարեն «սխալմամբ» հարվածեցին Հադրութի շրջանի Դուդուկչի և Ազոխ գյուղերին:
Այս ամիսներին Կենտրոնի թույլտվությամբ Բաքվի սանձազերծած կամայականությունները դեռևս մի կերպ տեղավորվում էին «սոցիալիստական օրինականության» խախտումների շրջագծում, բայց…
Աշնանը սկսվեցին էթնիկ զտումները. սեպտեմբերին Շուշիից հեռացան վերջին հայերը, Ստեփանակերտից` վերջին ադրբեջանցիները, իսկ նոյեմբերի 21-ին սկսվեց Կիրովաբադի` պատմական Գանձակի և Ադրբեջանի մյուս հայաշատ վայրերի ինքնապաշտպանությունն ու տեղահանությունը, որն ուղեկցվեց միայնակ ծերերի ու հաշմանդամների քստմնելի սպանություններով: Հայաստանից էլ հեռացան ադրբեջանցիները, ինչը Շարժման մեծագույն նվաճումներից մեկն էր: Արդեն պարզ էր, որ սահմանադրական եղանակով սկսված համաժողովրդական շարժումը հետզհետե վերաճում էր տևական, զինված պայքարի:
Նոյեմբերի 22-ին Երևանում հայտարարվեց արտակարգ դրություն, և սահմանվեց պարետային ժամ, որը չվերացվեց անգամ դեկտեմբերի աղետալի երկրաշարժից հետո:
1989 ԹՎԱԿԱՆ
Հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագրով ԼՂԻՄ-ում հաստատվեց կառավարման հատուկ ձև: Թեև երկրամասը մնաց Ադրբեջանի կազմում, սակայն ստեղծվեց ԼՂԻՄ կառավարման հատուկ կոմիտեն` Արկադի Վոլսկու ղեկավարությամբ: Այն անմիջականորեն ենթարկվում էր ԽՍՀՄ պետական իշխանության եւ կառավարման բարձրագույն մարմիններին, օժտված էր ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի և նրա գործկոմի, ինչպես նաև կուսակցության մարզկոմի իրավունքներով և պարտականություններով: Ըստ այդմ, իշխանության այս մարմինների գործունեությունը ԼՂԻՄ-ում դադարեց, և Մոսկվան ու Բաքուն ազատվեցին մարզի անհնազանդ ղեկավարներից:
Երևանում էլ ամեն օր հրապարակվում էին հատուկ շրջանի զինվորական պարետի հաղորդագրությունները այն մասին, թե քանիսն են ոչ սթափ վիճակում մեքենա վարել, երբեմն էլ պարետը շնորհակալություն էր հայտնում կարգուկանոնի պահպանման համար: Ժողովուրդը զբաղված էր երկրաշարժի հետևանքների վերացմամբ: Իսկ Ադրբեջանը ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով հատկացված 400 միլիոն խորհրդային ռուբլի գումարով Արցախում կառուցում էր Խոջալուն և ադրբեջանական այլ բնակավայրեր:
Բայց Շարժումն արթնանում էր, ու ապրիլի 24-ին, 27-ին, մայիսի 1-ին ու 6-ին Երևանում տեղի ունեցան «չարտոնված միտինգներ», իսկ ԼՂԻՄ-ում երկրամասի ժողովրդագրական կազմը հօգուտ Ադրբեջանի փոխելու նպատակ հետապնդող նախաձեռնության` ադրբեջանական բնակավայրերի կառուցման պատճառով սկսվեցին բախումներ ու գործադուլներ:
Հուլիսի 12-ին մարզխորհրդի նստաշրջանը ԼՂԻՄ-ը դուրս հայտարարեց Ադրբեջանի կազմից, իսկ հուլիսի 26-ին Շահումյանի շրջանային խորհուրդն ընդունեց ԼՂԻՄ-ի հետ միավորվելու որոշումը: Այն բեկանելու համար նույն երեկոյան շրջան ժամանեց Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Պոլյանիչկոն, բայց վճռական մերժում ստացավ:
1989 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստան էր եկել 200.000 փախստական, իսկ Հայաստանից Ադրբեջան հեռացել` 150.000-ը:
Օգոստոսի լույս 6-ի գիշերը ադրբեջանցիները քանդեցին իրենց հսկողության ներքո գտնվող Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքուղին: Նույն օրը փակվեց Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհը, և մարզն արտաքին աշխարհին կապող միակ միջոցը դարձան Հայաստանից իրականացվող ուղղաթիռային թռիչքները:
Օգոստոսի 16-ին Ստեփանակերտում գումարված ԼՂԻՄ հայության 1-ին համագումարն ընտրեց 80 հոգուց բաղկացած Ազգային խորհուրդ` նրան օժտելով լուծարված կուսմարզկոմի ու մարզգործկոմի լիազորություններով: Ազգային խորհրդի ղեկավար ընտրվեց Մարտունու կուսշրջկոմի 1-ին քարտուղար Վաչագան Գրիգորյանը, տեղակալներ` Վալերի Աղաջանյանն ու Վլադիմիր Թովմասյանը:
Սեպտեմբերի 4-ից սկսվեց նաև Հայաստանի տնտեսական շրջափակումը, իսկ սեպտեմբերի 16-ին ԳԽ-ն անդրադարձավ Գետաշենի ու Շահումյանի վիճակին, խորհրդային բանակում հայ զինծառայողների կյանքի անվտանգությանը և Մոսկվայից պահանջեց ճանաչել ԼՂԻՄ Ազգային խորհուրդը:
Շարժումն արդեն վերածվել էր «Ճանապարհային պատերազմի», որի հիմնական զենքը քարերն էին, որոնցով քարկոծվում էին «դրացի ժողովրդի» ավտոմեքենաներն ու ավտոբուսները` դադարեցնելով հաղորդակցությունը երկու կողմերի միջև: Սեպտեմբերի 18-ին Աղդամով անցնող ավտոճանապարհների ապաշրջափակման ընթացքում Գիյսալի գյուղի մոտ տեղի ունեցավ առաջին խոշոր բախումը խորհրդային զինծառայողների և ադրբեջանական խուժանի միջև: Զոհվեց երկու սպա:
Տասնամյակների ընդմիջումից հետո, հոկտեմբերի 1-ին և 16-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը առաջին պատարագը մատուցեց Գանձասարի և Ամարասի վանքերում:
Հոկտեմբերի 10-ին խորհրդային զինվորականները դիմեցին առաջին խոշոր սադրանքին. Շուշիից Գանձակ ուղևորվող ստորաբաժանումը տխրահռչակ գեներալ Սաֆոնովի հրամանով Ստեփանակերտում կրակ բացեց ժողովրդի վրա` սպանելով մեկ և վիրավորելով տասը խաղաղ բնակչի: ՀԽՍՀ ղեկավարությունը Մոսկվայից պահանջեց բանակային ստորաբաժանումների տեղաշարժի մասին այսուհետև տեղյակ պահել տեղական իշխանություններին:
Աշնանը հասարակական մեծ հնչեղություն ստացավ խորհրդային բանակում 1989-ին 20 հայ զինվորի զոհվելու փաստը, թեև հրամանատարությունը պնդում էր, որ բոլորը զոհվել են անվտանգության կանոնների խախտման կամ ավտովթարի հետևանքով: Հայ զինվորները սկսեցին զանգվածաբար դասալքել, ինչից հետո որոշվեց զորակոչիկների 20 տոկոսին թողնել ծառայելու Հայաստանում:
Դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի միացյալ նիստում ընդունվեց պատմական որոշում` «Խորհրդային Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման» մասին:
Սա պատասխանն էր «ԼՂԻՄ-ում իրադրությունը նորմալացնելու մասին» որոշման, որով մարզը փաստորեն վերակցվում էր Ադրբեջանին: Հայ պատգամավորները ԽՍՀՄ ԳԽ նիստի ժամանակ դուրս եկան դահլիճից, չմասնակցեցին որոշման ընդունմանը, իսկ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Արցախի Ազգային խորհուրդն այն հայտարարեցին «անվավեր` Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի համար, և ոչ մի իրավական հետևանքներ չստեղծող», որոշեցին հայ պատգամավորների հեռանալու պահից «ԽՍՀՄ ԳԽ բոլոր որոշումները, հայ ժողովրդի իրավունքներին ու շահերին դրանց չհամապատասխանելու դեպքում, համարել չգործող» ու արտասահմանի բոլոր հայ համայնքներին տեղյակ պահելով այդ մասին` կոչ արեցին համախմբվել հայրենիքի շուրջ: Այդպիսով, Խորհրդային Հայաստանը բացահայտ իրավաքաղաքական հակամարտության մեջ մտավ կենտրոնական իշխանությունների հետ:
Դեկտեմբերի լույս 4-ի գիշերը պայթեցվեց Ստեփանակետի օդանավակայանի թռիչքուղին, թեև Ներքին զորքերը «հսկում էին», իսկ լույս 11-ի գիշերը նույն Խոջալուի մերձակայքում` նաև երկաթգիծը: Շրջափակված Արցախում Ադրբեջանը շրջափակում էր նաև Ստեփանակերտը:
Դեկտեմբերի 20-ին հրդեհվեց Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցին…
Երկու կողմն էլ արդեն բոլոր միջոցներով զինվում էին, որսորդական հրացանների կողքին հայտնվում էին մարտական զենքեր, խոշոր գործարանների մեխանիկական արտադրամասերում կիսագաղտնի պայմաններում ընթանում էր ինքնաշեն զենքերի արտադրություն:
Ադրբեջանը սահմանամերձ հայկական փոքրիկ բնակավայրերում, կարևոր նշանակության ավտոճանապարհներին ավելի ու ավելի հաճախ էր դիմում զինված սադրանքների, ու գնալով պատմության դասագրքերից, արդեն իսկ որպես կենդանի իրողություն, մեր կյանք էին վերադառնում «ֆիդայիներ», «կամավորական ջոկատներ» ու «ինքնապաշտպանության կազմակերպում» հասկացությունները…
ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ