Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆԱԳԾԻ ՏՂԱՆԵՐԸ



ԱՌԱՋՆԱԳԾԻ ՏՂԱՆԵՐԸՄարտական դիրքերում, հատկապես արևելյան սահմանագոտու բարձունքներում, խորը ձմեռ է։ Տեսանելիությունը լիարժեք չէ, եղանակն է խանգարում. տեղումներն ու քամիները գրեթե անդադար են։ Սակայն մարտական հերթապահությունն այստեղ անփոփոխ է՝ մշտական զգոնությամբ, բարձր կարգապահությամբ։ Օգնում են նաև տեսադիտարկման սարքերը, ժամանակակից միջոցները։

Այն, ինչ առաջնագծում անհրաժեշտ է մեր դիրքապահներին, նրանք ունեն։ Հնարավոր հարձակումներից հուսալի պաշտպանվելու համար ստեղծված են բոլոր պայմանները: Տեղանքը ծանոթ է, վտանգի հնարավոր ուղղություններն էլ գիտեն, մշտադիտարկումներով էլ հետևում են հակառակորդի անցուդարձին, շարժին։ Սամսոն Տեր-Պողոսյանը դիրքի ավագն է, ժամկետային ծառայությունից անմիջապես անցել է պայմանագրային ծառայության:

-Երեք եղբայրներով էլ զինվորագրվել ենք, ես ու ավագ եղբայրս պայմանագրային զինծառայողներ ենք, մյուս եղբայրս զոհվեց Արցախը պաշտպանելիս, հատուկ նշանակության խմբի կազմում մասնակցել է մի շարք մարտական գործողությունների,- ասում է Սամսոնը:

Պատերազմի բովով անցած տղաների համար հենակետն այլևս զինվորական սովորական կառույց չէ, այլ տուն է, ուր ապրում են մեկը մյուսով, մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի սկզբունքով: Եղբայրացել են ու ծառայում են ոչ միայն իրենց, այլև անմահացած իրենց եղբայրների և ընկերների փոխարեն։ Եվ այս պատվաբեր առաքելության միակ նպատակը հակառակորդին արժանապատիվ խաղաղություն պարտադրելն է, իսկ թիկունքում մեզ խաղաղ, անվտանգ և ապահով ապրելու հնարավորություն տալը:

Անդադար տեղացող ու միջդիրքային ճանապարհներ փակող ձյունն ու քամին անգամ թիկունքային ապահովման համար խոչընդոտ չեն։ Հրամանատարությունը բազմապատկել է ջանքերը դիրքեր տանող ճանապարհները հուսալի դարձնելու համար։

-Տեխնիկան ամեն օր աշխատում է, բացում ճանապարհները՝ սննդի, ջրի, զենք-զինամթերքի մատակարարումը, հերթափոխը ժամանակին և լիարժեք կազմակերպելու համար,- վստահեցնում է պայմանագրային, ավագ Էդգար Հարությունյանը:

-Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայի սուրբ գործն ու պարտականությունն է, բոլորս պետք է զինվորագրվենք ու միահամուռ ուժերով ապահովենք մեր երեխաների խաղաղ ապագան,- վստահ է պայմանագրային Մեխակ Առաքելյանը։

Զգոնությունը սահմանին երբեք և ոչ մի վայրկյան չի նվազում: Դիրքապահներն ամեն պահի պատրաստ են առաջադրանքի կատարմանը։

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #40 (1462) 14.12.2022 - 20.12.2022, Ազգային բանակ


15/12/2022