Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԶինված ուժերում ներդրվել է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային եւ սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին  վեց ամիսը լրանալուց հետո  կառավարության սահմանած կարգով անցնել պայմանագրային զինծառայության։

Ծառայության  ժամկետը հինգ  տարի է: Այդ ընթացքում  ծրագրի մասնակիցը կստանա աշխատավարձ՝ օգտվելով պայմանագրային զինծառայողի  համար նախատեսված արտոնություններից:

Պայմանագիր կնքած զինծառայողները եւս սահմանված կարգով ենթակա են լինելու ատեստավորման, եւ դրական արդյունքների դեպքում նրանց աշխատավարձը հաշվարկվելու է իրենց պաշտոնի, խմբի համար նախատեսված հավելավճարով:

Պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում, այդ զինծառայողներին կտրվի պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որն անձը կարող է ազատ տնօրինել իր իսկ  հայեցողությամբ:

Եթե ժամկետայինը պայմանագիր է ստորագրում ու անցնում վճարովի ծառայության, բայց ընթացքում որոշում է հրաժարվել այս ծրագրով ծառայելուց, ապա պայմանագրային ծառայության այդ ժամկետը չի հաշվարկվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, եւ զինծառայողը կշարունակի պարտադիր ծառայության չծառայած մասը։

«Հայ զինվորը» փոքրիկ հարցախույզ է իրականացրել՝ պարզելու «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին ի՞նչ տեսակետ, կարծիք, նկատառում ունեն քաղաքացիները։

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՑանկացած որոշում, որն ուղղված է սպայի, զինծառայողի սոցիալական կարգավիճակի բարելավմանը, սոցիումում վերջիններիս տեղի ու դիրքի բարձրացմանը, մշտապես ընդունելի է:

«Պաշտպան հայրենյաց»  ծրագիրը նախկինում գործող ծրագրերին նմանություն ունի՝ վերապահումներով:

Հիմա, երբ այս ծրագիրը որոշակի բարելավումներով պետք է ներդրվի զինված ուժերում, պետք է վստահ լինենք, որ այն իրեն կարդարացնի: Ինձ մնում է միայն ասել՝ բարի երթ նոր ծրագրին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԿԻՍՈՎ

ՀՌՀ նախագահի օգնական

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինվորների համար լավ հնարավորություն է ե՛ւ ծառայելու հայոց բանակում` տալով հայրենիքին սուրբ պարտքը, ե՛ւ միաժամանակ կերտելու ապագան` մասամբ բարելավելով ընտանիքի սոցիալական վիճակը՝ միաժամանակ օգտվելով մի շարք հնարավորություններից: Ես` պատերազմի թոհուբոհի միջով անցած նախկին զինվորս, խորհուրդ եմ տալիս մեր ապագա զինվորներին դառնալ այս ծրագրի շահառուն:

Մեր ամեն  քայլը պետք է միտված լինի մեր հայրենիքի, մեր բանակի ամրապնդմանը։

ՎԱՐԴԱՆ ԿԼԵԿՉՅԱՆ

ՀՊՏՀ ուսանող

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ զինված ուժերի բարեփոխումների փաթեթի շրջանակներում  ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որ կոչվում է «Պաշտպան հայրենյաց»։ Այն գրավիչ կարող է լինել նաեւ ֆինանսական առումով, քանզի նախարարությունը առաջարկում է պայմանագիր կնքելուց հետո ստանալ բարձր աշխատավարձ եւ ծառայության ավարտից հետո 5 մլն դրամ պատվովճար՝ ազատ տնօրինելու իրավունքով։ Ծրագրի շահառուները ներառվելու են նաեւ ներկայումս գործարկվող ատեստավորման համակարգի մեջ, ինչը հնարավորություն կտա ծառայության առաջին երեք ամիսների ընթացքում ատեստավորում անցնելու դեպքում ստանալ հավելավճար՝ նախորդ ամիսների համար ներառյալ: Զինծառայողները եւ նրանց ընտանիքի անդամները, փաստորեն, հնարավորություն կունենան օգտվելու սոցիալական բոլոր այն փաթեթներից, որոնք տրամադրվում են պայմանագրային  կազմին։ Նախատեսվում է նաեւ, հնարավորության դեպքում, ծառայությունն անցկացնել բնակության վայրին մոտ, ինչը լրացուցիչ առավելություն է զինծառայողների համար։ Պետք է նաեւ հաշվի առնել, որ ծրագրի լայնամասշտաբ իրականացման դեպքում տեղի է ունենալու պայմանագրային կազմի երիտասարդացում։ Սակայն ծրագիրը չօգտագործելու միտումներ կարող են նկատվել երիտասարդ ուսանողների մոտ, որոնք իրենց կրթությունը ստիպված են շարունակել ծառայության ավարտից հետո։ Դա էլ իր հերթին կարող է նվազեցնել ծրագրից ակնկալվող՝ զինծառայողների մասնագիտական որակների հեռանկարը։

ԳԱԳԻԿ ԵԿՄԱԼՅԱՆ

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ2020 թ. հետո մենք պետք է հասկանանք, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած, որն է մեր բանալի հայեցակարգային մոդելը: Սա որ հասկանանք, արդեն կարող ենք գծել մեր ճանապարհային քարտեզը,  ըստ որի՝ ե՛ւ զինված ուժերը, ե՛ւ հասարակությունը կշարժվեն: Եթե հասարակությունը ամուր շղթայված չեղավ զինված ուժերի հետ, կունենանք կիսատ բանակ:

Իսկ ցանկացած նախագիծ, գաղափար, ծրագիր, բարեփոխում, ինչը միտված է զինվորական ծառայությունն առավել հրապուրիչ  դարձնելուն, ինձ միայն  ուրախացնում է:

Մեզ րոպե առաջ բարեփոխումներ են պետք պայմանագրային զինծառայությունը բարելավելու համար, որը զինված ուժերի առանցքային մասն է եւ արհեստավարժ բանակ ունենալու կարեւորագույն նախադրյալներից մեկը:

ԺՈՐԱ ԱՖՐԻԿՅԱՆ

«Ray Energy» ընկերության աշխատակազմի ղեկավար

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄիանշանակ կարծիքս դրական է։ Շատ լավ հնարավորություն է ե՛ւ երկրի պաշտպանությանը մասնակցելու, ե՛ւ դրան զուգահեռ՝ որոշակի գումար աշխատելու:

Ինքս ծնունդով սահմանամերձ տարածքից եմ եւ իմ կարծիքով՝ շատ արդյունավետ է լինելու, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցը հնարավորություն կունենա ինքն ընտրելու ծառայության  վայրը, այսինքն՝  եթե զինծառայողի բնակավայրին մոտ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս կա, նա կարող է զեկուցագիր գրել իր վերադասին եւ ծառայությունն անցկացնել  իր բնակության վայրին հնարավորինս մոտ: Սա կարեւորվում է տարբեր առումներով, նախ՝ այդ տեղանքին առավել քաջածանոթ ես, ինչը, բնականաբար, ավելի կդյուրացնի ծառայությունը,  հետո՝ ընտանիքիդ մոտ կլինես,  աշխատանք կունենաս, ստիպված չես լինի արտագնա աշխատանքի մեկնել:

ՍՈՍ ՄՈՒՔԵԼՅԱՆ

արհեստավոր

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԵթե դիտարկենք  այն տեսանկյունից, ինչպես  որ ներկայացվում է,  շատ լավ ծրագիր է, ու վստահ եմ՝   մեծ թվով  նորակոչիկներ կցանկանան ընդգրկվել  նշված ծրագրում։ Եթե ինքս էլ նորակոչիկ լինեի, ու այս ծրագիրը իրականության հետ համապատասխաներ, միանշանակ կընտրեի այս տարբերակը։ Վստահ եմ՝ այս ծրագրով ծառայողներից շատերը սահմանված ժամկետը լրանալուց հետո  էլ կմնան շարքում, կշարունակեն իրենց ծառայությունը զինված ուժերում։

ՍԵՅՐԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ոստիկանության աշխատակից

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՃկունությունը եւ ընտրելու տարբեր հնարավորությունները ցանկալի եւ խրախուսելի երեւույթներ են բոլոր ասպարեզներում։

Մեր առջեւ ծառացած անվտանգային խնդիրները այժմ մեզ ստիպում են առավելագույն ուշադրություն դարձնել հայրենիքի պաշտպանություն իրականացնող մարդկանց բարեկեցության բարելավմանը։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մեջ հստակ տեսանելի են նաեւ ֆինանսական արգասիքները, որը միանշանակ գովելի է։

Կարծում եմ՝ այս ծրագրի մանրամասները ներկայացնելու, հանրությանը ճիշտ տեսանկյունից տեղեկություններ տրամադրելու կարիք կա։ Վերջինս կօգնի ծրագրին արագ տարածում ստանալ, եւ ավելի պարզ կլինի ծրագրին մասնակցելու շնորհիվ տարբեր հնարավորություններից օգտվելու ուղղությունները։ Միաժամանակ, ծրագրի իրագործման մեջ ներառված մասնագիտական խումբը պետք է որդեգրի հետեւողականության բարձր ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐմակարդակի սկզբունքը եւ վստահ լինի, որ դրանից օգտվող ցանկացած անձ ստանալու է իրեն հասանելիքը. չէ՞ որ հաճախ հենց անհետեւողական վերաբերմունքն է առաջացնում բողոքի ալիքներ եւ արժեզրկում մինչ այդ տարված հսկայածավալ աշխատանքները։

Ընդհանուր առմամբ, դրական եմ տրամադրված այս գաղափարին, կարծում եմ, որ շատերի համար սա կլինի ավելի նախընտրելի տարբերակ, քան մինչեւ այս գործող զինվորական ծառայության ոչ այնքան ճկուն տարբերակները:

ՇԱՎԱՐՇ ԶՈՀՐԱԲՅԱՆ

«TCF Armenia» ընկերության հետազոտությունների բաժնի ղեկավար

Պատրաստեց՝ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #41 (1463) 21.12.2022 - 27.12.2022, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


23/12/2022