ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին:
Այնուհետև նախարար Պապիկյանին ներկայացվել են զորամասի մասնաշենքերից մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները:
Պաշտպանության նախարարը ներկա է եղել նաև ուսումնական կենտրոնում 18-շաբաթյա դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների ավարտական հանդիսությանը: Որակավորման վկայականներ ստացած զինծառայողները օրեր անց մեկնելու են իրենց մշտական տեղակայման վայրեր և նշանակվելու են ջոկի հրամանատարներ: Շնորհավորելով վկայականներ ստացած ժամկետայիններին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները կարևոր են կրտսեր հրամանատարի առաքելությունն ստանձնելու ճանապարհին:
Զինծառայողների հետ զրույցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին:
Ավելի ուշ տեղի է ունեցել քննարկում ուսումնական գործընթացի արդիականացման, ինչպես նաև առաջիկայում ներդրվող ծրագրերի վերաբերյալ:
Նախարար Պապիկյանն այցելել է նաև զորավարժարան ու հետևել դիպուկահարների դպրոցի զինծառայողների հրաձգության վարժանքներին: