ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ
ՌԱՅՄՈՆԴ ԴԱՄԱԴՅԱՆ
«Նոբելյան մրցանակը և հայերը» խորագրի ներքո ներկայացնում ենք այն նշանավոր և աշխարհահռչակ մեր հայրենակիցներին, որոնց հայտնագործությունները մեծ ներդրում են ունեցել գիտության և տեխնոլոգիաների զարգացման գործում, սակայն նրանց, այնուամենայնիվ, մերժել են արժանացնելու Նոբելյան մրցանակի: Այս անգամ ներկայացնում ենք մեծանուն գիտնական ու գյուտարար, մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ, բժիշկ և կենսաֆիզիկոս Ռայմոնդ Դամադյանին: Նրա հայտնագործությունը հեղափոխական դեր կատարեց բժշկագիտության զարգացման գործում, հնարավորություն տալով զննելու մարդու ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության:
Ռայմոնդ Վահանի Դամադյանը ծնվել է 1936 թ. մարտի 16-ին Արևմտյան Հայաստանից Ամերիկա գաղթած հայ ընտանիքում: 1956 թվականին Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանում (University of Wisconsin-Medison) ստացել է բակալավրի աստիճան, իսկ ավելի ուշ՝ 1960 թվականին, Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում արժանացել է դոկտորի աստիճանի: Ռայմոնդը մեծացել է երաժշտական միջավայրում, և դպրոցից բացի, նա Ջուլիարդի նշանավոր երաժշտական դպրոցում ութ տարի ջութակ է նվագել: Հետագայում Դամադյանը խոստովանել է, որ ջութակ նվագելն իրեն համբերություն է սովորեցրել:
1971 թ. նշանավոր Հարվարդի համալսարանի ասպիրանտ Ռայմոնդ Դամադյանը «Science» ամսագրում տպագրված իր հոդվածում գրել է, որ ուռուցքները և հյուսվածքները տարբեր կերպ են արձագանքում միջուկային մագնիսական ռեզոնանսին: Նա առաջինն է առաջարկել օգտագործել այդ մեխանիզմը քաղցկեղի վաղ շրջանի ախտորոշման համար: 1977 թվականին Դամադյանը ստեղծում է մի սարք, որի միջոցով բժիշկները կարողանում էին տեսնել, թե ինչ է կատարվում մարմնի ներսում, և հնարավոր էր, առանց ներքին միջամտության, մարմնի համապարփակ զննում կատարել:
«Ինձ խելագար էին համարում, երբ ես լսարանին ներկայացնում էի անմիտ թվացող այն գաղափարը, թե մարդուն կարելի է դնել մագնիսի մեջ»,- խոստովանել է Դամադյանը:
1978 թվականին Դամադյանը հիմնադրում է սեփական FONAR ընկերությունը՝ Raymond Domadyan սքաներներ արտադրելու համար: Մինչդեռ, արդեն ուրիշ գիտնականներ, ոգևորված Դամադյանի հաջողություններից, սկսում են նրա գաղափարի շուրջ առանձին հետազոտություններ կատարել: Եվ այսպես, 2003 թ. Փոլ Լոթերբըրը և Փիթեր Մանսֆիլդը Նոբելյան մրցանակ են ստանում այն սարքի համար, որի հայտնագործումն իրավամբ Դամադյանինը պետք է համարվեր:
«Չլիներ Դամադյանի հայտնագործությունը, մենք չէինք իմանա, որ քաղցկեղի պես լրջագույն հիվանդությունը կարելի է հայտնաբերել ընդամենը մագնիսական սարքի միջոցով, և հյուսվածքներում գեներացվող մագնիսական ռեզոնանսային ազդանշանը կարող է որակյալ և կիրառելի պատկերներ ստեղծել»,- գրել է նշանավոր գիտնական Ջեյմս Մաթսոնը:
Չնայած Նոբելյան հանձնաժողովն այս անգամ էլ է հրաժարվում մեր հայրենակցին արժանացնելու գիտության մեջ ամենաբարձր այդ մրցանակին, այնուամենայնիվ, Դամադյանը բժշկագիտության մեջ նշանակալի այլ գյուտերի համար արժանացել է բազմաթիվ ամենաբարձր պարգևների:
Ռայմոնդ Դամադյանի անունը ներառված է Ամերիկայի Ազգային գյուտարարների փառքի սրահում, պարգևատրվել է ԱՄՆ Տեխնոլոգիայի ոլորտի պետական շքանշանով, մագնիսական ռեզոնանսային տեսածրիչի հայտնագործության համար ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Լեմելսոնի անվան շատ պատվավոր մրցանակը: Իսկ նրա առաջին սարքավորումը, որը կրում էր «Անսանձելի» (Indomitable) անունը, պահպանվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում:
Պատրաստեց՝ ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #40 (1462) 14.12.2022 - 20.12.2022, Պատմության էջերից