Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԿԱ ԿԱՄՔ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ



ԵՐԲ ԿԱ ԿԱՄՔ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՀիմնադրումից՝ 2021 թ. ի վեր «Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում» պատերազմների ընթացքում վիրավորում ստացած մեր տղաները վերականգնողական բուժում են ստանում, հաղթահարում վիրավորումներից առաջ եկած ֆիզիկական սահմանափակումները և շարունակում են ջանքեր գործադրել՝ յուրաքանչյուրն իր նախընտրած ոլորտում կրկին կայանալու, ինչու չէ՝ նաև մեծ հաջողություններ արձանագրելու համար: Այսօր կծանոթանանք այս  ճանապարհին նրանց  անգնահատելի օգնություն ցուցաբերող կինեզիոլոգ, Ֆիզկուլտուրայի ինստիտուտի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Թուխմանուկ Մկրտչյանի հետ:

Ահա արդեն 14 տարի է, ինչ կինեզիոլոգ Թուխմանուկ Մկրտչյանը նվիրվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց ոտքի կանգնեցնելու գործին: 2008 թ. ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կինեզիոլոգիայի բաժին: Ուսմանը զուգընթաց՝ նաև կամավորության սկզբունքով աշխատել է հաշմանդամ երեխաների, կաթված տարած մարդկանց հետ:

 

-Կինեզիոլոգի մասնագիտությունն ընտրելիս մտածում էի այն մարդկանց մասին, որոնք անգամ հաջող վիրահատություններից հետո շարունակում են անկողնում պառկած մնալ կամ ընդմիշտ գամվում են հաշմանդամի սայլակին: Վերականգնողական բուժումն այսպիսի մարդկանց համար անհրաժեշտություն է՝ իրենց բնականոն կյանքին վերադառնալու համար: Ամենասկզբում շատ էի ուզում հենց կաթված ստացած մարդկանց հետ աշխատել. ծանոթներիս, բարեկամներիս շրջանում կային այդպիսի մարդիկ, որոնց օգնելու ցանկությունս մեծ էր: Այն ժամանակ դեռ մտքովս անգամ չէր անցնի, որ մի օր զբաղվելու եմ մեր զինհաշմանդամների վերականգնողական բուժմամբ: Հաղթանակած պետություն էինք, թվում էր՝ պատերազմն արդեն անցյալում է: Բայց երբ եղան ապրիլյան մարտական գործողությունները, և սկսվեց վիրավորների հոսքը հիվանդանոցներ, իմ այս մասնագիտությանը բոլորովին այլ կերպ սկսեցի մոտենալ. սա արդեն շատ լուրջ ու կարևոր աշխատանք էր ու նաև սիրելի գործ, որ ինձ համար այդպիսին մնաց մինչև օրս: Այլ աշխատանքի առաջարկ ստանալիս հրաժարվում եմ, եթե հնարավոր չի լինում համատեղել:

ԵՐԲ ԿԱ ԿԱՄՔ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԱպրիլյան մարտական գործողություններից հետո Թուխմանուկ Մկրտչյանն աշխատել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում, նույն ժամանակ նաև Միքայելյանի անվան հիվանդանոցում՝ գիշերակացով հատուկ առանձնացված բաժանմունքում, որտեղ հոսպիտալից դուրս գրվելուց հետո տեղափոխվում էին վիրավորները: Հետագայում աշխատել է տարբեր վերականգնողական կենտրոններում: 2017 թ.-ից «Քայլմեդ» վերականգնողական կենտրոնում աշխատել է ապրիլյան մարտական գործողություններում վիրավորված զինծառայողների հետ, այնուհետև՝ 2021 թ.՝ «Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում»՝ որպես ավագ կինեզիոլոգ: 2020 թ. պատերազմից հետո փորձառու կինեզիոլոգը կրկին զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում էր՝ նորից մեր վիրավոր տղաների կողքին:

-Աշխատանքը վիրավորի հետ պետք է սկսել հնարավորինս շուտ՝ դեռ վերակենդանացման բաժանմունքից,- շեշտում է կինեզիոլոգը,- եթե, իհարկե, չկան հակացուցումներ, օրինակ՝ թրոմբներ: Եթե բուժող բժիշկը վերականգնողական բուժման հակացուցում չի տեսնում, սկսում ենք մեր աշխատանքը վիրավորի հետ: Դեպքեր են լինում, երբ վիրավորը 7-8 ամիս անգիտակից վիճակում պառկած է լինում: Նրա մկաններն այդ ընթացքում սնուցման կարիք ունեն: Մենք այդ դեպքերում կատարում ենք հոդերի պասիվ շարժումներ, փորձում ենք տոնուս հաղորդել մկաններին, որպեսզի դրանց սնուցումը վերականգնվի: Առանց այս աշխատանքների մարդը կարող է մահանալ անգամ ոչ թե իր ստացած վնասվածքից, այլ երկրորդական բարդություններից, որոնք առաջ են գալիս անշարժ վիճակում լինելու պատճառով՝ պառկելախոցեր, արտրոզներ հոդերում և այլն: Եթե այդ ընթացքում հիվանդի բուժումը զուգորդվում է նաև վերականգնողական բուժմամբ, և նա արդեն գիտակցության է գալիս, ստացիոնար բուժման փուլն ավարտվում է, մենք այլևս նմանատիպ խնդիրներ չենք ունենում, և հետագա վերականգնողական բուժումը շատ ավելի արագ ու արդյունավետ է իրականացվում:

Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան, որը մի քանի տարի է, ինչ գործում է Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ և ոտքի է կանգնեցնում ու նոր, լիարժեք կյանք տալիս ծանր վիրավորում ստացած մեր մարտիկներին, 2021 թ. հիմնեց «Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը», և կինեզիոլոգ Մկրտչյանն իր գիտելիքների հարուստ փորձն ուղղեց հենց այս կենտրոնի աշխատանքներին. նա այժմ  կենտրոնի ավագ կինեզիոլոգն է:

-Այստեղ մտնում են սայլակով, դուրս են գալիս քայլելով,- գոհունակությամբ է նշում կինեզիոլոգը:- Կենտրոնում տարբեր խնդիրներով զինվորներ են վերականգնողական բուժում ստանում, մարզվում, սակայն հիմնական շեշտը դրված է հենց ստորին վերջույթների անդամահատումներով զինհաշմանդամների վերականգնողական բուժման վրա:

«Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում» վիրավորում ստացած զինվորների հետ աշխատում են այնքան ժամանակ, մինչև նրանք լիարժեք վերականգնվեն, սկսեն քայլել՝ հենակով կամ առանց հենակների:

-Մենք կատարում ենք նրանց վիճակի սկզբնական, ընթացիկ և վերջնական գնահատում: Նրանք ստանում են պրոթեզներ, որոնց պետք է հարմարվեն. միասին զարգացնում ենք մկանային համակարգը, որով շարժման մեջ են դրվում պրոթեզները, պահպանվում է մարմնի հավասարակշռությունը:  Իրականում, սա շատ բարդ գործընթաց է:- Մենք սովորաբար լսում ենք, չէ՞, ոտքերն ամպուտացված են: Բայց կարևոր տարբերություններ կան՝ մե՞կ ոտքն է, թե՞ երկուսը, անդամահատումը ծնկից վե՞րև է, թե՞ ծնկից ցած: Շատ են դեպքերը, երբ մի ոտքը ծնկից վար է ամպուտացված, մյուսը՝ ծնկից վեր: Սա լրացուցիչ խնդիրներ է դնում բուժվողի և կինեզիոլոգի առջև: Դժվար է հատկապես ծնկից վերև ամպուտացիաներով մարդկանց հարմարումը պրոթեզներին, քանի որ ծնկային հոդը ևս բացակայում է: Սակայն, ինչպես մեր կենտրոնում ընդունված է ասել, և սա ճշմարտություն է, եթե կա կամք ու ցանկություն, ցանկացած խնդիր էլ հաղթահարելի է: Բացի բուն վերականգնողական բուժումից, մենք այստեղ մեր տղաներին  նախապատրաստում ենք նաև հասարակության մեջ ինտեգրվելուն՝ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեբանորեն: Նրանց մի մասին ուղղորդում ենք դեպի հաշմանդամային մեծ սպորտ, որտեղ նրանցից շատերը մեծ հաջողություններ են ունենում: Պատերազմից երկու տարի է անցել: Մեր զինհաշմանդամների մի մասը, ավարտելով վերականգնողական բուժումները, սկսել է մարզվել, զբաղվել հաշմանդամային ծանրամարտով, բազկամարտով, և տարբեր մասշտաբի մրցույթներում նրանք գրանցել են փայլուն ցուցանիշներ: Եվրոպայի չեմպիոններ ունենք այստեղ, աշխարհի առաջնության մասնակիցներ:

ԵՐԲ ԿԱ ԿԱՄՔ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ…Ֆիզիկական վերականգնումը միակողմանի գործընթաց չէ:- Անգամ հնարավոր չէ ասել՝ ավելի շատ ո՞ւմ՝ մասնագետի՞, թե բուժվողի ջանքերն ու հաստատակամությունն են կարևոր այս գործում: Եթե զինհաշմանդամը կամք ու ցանկություն չդրսևորի, միայն բուժող բժշկի ջանքերը և մեծ ցանկությունը ցանկալի արդյունքի չեն կարող բերել: Մենք տղաներ ունենք, որոնք այստեղ բուժում ստանալուց հետո այժմ մեր երկրի սահմանների դիրքերում են, և նրանց հաջողվում է իրենց գործը կատարել ինչպես հարկն է՝ գերազանց, քանի որ դա նրանց կյանքի գործն է, և հանուն դրա են ձգտել վերականգնվել: Ըստ բժշկական ցուցումի՝ նրանք պետք է մեկ տարի դեռ չկարողանային քայլել: Հենց սկզբից խոսել ենք նրանց հետ. ինչի՞ կուզենային հասնել, հանուն ինչի՞ են ուզում վերականգնվել, որքա՞ն ժամանակում: Մեր Լևոնը, որը 2020 թ. պատերազմի մասնակից է, բայց այն ժամանակ չէր վնասվել, 2021-ին լուրջ վիրավորում ստացավ: Դաստակի մի հատվածի ոսկորը չկա, ազդոսկրը փշրված էր: Բայց, այդուհանդերձ, նա շատ արագ վերականգնվեց: Ձեռքի այդ հատվածի ոսկորը հիմա էլ բացակայում է, բայց պտտաձողի վրա 15 ձգում է կարողանում անել: Բժշկության փորձին հակասող շատ դեպքեր ենք ունենում: Նույն Լևոնի մի ոտքի ազդրի ոսկորները փշրված էին, մկաններն էլ էին վնասվել, ծունկն ընդհանրապես չէր շարժվում, իսկ հիմա նա արդեն լիարժեք քայլում է: Ասում էր. «Ուզում եմ այս ձեռքով կրակային դիրք գրավել, ծունկս պետք է այսպես ծալել կարողանամ»: Նրա համառ ջանքերը տվեցին իրենց արդյունքը. մեր Լևոնը հիմա առաջնագծում է…

Նախկինում եթե տեսնեինք, որ երկու ոտքերի ծնկից վերև ամպուտացիայով մարդը կարողանում է առանց ձեռնափայտի քայլել, կզարմանայինք: Իսկ այստեղ մենք ամեն օր տեսնում ենք դա և այն էլ սովորական պրոթեզների վրա, առանց էլեկտրոնային ծնկահոդային հատվածի քայլում են մեր տղաները: Սա արդեն իսկ զարմանալի փաստ է: Պատերազմի ժամանակ մեր Կարապետյան Արթուրը ոտքի անդամահատում, մի ականջի լսողության կորուստ և ուսագոտու հատվածի վնասվածք էր ստացել: Նրան վերականգնողական բուժման էին ուղարկել, որից մի քանի ամիս անց նախատեսվում էր վիրահատել թիակի հատվածը: Այդ ձեռքով անգամ բաժակը չէր կարողանում բռնել, իսկ վերականգնողական պրոցեդուրաներ անցնելուց հետո այժմ արդեն մարզասարքի վրա մինչև 35 կգ ծանրաքարով վարժություններ է կատարում: Ձեռքը բարձրացնում է գլխից վեր, այդ ձեռքով մեքենա է վարում: Երբ նրա բժիշկները տեսան, թե ինչ արդյունքների է հասել, վիրահատությունը չեղարկեցին, քանի որ վիրահատությամբ մտադիր էին հասնել այն արդյունքին, որին նա արդեն հասել էր վերականգնողական բուժմամբ: Արթուրը դրանից հետո ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ադապտիվ սպորտի գծով մագիստրատուրա: Ի դեպ, ամսի 26-ին նրա մագիստրոսական թեզի  պաշտպանությունն է:

Հարությունյան Հայկը ժամկետային զինծառայող է եղել 44-օրյա պատերազմի ժամանակ: 40-հոգանոց ստորաբաժանումից միայն ինքն է հրաշքով ողջ մնացել: Ողնաշարի՝ քայլելու համար անհամատեղելի լուրջ վնասվածք է ստացել: Հնարավոր չի եղել շատ հետազոտություններ անցկացնել. մարմնում դեռ բազմաթիվ բեկորներ ունի, որոնցից մեկը ողնուղեղի մեջ է մխրճված: Երբ եկավ մեր կենտրոն, առաջին բանը, որ հարցրեց՝ «Ես կքայլե՞մ»: Մի քանի բուժհաստատություններում նրան ասել էին, որ այլևս ոտքի կանգնել, առավել ևս՝ քայլել չի կարողանալու: Փուլ առ փուլ, ԵՐԲ ԿԱ ԿԱՄՔ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆհաշվի առնելով նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակը, նրա հետ թիմային աշխատանք ենք իրականացրել: Արդյունքում՝ Հայկը սկսեց կատարել այնպիսի շարժումներ, որոնք այժմ մեծ հույսեր են ներշնչում: Ի վերջո, տարբեր վարժությունների շնորհիվ, նաև՝ հատուկ ֆիքսատորների օգնությամբ, նա սկսեց քայլակով քայլել: Նման դեպքերի համար մենք հատուկ ընթացակարգ ունենք. օրական սահմանված 45 րոպեանոց աշխատանքներից զատ, նաև հավելյալ աշխատանքներ ենք իրականացնում: Տուն գնալուց, հանգստանալուց հետո երկրորդ անգամ է այցելում կենտրոն, շարունակում վարժությունները: Այստեղ մենք ունենք հատուկ մարզասարքեր, որոնք քայլքի իմիտացիա են ստեղծում, և մարդն արդեն մտքով կարողանում է պատկերացնել իր քայլերը ու նաև իրականում ձեռքերի օգնությամբ հոդերի շարժումներ է իրականացնում՝ շարժման մեջ դնելով համապատասխան մկանախմբերը:

Այժմ արդեն Հայկը քայլակներով քայլելով՝ կարողանում է որոշակի տարածքներ հաղթահարել: Անգամ փորձում է ձեռնափայտով քայլեր անել, և սա իրոք տպավորիչ արդյունք է: Սրան զուգահեռ՝ լավացել է նաև նրա մի շարք օրգան-համակարգերի աշխատանքը: Հայկը ներգրավված է նաև հաշմանդամային սպորտում և շուտով կմասնակցի իր առաջին՝ Հայաստանի բաց առաջնությանը՝ «Սեղմում հենարանից» վարժությունով: Ի դեպ, մրցանակային տեղ զբաղեցնելու մեծ հնարավորություն ունի:

Այստեղ բուժվող  մեր տղաների մի մասն ընտրել է սպորտի ուղին: Հենց այստեղ որոշում են, թե որ մարզաձևով են ուզում զբաղվել: Դրա համար կան բոլոր հարմարությունները՝ թեքահարթակ, քաշը, գրավիտացիան թեթևացնող սարքավորումներ և այլն: Բոլոր մարզասարքերը հարմարեցված են նրանց հատուկ կարիքներին: Ցանկացած տիպի ամպուտացիայով զինհաշմանդամը կարող է այս վարժասարքերից օգտվել:  Հաշմանդամային սպորտը ադապտիվ սպորտ է. այստեղ ամեն ինչ հարմարեցված է մեր զինհաշմանդամների՝ հնարավորինս լավ ինտեգրվելուն: Ինչպես արդեն նշեցի, վերականգնողական կենտրոնում միայն ֆիզիկական վերականգնումով չենք զբաղվում, այլ նաև սոցիալական ինտեգրման հարցերով: Տղաներից շատերն այսօր արդեն համալսարաններում են սովորում, գիտական աշխատանք են կատարում: Մի մասը ծրագրավորմամբ է հետաքրքրված, այդ ուղղությունն է ընտրել:

Մեկ օրում մոտ 8-10 վերականգնողական պրոցեդուրա են անցնում տղաները: Այստեղ աշխատանքի տարիներին հազարավոր պրոցեդուրաներ է կատարել Թուխմանուկը տղաներին ոտքի կանգնեցնելու համար: Ֆիզիկական առողջության ձգտող այս մարտիկների համար կինեզիոլոգը ամենակարևոր հատկանիշներն է համարում կամքի ուժը և նպատակասլացությունը:

-Իրականում, շատ դժվար է, և մեծ ջանքեր են պահանջվում այս մարդկանցից: Ե՛վ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն դժվար է այդ ամենին հարմարվելը: Եթե կամքի ուժ, ներքին ազդակ, նպատակ, դրդապատճառ չունեցար, չես կարողանա արդյունքի հասնել: Այնպես որ, առաջին հերթին հենց այս ուղղությամբ ենք աշխատանքներ տանում. տղաները պետք է լիովին գիտակցեն իրենց կյանքի առաջնահերթությունները, կարողանան հասկանալ, թե հանուն ինչի են ջանքեր գարծադրում: Կամա թե ակամա, մենք նաև հոգեբանի դեր ենք ստանձնում, քանի որ հոգեբանորեն տրամադրվելը գործի զգալի մասն է: Միայն մեխանիկական աշխատանքով չես կարող մկանն ուժեղացնել այնքան, որ այն գործունակ դառնա:

Թուխմանուկ Մկրտչյանի հետ մեր զրույցն ընթանում էր հենց «Հայ հերոսների վերականգնողական կենտրոնի» կինեզոթերապիայի սրահում, և նա անընդհատ հետևում էր բուժառու տղաներին, ուղղորդում, հղկում շարժումները, խորհուրդներ տալիս:

-Յուրաքանչյուր մկանս առանձին-առանձին աշխատացնում էր,- ասում է պահեստազորի փոխգնդապետ, նախկինում հետախույզ Հայկ Ստեփանյանը, որը երկու ոտքերի՝ ծնկից վերև անդամահատում ունենալով, այսօր արդեն հաստատուն քայլեր է անում իր երկաթյա ոտքերի վրա, հաջողություններ է գրանցում ձեռնամարտի միջազգային մրցույթներում:– Հրաշալի մասնագետ է Թուխմանուկը, լավ մարդ:

ԵՐԲ ԿԱ ԿԱՄՔ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ-Թուխմանուկը մեր ամեն մի քայլով ուրախանում է,- ասում է Կամո Կարապետյանը: Ստեփանակերտցի է Կամոն: 44-օրյա պատերազմը սկսվելուն պես կամավորագրվել է՝ պաշտպանելու իր ընտանիքն ու Հայրենիքը:- Զգում ես՝ բժիշկդ սրտանց ուզում է օգնել, ու ինքդ էլ փորձում ես անել առավելագույնը: Հենց առաջին օրը, երբ Սարգսի հետ սայլակով մտա այս մարզասրահը, ծանոթացա Թուխմանուկի հետ, նա ինձ ասաց՝ «Վաղը առանց սայլակի կգաս»: Դե, որ ասում է, ուրեմն՝ մի բան գիտի բժիշկը: Հաջորդ օրը փորձեցի հենափայտերով մտնել ներս: Հիմա արդեն մեծ արդյունքների եմ հասել իմ վերականգնողական բուժման ճանապարհին՝ հատկապես Թուխմանուկի գործադրած ջանքերի շնորհիվ:

-Ինձ ասել էին, որ ես մեկընդմիշտ պետք է հարմարվեմ սայլակին…,- ասում է  Հայկ Հարությունյանը: Նա վիրավորվելուց հետո ապրելու աներևակայելի կամք է դրսևորել, երբ անգամ բժիշկները չէին հավատում, որ դա հնարավոր է… Իսկ հիմա առողջանալու հզոր կամք է դրսևորում ու գերմարդկային ջանքեր է գործադրում:– Հանդիպելով Ստեփանյան Սարգսին, տեսնելով մի հզոր մարդու, որն ապրում է մեկ ձեռքով, երկու երկաթյա ոտքերի վրա… Իսկ ես երկու ձեռք և երկու ոտք ունեմ. ո՞նց կարող էի հետքայլ անել: Եկա, ծանոթացա Թուխմանուկի հետ, ավելի մանրամասն ծանոթացա իմ խնդիրներին: Թուխմանուկի առաջին խոսքն էր. «Կփորձենք անել ամեն ինչ, որ դու քայլես: Հնարավոր ամեն ինչ կանենք, մնացածը դու ես անելու»: Ու ահա, մի քանի ամիս անց, ես արդեն քայլակով քայլում եմ: Թուխմանուկը ինձ վերաբերվեց որպես հարազատ եղբոր: Նրա համար ամենակարևորը մեր արդյունքներն են, մեզ ոտքի կանգնեցնելը: Ես պիտի քայլեմ:

Կենտրոնում նորից լիարժեք կյանքով ապրել սովորող այս տղաներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի՝ հարգանքի, մեծարման ու օրինակ ծառայելու արժանի: Նրանց ավելի մանրամասն կծանոթանանք մեկ այլ հոդվածում: Իսկ մինչև այդ, Թուխմանուկ Մկրտչյանին հրաժեշտ տալուց առաջ հարցնում եմ. «Ի՞նչ նշանակություն ունի այս մասնագիտությունը Ձեզ համար»:

-Մենք հիմա, ավելի քան երբևէ, պետք է նեցուկ լինենք մեր Հայրենիքին, ամեն մեկս մեր գործով, մեր կարողություններից էլ ավելի փորձենք ամրացնել, հզորացնել: Իմ աշխատանքը նախ և առաջ իմ պարտքն է Հայրենիքիս հանդեպ, այս տղաների հանդեպ, որոնք իրենց ոտքերը ոչ թե կորցրել, այլ գիտակցաբար նվիրաբերել են Հայրենիքին: Սա տղաների՝ նորից իրենց հողի վրա ամուր կանգնելու գործում իմ պարտքն ու հանձնառությունն է:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (1463) 21.12.2022 - 27.12.2022, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


23/12/2022