ՌՈՒՍԱՍՏԱՆ
«Արևմուտքի հիստերիկ արձագանքը հատուկ ռազմական գործողությանը հաստատում է Մոսկվայի եզրակացություններն առ այն, որ գործողությունն անհրաժեշտ էր, դրանով ձախողվեցին Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերը», ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Մինսկում անցկացվել են Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները։ Քննարկվել են միասնական պաշտպանական տարածքի ձևավորման, Միութենական պետության անվտանգության ապահովման և այլ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր զինտեխնիկա մշակելու վերաբերյալ։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը Բելառուսին նավթ և գազ է մատակարարում շահավետ արտոնյալ պայմաններով, ինչը բելառուսական տնտեսությանն աջակցելու լուրջ միջոց է։ Վլադիմիր Պուտինը նաև հնարավոր է համարել բելառուսական բանակի օդաչուական անձնակազմերին վերապատրաստելը միջուկային մարտագլխիկով զինամթերք օգտագործելուն հարմարեցված ինքնաթիռներ վարելու համար:
«ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ, եթե հանրապետությունն ավելացնի օգնությունը Ռուսաստանին Ուկրաինայում հակամարտության հարցում»,- ասել է պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է աշխարհի մուսուլմաններին և հորդորել պայքարել ԱՄՆ-ի դեմ:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է ռուսական զորքերի խմբավորումը հատուկ ռազմական գործողության գոտում, եղել ստորաբաժանումների առաջավոր դիրքերում:
Ռուսաստանը և Չինաստանը դեկտեմբերի 21-ից 27-ը կանցկացնեն «Ծովային փոխգործակցություն» համատեղ զորավարժությունները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը կզարգացնի Ասիայում նավահանգստային և խողովակաշարային համակարգերը։ Ռուսաստանը մտադիր է մինչև 2030 թվականը դեպի արեւելք գազի մատակարարումներն ավելացնել մինչեւ 88 մլրդ խորանարդ մետր»։
Վրաստանի նախագահը ռուսաստանցիների միգրացիան մարտահրավեր է անվանել իր երկրի համար:
Ռուսաստանը չի համաձայնի Թուրքմենստանից Ադրբեջան տրանսկասպյան գազատարի կառուցմանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգ. «Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայում տևական պատերազմի, իսկ Կիևին աջակցող ՆԱՏՕ-ի երկրները պետք է շարունակեն զենք ուղարկել մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասկանա, որ չի կարող հաղթել մարտի դաշտում»։
Ռուսաստանը եւ Իրանը տիեզերքում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:
ԻՐԱՆ
Սպիտակ տունը պնդում է, որ Ռուսաստանն ու Իրանը բալիստիկ հրթիռների մատակարարման գործարք են կնքել:
Ռուսաստանը 30 տարվա մեջ առաջին անգամ վարկ է տրամադրել Իրանին:
Իրանն ու Չինաստանը պայմանավորվել են նավթի եւ գազի հանքավայրերի շահագործման շուրջ:
Իրանում ուրանի հարստացման հզորությունն ավելի քան կրկնապատկվել է երկրի միջուկային արդյունաբերության ողջ պատմության ընթացքում:
2022 թ. առաջին 10 ամիսներին Եվրամիության 27 անդամ պետությունների հետ Իրանի առեւտրաշրջանառությունը կազմել է 4,36 միլիարդ եվրո, ինչը 14,28 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Գերմանիան եղել է Իրանի հիմնական առեւտրային գործընկերը:
Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ առնվազն երկու արբանյակ տիեզերք կարձակվի:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների խումբը մեկնել է Թեհրան՝ իրանական երեք չհայտարարված օբյեկտներում հարստացված ուրանի մասնիկների ծագման հետաքննության շրջանակում:
Իրանը դեմ է քվեարկել Ղրիմում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հակառուսական բանաձևին։
NBC հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտարարել է, որ Ռուսաստանը Իրանին ուղղաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր է տրամադրում։ Իրանցի օդաչուները Ռուսաստանում վերապատրաստվել են Սու-35 կործանիչ վարելու համար՝ հետագայում նման համապատասխան կործանիչներ գնելու ծրագրի շրջանակում։
Իսկ «The Washington Post»-ի տվյալներով՝ Իրանը պատրաստ է Ռուսաստանին տրամադրել ևս 6000 ԱԹՍ։
Բրիտանական հետախուզությունը հայտարարել է, որ Իրանը դարձել է Ռուսաստանի գլխավոր ռազմական «հովանավորը»:
ԹՈՒՐՔԻԱ
Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ 2022 թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ տեղի են ունեցել երկու երկրների ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների 13-րդ շտաբային բանակցությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական համագործակցության, փորձի փոխանակման հարցեր:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված թռիչքի ժամանակ հունական կողմը օդ է բարձրացրել F-16 կործանիչներ, որոնք ռադարները միացրել եւ թիրախավորել են թուրքական կործանիչներին։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է, որ թուրքական «Tayfun» բալիստիկ հրթիռի նախնական հայտարարված 560 կմ հեռահարությունը կրկնապատկվելու եւ հասնելու է մոտ 1000 կմ։
Բրյուսելում տեղի է ունեցել Հունաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների գաղտնի հանդիպում:
Թուրքիայում իսրայելական հետախուզության օգտին լրտեսության կասկածանքով 44 մարդ է ձերբակալվել։
«Bayraktar Akinci» անօդաչու սարքը հաջողությամբ իրականացրել է թուրքական առաջին «օդ-երկիր» դասի հիպերձայնային հրթիռի փորձնական արձակումը:
Հրթիռի հեռահարությունը 20-150 կմ է։
Մոսկվան Սիրիայում ցամաքային գործողության հարցով սերտ կապի մեջ է Անկարայի հետ։
Էրդողան. «Անկարան կողմ է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի համատեղ քայլերին»։
Չավուշօղլու. «Հայաստան-Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին»:
ԱԴՐԲԵՋԱՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Արցախի հարցով բանակցություններից դուրս գալու մասին:
Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան եւ Ռումինիան «կանաչ» էներգետիկայի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, որը կարող է Եվրամիության համար էներգիայի նոր աղբյուր դառնալ էներգամատակարարման ճգնաժամի պայմաններում: Համաձայնագիրը նախատեսում է Սեւ ծովի հատակին մալուխի տեղադրում, որը Վրաստանի եւ Ռումինիայի միջով կմիացնի Ադրբեջանը Հունգարիայի հետ։ Իր ելույթում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հիշատակել է իր «հուսալի էներգետիկ գործընկեր» Ադրբեջանին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբիգեյլ Սփանբերգերը նշել է, թե ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերելը։ Իսկ կոնգրեսական Փալոնը ԱՄՆ պետդեպարտամենտին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել պաշտպանել բոլոր հայ ռազմագերիների կյանքը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե իրենք շարունակում են օգնել Ադրբեջանին արդիականացնելու բանակը թուրքական չափանիշներին համապատասխան, իսկ վերջերս էլ լայնածավալ զորավարժություններ անցկացրին Ադրբեջանի տարածքում։ «Ադրբեջանի հետ մնալու ենք նաև զորավարժությունների ավարտից հետո՝ մինչև «Զանգեզուրի միջանցքի» բացումը»,- ասել է նա։
Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնի կատարած հարցման հիման վրա պարզվել է, որ հարցված ադրբեջանցիների 81,8%-ը բացասական վերաբերմունք ունի ռուս խաղաղապահների նկատմամբ։
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Լաչինի միջանցքը արգելափակվել է ոչ թե ադրբեջանցի «ցուցարարների», այլ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։
ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվել է, թե ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի պաշտոնյայի՝ ոստիկանության գնդապետ Քերիմ Ալիմարդանովի նկատմամբ՝ մարդու իրավունքները խախտելու համար։
ՌԴ ԱԳՆ-ում տարակուսանք է առաջացրել Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրանսֆորմատորների ու գեներատորների փոխանցումը։
Ալիեւը հայտարարել է 2023 թ. Եվրոպա գազի մատակարարումների ավելացման ծրագրերի մասին:
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #41 (1463) 21.12.2022 - 27.12.2022, Տարածաշրջան