Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐ ԿԱՄ ԷՍ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՕՐԵՐ…



Ոլորապտույտ ճանապարհը ձգվում է լեռներն ի վեր։ Ներքեւներում անդնդախոր ձորեր են, որոնց մյուս ափերին նստած են թշնամու զինվորները։ Թշնամու թիկունքում հարթավայր է, ու հարթավայրի խեղդուկ տապից նրա ուշքն ու միտքը, մարմինը ձգտելու է բարձունքներ, սակայն բարձունքներին կանգնած են հայոց բանակի զինվորները։ Այդ բարձունքներին ոտք դրած ամեն մի հայորդու հայացքի դեմ ուրիշ մի պատկեր է բացվում, այնպիսի մի զգացողություն է ծնվում, որը մնալու է նրա հիշողության մեջ ընդմիշտ…

Մեր ուղեկիցն է զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Ադամյանը։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը։ Զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, որի ընթացքում կայացրել է զինվորական դառնալու իր որոշումը եւ վերապատրաստման դասընթացներից հետո նշանակվել է ջոկի հրամանատար։ Ու այսպես զինվորից սկսած քայլ առ քայլ բարձրացել է։

-Երբ այս զորամաս նշանակման համար ներկայացա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին,- վերհիշում է փոխգնդապետը,- նախարարն ինձ հարցրեց, թե քանի երեխա ունեմ։ Ասացի՝ երկու աղջիկ։ -Տղադ էլ այնտեղ կծնվի,- ասաց նախարարը։ -Այդպես էլ եղավ. տղաս ծնվեց այստեղ, սակայն այստեղ է ծնվելու նաեւ իմ չորրորդ երեխան, իմ մյուս զինվոր տղան,- ժպտալով ասում է փոխգնդապետը։

Մեքենան դանդաղ ընթացքով բարձրանում է վեր։ Ամենաբարձրում՝ բերդի կամ հսկա տաճարի նմանությամբ գագաթներից մեկը արեւի ճառագայթներից բոցավառվել է։ Բնության եզակի տեսարան է՝ ներքեւում դանդաղ իջնում են ձյան ճերմակ փաթիլները, իսկ գագաթը ողողվել է արեւի լույսերով, որը հիշեցնում է պատմիչի խոսքերը. «Հայոց քաջերի հոգիները բարձրանում են հայոց լեռնագագաթներին»։ Ու թվաց` արեւով ողողված այդ բարձունքին են նրանցից շատերը…

Երբ պատրաստվում էինք բարձրանալ մարտական հենակետեր, զորամասի հրամանատար փոխգնդապետ Ռ. Բեգլարյանը ցույց տալով մի մեծադիր կտավ, պատմեց.

-Սանասար Բեգլարյանի դիմանկարն է։ Իմ հրամանատարն է եղել։ Զարմանալի մարդ էր՝ հետաքրքիր, առյուծասիրտ մարդ։ Իր զինվորի հանդեպ սերը այնքան մեծ էր, որ հիմա՝ տարիներ անց, անգամ հիշելիս՝ հոգիս փառավորվում է։ Հիշում եմ՝ Ղոչազի բարձունքում մենք խրամատում մրսում էինք, ինքը պառկել էր բարձունքին ու ձեռքերը կրծքին դրած` նայում էր աստղազարդ երկնքին։ Ինքն էր հսկում, մեզ թողել էր խրամատում, որ հանգստանանք։ Հրամանատարը պետք է այդպես կարողանա սիրել իր զինվորներին։

Եվ ասես հրամանատարի խոսքի շարունակությունը լինի Ա.Ադամյանի խոսքը.

-Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչի» Մոսե Իմոն իմ մեծ պապն է եղել։ Աշխարհե-աշխարհ ընկած հայի փրկության համար դռներ է բախել ու երբ վերադարձին կանգնել է հրեղեն աղբյուրի մոտ, այսպիսի մի միտք է ասել. «Շատ թագավորների աչքերի մեջ նայեցի՝ կեղծավոր էին ու նենգ։ Մե՛նք պիտի բախենք մեր փրկության, մեր ազատության դուռը»։

Հետո վերհիշում է իր մանկության տարիները, երբ սասունցի գաղթական նախնիները «Յարխուշտա» էին պարում։ «Այնպիսի ուժով ու զորությամբ էին իրար զարկում հողից կոշտացած ձեռքերը, որ ճաքած ափերից արյուն էր կաթում»։

Հրամանատարը, վերհիշելով նախնիներին, ավելացնում է.

-Գաղթից հետո աշխարհով տարածված մեր ազգի սերունդներից երբ իմանում են, որ ես զինվորական եմ, հայոց բանակի զինվորական՝ հպարտության անասելի զգացում են ապրում։ Իսկ այդ վստահությունը պետք է ամրապնդել։ Ուրախությամբ պիտի նշել, որ ինչպես զինվորները, այնպես էլ ենթասպաները, սպաները օրեցօր է՛լ ավելի պատասխանատվությամբ են վերաբերվում ինքնակրթությանը։ Ժամանակն ինքն է մղիչ ուժը՝ նոր հրամաններ, նոր առաջադրանքներ, հանձնարարականներ։ Զինվորականը պետք է նվիրված լինի, սիրի իր գործը։

…Ոլորապտույտ ճանապարհը բարձրանում է մարտական հենակետ, եւ ճանապարհը, չնայած իր դժվարություններին, անվերջ չէ։ Հրամանատարի եւ մարտական հենակետում հերթապահությունն իրականացնող զինվորների՝ Արմենի, Գեւորգի, Նարեկի, Հրայրի, Գոռի, Կարոյի, Անդրանիկի, Հունանի, Արամի հանդիպումը ջերմ էր։ Այդ ջերմությունն իր մեջ ամբարում է բարձրաբերձ լեռների խորհուրդը։

Քամին ձյան շերտը պտտեցնում-լցնում է ձորերը։ Ձյունը սկսում է մեծ-մեծ փաթիլներով գալ։ Լեռնագագաթներին կանգնած զինվորների խոսքերը հաստատում են Ա. Ադամյանի խոսքերը.

-Ոչ մի տեղից հայրենիքն այսքան գեղեցիկ չէ, այսքան քաղցր չէ…

-Ոչ մի տեղ այնքան թախիծ ու կարոտ չես զգում, ինչքան այս բարձունքներից…

Ու Ա. Ադամյանը հպարտությամբ ավելացնում է.

-Արծիվ տղաներ են՝ պատվախնդիր, հայրենասեր…

Բարձրաբերձ ժայռը, որը նման էր ամրոցի կամ էլ անտիկ, հսկա տաճարի, պարուրվել էր մառախուղի մեջ։ Ճերմակ-ճերմակ էր շուրջբոլորը, եւ այդ ճերմակությունն իր մեջ էր առել շրջակա ամեն ինչ։ Եվ ճերմակության հետ սեր է լցվել Հայաստան աշխարհում։ Այդ սերը զգացվում է այնպես, ինչպես արեւագալին այս ժայռերի հանդիպումն է ու մայրամուտին՝ բաժանումը։ Այդ սերը զգացական էր, այնպես, ինչպես նռների գիշերային ճաքը ու Արաքսի հավերժական կանչը…

…Ու այսպես եղավ եւս մեկ Ամանոր Հայաստան աշխարհում, եւ հայոց լեռնագագաթներին զինվորներն այն դիմավորեցին պարզճակատ ու հպարտ։ Եվ որպես վերջաբան` հրամանատարի տեղակալ Ա. Ադամյանը հիշում է Մուշեղ Գալշոյանի «Էս հին ու նոր օրեր» պատմվածքից հատվածներ.

-Նոր տարի է, պապ, Նոր տարի, շնորհավո՜ր։

-Հայլէէէ՜…,- հեռու-հեռվից, Ծովասարի փեշի իր արտերից դարձավ ետ եկավ հայրս։ -Էդ հին ու նոր օրեր… Էս մամռոտ օրեր… Մուշեղ հո՞ս է.

-Հա, պապի, էստեղ է։

-Մուշեղ, աշխարհ խաղա՞ղ է։

-Խաղաղ է, հայրիկ։

-Խաղաղ է, պապ,- բարձրաձայնեցին երեխաները,- խաղաղ է…

-Խաղաղ ու խաղա՞ղ է… Դե, Աստծո բարին, ձգուկ, փառք Տիրոջ։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #01 (917) 12.01.2012 – 18.01.2012, Ազգային բանակ


18/01/2012