Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ



Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում վերջերս անցկացված հրամանատարական հավաքների ընթացքում ենթակա զորամասերի հրամանատարների ու տեղակալների հետ լսարաններում ու դաշտային պայմաններում անցկացված ուսուցողական և ցուցադրական պարապմունքները, ուսանելի ու հետաքրքիր լինելուց բացի, կազմակերպված էին հարուստ ու հագեցած ծրագրով. փորձի փոխանակում, ռազմական գիտելիքների խորացում, զորքերի ու սպառազինության բնագավառի նորությունների, հակառակորդի ուժերի մասին իրազեկում, մարտի լավ նախապատրաստման ու վարման միջոցով ստեղծված մարտական իրավիճակների փայլուն տիրապետում:

Հավաքների պետ, զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կ.Աղաջանյանը, զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Թ. Շահնազարյանն ու ցուցադրական պարապմունքներում ընդգրկված ստորաբաժանումների ու տեղամասերի պատասխանատուներն արել էին ամեն ինչ` հրամանատարական հավաքները բարձր մակարդակով անցկացնելու, հրամանատարներին ու տեղակալներին խոր ու համակողմանի գիտելիքներ տալու, գործնական նոր հմտություններ ձեռք բերելու, դրանք ավելի կատարելագործելու համար:

Լսարաններում անցկացված դասընթացների ժամանակ ցուցումներ տրվեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` տարբեր զորամասեր կատարած հանկարծակի այցելությունների արդյունքում բացահայտված թերությունների անհապաղ շտկման վերաբերյալ: Տեսանյութի միջոցով ցուցադրվեց հրետանու գործողությունների ճիշտ ընթացքը, օգտագործվեց քարտեզագրման անհատական ու խմբային աշխատանքների արդյունավետ փորձը:

Զորամասերի հրամանատարներն ու տեղակալները պարապմունքներին մասնակցեցին մեծ հետաքրքրությամբ` ցուցադրելով մատուցված նյութին իրենց քաջատեղյակությունը, հարցուպատասխանների ու պարզաբանումների միջոցով ավելի հեշտ ընկալելի ու առարկայական դարձնելով յուրաքանչյուր առաջադրանք:

Գեներալ-մայոր Կ.Աղաջանյանը, կարևորելով ստորաբաժանումների մարտունակության անընդհատ բարձրացման անհրաժեշտությունը, նշեց, որ հրամանատարը պետք է փայլուն տիրապետի իր զինվորական մասնագիտությանը, ունենա բարոյական անաղարտ նկարագիր, լինի հայրենասեր, անթերի կատարի իր առջև դրված մարտական խնդիրները:

Գործնական պարապմունքներն ընթացան տարբեր զորամասերի բացազատված ուսումնական տեղամասերում, յուրաքանչյուր պարապմունքից առաջ գնդապետ Թ.Շահնազարյանը նախ պարզաբանում էր ցուցադրական պարապմունքի թեմայի կարևորությունը, անդրադառնում պարապմունքի պլանի ձևին ու բովանդակությանը և անհրաժեշտության դեպքում` դեպի ճիշտ հուն ուղղորդում ուսուցանող զինվորի կամ սպայի` թեմային առնչվող բացատրությունները: ՈՒսուցանողները, տեսական գիտելիքներ հաղորդելուց բացի, գործնական ցուցադրություններում ակտիվորեն ներգրավեցին շարքային կազմի զինվորների ու սերժանտների, որոնք պարապմունքի թեմային մանրակրկիտ անդրադառնալուց հետո տեղում կազմակերպում էին դրա ցուցադրական մասը: Պարապմունքներում հատուկ ուշադրություն դարձվեց անձնակազմի ու տեխնիկայի անվտանգության կանոնների խստիվ պահպանմանը, հնարավոր չնախատեսված դեպքերի ու պատահարների կանխմանը, սպառազինության ու տեխնիկայի նորոգմանը, ամենօրյա տեխնիկական ստուգմանն ու տեխնիկայի շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրմանը, զորատեսակների ու ստորաբաժանումների մարտական կիրառմանը, ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի կենդանի ուժի ու տեխնիկայի ուսումնասիրմանը:

Հրամանատարները բարձր արդյունքներ գրանցեցին ինքնաձիգով ու տարբեր զրահատեխնիկայով կատարվող հրաձգությունից: Հավաքների ընթացքում մարտական պատրաստականությունից ու մարտավարամասնագիտական պատրաստությունից տեղի ունեցան նաև մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ:

Պարապմունքների վերջում տարբեր առարկաներից ընդունված ստուգարքներն ու ցուցադրական պարապմունքները ցույց տվեցին, որ զորամիավորումում բարձր հիմքերի վրա են դրված հրամանատար-ենթակա, զինվոր-սպա փոխհարաբերությունները, և որ զորամասերի հրամանատարներն ու տեղակալները լավ են պատկերացնում իրենց առջև դրված մարտական խնդիրներն ու կարողանում են ժամանակին հստակորեն կատարել դրանք:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #01 (917) 12.01.2012 – 18.01.2012, Ազգային բանակ


18/01/2012