ՇԱՇԿՈՒ ՀԱՅ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Հայ շաշիստները վերջին տարիներին թեև բավականին հաջող ելույթներ են ունենում միջազգային հեղինակավոր մրցաշարերում, բայց և այնպես, Հայաստանում շաշկին կարծես ուշադրության լուսանցքից դուրս է մնացել: Երբ իմացա, որ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում շաշկու խմբակ է գործում, մարզիչն էլ շաշկու Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Նշան Ալավերդյանն է, որի սաներն ի դեպ շաշկու աշխարհի և Եվրոպայի առաջնություններում աննախադեպ հաջողություններ են արձանագրել, անկեղծորեն ուրախանալու հետ մեկտեղ, նաև զարմացա. փաստորեն, շաշկին Հայաստանում անտեսված ու մոռացված չէ:
Այս հինավուրց, խորհրդավոր ու կախարդիչ խաղի շուրջ է զրույցը Հայաստանի շաշկու բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող, Գերմանիայի չեմպիոն, Հայաստանի շաշկու ֆեդերացիայի փոխնախագահ Նշան Ալավերդյանի հետ:
-Հարգելի՛ Նշան, եթե հիշողությունս չի դավաճանում, Էդգար Պոն է ասել, որ՝ «Շախմատը ուշադրության խաղ է, իսկ շաշկին՝ խելքի»: Իսկապե՞ս այդպես է, թե՞ սա սուբյեկտիվ կարծիք է:
-Այդ միտքը արտահայտված է մի քիչ այլ ձևով. Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքում ասվում է, որ շաշկի պարզ խաղը մտածելու շատ ավելի բարձր կարողություն է պահանջում և մտքին առավել բարդ և օգտակար խնդիրներ է առաջադրում, քան կարծեցյալ նրբին շախմատը։ Շախմատի ֆիգուրները հավասարարժեք չեն, և դրանց վերագրված են ամենաբազմազան ու քմահաճ քայլեր, և բարդությունը (ինչպես հաճախ պատահում է) սխալ կերպով ընդունվում է որպես խորություն։ Այնինչ, այստեղ ամեն ինչ վճռում է ուշադրությունը։ Բավական է թուլացնել ուշադրությունը, և դուք ցավալի պարտության կկրեք։ Եվ քանի որ շախմատի քայլերը ոչ միայն բազմազան են, այլ նաև բազմանիշ, ապա սխալ թույլ տալու հնարավորությունները համեմատաբար աճում են, և տասից ինը դեպքում շահում է ոչ թե ավելի ընդունակ, այլ ավելի կենտրոնացած խաղացողը։ Այլ բան է շաշկին, ուր թույլատրվում է միայն մեկ քայլ, սոսկ աննշան տարբերակներով։ Վրիպելու հնարավորություններն այստեղ շատ ավելի քիչ են, ուշադրությունն առանձնահատուկ դեր չի խաղում, և հաջողությունը գլխավորապես կախված է խաղացողի խորաթափանցությունից։
-Բոլորս գիտենք, թե շախմատը որքան հին խաղ է: Այս տեսանկյունից շաշկին կարո՞ղ է համեմատվել շախմատի հետ:
-Շաշկին շատ ավելի հին խաղ է, քան շախմատը, որովհետև շաշկին ունի 5000 տարուց ավելի պատմություն, իսկ շախմատը՝ 3000, և դրա ապացույցը Լուվրում պահպանված եգիպտական փարավոնների շաշկու խաղատախտակներն են:
– Լավ: Շախմատ-շաշկի մրցակցությունը մի կողմ թողնենք և խոսենք այն մասին, թե մեր երկրում շաշկին առհասարակ զարգացման ի՞նչ մակարդակում է, հասարակության մեջ ի՞նչ ընկալում կա, ինչպես դուք եք ասում, այս բավականին հին, հետաքրքիր ու հմուտ խաղի մասին:
-Ցավոք սրտի, Հայաստանում շաշկու մասին պատկերացումները և այս խաղի իրական որակների, օգտակար հատկությունների մասին ընկալումները. մեղմ ասած, ցածր են: Շատերն ունեն այն թյուր կարծիքը, թե շաշկին շատ հեշտ և պարզունակ խաղ է: Ո՛չ, ընդհակառակը, շատ դժվար և բարդ խաղ է: Շաշկու հանճարեղությունը և բարդությունը նրա պարզության մեջ է: Թվում է, թե ամեն ինչ պարզ է և հասարակ, բայց դա միայն իլյուզիա է՝ երևակայական խաբկանք: Դրանում ինքներդ կհամոզվեք, եթե փորձեք լուծել շաշկու խնդիրներից մի քանիսը:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում շաշկու զարգացմանը, ապա նշեմ, որ մեր երկրում այսօր 500-ից ավելի երեխաներ զբաղվում են այս մարզաձևով, և Հայաստանի շաշկու ֆեդերացիայի ջանքերով տարվա մեջ անցկացվում են բազմաթիվ մրցումներ, որին մասնակցում են բազմաթիվ մարզիկներ՝ տարիքային տարբեր խմբերում: 2019 թ.-ից 40 մարզիկներ մասնակցել են միջազգային տարբեր մրցաշարերի, և հետաքրքությունը շաշկու հանդեպ երկրաչափական պրոգրեսիայով աճում է: 2018-2022 թթ.-ին Երևանում անցկացվել են 4 միջազգային մրցաշարեր՝ Արմենիա 2018, 2021, 2022, իսկ 2019-ին Աշխարհի գավաթի վերջին փուլը, որին մասնակցում էին բազմաթիվ գրոսմայստերներ, Աշխարհի երկու նախկին չեմպիոններ և մի շարք հայտնի հեղինակավոր սպորտի վարպետներ:
-Իսկ շաշկու մասին կա՞ն գրքեր, ուսումնական ձեռնարկներ…
-Այո՛, կան: Ես հրատարակել եմ ուսումնամեթոդական 6 ձեռնարկ, իսկ այժմ աշխատում եմ 7-րդի վրա, որը կհրատարակվի 2023 թվականին:
-Մայրաքաղաքում շաշկին որոշակի հաջողությունների հասել է: Իսկ ինչպե՞ս է վիճակը մարզերում:
-Ցավոք սրտի, վիճակը վատ է, չնայած, որ մարզերում կան ուժեղ մարզիկներ: Մասնավորապես՝ Արարատի մարզից Հայաստանի նախկին չեմպիոն, սպորտի վապետ Արտակ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզից վարպետության թեկնածուներ՝ Գևորգ Գրիգորյանը, Արարատ Ասատրյանը…
-Վերջերս Գերմանիայի Սարբրյուկեն քաղաքում անցկացված շաշկու երկու մրցաշարերում՝ Սարբրյուկեն-օպեն 2022-ում և Գերմանիայի բաց առաջնությունում հայ շաշիստները աննախադեպ հաջողությունների հասան: Ի՞նչ տարիքային խմբերում, և ովքե՞ր էին մեր երկիրը ներկայացնում այդ մրցաշարերում:
-Հայաստանից մասնակցում էինք 3 սպորտի վարպետներ՝ ես, Ռաֆայել Օրդյանը և պատանիների չեմպիոն Դավիթ Պողոսյանը, ով ի դեպ 44-օրյա պատերազմի մասնակից է և ծառայելով «Եղնիկներում», պատերազմի ընթացքում իր ընկերների հետ անառիկ է պահել մեր սահմանները, և 3 վարպետության թեկնածուներ՝ Սամվել Ազիբեկյանը, Ալբերտ Պողոսյանը և Գագիկ Գրիգորյանը:
Սարբրյուկեն-օպեն 2022-ում փայլուն հանդես եկավ 2020 թվականի 100 վանդականի շաշկուց մինչև 27 տարեկանների պատանիների Եվրոպայի չեմպիոն Սամվել Ազիբեկյանը՝ դառնալով մրցաշարի հաղթող, 2-րդ տեղը գրավեց գերմանացի Ալեքսանդր Բլեյխերը, իսկ 3-րդ տեղը նույնպես գերմանացի Յակոբ Ֆրիսենը:
Գերմանիայի 64 վանդականոց շաշկու բաց առաջնությունում Գերմանիայի չեմպիոն դարձա ես, փոխչեմպիոն՝ Սամվել Ազիբեկյանը, իսկ 3-րդ տեղը գրավեց Գերմանիայի կրկնակի չեմպիոն Յակոբ Ֆրիսենը:
Մրցաշարերում պատանիների մեջ լավագույն արդյունք ցույց տվեց պատանիների 2019 թ.-ի աշխարհի բրոնզե մեդալակիր 15-ամյա Ռաֆայել Օրդյանը՝ նվաճելով 2 գավաթ:
Իսկ վետերաններից 60+ հաշվարկում լավագույնն էր Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը, որն արժանացավ հատուկ գավաթի և կազմակերպիչների կողմից պարգևատրվեց հատուկ դիպլոմով՝ աշխարհում շաշկի մարզաձևը զարգացնելու համար: Հատուկ գավաթի արժանացա նաև ես:
Գերմանիայում անցկացված երկու մրցաշարերում նվաճեցինք 7 գավաթ, արդյունք, որն աննախադեպ էր Հայասատանի շաշկու պատմության մեջ, և հաղթանակից հետո լուսանկարվեցինք մեր Եռագույնով:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #40 (1462) 14.12.2022 - 20.12.2022, Մարզաշխարհ