ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Զինվորական բոլոր մասնագիտություններն էլ կարևոր են, սակայն խելացի պատերազմ վարելու գլխավոր նախապայմանը գրագետ ու պատրաստված հետախուզությունն է: Առանձնահատուկ դերակատարում ունեցող հենց այս զորատեսակի զինծառայողներն են համարվում բանակի այսպես կոչված աչքերն ու ականջները: Մեր հետախույզների շնորհիվ բազմիցս բացահայտվել և չեզոքացվել են դիվերսիոն հետախուզական և այլ սադրիչ գործողություններ: Նրանց հայթայթած տեղեկությունների հիման վրա են զորքերում կայացվում կարևոր որոշումները: Այս ամենը քաջ գիտակցելով էլ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները անընդհատ մարզվում են, կատարելագործում մասնագիտական ունակություններն ու վարպետությունը:
Հրամանատարությանը և մյուս զորատեսակներին ճշգրիտ տեղեկությունների փոխանցում ոչ միայն հավանական հակառակորդի ուժերի, միջոցների, այլև մտադրությունների և առաջիկա ծրագրերի մասին. այսպիսի խնդիրներ ունեն հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները։
…«Տագնապ» ազդանշանով բարձրացվում են ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Անձնակազմը արագ հանդերձավորվում է, ստանում հաստիքային զենք-զինամթերքը, պայմանական ուսումնամարտական առաջադրանքը։ Ջոկատի հրամանատարը հրահանգավորում է անձնակազմին, մանրակերտի վրա ներկայացնում տեղանքի առանձնահատկություններն ու կոորդինատները. ինչ է պետք անել, ինչպես ու ինչ միջոցներով, որից հետո հատուկ ջոկատայինները մեկնում են նախորոշված շրջաններ։
Արագ, անվտանգ ու աննկատ. այսպես են գործում հետախույզները։ Վարժադաշտում հերթական մարզումներն էլ բացառություն չեն, որտեղ իրենց հզոր կամքը, ֆիզիկական ուժն ու գաղափարական հասունությունն են ցուցադրում վտանգավոր ու բարդ այս մասնագիտությունն ընտրած զինծառայողները:
-Պարապմունքի նպատակը հատուկ նշանակության խմբի գործողություններն են՝ օբյեկտների հայտնաբերման ու ոչնչացման նպատակով: Խումբը գերազանց կատարեց առաջադրանքը, ինչի մասին զեկուցվեց վերադաս հրամանատարությանը,- ասում է ստորաբաժանման հրամանատարը:
Հետախույզների հմուտ և անսխալ գործողություններից է կախված մյուս ստորաբաժանումների հետագա քայլերի հաջող ընթացքը։ Սա գիտակցելով էլ հատուկ նշանակայինները շարունակում են ամենօրյա արդյունավետ մարզումները։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #40 (1462) 14.12.2022 - 20.12.2022, Ազգային բանակ