Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԵՐՈՍԱԾԻՆ ԾՆՈՂՆԵՐԸ ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ»



«ՀԵՐՈՍԱԾԻՆ ԾՆՈՂՆԵՐԸ ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ»Օրեր առաջ լույս աշխարհ եկած փոքրիկ  Լուսեն մերօրյա հերոս Տարոն Գիվարգիզյանի կրտսեր քույրն է։ Նորածին հրաշքը որդեկորույս ընտանիքի վերածնված լույսն ու հույսն է։

-Նորից երեխա ունենալու որոշում կայացնելը չափազանց դժվար էր։ Սակայն բժիշկների ջանքերը, իմ վճռականությունն ու համարձակությունը ի վերջո տվեցին սպասված արդյունքը։ Լուսեն նոր կյանք է, նոր սկիզբ, որը պարտավորեցնում է առաջ նայել ու ուժեղ լինել: Հերոսածին ծնողները հուսահատվելու իրավունք չունեն: Որդեկորույս ծնողներին հորդորում եմ հնարավորության դեպքում հետևել իմ օրինակին,- ասում է տիկին Լաուրան։

…44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից Տարոնի ամբողջ ներաշխարհը տակնուվրա է լինում: Նա ձգտում է վայրկյան առաջ առաջնագծում լինել՝ Հայրենիքի պաշտպանների կողքին: Եվ ծնողներից թաքուն որոշում է մեկնել առաջնագիծ: Այդպես էր եղել նաև բանակ գնալիս։ Զինկոմիսարիատ էր դիմել 6 ամիս շուտ: Մի քանի ամսվա զինվորը զորավարժություններից մեկի ժամանակ ծանր վնասվածք էր ստացել և ժամկետից շուտ զորացրվել:

-Քաջ գիտակցելով, որ զորակոչման ենթակա չէ, թաքնվել էր կամավորականներին Արցախ տեղափոխող ավտոբուսի մեջ և ռազմաճակատ մեկնել,-հիշում է մերօրյա հերոսի մայրը:

Պատերազմի օրերին Տարոն Գիվարգիզյանը մեկ ամիս մարտնչել է մի շարք թեժ ուղղություններում՝ Վարանդա, Հադրութ, Մարտունի և զոհվել անօդաչուի հարվածից հոկտեմբերի 29-ին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #41 (1463) 21.12.2022 - 27.12.2022, Ճակատագրեր


23/12/2022